Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2014.04.30/1(27)
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
29.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով իրավահավասարության և երկու պետությունների ազգային շահերը փոխադարձաբար հարգելու սկզբունքներով,

համոզված լինելով, որ գիտատեխնիկական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ մաս է,

ընդունելով գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը,

նկատի առնելով, որ այդպիսի համագործակցությունը կնպաստի երկու պետությունների միջև երկկողմ փոխշահավետ կապերի ամրապնդմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, իրենց պետության օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, կնպաստեն երկկողմ գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության ուղղությունները կսահմանվեն` ելնելով երկու պետությունների գիտական, տեխնոլոգիական, նորարարական գործունեության զարգացման և գիտական գործունեության արդյունքները կիրառելու նպատակներից:

 

Հոդված 3

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսված գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, կառավարման այլ մարմինների, գիտությունների ազգային ակադեմիաների, գիտահետազոտական գերատեսչությունների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, երկու պետությունների գիտնականների և մասնագետների միջոցով, նրանց իրավասության սահմաններում և նրանց միջև ուղղակի համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա` Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

- Կողմ հանդիսացող պետությունների համար գերակա նշանակություն ունեցող՝ համատեղ գիտական, գիտատեխնիկական և նորարարական նախագծերի և ծրագրերի, ինչպես նաև հիմնարար հետազոտությունների իրականացում, դրանց փոխադարձ փորձաքննության անցկացում,

- գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակում,

- համատեղ գիտահետազոտական աշխատակազմերի ձևավորում, այդ թվում՝ դաշտային հետազոտություններ և գիտարշավներ, նորարարական և այլ տիպի ձեռնարկումներ, որոնք կապահովեն հետազոտությունների, մշակումների իրականացումը և նոր տեխնոլոգիաների իրացումը,

- գիտական կադրերի պատրաստում, աջակցություն կադրերի որակավորման քննության անցկացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակում,

- համատեղ սեմինարների, գիտաժողովների, աշխատանքային հանդիպումների և փորձաշրջանների կազմակերպման միջոցով գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում:

Համագործակցությունը կարող է իրականացվել նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:

Համագործակցության ձևերն ընտրելիս և սահմանելիս Կողմերը ղեկավարվում են բացառապես երկու պետությունների և ազգերի գիտության, տնտեսության զարգացման և հասարակական առաջընթացի շահերով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն գիտատեխնիկական համագործակցության հարցերի համատեղ Հանձնաժողով:

Իր գործունեությունը կազմակերպելու նպատակով Հանձնաժողովը մշակում և հաստատում է աշխատանքային կանոնակարգ:

Հանձնաժողովի քննարկման առարկա պետք է դառնան գիտության, տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գերակա ուղղությունները, համագործակցության նոր ոլորտների և ձևերի բացահայտումը, համատեղ ծրագրերի ձևավորումը և համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը:

Սույն Համաձայնագրով սահմանված համագործակցության կազմակերպումն իրականացնում են՝ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող գիտության պետական կոմիտեն, թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի գիտությունների ակադեմիան:

 

Հոդված 6

 

Հաշվի առնելով գիտական հետազոտությունների, փորձարարաշինարարական մշակումների բարձր մակարդակի պահպանման կարևորությունը՝ Կողմերը կօժանդակեն նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների գիտնականների համար նորագույն և եզակի փորձարարական կայանքներից, սարքերից, սարքավորումից օգտվելու հարցում հասանելիության ապահովմանը, ինչպես նաև համագործակցության հիմունքներով կմասնակցեն դրանց մշակման, արտադրության և ձեռք բերման աշխատանքներին:

 

Հոդված 7

 

Կողմերը պայմանավորվում են, որ համագործակցության ընթացքում ստացված՝ գիտական և գիտատեխնիկական տեղեկատվությունը, որը Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան բաց է հրապարակման համար, հասանելի կլինի համաշխարհային գիտական հանրությանը` ընդունված եղանակների օգտագործման շրջանակներում:

 

Հոդված 8

 

Կողմերը, հաշվի առնելով պետությունների օրենսդրությունները, ապահովում են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, որը կարող է ստեղծվել սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում:

Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների պաշտպանության և օգտագործման հարցերը կարգավորվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված մարմինների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով` ելնելով Կողմերի պետությունների օրենսդրության պահանջներից:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից:

Սույն Համաձայնագրի դրույթներն իրականացվում են Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Կողմերի փոխադարձ, գրավոր համաձայնության դեպքում:

Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում Կողմերի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` երկու պետությունների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով:

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ երկամյա ժամանակահատվածների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն ծրագրերի և նախագծերի վրա, որոնք կարող են կնքված լինել նրա գործողության ընթացքում, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:

 

Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն լեզվով տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 4-ին