Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.02/67(1520) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Վարչական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2019
Ստորագրող մարմին
Դատավոր
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2019

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«ՏԱՎՈՒՇ-ՏՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 159 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական գործ թիվ ՎԴ2/0324/05/18

 

Վ Ճ Ի Ռ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

2019 թվականի հուլիսի 23-ին

քաղաք Սևան 

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`

 

նախագահությամբ`

քարտուղարությամբ`

Մասնակցությամբ`

հայցվորի ներկայացուցիչ`

դատավոր`

Ա. Մկրտչյանի

 Լ. Աֆիյանի

 

Դավիթ Հարությունի Մարգարյանի

 (ծառայողական վկայական` թիվ 54,

 լիազորագիրը տրվել է 2018 թվականի

 դեկտեմբերի 5-ին)

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՎՀՀ 02556422, պետական գրանցման համարը` 286.180.04477, հասցեն` քաղաք Երևան, Իսահակյան 28) (այսուհետ` նաև Հանձնաժողով) հայցն ընդդեմ «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 07615272, պետական գրանցման համարը` 67.110.00926, հասցեն` Տավուշի մարզ, գյուղ Ազատամուտ, Աղբալյան 4) (այսուհետ` նաև Ընկերություն)` «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 11-ին հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ` նաև Դատարան) ընդդեմ «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին:

Հայցադիմումը Դատարանի Սևանի նստավայրում ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:

Դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Հայցադիմումը Դատարանի Սևանի նստավայրում կրկին ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Դատարանի 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:

Դատարանի 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:

Սույն գործով հայցի հիմքը և (կամ) առարկան չի փոփոխվել:

Դատավարության մասնակիցները պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի վայրի և ժամանակի մասին: Դատական նիստին ներկայացել է հայցվորի կողմի ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանը:

Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշել է գործը քննել պատասխանող կողմի բացակայությամբ:

Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 2019 թվականի հուլիսի 2-ին և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2019 թվականի հուլիսի 23-ին:

 

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.

Ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է հետևյալը.

Հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Տավուշի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 16 մրցույթում 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 101-Ա որոշմամբ հաղթող է ճանաչվել «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

2011 թվականի հունվարի 10-ին Ընկերությանը տրվել է հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիան` 2011 թվականի հունվարի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը գործողության ժամկետով:

Ընկերությունը, ստանալով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա, իրականացրել է հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրում և Տավուշի մարզում ապահովել է հեռուստահաղորդումների հեռարձակումը:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունվարի 10-ի թիվ ՏԴ3/0048/04/16 վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 28-ի թիվ 05-166 գրությամբ պահանջ է ներկայացրել դատարան` 4.203.500 դրամի չափով պարտատեր ճանաչվելու մասին, որը դատարանի 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ հաստատվել է:

Դատարանի 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ պարտապան Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Ընկերության տնօրենի միջնորդությունը բավարարվել է և Ընկերության գործունեությունը մեկ տարի ժամկետով վերսկսվել է, սակայն Դատարանի 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բավարարվել է Ընկերության կառավարչի միջնորդությունը և սկսվել է Ընկերության լուծարման վարույթ, կասեցվել են գույքը կառավարելու կամ տնօրինելու Ընկերության բոլոր իրավունքները և արգելանք է դրվել Ընկերության գույքի, այդ թվում դրամական միջոցների վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

2018 թվականի հունիսի 13-ին Հանձնաժողովում ստացվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության թիվ 31-316 գրությունը, համաձայն որի` 2018 թվականի հունիսի 12-ից Ընկերության ծառայությունների մատուցումը դադարեցվում է:

Հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 05-366 գրությամբ դիմել է Ընկերության սնանկության գործերով կառավարչին` հայտնելով, որ կարող են օրենքով սահմանված կարգով դիմել Հանձնաժողով Ընկերության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, սակայն որևէ պատասխան չի ստացվել:

Ընկերությունը ստանալով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան` ստանձնել է պարտավորություն ապահովելու հեռուստահաղորդումների հեռարձակումը, սակայն Ընկերությունն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակումը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ընկերությունն օրենքով սահմանված կարգով չի դիմել հանձնաժողով Ընկերության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, 2018 թվականի նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որտեղ ընդունվել է ««Տավուշ-ՏՎ» ՍՊ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 (20.01.2011թ. - 20.01.2021թ.) լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով դատարան դիմելու մասին» թիվ 102-Ա որոշումը, որի պատճենը 2018 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 05-491 գրությամբ ուղարկվել է Ընկերության կառավարչին:

Վկայակոչել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 44-րդ հոդվածը, 58-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և նշել է, որ Ընկերությունը չի կատարել օրենսդրությամբ և լիցենզիայով իր ստանձնած պարտավորությունը` առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակումը` խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը, ինչպես նաև չի ներկայացրել համապատասխան ապացույցներ իր պարտավորությունների կատարման անհնարինության վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա խնդրել է ուժը կորցրած ճանաչելու միջոցով դադարեցնել Ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիայի գործողությունը:

Դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանը հայցը պնդել է` նշելով, որ Ընկերությունը մեկ տարուց ավել եթեր չի ապահովել, մինչդեռ վերջինս հանդիսանում է թվային լրատվական ցանցի Տավուշի մարզի միակ հեռուստաընկերությունը:

 

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.

Ընկերությունը պատշաճ կարգով ստացել է հայցադիմումը և կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և նախազգուշացվել հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականության, ինչպես նաև չներկայացնելու հետևանքների մասին, մինչդեռ հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:

 

4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 101-Ա որոշման համաձայն` թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Տավուշի մարզ) ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 16 մրցույթում հաղթող է ճանաչվել «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

2. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի հունվարի 10-ին տրվել է հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիան` 2011 թվականի հունվարի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը գործողության ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունվարի 10-ի թիվ ՏԴ3/0048/04/16 վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի հունիսի 13-ի թիվ 31-316 գրության համաձայն` հիմք ընդունելով Ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը 2018 թվականի հունիսի 12-ից դադարեցրել է Ընկերությանը ծառայությունների մատուցումը:

 

5. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունները, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված՝ ներքին համոզմամբ Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերության համաձայն` հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին և դրանց հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:

Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման իրավունք վերապահող լիցենզիաների գործողությունը դադարեցնելու կարգը և հիմքերը սահմանվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` նաև Օրենք), որի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության պարագայում դիմել դատարան` լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով, ինչպես նաև խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Օրենքի 61-րդ հոդվածը սահմանում է, որ «1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`(...).

6) լիցենզավորված անձն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակում. (...):

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` Հանձնաժողովի դիմումի համաձայն: Դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում: (...):

5. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար լիցենզավորված անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`

1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.

2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ լիցենզավորված անձը տեղյակ է պահել Հանձնաժողովին և ստացել թույլտվություն.

3) վթարի կամ աղետների հետևանքով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը` պահպանելով և ապահովելով լիցենզիայի պայմանները: (...):»:

Հանձնաժողովը պահանջելով դադարեցնել Ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիայի գործողությունը՝ պահանջի հիմքում դրել է այն փաստարկը, որ Ընկերության կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել հեռուստահաղորդումների հեռարձակումը:

Սույն գործի փաստերի համաձայն` 2011 թվականի հունվարի 10-ին Ընկերությանը տրվել է հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիան` 2011 թվականի հունվարի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը գործողության ժամկետով: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունվարի 10-ի թիվ ՏԴ3/0048/04/16 վճռով ճանաչվել է սնանկ: Սնանկության վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի, մասնավորապես՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Պարտապանի գործունեությունը վերսկսելու մասին» և 2018 թվականի մայիսի 31-ի «Պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումների ուսումնասիրությունից հետևում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Ընկերության տնօրենի կողմից ներկայացված միջնորդությունը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է և 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Ընկերության գործունեությունը մեկ տարի ժամկետով վերսկսել է: Ընկերության սնանկության գործով կառավարիչը 2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությամբ խնդրել է դադարեցնել Ընկերության վերսկսման գործունեությունը և սկսել լուծարման վարույթ՝ նշելով, որ 2018 թվականի մարտի 14-ի գրությամբ Ընկերությունից պահանջել է գործունեության վերաբերյալ տեղեկություններ և 2018 թվականի մարտի 28-ին ստացել է պատասխան, համաձայն որի՝ Ընկերությունը որևիցե գործունեություն չի իրականացնում: Գործունեություն իրականացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ պարտավորություն, որը հնարավոր չէ վճարել: Այդ պատճառով դադարեցվել է հեռարձակումը: Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ միջնորդությունը բավարարել է և սկսել է Ընկերության լուծարման վարույթ: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հիմք ընդունելով Ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին նշված որոշումը, 2018 թվականի հունիսի 12-ից դադարեցրել է Ընկերությանը ծառայությունների մատուցումը, ինչը հիմնավորվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի հունիսի 13-ի թիվ 31-316 գրությամբ:

Վերոնշյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից հետևում է, որ Ընկերությունը գործունեությունը վերսկսելու ժամանակահատվածում հեռուստահաղորդումների հեռարձակում չի ապահովել, իսկ հեռարձակումը դադարեցնելու պատճառաբանությունները հանգել են նրան, որ գործունեության իրականացման դեպքում առաջանում է լրացուցիչ պարտավորություն, որը հնարավոր չէ վճարել:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է։

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Սույն գործով Ընկերությունը պատշաճ կարգով ստացել է հայցադիմումը և կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, մինչդեռ հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, ինչպես նաև պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստերի վայրի և ժամանակի մասին չի ներկայացել դատական նիստերին, որպիսի դատավարական անգործությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորմանը համապատասխան Դատարանը գնահատում է հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Այսպիսով, Դատարանը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը չի ներկայացրել հեռուստահաղորդումների հեռարձակումը չապահովելու այնպիսի օբյեկտիվ պատճառներ, որոնք կարող էին հարգելի գնահատվել՝ եզրահանգում է, որ Ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիայի գործողությունն Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ենթակա է դադարեցման:

Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հիմք ընդունելով նշված հոդվածի պահանջը և հաշվի առնելով, որ հայցը ենթակա է բավարարման՝ Դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Հանձնաժողովի պետք է բռնագանձել նախապես վճարված 4.000 դրամ պետական տուրքի գումարը, որպես կատարված դատական ծախսերի փոխհատուցում:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով` Դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայցը բավարարել:

Ուժը կորցրած ճանաչել «Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 159 լիցենզիան:

«Տավուշ-ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բռնագանձել 4.000 դրամ, որպես կատարված դատական ծախսերի փոխհատուցում:

Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

 

Դատավոր`

 Ա. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան