Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26986/03
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.29/32(622)
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2008

Ներմուծեք նկարագրությունը_15683

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԳԱԼՍՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 26986/03)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

15 Նոյեմբերի 2007

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

 

15/02/2008

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Գալստյանն ընդդեմ Հայաստանի վճիռ

 

Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

 

Պրն Բ. Մ. ԶՈՒՊԱՆՉԻՉ, Նախագահ

Պրն Ս. ԲԻՐՍԱՆ,

Տկն Է. ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄ,

Տկն Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ,

Պրն Է. ՄԵՅՋԵՐ,

Պրն ԴԱՎԻԴ ԹՈՐ ԲՅՈՐԳՎԻՆՍՈՆ

Տկն Ի. ԲԵՐՈ-ԼԵՖԵՎՐ - Դատավորներ

և Պրն Ս. ՔՈՒԵՍԱԴԱ - Բաժանմունքի Քարտուղար,

2007 թ. Հոկտեմբերի 18-ին կայացած դռնփակ նիստում

կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2003 թ. օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արշամ Գալստյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 26986/03 գանգատի առնչությամբ:

2. Դիմումատուն ներկայացված է եղել պրն Ն. Եղիազարյանի կողմից: ՀՀ Կառավարությունը (Կառավարություն) ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2005 թ. ապրիլի 5-ին Դատարանը որոշեց գանգատը ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննությունը:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1958 թ. և ապրում է Երևանում:

5. 2003 թվականին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի առաջին փուլը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Ընտրությունների ընթացքում դիմումատուն հանդիսացել է հիմնական ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ: Մարտի 5-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիմումատուն հանդիսացել է ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովներից մեկի անդամ: Ընտրություններից հետո Դիմումատուն մասնակցել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Երևանում կազմակերպված բողոքի երթերի շարքին:

6. Դիմումատուն պնդել է, և Կառավարությունը չի վիճարկել, որ ապրիլի սկզբին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնի աշխատակիցները այցելել են իր բնակարան, երբ ինքը տանը չի եղել: Այս մասին տեղեկանալով` դիմումատուն այցելել է ոստիկանության բաժին՝ պարզելու այցելության պատճառները: Ոստիկանության բաժնում, բաժնի պետի տեղակալը պահանջել է, որ Դիմումատուն դադարեցնի ցույցերին իր մասնակցությունը:

7. 2003 թ. ապրիլի 7-ին, ժամը 17:00-ին, Երևանի կենտրոնում տեղի է ունեցել հանրահավաք` Մայրերի օրվա կապակցությամբ: Հանրահավաքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում` Մատենադարանի մոտակայքում: Հանրահավաքը եղել է քաղաքական բնույթի, հնչել են կառավարության և նախագահական ընտրություններին վերաբերող քննադատություններ:

8. Դիմումատուն պնդում է, և Կառավարությունը չի վիճարկում, որ հանրահավաքը կազմակերպված է եղել կանանց կողմից և դրան մասնակցել է մոտավորապես 30.000 մարդ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք: Մինչ հանրահավաքի սկսելը պողոտայի համապատասխան հատվածում ճանապարհային երթևեկությունը դադարեցված էր ճանապարհային ոստիկանության կողմից: Դիմումատուն որպես այդպիսին չի մասնակցել հանրահավաքին, քանի որ տղամարդկանց մեծամասնությունը, ներառյալ նաև ինքը, հանրահավաքին հետևել են հեռավորության վրա` կանգնելով պողոտայի երկու կողմերում: Նրանց խնդիրն է հանդիսացել ոգևորել կանանց և կանխել հնարավոր պրովոկացիաները:

9. Համաձայն դիմումատուի, մոտավորապես 17:30-ին նա գնացել է տուն: Տուն գնալու ճանապարհին, հանրահավաքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա, իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու անձինք, որոնք ներկայացրել են իրենց ոստիկանության վկայականները և ուղեկցել նրան Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին:

10. Ոստիկանության բաժնում, ձերբակալող ոստիկանները կազմել են դիմումատուին բերման ենթարկելու արձանագրություն, որտեղ նշված էր, որ դիմումատուն «ձերբակալվել է մոտավորապես 17:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում` ճանապարհային երթևեկությանը խոչընդոտելու և հանրահավաքի ընթացքում հասարակական կարգը խախտելու համար»:

11. Ձերբակալող ոստիկաններից մեկը ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի կենտրոնական բաժնի պետին ներկայացրել է հետևյալ զեկուցագիրը.

 

«...2003 թ. ապրիլի 7-ին, Մաշտոցի պողոտայում, իրականացնում էինք ծառայություն, որտեղ անցկացվում էր հանրահավաք և հավաքված էր մեծ բազմություն: Ծառայության ընթացքում նկատեցինք մեկ անձի, որը խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, խախտում էր հասարակական կարգը և այլ անձանց հրահրում էր հետևել իր օրինակին: Անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին...»:

 

12. Դիմումատուն ենթարկվել է խուզարկության, որի ընթացքում որևէ անօրինական իր չի հայտնաբերվել: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

13. Ոստիկանները դիմումատուին հարցաքննել են: Բացատրություն վերցնելու մասին արձանագրության մեջ դիմումատուն նշել է, որ 3 օր առաջ մասնակցել է հանրահավաքի: Տեղեկանալով 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի մասին, նա ևս գնացել է այնտեղ: Նա հայտնել է նաև, որ տեղյակ է 2 օր հետո տեղի ունենալիք հանրահավաքի մասին և մասնակցելու է դրան: Նա միաժամանակ ավելացրել է, որ այդ հանրահավաքների ընթացքում չի խախտել և հետագայում էլ չի խախտելու որևէ օրենք: Արձանագրությունը պատռվում է ոստիկանի կողմից, ով պատճառաբանում է, թե թղթի վրա թանաքաբիծ կա և խնդրում է դիմումատուին գրել նորը: Երբ նա գրում է նոր վկայությունը նույն բովանդակությամբ, ոստիկանը իրեն կանգնեցնում է այն հատվածում, երբ ինքը պատրաստվում էր գրել, որ հանրահավաքների ժամանակ չի կատարել որևէ անօրինական արարք, ասելով, որ գրվածը բավական է:

14. Ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման արձանագրություն, որում նշված էր, որ դիմումատուն «մասնակցել է հանրահավաքի, որի ընթացքում խախտել է հասարակական կարգը»: Դիմումատուի գործողությունները որակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ-ի) 172 հոդվածով` որպես մանր խուլիգանություն: Այս արձանագրությունը ստորագրվել է դիմումատուի կողմից: Նա միաժամանակ ստորագրել է արձանագրության այն հատվածում, որը հավաստում է, որ ինքը ծանոթացվել է ՎԻՎՕ-ի 267 հոդվածով սահմանված իր իրավունքներին և «գործի համար նշանակություն ունեցող այլ տեղեկություններ» բաժնում, որտեղ ավելացված է. «Ես չեմ ցանկանում ունենալ պաշտպան»:

15. Դիմումատուն պնդում է, որ սկզբում ինքը չի ցանկացել ստորագրել այդ արձանագրությունը և պահանջել է ներգրավել պաշտպանի: Դա պատճառ է հանդիսացել, որ իրեն պահեն ոստիկանության բաժնում հաջորդ 5 և կես ժամերի ընթացքում: Այս ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցները համառորեն փորձել են համոզել նրան ստորագրել արձանագրությունը և հրաժարվել պաշտպանից: Նրանք ասել են, որ նման փոքր գործի համար անհրաժեշտություն չկա ունենալ պաշտպան և գումար ծախսել: Նրանք ավելացրել են, որ գործը արդեն կանխորոշված է իրենց ղեկավարների կողմից և պաշտպանը միայն կվնասի, այլ ոչ թե կօգնի, քանի որ դրա պատճառով ինքը կարող է ավելի երկար ժամանակ անցկացնել ոստիկանության բաժնում: Մյուս կողմից, եթե ինքը ստորագրի արձանագրությունը և հրաժարվի պաշտպանից, նա անմիջապես կտեղափոխվի դատարան, որտեղ վատագույն դեպքում կնշանակվի փոքր տուգանք և նա ազատ կարձակվի: Դիմումատուն արդյունքում տեղի է տվել և համաձայնել ստորագրել արձանագրությունը, ինչպես նաև հրաժարվել պաշտպանից: Նույն օրը, ժամը 23:00-ին, նա տարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մ-ի մոտ, ով քննել է գործը:

16. Կառավարությունը վիճարկում է այս պնդումը: Համաձայն նրանց դիմումատուն գտնվել է ոստիկանության բաժնում 2 ժամ և 19:30-ին տարվել է դատավոր Մ-ի մոտ: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները բացատրել են դիմումատուին նրա պաշտպան ունենալու իրավունքը և առաջարկել են օգտվել իր այդ իրավունքից, ինչը դիմումատուն չի ցանկացել անել: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է դիմումատուի կողմից կամավոր` առանց որևէ առարկության: Ավելին` դիմումատուն հրաժարվել է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված այնպիսի գործողություններից, ինչպիսիք են միջնորդությունների ներկայացումը, կամ օգտագործել ՎԻՎՕ-ի 267-րդ հոդվածով սահմանված այլ դատավարական իրավունքները, չնայած նրան, որ տեղեկացվել էր դրանց մասին:

17. Դիմումատուի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերը, որոնք ուղարկվել են դատավոր Մ-ին, պարունակել են հետևյալ փաստաթղթերը` (1) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, (2) ոստիկանության զեկուցագիրը, (3) դիմումատուին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, (4) դիմումատուի խուզարկության արձանագրությունը, (5) դիմումատուի գրավոր բացատրությունները: Բոլոր այս փաստաթղթերը ստորագրված են եղել դիմումատուի կողմից, բացի ոստիկանության զեկուցագրից:

18. Կարճատև լսումներից հետո դատավոր Մ-ն` ղեկավարվելով ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով, դիմումատուին դատապարտել է 3 օրվա վարչական կալանքի: Դատավորի ամբողջ եզրակացությունը ներառված էր հետևյալ նախադասության մեջ.

 

«2003 թ. ապրիլի 7-ին, ժամը մոտավորապես 17:00-ին… Մաշտոցի պողոտայում [դիմումատուն] մի խումբ այլ անձանց հետ խոչընդոտել են ճանապարհային երթևեկությունը, բարձր աղմկելով խախտել են հասարակական կարգը և հանրահավաքի մասնակիցներին հրահրել են հետևել իրենց օրինակին…»:

 

19. Որոշման մեջ սահմանվել է, որ այն ենթակա է վերանայման ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի կողմից:

20. Համաձայն դատական նիստի արձանագրության, որը գրված է ձեռագիր վայելչագրական եղանակով, նիստը տեղի է ունեցել դռնբաց` դատավորի, դիմումատուի և քարտուղարի մասնակցությամբ: Դատավորը պարզաբանել է դիմումատուի իրավունքները, և տեղեկացրել, որ ինքը իրավունք ունի բացարկ հայտնել դատավորին և քարտուղարին: Դիմումատուն որևէ բացարկ չի հայտնել: Նա հայտարարել է, որ գիտի իր իրավունքները և պաշտպան ունենալ չի ցանկանում: Դատավորը բարձրաձայն ընթերցել է ոստիկանների միջնորդությունը դիմումատուին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Դիմումատուն հայտնել է, որ մի խումբ անծանոթ անձանց հետ փակել է երթևեկությունը Մաշտոցի պողոտայում: Նա ասել է, որ դա արել է, քանի որ հանրահավաք էր և բոլորն էլ նույն բանն էին անում: Նա աղմկել է, քանի որ բոլորն էլ աղմկում էին, բայց ինքը որևէ մեկին չի պարտադրել: Դիմումատուին որևէ հարց չի տրվել: Այնուհետև, դատավորը բարձրաձայն ընթերցել և ուսումնասիրել է ոստիկանների կողմից պատրաստված փաստաթղթերը: Ծանոթանալով այդ փաստաթղթերի հետ, դիմումատուն ընդունել է, որ ստորագրել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, սակայն առարկել է վարչական պատասխանատվության ենթարկելուն, քանի որ մեղսագրվող գործողությունները իրականացվել են նաև այլ անձանց կողմից: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որից հետո վերադարձել է և հրապարակել իր որոշումը: Նիստի ժամը արձանագրված չի եղել:

21. Դիմումատուն պնդել է, և Կառավարությունը ուղղակի չի հերքել, որ արձանագրությունը կեղծ է և կազմվել է նիստից հետո օրինականության պատրանք ստեղծելու համար: Իրականում նիստին չի մասնակցել քարտուղարը և նիստը չի արձանագրվել: Նիստը տևել է ընդամենը մոտավորապես 5 րոպե և տեղի է ունեցել դատավոր Մ-ի աշխատասենյակում: Դիմումատուն նաև պնդում է, հակառակ նրան ինչ նշված է արձանագրության մեջ, որ նիստին մասնակցել են միայն դատավորը և ուղեկցող ոստիկանը: Վերջինս որպես այդպիսին չի մասնակցել նիստին, նրա գործառույթը սահմանափակվել է բացառապես դիմումատուին դատարան ներկայացնելու հանգամանքով: Դատավորը թերթել է ոստիկանների կողմից նախապատրաստված գործի նյութերը և հարցրել դիմումատուին. «ի՞նչ ես ուզում»: «Օրինականություն և արդարադատություն» պատասխանել է դիմումատուն: Դատավորը, շարունակելով ընթերցել գործի նյութերը, ասել է. «քանի որ դու երեք երեխա ունես և նախկինում դատապարտված չես եղել ես կնշանակեմ մեղմ պատիժ` երեք օր կալանք»: Ի պատասխան դրան, դիմումատուն փորձել է ներկայացնել գործի հանգամանքները` միջնորդելով դատավորին կանչել վկաների և պաշտպան է պահանջել: Դատավորը լուռ լսել է դիմումատուին, ստորագրել է որոշ թղթեր և բաց է թողել դիմումատուին, որից հետո նրան տարել են կալանքի վայր, որտեղ նա կրել է իր պատիժը:

22. 2003 թ. ապրիլի 14-ին դիմումատուն դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական հասարակական կազմակերպության` «Փետրվար 22» իրավապաշտպան կազմակերպությանը, մանրամասն բողոքելով վերը նշված դեպքերի մասին և ակնկալելով նրանց օգնությունը: Ի թիվս այլ հանգամանքների, նա նշել է, որ ոստիկանության աշխատակիցները դրդել են իրեն ստորագրել փաստաթուղթ, որով հրաժարվում է պաշտպանից` հավատացնելով, որ իր գործում պաշտպանի անհրաժեշտություն չկա:

23. 2003 թ. ապրիլի 28-ին այս հասարակական կազմակերպությունը դիմումատուի անունից բողոքել է ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով քրեական հետապնդում իրականացնել ոստիկանների և դատավոր Մ-ի նկատմամբ:

24. 2003 թ. մայիսի 27-ի նամակով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազը տեղեկացրել է հասարակական կազմակերպությանը, որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը հիմնավորված է և հիմքեր չկան այն բողոքարկելու համար:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. 1995 թ. Հայաստանի Սահմանադրություն (մինչ 2005 թ. փոփոխությունները).

 

25. Սահմանադրության համապատասխան հոդվածները սահմանում են.

 

Հոդված 24.

 

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից»:

 

Հոդված 26.

 

«Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք:»:

 

Հոդված 39.

 

«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»:

 

Հոդված 40.

 

«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում անվճար:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք»:

 

Հոդված 44.

 

«Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

 

Հոդված 94.

 

«Դատական մարմինների անկախության երաշխավորը [Հայաստանի] Հանրապետության Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը»:

 

Սահմանադրության 94 և 94.1 հոդվածները 2005 թ. փոփոխություններից հետո

 

«Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, [Հայաստանի] Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:

 

Հոդված 95.

 

«Արդարադատության խորհուրդը…արդարադատության նախարարի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները...»:

 

Հոդված 96.

 

«Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը անփոփոխելի են:

Դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը…»:

 

Հոդված 97.

 

Արդարադատություն իրականացնելիս` դատավորները … անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

 

Բ. 1985 թ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք.

 

26. Օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 9. Վարչական զանցանքի հասկացությունը

 

«Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան»:

 

Հոդված 22. Վարչական տույժերի նպատակները

 

«Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը»:

 

Հոդված 23. Վարչական տույժերի տեսակները («ուղղիչ աշխատանքներին» և «վարչական կալանքին» վերաբերող դրույթները ուժի մեջ չեն սկսած 2005 թ. դեկտեմբերի 16-ից)

 

«Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը...2) տուգանք,…6) ուղղիչ աշխատանքներ, …7) վարչական կալանք»:

 

Հոդված 31. Վարչական կալանք (չի գործում սկսած 2005 թ. դեկտեմբերի 16-ից)

 

«Վարչական կալանք սահմանվում և կիրառվում է միայն բացառիկ դեպքերում, վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար, մինչև տասնհինգ օր ժամանակով: Վարչական կալանք նշանակում է դատարանը (դատավորը)»:

 

Հոդված 172. Մանր խուլիգանություն (չի գործում սկսած 2005 թ. դեկտեմբերի 16-ից)

 

«Մանր խուլիգանությունը, այսինքն` հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողություններ, որոնք խանգարում են հասարակական կարգն ու քաղաքացիների հանգիստը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը, կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:

 

Հոդված 223. Առաջին ատյանի դատավորները

 

«Առաջին ատյանի դատարանների դատավորները քննում են սույն օրենսգրքի (ի թիվս այլ հոդվածների) 172 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը»:

 

Հոդված 249. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի դռնբաց քննությունը

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են դռնբաց»:

 

Հոդված 250. Վարչական իրավախախտումների գործերի վարույթի ժամանակ դատախազական հսկողությունը օրենքների կատարման նկատմամբ

 

«…համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ օրենքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իրավունք ունի` հարուցելու վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ. ծանոթանալու գործի նյութերին. ստուգելու գործի վարույթի ժամանակ մարմինների (պաշտոնատար անձանց) գործողությունների օրինականությունը. մասնակցելու գործի քննությանը. գործի քննության ընթացքում ծագող հարցերով միջնորդություններ հարուցելու, եզրակացություններ տալու. ստուգելու վարչական իրավախախտումների համար համապատասխան մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից ներգործության միջոցների կիրառման ճշտությունը. բողոքարկելու վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը և գանգատի առթիվ ընդունված որոշումը. կասեցնելու որոշման կատարումը, ինչպես նաև կատարելու օրենքով նախատեսված այլ գործողություններ»:

 

Հոդված 251. Ապացույցներ

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով»:

 

Հոդված 254. Վարչական իրավախախտման արձանագրությունը

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը»:

 

Հոդված 255. Վարչական իրավախախտման արձանագրության բովանդակությունը

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում»:

 

Հոդված 256. Արձանագրությունն ուղարկելը

 

«Արձանագրությունն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին)»:

 

Հոդված 259. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն ապահովելու միջոցները

 

«…վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում»:

 

Հոդված 260. Վարչական ձերբակալում

 

«Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակաթիվն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը»:

 

Հոդված 261. Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր մարմինները (պաշտոնատար անձինք)

 

«Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), ի թիվս այլ անձանց` ներքին գործերի մարմինները` մանր խուլիգանություն կատարելու համար…»:

 

Հոդված 267. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները

 

«Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից»:

 

Հոդված 271. Վկան

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի պարզաբանման ենթակա որևէ հանգամանք»:

 

Հոդված 277. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ժամկետները

 

«Սույն օրենսգրքի … 172…, հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում…»:

 

Հոդված 278. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու կարգը

 

«Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսվում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները: Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը»:

 

Հոդված 279. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հանգամանքները

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս…»:

 

Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը

 

«Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի»:

 

Հոդված 289. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոք բերելը

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է բողոքարկվել դատախազի կողմից»:

 

Հոդված 294. Դատավորի..., [և] դատարանի նախագահի …լիազորությունները գործը վերանայելիս

 

«Սույն օրենսգրքի …172 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով դատավորի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձամբ ժողովրդական դատավորի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմին»:

 

Գ. «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք

 

Հոդված 5. Դատավորի անկախությունը

 

«Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի»:

 

Հոդված 6. Դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

 

«Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների և լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը` արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է և առաջացնում է քրեական օրենքով սահմանված պատասխանատվություն:

Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»:

 

Դ. ՀՀ արդարադատության նախարարության 28.11.2002 թ. Կանոնակարգ

 

27. Այս Կանոնակարգի 9-րդ գլուխը սահմանում է դատավորների պիտանելիության և առաջխաղացման ցուցակները ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմելու համար անցկացվող թեստավորման անցկացման կարգն ու պայմանները:

 

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

28. 2003 թ. ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում հիմք ընդունելով նախագահական ընտրություններում հիմնական ընդդիմադիր թեկնածուի կողմից ներկայացված ընտրությունների արդյունքները և անցկացման կարգը վիճարկելու վերաբերյալ դիմումը (ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Նախագահի 2003 թ. մարտի 5-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով): Ի թիվս այլ հանգամանքների, Սահմանադրական դատարանը նշել է, որ մի շարք վստահված անձինք ընտրությունների երկրորդ փուլում ենթարկվել են վարչական կալանքի և դրանով իսկ զրկվել են իրենց պարտականությունների կատարումը շարունակելու հնարավորությունից: Դատարանը այնուհետև նշել է, որ չարտոնված հանրահավաքներին և երթերին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է միջամտություն Կոնվենցիայի 11 հոդվածով սահմանված խաղաղ միավորման իրավունքների իրականացմանը: Առաջին հերթին նշված ընթացակարգի կիրառումը հակասում է Եվրոպական «օրենքի գերակայության» սկզբունքին, և, երկրորդ` դատարանների կողմից կայացված բոլոր նման որոշումները պետք է քննարկման առարկա դառնան Դատարանների նախագահների խորհրդում և Արդարադատության խորհրդում` և´ ձևի, և´ բովանդակության առումով:

 

IV. 2003 Թ. ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

 

Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1304 (2002) Բանաձևը: Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը

 

29. Բանաձևի համապատասխան հատվածները սահմանում են.

«9. Վեհաժողովը այնուհետև կոչ է անում, առանց ձգձգման, վերանայել Վարչական օրենսգիրքը: Նա իշխանություններին կոչ է անում վերացնել վարչական կալանքի վերաբերյալ դրույթները և մինչ վերացնելը զերծ մնալ դրանք կիրառելուց: Նա իշխանություններին զգուշացնում է դրանց կիրառման արդյունքում առաջացող չարաշահումների մասին, որոնք լրջորեն հակասում են Կազմակերպության սկզբունքներին»:

 

Բ. Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ԵԽԽՎ Հանձնաժողովի Զեկույց, փաստաթուղթ 10027, 12 հունվարի 2004 թ.

 

30. Զեկույցի համապատասխան հատվածները սահմանում են.

 

«32. 2003 թ. փետրվարի [1]9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի հաջորդ օրը, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից, Երևանում և մի շարք այլ քաղաքներում կազմակերպվեցին մի քանի հանրահավաքներ և բողոքի ակցիաներ:

33. Առաջին փուլից հետո, մինչև երկրորդ փուլն ընկած ժամանակահատվածում, սկսած փետրվարի 22-ից, ավելի քան 200 մարդ իշխանության հանձնարարությամբ ձերբակալվել է ոստիկանության կողմից, այդ թվում` ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կամ նախընտրական շտաբի որոշ անդամներ և այդ կուսակցությունների վստահված անձինք: Չնայած Խորհրդարանական վեհաժողովը պայման էր դրել, որ իշխանությունները այլևս չպետք է կիրառեն Վարչական օրենսգրքով սահմանված վարչական կալանքի կամայական ընթացակարգը, այս անձինք ձերբակալվել, տարվել են նախնական կալանքի վայրեր` առանց այդ մասին իրենց հարազատներին տեղյակ պահելու, այնուհետև, դատարանի կողմից դատապարտվել են երկու շաբաթվա վարչական կալանքի ավելի քան 80 գործով, կամ տուգանքի` 65 այլ գործերով: Նշված անձանց գործով անցկացվել են դռնփակ դատական նիստեր և որոշ բացառություններով, այդ անձինք չեն օգտվել փաստաբանի ծառայություններից: Շատերը չեն կարողացել մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

34. Ձերբակալություններ են իրականացվել երկրորդ փուլից հետո: Արդարադատության նախարարությունը ընդունել է, որ 132 անձ ձերբակալվել են մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, որոնցից 69-ը ենթարկվել է «վարչական» կալանքի, 63-ը` տուգանքի: Համաձայն ԵԱՀԿ-ի այդ ժամանակահատվածում ազատազրկման ենթարկվածների թիվը 77 է:

35. Մեր նախորդ զեկույցում մենք մեկնաբանել էինք Վարչական օրենսգրքով սահմանված այս արագացված ընթացակարգի անթույլատրելիությունն ու կամայականությունը: Կոմունիստական ոճի արդարադատության այս իսկական մնացուկը ժառանգվել է Խորհրդային ժամանակներից, որը պատասխանատվության ենթարկված անձին արգելում է այդ մասին տեղեկացնել իր հարազատներին կամ պահանջել իրավաբանի անհապաղ օգնություն, հնարավորություն է տալիս դատավորին անցկացնել արագացված դռնփակ դատական նիստ և անձին դատապարտել առավելագույնը երկշաբաթյա կալանքի: Այս ընթացակարգը ուղղակի ամոթալի է…

37. 2003 թ. օգոստոսի մեր այցի ընթացքում, ցուցարարներին ձերբակալելու և դատապարտելու իրենց որոշումը իշխանությունները արդարացնում էին վկայակոչելով նրանց իրավախախտումներից օրենքի և իրավակարգի պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք պնդում էին, որ ցուցարարները միայն ավազակներ են, «հակահասարակական տարրեր», հարբեցողներ և թմրամոլներ: Այս տեսակ որակումները ահազանգ են ոչ այնքան հեռու Խորհրդային անցյալի վերածննդի մասին:

38. Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները ապագայում կանեն ամեն հնարավորը հանրահավաքների իրավունքի և օրենքի և հասարակական կարգի պահպանմամբ այդ իրավունքներն իրականացնելու միջև համապատասխանեցումը ապահովելու համար: Այս իրավունքը պետք է պաշտպանվի բոլորի համար և առանձին-առանձին, հատկապես ընտրական ժամանակահատվածում: Օրենքի և հասարակական կարգի պաշտպանությունը չի կարող արդարացնել հանրահավաքների և միավորումներ ստեղծելու ազատության սահմանափակումները»:

 

Գ. ԵԽԽՎ 1361 (2004) Բանաձևը: Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը

 

31. Բանաձևի համապատասխան հատվածները սահմանում են.

 

«14. Վեհաժողովին ցնցել է այն փաստը, որ Վարչական օրենսգրքով նախատեսված վարչական կալանքների կամայական կիրառման ամոթալի պրակտիկան դեռևս շարունակվում է, ինչը միանգամայն անհամատեղելի է Վեհաժողովի 2002 թ. սեպտեմբերի Թիվ 1304 բանաձևի մեջ տեղ գտած խիստ ձևակերպման հետ, ըստ որի Հայաստանի իշխանություններն այլևս չպետք է կիրառեն վերոնշյալ պրակտիկան։ Վեհաժողովը դատապարտում է ավելի քան 270 մարդկանց՝ ընդդիմադիր կուսակցությունների անդամների, նրանց կողմնակիցների և պաշտոնակիրների ձերբակալություններն ու դատապարտումը` Նախագահական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում և երկրորդ փուլի ավարտին։ Վեհաժողովն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները 2004 թ. փետրվարին կքննարկեն Վարչական օրենսգրքում տեղ գտած վարչական կալանքների խնդիրը` Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համագործակցությամբ, և մինչև 2004 թ. ապրիլ ամիսը փոփոխությունների նախագծերը կուղարկեն Եվրոպայի խորհուրդ՝ փորձագիտական կարծիքի համար։

15. Վեհաժողովը դիմում է Հայաստանի իշխանություններին, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, անմիջապես սկսել ուսումնասիրել հավասարակշռության սկզբունքի կիրառումը ժողովների և ցույցերի կազմակերպման ազատության և հասարակական կարգը հարգելու միջև, և ընդունել օրենք` ցույցերի և հանրահավաքների մասին, որը լիովին կհամապատասխանի Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և չափանիշներին»։

 

Դ. HUMAN RIGHTS WATCH ամփոփիչ փաստաթուղթ, 23 Մայիս 2003, Օրենքի Իմիտացիա: 2003 թ. Հայաստանի նախագահական ընտրություններում վարչական կալանքի կիրառումը

 

32. Ամփոփիչ փաստաթղթի համապատասխան հատվածները սահմանում են.

 

«2003 թ. փետրվարից-ապրիլ ամիսների ընդդիմության հանրահավաքները:

Նախագահական ընտրությունների 2003 թ. փետրվարի 19-ի առաջին փուլից մինչև 2003 թ. մարտի 5-ի երկրորդ փուլի միջև ընկած ժամանակահատվածում հիմնական ընդդիմադիր թեկնածուն Երևանի կենտրոնում կազմակերպել է մի շարք հանրահավաքներ, որոնք գրավել են հազարավոր կողմնակիցներ…:

2003 թ. մարտի 5-ի երկրորդ փուլից հետո հիմնական ընդդիմադիր թեկնածուի կազմակերպությունը շարունակել է Երևանի կենտրոնում հանրահավաքների անցկացումը մի քանի օր կամ շաբաթ ընդհատումներով` ընդդեմ ընտրական կեղծիքների…:

Ընդդիմադիր հանրահավաքների որպես ապօրինի ներկայացումը

Չնայած… [հիմնական ընդդիմադիր թեկնածուին սատարող] հանրահավաքներն ու երթերը եղել են հիմնականում խաղաղ, իշխանությունը դրանք ներկայացրել է որպես վտանգ հասարակական կարգին և քաղաքական կայունությանը և օգտագործելով այդ որպես ձերբակալությունների պատճառ…:

Ձերբակալությունները

[2003 թ. փետրվարի 21-27-ը]: Ձերբակալությունների առաջին ալիքը

Ձերբակալությունների առաջին ալիքի շրջանակներում [ընդդիմադիր հիմնական թեկնածուի] մարզային և տեղամասային շտաբի ղեկավարները, աշխատակիցները, [վստահված անձինք] և անգամ վարորդները բերման են ենթարկվել իրենց տարածքային ոստիկանության բաժիններ…:

Պետության տարբեր մասերում, մի քանի տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին իրենց տներում այն բանից հետո, երբ նրանց ենթադրաբար ոստիկանությունը առանձնացրել էր այն տասնյակ հազարավոր անձանց թվից, որոնք նախորդ օրը [2003 թ. փետրվարի 21-ին], երեկոյան Երևանում մասնակցել էին «չարտոնված» հանրահավաքին:

Երբ ոստիկանության աշխատակիցները ընդդիմադիր ակտիվիստներին տանում էին իրենց բնակարաններից, մշտական պատրվակը հանդիսանում էր այն հանգամանքը, որ տեղի ոստիկանության բաժնի պետը ցանկանում էր իրենց հետ զրուցել: Որոշ ակտիվիստներ կամավոր գնացել էին ոստիկանների հետ, իսկ որոշները սկզբում մերժել էին գնալ և ի պատասխան ստացել սպառնալիքներ…:

Որոշ դեպքերում, երբ ոստիկանները ակտիվիստներին չեն գտել տանը, նրանք դիմել են բռնի կամ ապօրինի մարտավարության: Եղել են դեպքեր, երբ ոստիկանները ընտանիքի անդամներին պահել են որպես պատանդ, որպեսզի ստիպեն ակտիվիստներին հանձնվել:

[2003 թ. մարտի 1-17-ը]: Պայմանական ազատումներ, շարունակվող ճնշում

Միջազգային ճնշման ազդեցության տակ… 86 անձանցից մոտավորապես 75-ը, որոնք դատապարտված են եղել վարչական կալանքի` ընտրությունների հետ կապված ցույցերի առնչությամբ, ազատ են արձակվել շաբաթ-կիրակի օրերին [մարտի 1-2-ը]:

[2003 թ. մարտի 18-22-ը]: Ձերբակալությունների երկրորդ ալիքը

Այս 5 օրերի ընթացքում հետընտրական հանրահավաքները շարունակվել են, ոստիկանները ձերբակալել են մոտավորապես 90…ակտիվիստներ [որոնք սատարում էին հիմնական ընդդիմադիր թեկնածուին], Երևանում, Աբովյանում, Արտաշատի շրջանում, Թալինում և այլ շրջաններում: Նրանցից շատերը տարվել են անմիջապես իրենց տներից, նրանցից ոմանք` երկրորդ անգամ: Մի քանի տասնյակ անձինք դատապարտվել են վարչական կալանքի:

[2003 թ. ապրիլի 7-9]: Նախագահի երդմնակալության շրջանում

Մի շարք կանայք և տղամարդիկ ձերբակալվել են [2003 թ. ապրիլի 7-ին] Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո և ենթարկվել են վարչական կալանքի կամ տուգանքի…:

Վարչական իրավախախտումների քննության ընթացքում դատավարական խախտումները

Նախնական կալանքը առանց հաղորդակցության

Ընդդիմության ակտիվիստներին ոստիկանության բաժին բերելով, ոստիկանությունը նրանց պահել է առանց հաղորդակցության` զրկելով նրանց պաշտպանից: Այս հանգամանքը մեծ հնարավորություն է տվել ոստիկանությանը ճնշում գործադրել ակտիվիստների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն մեղքը:

Շատ դեպքերում, ոստիկանությունը հրաժարվել է կորած անձանց հարազատներին կամ պաշտպաններին տեղեկացնել, որ այդ անձինք գտնվում են ոստիկանության բաժնում: Փաստաբանը, որը ներգրավված է եղել ավելի քան 30 ակտիվիստների պաշտպանությանը, որոնք ձերբակալվել են առաջին ալիքի ընթացքում հայտնել է, որ իր հիմնական խնդիրը եղել է գտնել այն անձանց, ում նա պետք է պաշտպաներ, իսկ իրավական օգնություն տրամադրելը` հեռավոր երկրորդ տեղում էր: Արմավիրում ձերբակալված ակտիվիստներից մեկի կինը ասաց. «Հինգ օր նրանք չէին տալիս որևէ տեղեկատվություն: Մենք չգիտեինք նա ողջ է, թե` մահացած»:

Երբ փաստաբանները, բարեկամները կամ իրավապաշտպան կազմակերպությունները փորձում էին գտնել ձերբակալված անձանց, ոստիկանությունը չէր համագործակցում: Փաստաբան Տ.Տ-Յ-ն ասաց. «Երբ մենք գնում էինք ոստիկանության բաժին, նրանք ասում էին, որ ձերբակալվածը դատարանում է: Երբ մենք գնում էինք դատարան, նրանք ասում էին, որ նա գտնվում է ոստիկանության բաժիններից մեկում: Մինչև շփոթմունքը պարզվում էր, 15 օր վարչական կալանքի դատապարտելու դատարանի որոշումը արդեն հրապարակվում էր»:

Հայաստանում բացակայում է ոստիկանության բաժնում ձերբակալվածներին գրանցելու պարտադիր և թափանցիկ ընթացակարգ: [Տ. Յ-ն] նշում է. «Որտեղ որ գնացել ենք, նրանք ասել են. «Ոչ, նա այստեղ չէ»: Կալանքի տակ լինելու որևէ փաստաթղթի բացակայությունը մեզ համար դժվարացնում է վիճարկել ձերբակալումը: Նրանք հետագայում կարող են պնդել, որ ձերբակալվածը մեր գալու և հարցնելու պահին այնտեղ չի եղել»: Երկու դեպքում Hսman Rights Watch կազմակերպությունը փաստաթղթերով հիմնավորել էր, որ ոստիկանությունը ձևացրել է, որ ձերբակալվածները ոստիկանության տվյալ բաժնում չեն, երբ նրանք ակնհայտորեն այնտեղ են եղել:

Ձերբակալվածները ոստիկանության կողմից պահվել են այնքան, որքան դա անհրաժեշտ է եղել` առանց դատավարական իրավունքների երաշխիքների չնչին ապահովման…

Քանի որ նրանցից շատերը բերման են ենթարկվել ոստիկանության բաժնի պետի հետ «զրուցելու» պատրվակով, նրանց ձերբակալման իրավական հիմքը հստակ չէր - արդյոք նրանք ձերբակալված էին, և եթե այո, ապա` քրեական, թե` վարչական օրենսգրքով նախատեսված հիմքով: Որոշ ձերբակալված ակտիվիստների առնչությամբ ոստիկանությունը նախապես դժվար կացության մեջ էր չիմանալով ինչ մեղադրանք առաջադրել նրանց: Մյուսների դեպքում ոստիկանությունը մանիպուլյացիայի էր ենթարկում անորոշությունը, սպառնալով առաջադրել և´ վարչական, և´ քրեական մեղադրանք: Էջմիածնի ոստիկանության բաժնում ոստիկանները սպառնացել են [մի պաշտպանյալի] ներկայացնել քրեական մեղադրանք, եթե նա հրաժարվի ընդունել, որ դիմադրել և զազրախոսել է ոստիկանին, որը նրան տնից բերման էր ենթարկել: Նա հիշում է. «Ես ստորագրել եմ` հիմք ընդունելով նրանց խոստումը, որ ինձ ենթարկելու են միայն երկու օրվա վարչական կալանքի»:

Մարտի կեսերից սկսած ոստիկանները, բռնության սպառնալիքի տակ, մի շարք ընդդիմադիր ակտիվիստներից ստացել էին կամ գրավոր ինքնախոստովանական ցուցմունքներ կամ պարտավորություններ հետագայում չմասնակցել հանրահավաքներին: [Անձանցից մեկը], որը պահվում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչությունում, նշել է, որ իրեն հարցաքննող երեք քննիչները մատնացույց են արել վարչության բակում գտնվող խցերը, ասելով, որ դրանք լցված են կանանցով, և որ նրանք բոլորը այդ գիշեր մահակներով ծեծի են ենթարկվելու: Այնուհետև, նրանք ինձ ցույց են տվել սև բծեր գորգի վրա, ասելով, որ դա արյուն է: Այս կարգի ճնշումների ներքո նրանք ինձ ստիպեցին գրել, որ մասնակցել եմ հանրահավաքի և խոչընդոտել եմ ճանապարհային երթևեկությանը»: Մի շարք դեպքերում, ոստիկանները կիրառել են բռնություն. [մեկ անձ] հայտարարել է, որ իր գլխին հարվածել են ջրով լի ջրի պլաստիկ շշով, [մեկ այլ անձ] հիշում է, որ իրեն հարվածել են ատրճանակի խզակոթով, այնուհետև հարվածել են ձեռքերով և ոտքերով:

Անօրինական դատական վարույթներ

Ըստ էության բոլոր գործերով ընդդիմադիր ակտիվիստների վերաբերյալ վարչական դատական վարույթները անցկացվել են փակ և մակերեսային: Դատարանները քննել են միայն ոստիկանության կողմից ներկայացված ապացույցները և հնարավորություն չեն տվել անձանց հրավիրել պաշտպանի կամ վկաների:

Որոշ գործոններ վկայում են, որ դատավորները գործել են քաղաքական իշխանությունների ազդեցության ներքո: Բազմաթիվ գործերով դատավորները ընդդիմության ակտիվիստների համար սահմանել են հնարավոր առավելագույն պատիժներ` 15-օրյա կալանք: [Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների] որոշ դատավորներ անկեղծ են եղել ձերբակալվածների հետ իրենց «նույն դատավճիռը հարմար է բոլորին» քաղաքականության վերաբերյալ: Դատավորներից մեկը զանցառուներից մեկին ասել է. «Նրանց, ովքեր մասնակցել են հանրահավաքին, մենք տալիս ենք ամբողջ 15 օր կալանքը»: Երբ [մեկ այլ զանցառու] խնդրել է դատավորին իր նկատմամբ կիրառել ավելի փոքր ժամկետով պատիժ, վերջինս նրան պատասխանել է, որ. «իրեն հրահանգված է մեզ մեկուսացնել ոչ պակաս, քան 15 օրով»: Դատավորների կողմից որոշ զանցառուների հարցաքննությունը եղել է ակնհայտ քաղաքական, օրինակ. «Ինչու ես ընդդիմություն խաղում» կամ «Ինչու ես փնովում կառավարությանը»: Նրանք զգուշացրել են որոշ անձանց այլևս չմասնակցել հանրահավաքներին:

Թվում էր, թե ոստիկանությունը հսկողություն է իրականացնում դատարանների նկատմամբ, երբ նրանք իրականացնում էին վարչական դատավարություն: [2003 թ. փետրվարի 22-28-ը] շաբաթվա ընթացքում, երբ [Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը] դատում էր [հիմնական ընդդիմադիր թեկնածուին] սատարող շուրջ 100 անձանց, «կարմիր բերետավորները`» հատուկ նշանակության ոստիկանական զորքերը, փակել էին շենքը հանրության համար: Դատարանի նախագահը նշել էր, որ զորքերի տեղակայումը ոստիկանության ղեկավարության որոշումն էր, որի վերաբերյալ դատարանի կարծիքը հաշվի չի առնվել…:

Որոշ զանցառուներ պահանջել են պաշտպաններ, սակայն դատարանի պաշտոնյաները կամ ոստիկանները հայտնել են, որ կամ նրանց «անհրաժեշտությունը չկա» կամ վարչական գործերում պաշտպան ունենալ «չի թույլատրվում»: Չնայած նա պայմանագիր ուներ մի զանցառուի հետ, սակայն փաստաբան [Ն. Բ.-ին] արգելել են մտնել Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` իր պաշտպանյալին պաշտպանելու համար:

Հասարակական հսկողության կամ պաշտպանի բացակայության պայմաններում դատավորները գործերի քննության ընթացքում կիրառել են կամայական կամ անփույթ պատճառաբանություններ կամ ընդհանրապես չեն կիրառել:

Գործերի մեծամասնությունում դատական նիստերը տևել են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, և գրավոր որոշումները նախօրոք պատրաստված են եղել: Դատավորը [զանցառուներից մեկի] գործի քննությունը սկսել է բարձրաձայն ընթերցելով հետևյալ նախադասությունը. «չարտոնված երթին մասնակցելու համար` 15 օր կալանք: Երբ [զանցառուն] առարկել է նշելով, որ ինքը երթի չի մասնակցել, ըստ նրա պատմածի. «Դատավորը միայն ասաց, «Դա ապացուցված է» և կանչեց ոստիկաններին ինձ տանելու»:

Այն դեպքում, երբ որոշ դատավորներ ակնարկում էին, որ գոյություն ունեն ապացույցներ, առանց դրանց ներկայացնելն անհրաժեշտ համարելու, մյուսները կառուցում էին հիպոթեզներ, ինչպես օրինակ. «Դուք մասնակցել եք չարտոնված հանրահավաքի, և Դուք կատարել եք խուլիգանություն` Մաշտոցի պողոտայում: Դուք բղավել եք կամ ինչ-որ բան եք կոտրել, այդպես չէ՞»: Այլ նիստերի ընթացքում դատավորները չեն բարձրաձայնել որևէ փաստարկ: Երևանի Շենգավիթ համայնքից երկու [ընդդիմադիր] կուսակցության ակտիվիստներ դատապարտվել են երեքական օր կալանքի, առանց իմանալու, թե ինչում են մեղադրվում, [մեկ այլ զանցառուի] դեպքում, դատավորը ընդհատեց նրա առարկությունները այն կապակցությամբ, որ իրեն 15 օր կալանքի դատապարտելու համար բացակայում է նշված տեղեկատվությունը կամ հիմքերը, ասելով. «Ասա շնորհակալություն, որ քրեական մեղադրանք չենք առաջադրել»:

Կողմնակի վերահսկողության բացակայությունը ևս դատարանին հնարավորություն է տվել մի քանի գործերով գնալ ակնհայտ կոպիտ կամայականությունների: [2003 թ. փետրվարի 22-ին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը] հրապարակել է վարչական կալանքի ենթարկելու վերաբերյալ մի քանի որոշումներ` առանց զանցառուների մասնակցությամբ նիստ անցկացնելու: Ականատեսների վկայությամբ` առնվազն մեկ ոստիկանական միկրոավտոբուս, որում եղել են մի քանի ձերբակալված ակտիվիստներ, մոտեցել է դատարանին, որտեղ հայտնվել է դատարանի աշխատակիցը և համաձայն վկայության` ուղեկցող ոստիկաններին է հանձնել դատարանի պատրաստի որոշումները: Այնուհետև միկրոավտոբուսը հեռացել է և զանցառուները անգամ դատարան չեն մտել…»:

 

ՕՐԵՆՔԸ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կողմերի պնդումները

 

(ա) Կառավարություն

 

33. Կառավարությունը պնդում էր, որ Դիմումատուն չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները 2003 թ. ապրիլի 7-ի որոշման առնչությամբ, ինչպես դա պահանջվում է Կոնվենցիայի 35.1 հոդվածով: ՎԻՎՕ-ի 286 հոդվածի համաձայն, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նման բացառություն նախատեսված է ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով` ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով նախատեսված զանցանքների վերաբերյալ: Այս հոդվածը նախատեսում է դատարանի որոշման վերացման երկու ընթացակարգ` կամ դատախազի կողմից բողոք բերելու միջնորդությամբ, կամ` բողոքարկելով անմիջապես վերադաս դատարանի նախագահին: Այսինքն, եթե կողմը միջնորդել է դատախազին, սակայն վերջինս հրաժարվել է բողոքարկել, կողմը կարող է բողոքարկել անմիջապես վերադաս դատարանի նախագահին: Ավելին, կողմը իրավասու է բողոքարկել անմիջապես վերադաս դատարանի նախագահին, առանց նախապես դատախազին դիմելու: Դիմումատուն տեղեկացված էր նման իրավունքի մասին, քանի որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշման մեջ նշված էր. «որոշումը ենթակա է բողոքարկման Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին»: Այնուամենայնիվ, նա, գոյություն ունեցող հնարավորություններից օգտվել է միայն առաջինից և չի դիմել Դատարանի Նախագահին:

 

(բ) Դիմումատուն

 

34. Դիմումատուն չի ընդունել կառավարության առարկությունները: Առաջին, նա պնդում է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածից հստակ չէ, թե որ «վերադաս» դատարանի նախագահին, համաձայն Կառավարության, նա պետք է դիմեր, քանի որ դատարանների դասակարգումը «վերադասի» և «ստորադասի» Խորհրդային ժամանակների դատական համակարգի տարր է, որը Հայաստանում այլևս գոյություն չունի: Անգամ, եթե ենթադրենք, որ «վերադաս» դատարանը ենթադրվում է Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, ապա, ոչ 294-րդ հոդվածը, ոչ էլ` ՎԻՎՕ-ի որևէ այլ հոդված չի սահմանում դատապարտված անձի իրավունք բողոքարկելու վարչական կալանք սահմանելու վերաբերյալ դատարանի որոշումը: 294-րդ հոդվածի ձևակերպումից կարելի է նաև հետևություն անել, որ վերադաս դատարանի նախագահը կարող է վերանայել նման որոշումը նաև իր հայեցողությամբ, ընթացակարգ, որը խորթ չէր Խորհրդային դատական համակարգին: Եթե այս հոդվածը սահմաներ բողոքարկելու, այլ ոչ թե` վերանայելու իրավունք, ապա այդ բողոքը քննարկման առարկա կհանդիսանար երեք դատավորից կազմված պալատի, այլ ոչ թե` դատարանի նախագահի կողմից, ինչպես որպես ընդհանուր կանոն սահմանված է Հայաստանի իրավական համակարգում, թե´ քաղաքացիական, և թե´ քրեական դատավարություններում:

35. Երկրորդ` Դիմումատուն վիճարկում է, որ 294-րդ հոդվածը սահմանում է դատարանի վերջնական որոշման բողոքարկման երկու ընթացակարգ, այն է` կամ դատախազի բողոքի հիման վրա դատավորի կողմից, կամ անկախ նման բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմից: Սրանք դատական պաշտպանության երկու հավասարազոր եղանակներ են և անձը, ում իրավունքները խախտվել են, իրավունք ունի ընտրելու դրանցից մեկը և պարտավոր չէ դիմելու երկու միջոցներին միաժամանակ, կամ հաջորդաբար: Բոլոր դեպքերում, նա պարտավոր չէր սպառել պաշտպանության այն միջոցները, որոնք, համաձայն միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին, արդյունավետ և համաչափ չէին: 294-րդ հոդվածի շրջանակներում դատարանի նախագահին ուղղված բողոքը չէր կարող դիտվել արդյունավետ միջոց, քանի որ նախագահական ընտրություններին հաջորդող հանրահավաքներին և բողոքի ակցիաներին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձանց նման բազմաթիվ բողոքները եղել են ոչ արդյունավետ:

36. Դիմումատուն ներկայացրել է այլ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի նմանատիպ որոշումներ, թվագրված 2002 թ. մարտ-ապրիլ ամիսներով, որոնք սահմանում են, որ դրանք վերջնական են և ենթակա են բողոքարկման դատախազի կողմից:

 

2. Դատարանի գնահատականը

 

37. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35.1 հոդվածով սահմանված ներպետական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է անձանց, ովքեր ցանկանում են գործ հարուցել ընդդեմ պետության որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգի կողմից ընձեռված իրավական պաշտպանության հնարավորություններից, դրանով իսկ զերծ պահելով պետությանը միջազգային ատյանի առջև պատասխան տալու այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել լուծելու իր սեփական իրավական համակարգում: Այս կանոնին համապատասխանելու համար դիմումատուն պետք է դիմի բոլոր պաշտպանության միջոցներին, որոնք առկա են և բավարար վերականգնելու իրավունքի խախտումները (Տես` Ասսենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 24760/94, պարբ 85, ՄԻԵԴ 1999-VIII):

38. Ավելին, Կոնվենցիայի 35 հոդվածի համաձայն, առկա և բավարար միջոցների գոյությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, որի բացակայությունը կհանգեցնի արդյունավետության և մատչելիության բացակայությանը (Տե´ս օրինակ Դե Յոնգ, Բալյեթ և Վան դեն Բրինքն ընդդեմ Նիդերլանդների, 1984 թ. մայիսի 22-ի վճիռը, Շարք Ա, թիվ 77, էջ 19, պարբ. 39, և ՎԵրնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թ. փետրվարի 20-ի վճիռը, Շարք Ա, թիվ 198, էջ 11-12, պարբ. 27): Կառավարության պարտավորությունն է ներպետական պաշտպանության միջոցների չսպառումը վիճարկելիս ապացուցել, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, գործնականում և տեսականորեն մատչելի է եղել տվյալ ժամանակահատվածում, այսինքն` եղել է այնպիսի միջոց, որը ի զորու է եղել ապահովելու իրավական պաշտպանություն դիմումատուի բողոքների կապակցությամբ և առաջարկել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն (Տե´ս Աքդիվարը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996 թ. սեպտեմբերի 16-ի վճիռը, Վճիիռների և որոշումների տեղեկագիր, 1996-IV, էջ 1211, պարբ. 68):

39. Դատարանը այնուհետև հիշեցնում է, որ համաձայն իր հաստատված նախադեպի` գործի վերաբացման դիմումը կամ նմանատիպ ոչ սովորական միջոցները, որպես կանոն չեն կարող հաշվի առնվել Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասի կիրառելիության իմաստով (Տես` օրինակ Ռ.-ն ընդդեմ Դանիայի, թիվ 10326/83, Հանձնաժողովի որոշում 1983 թ. սեպտեմբերի 6, Որոշումներ և Զեկույցներ (ԴՌ) 35, էջ 218, Պրայստավսկան ընդդեմ Ուկրաինայի (որոշում) թիվ 21287/02, 17 դեկտեմբեր 2002, և Դենիսովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) թիվ 33408/03, 6 մայիսի 2004): Ավելին, իրավական պաշտպանության այն միջոցները, որոնց օգտագործումը կախված է հանրային ծառայողների հայեցողությունից, Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասի իմաստով չեն կարող դիտվել, որպես արդյունավետ միջոցներ (Տես` Թումիլովիչն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) թիվ 47033/99, 2 հունիս 1999, Գուրեպկան ընդդեմ Ուկրաինայի, թիվ 61406/00, պարբ. 60, 6 սեպտեմբերի 2005): Նման միջոցներ չեն կարող նաև համարվել նրանք, որոնք չունեն հստակ ժամկետային սահմանափակումներ և դրանով ստեղծում են անորոշություն և ապարդյուն են դարձնում Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասով սահմանված վեցամսյա ժամկետի կանոնը, որը սերտորեն փոխկապակցված է ներպետական պաշտպանության միջոցները սպառելու պահանջի հետ (Տե´ս Բերձենիշվիլին ընդդեմ Ռուսաստանի (որոշում) թիվ 31697/03, 29 հունվարի 2004, Դենիսով` մեջբերված վերևում):

40. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, Դատարանը նշում է, որ ՎԻՎՕ-ի 286-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ դատարանի որոշումը «վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»: Այնուհետև, ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածը սահմանում է, որ «այն կարող է փոփոխվել կամ բեկանվել անմիջապես դատավորի կողմից` դատախազի բողոքի հիման վրա կամ, անկախ նման բողոքի առկայությունից, վերադաս դատարանի նախագահի կողմից»: Դատարանը, առաջին հերթին գտնում է, որ նման բողոք բերելու միջնորդությամբ դատախազին դիմելը չի հանդիսանում Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ միջոց, քանի որ այն ուղղակի վերապահված չէ անձին և պայմանավորված է դատախազի կամարտահայտությամբ.

41. Ինչ վերաբերում է վերադաս դատարանի նախագահի կողմից որոշումը վերանայելուն, ապա կողմերը համաձայնության չեկան այն հարցում, թե արդյոք դա իրականացվում է շահագրգիռ անձի բողոքի հիման վրա, թե` նախագահի հայեցողությամբ: Դատարանը նախապես նշում է, որ ՎԻՎՕ-ը լրացուցիչ մանրամասներ չի պարունակում այս ընթացակարգի վերաբերյալ: ՎԻՎՕ-ի 286-րդ հոդվածը իրականում իսկապես նախատեսում է բացառություններ: Այնուամենայնիվ, հակառակ Կառավարության պնդումներին, ոչինչ հիմք չի տալիս ենթադրելու, որ 294-րդ հոդվածը կարող է դիտվել որպես նման բացառություն: Իսկապես, «կարող է փոփոխվել կամ բեկանվել նախագահի կողմից» արտահայտությունը, որ օգտագործված է այս հոդվածում, որը նման չէ Հայաստանի և´ քրեական, և´քաղաքացիական դատավարության համատեքստում օգտագործվող «բողոք կարող է ներկայացվել» արտահայտությանը, հիմք է տալիս եզրակացնելու, որ այս հոդվածը ավելի շուտ տալիս է վերանայելու լիազորություն, քան բողոքարկելու իրավունք: Դատարանը այնուհետև նշում է, որ ակնհայտ է, որ այս հոդվածը գործնականում ևս ունի անհամապատասխան կիրառություն, քանի որ չնայած 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը սահմանում է, որ «այն ենթակա է վերանայման Նախագահի կողմից», դիմումատուի կողմից ներկայացված նմանատիպ որոշումների բազմաթիվ օրինակներում սահմանված է. «դրանք վերջնական են և բողոքարկման ենթակա չեն» կամ «կարող են բողոքարկվել դատախազի կողմից»: Կառավարությունն իր հերթին չի կարողացել ներկայացնել 294-րդ հոդվածի իր մեկնաբանությունը հիմնավորող օրինակներ: Նման պայմաններում, դատարանը Կառավարության մեկնաբանությունները չի համարում համոզիչ և գտնում է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածը սահմանում է վերանայման լիազորություն և ոչ թե` կողմի բողոքարկելու իրավունք: Անգամ, եթե ենթադրենք, որ, ինչպես դատախազին միջնորդություն ներկայացնելու դեպքում, անձը կարող է ունենալ իր որոշման վերանայման ապահովման հնարավորություն, ապա ոչինչ չի երաշխավորում, որ նախագահը պարտավորված է ընթացք տալու կողմի բողոքին: Ավելին` ոչ ՎԻՎՕ-ը, ոչ էլ` 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը չեն սահմանում վերանայման որևէ ժամկետային սահմանափակում:

42. Վերոգրյալի հիման վրա, Դատարանը եզրակացնում է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածը ավելի շուտ հանդիսանում է իրավական պաշտպանության ոչ սովորական միջոց, քան սովորական բողոքարկման ընթացակարգ և չի կարող հաշվի առնվել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Հետևաբար` Կառավարության նախնական առարկությունները պետք է մերժվեն:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

43. Դիմումատուն պնդում է, որ անձին վարչական կալանքի ենթարկելը սահմանված չէ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով, որպես անձին ազատությունից զրկելու հիմք: Այնուհետև նա պնդում է, որ հնարավորություն չի ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան վիճարկել 2003 թ. ապրիլի 7-ի որոշմամբ իր նկատմամբ կիրառված վարչական կալանքի օրինականությունը:

5-րդ հոդվածի համապատասխան հատվածները սահմանում են`

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը՝ իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե) անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

….

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

 

Ընդունելիությունը

 

1. Կողմերի ներկայացրած դիրքորոշումը

 

44. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուի «վարչական կալանքը» թույլատրելի էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետով, քանի որ նա դատապարտվել է դատարանի կողմից վարչական իրավախախտում կատարելու համար: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետով թույլատրվում է անձի կալանավորումը, եթե նա մեղավոր է ճանաչվել իրավախախտում կատարելու համար` լինի դա քրեական, կարգապահական, կամ, ինչպես սույն գործում` վարչական: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին, ապա Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել վիճարկելու կալանավորման օրինականությունը ՎԻՎՕ-ի 294 հոդվածի հիման վրա:

45. Դիմումատուն պնդեց, որ վարչական կալանքը, որպես պատժի տարատեսակ, չի կարող համարվել կալանավորման հիմք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում, քանի որ այդ ընթացակարգի կիրառումը դատապարտվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1304 (2002) Բանաձևով: Ավելին, եթե անգամ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով կալանավորման օրինականությունը կախված չէ դատապարտման օրինականության հետ, այնուամենայնիվ, եթե այս գործը քննվեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նախատեսած երաշխիքներին համապատասխան, ապա նա չէր զրկվի ազատությունից: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ, դիմումատուն, ի լրումն ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ իր հայտարարություններում բերված պատճառներին (տես վերը` 34-36 պարբերությունները), պնդում է, որ նա հնարավորություն չի ունեցել վիճարկելու 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը, քանի որ նա այդ որոշումը ստացել է միայն կալանքից ազատ արձակվելուց հետո:

 

2.   Դատարանի գնահատականը

 

(ա) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մաս

 

46. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը թույլատրում է անձի «կալանավորումը` իրավասու դատարանի կողմից դատապարտվելուց հետո»: Այս դրույթը տարբերություն չի դնում իրավախախտման բնույթի տեսանկյունից, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել: Այն կիրառելի է ցանկացած «դատապարտման» նկատմամբ, որը հիմք է հանդիսացել ազատությունից զրկելու համար, որը նշանակվել է դատարանի կողմից` անկախ տվյալ պետության իրավական համակարգի կողմից դրա դասակարգումից (տե´ս Էնգելը և այլոք ընդդեմ Նիդերլանդների, 1946 թ. հունիսի 8-ի վճիռը, Շարք Ա, թիվ 22, էջ 27-28, պարբ. 68, Գուրեպկա` մեջբերված է վերևում, պարբ. 39):

47. Այս գործում դիմումատուն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է վարչական կալանքի՝ ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով սահմանված մանր խուլիգանության համար: Չնայած այն անվանվել է «վարչական կալանք», այնուամենայնիվ, այս հասկացությունը իրականում օգտագործվել է սահմանելու դատարանի կողմից կարճաժամկետ դատապարտումը այնպիսի արարքի համար, որը ներպետական իրավական համակարգում դասակարգվել է որպես վարչական և սովորաբար նվազ վտանգավորություն ունի: Հետևաբար` Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի ազատությունը սահմանափակվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետով սահմանված դատարանի կողմից «դատապարտվելուց» հետո:

48. Մնում է հստակեցնել, թե արդյոք այս դատապարտումը իրականացվել է «իրավասու դատարանի կողմից»: ՎԻՎՕ-ի 223-րդ հոդվածի համաձայն, 172-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են առաջին ատյանի դատարանների դատավորների կողմից: Սույն գործում դիմումատուի վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մ-ի կողմից, որը տարածքային տեսանկյունից այն իրավասու դատարանն էր, որ կարող էր քննել խնդրո առարկա իրավախախտումը: Այստեղից հետևում է, որ դիմումատուն դատապարտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետով սահմանված «իրավասու դատարանի» կողմից:

49. Վերջապես, ինչ վերաբերում է դատարանի կողմից կայացված որոշման օրինականությանը, դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետը ինքնուրույն կիրառություն ունի, որի դրույթները ոչ միշտ են գործում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթների հետ համատեղ (տե´ս Էնգելը և այլոք` վկայակոչված վերը, էջ 27-28, պարբ. 68): Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները, Դատարանը, առանց կանխավճռելու 6-րդ հոդվածի առնչությամբ ներկայացված գանգատները, ըստ էության` գտնում է, որ դիմումատուի նկատմամբ կիրառված մանր խուլիգանության համար ազատությունից զրկումը նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ և նշանակվել է օրենքով սահմանված կարգով (տե´ս mսtatis mսtandis նույն տեղում և Գուրեպկա` վկայակոչված վերևում, պարբ. 39):

50. Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրակացնում է, որ դիմումի այս մասը ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

(բ) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մաս

 

51. Դատարանը հիշեցնում է, որ չնայած Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը պարտավորեցնում է Պետությանը ապահովել դատարան դիմելու իրավունքը այն դեպքերում, երբ անձին ազատությունից զրկումը իրականացվել է վարչական մարմնի կողմից, սակայն հիմք չկա պնդելու, որ նույնը կիրառելի է այն դեպքերում, երբ որոշումը կայացվել է դատարանի կողմից` դատավարության միջոցով: Այն դեպքերում, երբ ազատազրկման դատապարտումը նշանակվում է «իրավասու դատարանի կողմից դատապարտման» արդյունքում, ապա 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերահսկողությունը արդեն ներառված է որոշման մեջ (տե´ս Դե Վիլդեն, Օմսն ու Վերսիպն ընդդեմ Բելգիայի, 1971 թ. հունիսի 18-ի վճիռը, Շարք Ա, թիվ 12, էջ 40-41, պարբ. 76, Էնգելը և այլոք` վկայակոչված վերևում, էջ 32, պարբ. 77 և Մենեշևան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 59261/00, պարբ. 103, ՄԻԵԴ 2006-…):

52. Վերոգրյալի հիման վրա` այն փաստը, որ սույն գործում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի որոշման դեմ բողոք բերելու համար սովորական միջոցներ առկա չէին (տե´ս վերը` 40-42 պարբերությունները), Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ խնդիր չի առաջանում:

53. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասը ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

54. Դիմումատուն ներկայացրել է մի շարք բողոքներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (բ) և (գ) կետերի առնչությամբ: Նա մասնավորապես պնդել է. (1) իր վերաբերյալ գործը քննող դատարանը անկախ չէր, քանի որ Հայաստանում ընդհանրապես անկախ դատարան գոյություն չունի, հաշվի առնելով, որ դատավորները նշանակվում են Արդարադատության խորհրդի կողմից, որը նախագահում է Հանրապետության Նախագահը և Արդարադատության նախարարը, (2) դատավարությունը արդար չի եղել, իսկ դատարանը անաչառ չի եղել` ըստ էության գործի քննություն տեղի չի ունեցել և ամբողջ դատավարությունը տևել է մոտավորապես 5 րոպե, դատավորը անտեսել է իր բոլոր փաստարկները և անգամ չի փորձել հերքել դրանք, իսկ որոշումը կայացվել է բացառապես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա, մի փաստաթուղթ, որը կեղծվել է ոստիկանության կողմից, (3) դատավարությունը դռնբաց չի եղել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստը տեղի է ունեցել դատավորի աշխատասենյակում ժամը 23:00-ին, (4) իրեն չի տրամադրվել բավարար ժամանակ և միջոցներ՝ նախապատրաստելու իր պաշտպանությունը, և (5) նրան խաբեությամբ համոզել են հրաժարվել պաշտպանից:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան դրույթները սահմանում են.

 

«1. Յուրաքանչյուր ոք, … նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից … արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

...

բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

...

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով...»:

 

Ա. Ընդունելիություն

 

1.   6-րդ հոդվածի կիրառելիությունը

55. Չնայած 6-րդ հոդվածի կիրառելիությունը վարչական դատավարության նկատմամբ վիճարկման առարկա չէ, սակայն դատարանն անհրաժեշտ է համարում իր նախաձեռնությամբ քննարկել այս հարցը: Ստորև ներկայացված հիմքերով դատարանը գտնում է, որ այս դատավարությունը ներառել է դիմումատուի նկատմամբ քրեական մեղադրանքի որոշման հարց:

56. Դատարանը գտնում է, որ որպեսզի պարզվի թե արդյոք իրավախախտումը Կոնվենցիայի իմաստով որակվում է որպես «քրեական», առաջին հերթին անհրաժեշտ է որոշակիացնել, թե արդյոք իրավախախտումը սահմանող դրույթը Պատասխանող պետության իրավական համակարգում գտնվում է քրեական իրավունքում, հաջորդը` պետք է հաշվի առնվի «իրավախախտման բնույթը» և հնարավոր պատժի ծանրությունը (տե´ս ի թիվս այլ նախադեպերի` Էնգելը և այլոք` մեջբերված վերևում, էջ 34-35, պարբ. 82, Օզթուրքն ընդդեմ Գերմանիայի, 1984 թ. փետրվարի 21-ի վճիռը, Շարք Ա, թիվ 73, էջ 18, պարբ. 50, Դեմիքոլին ընդդեմ Մալթայի, 1991 թ. օգոստոսի 27-ի վճիռը, Շարք Ա, թիվ 210, էջ 15-17, պարբ. 31-34):

57. Ինչ վերաբերում է ներպետական դասակարգմանը, ապա Դատարանը նախկինում քննարկել է որոշակի իրավական համակարգերում «վարչական» բնորոշվող ոլորտները և հանգել այն եզրակացության, որ դրանք ընդգրկում են մի շարք իրավախախտումներ, որոնք բնույթով քրեական են, սակայն չափազանց պարզ և հասարակ են քրեական իրավունքով և դատավարությամբ անցնելու համար (Տե´ս Պալաորոն ընդդեմ Ավստրիայի, 1995 թ. հոկտեմբերի 23-ի վճիռը, Շարք Ա, թիվ 329-Բ, էջ 38, պարբ. 33-35): Հայաստանի իրավական համակարգում թվում է` նույնպես այդպես է:

58. Բոլոր դեպքերում, ներպետական իրավական համակարգում տրված բնորոշումը 6-րդ հոդվածի իմաստով որոշիչ չէ և խնդրո առարկա իրավախախտման բնույթը առավել կարևոր գործոն է (Տե´ս Քամպբելը և Ֆելլն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1984 թ. հունիսի 28-ի վճիռը, Շարք Ա, թիվ 80, էջ 36, պարբ. 71, Վեբերն ընդդեմ Շվեյցարիայի, 1990 թ. մայիսի 22-ի վճիռը, Շարք Ա, թիվ 177, էջ 18, պարբ. 32): Դատարանը նշում է, որ ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածը տարածվում է ամբողջ բնակչության վրա: Ավելին` դիմումատուի նկատմամբ կիրառված սանկցիայի նպատակը եղել է զուտ պատժիչ և կանխարգելիչ:

59. Ի վերջո, ինչ վերաբերում է պատժի խստությանը, Դատարանը գտնում է, որ ազատությունից զրկման կիրառումը որպես պատիժ, ընդհանուր առմամբ, պատկանում է քրեական ոլորտին, եթե, իհարկե, այն իր բնույթով, տևողությամբ կամ իրականացման եղանակով էականորեն վնասակար չէ (Տե´ս Էնգելը և այլոք` վկայակոչված վերևում, էջ 34-35, պարբ. 82, Էզեհը և Քոննորսն ընդդեմ Միացյալ Թագավորության «ՄՊ», թիվ 39665/98 և 40086/98, պարբ. 69-130, ՄԻԵԴ 2003-X): Սույն գործում դիմումատուն ազատությունից զրկվել է երեք օր ժամկետով և այս ընթացքում ազատազրկման վայրում պահվել է փակի տակ: Ընդ որում, առավելագույն պատիժը, որը կարող էր սահմանվել, հանդիսանում էր 15-օրյա կալանքը:

60. Այս դիտարկումները բավարար են հաստատված համարելու, որ այն արարքը, որի կատարման համար դիմումատուն մեղադրվում էր, Կոնվենցիայի իմաստով կարելի է դասակարգել որպես «քրեական» (տե´ս mսtatis mսtandis Մենեշևա` վկայակոչված է վերևում, պարբ. 94-98): Այստեղից հետևում է, որ 6-րդ հոդվածը կիրառելի է:

 

2.   Դատարանի անկախությունը

 

61. Դատարանը հիշեցնում է, որ պարզելու համար, թե արդյոք մարմինը կարող է համարվել «անկախ», մասնավորապես` գործադիրից կամ գործի կողմ հանդիսացող անձանցից, անհրաժեշտ է հաշվի առնել դրա անդամների նշանակման կարգը, նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ առկա երաշխիքները և այն հարցը, թե արդյոք այդ մարմինը դրսևորվում է որպես անկախ (Քամպբելը և Ֆելլը` վկայակոչված է վերևում, էջ 39-40, պարբ. 78):

62. Դատարանը ի սկզբանե նշում է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստ, բացի դատավորների նշանակման ընթացակարգի առումով ընդհանուր բնույթի անբավարարվածությունից, ցույց տալու համար, թե ինչպես է այդ ընթացակարգը բացասական ազդեցություն ունեցել իր գործը քննող դատարանի անկախության վրա: Ինչ վերաբերում է այս համակարգին` Դատարանը նշում է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում, գործող Սահմանադրության համաձայն, այն մարմինը, որը պատասխանատու էր դատավորների նշանակման համար` Արդարադատության խորհուրդը, նախագահում էր Հայաստանի Նախագահը: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ դատավորները նշանակվում են գործադիրի կողմից ինքնին կասկածի տակ չի դնում նրանց անկախությունը (նույն տեղում` էջ 40, պարբ. 79): Դատարանը նշում է, որ դատավորները նշանակվել են իրենց պաշտոններում հատուկ մասնագիտական պիտանելիության թեստավորման արդյունքում: Ավելին` դատավորների անկախության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են դատավորների պաշտոնավարման ֆիքսված ժամկետը, նրանց անփոփոխելիությունը և արտաքին ճնշումներից և ուղղորդումներից պաշտպանվածությունը երաշխավորված են եղել Սահմանադրությամբ և այն կիրարկող օրենսդրությամբ: Դատարանի կարծիքով այս երաշխիքները բավարար էին` իր գործի առնչությամբ դատարանի անկախության վերաբերյալ դիմումատուի ունեցած մտահոգությունները բացառելու համար:

63. Դատարանը եզրակացնում է, որ դիմումի այս մասը ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման՝ համաձայն Կոնվենցիայի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

3.   Արդար դատաքննության այլ երաշխիքներ

 

64. Կառավարությունը, վկայակոչելով Մերֆին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 4681/70 Հանձնաժողովի որոշում, 1972 թ. հոկտեմբերի 3, Հավաքածու 43, էջ 1) ընդունելիության վերաբերյալ որոշումը, պնդում է, որ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ չունենալու գանգատի առնչությամբ դիմումատուն չի սպառել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ վերջինս դատարանին չի ներկայացրել որևէ միջնորդություն` պահանջելով հետաձգել դատական նիստը: Եթե դիմումատուն գտնում էր, որ ժամանակը բավարար չէ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, նա ազատ էր պահանջելու նման հետաձգում կամ բարձրաձայնելու իշխանությունների գործողությունների վերաբերյալ իր անհամաձայնությունը:

65. Դիմումատուն չի մեկնաբանել այս դրույթը:

66. Դատարանը գտնում է, որ Կառավարության առարկությունները սերտորեն կապված են 6-րդ հոդվածի վերաբերյալ դիմումատուի ներկայացրած գանգատի էությանը, հետևաբար, դրանք պետք է միացվեն գործի ըստ էության քննարկմանը:

67. Ինչ վերաբերում է այս հոդվածի վերաբերյալ մնացած գանգատներին, ապա Դատարանը գտնում է, որ դրանք Կոնվենցիայի 35 հոդվածի 3-րդ մասի համաձայն ակնհայտորեն անհիմն չեն: Այնուհետև Դատարանը նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար` դրանք պետք է հայտարարել ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1.   Կողմերի պնդումները

 

(ա) Կառավարությունը.

 

68. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար ունեցել է բավարար ժամանակ: Հղում կատարելով Ալբերտն ու Լե Քոմպտեն ընդդեմ Բելգիայի (1983 թ. փետրվարի 10-ի վճիռը, Շարք Ա, թիվ 58, էջ 20-21, պարբ. 41) գործը, նրանք պնդել են, որ «բավարար ժամանակ»-ը պետք է գնահատվի հաշվի առնելով գործի հանգամանքները, ներառյալ գործի բարդությունը և դատավարության փուլը: Դիմումատուն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին 17:30-ին, իսկ դատական նիստը տեղի է ունեցել 19:30-ին: Այս ժամանակահատվածում, չնայած ոստիկանության բոլոր ջանքերին, դիմումատուն չի օգտվել դատավարական իր իրավունքներից: Դիմումատուն ծանոթացվել է իր դեմ ներկայացված գործի նյութերին, տեղեկացվել է միջնորդություններ ներկայացնելու և բացարկ հայտնելու իր իրավունքների մասին, սակայն դրանք չի իրականացրել: Դիմումատուն ինքնակամ ստորագրել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինչը ստորագրելով, համաձայնել է դրա բովանդակությանը և ըստ էության ընդունել է իր մեղավորությունը: Հաշվի առնելով, որ դիմումատուն ստորագրել է արձանագրությունը, հրաժարվել է պաշտպանից, չի ներկայացրել որևէ միջնորդություն և չի օգտվել այլ դատավարական իրավունքներից, ոստիկանության աշխատակիցները համարել են, որ 2 ժամը բավարար էր դիմումատուի համար իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Ավելին` դիմումատուն ուներ դատական նիստը հետաձգելու համար միջնորդություն ներկայացնելու իրավունք, ինչը ևս չէր իրականացրել: Նման միջնորդություն չներկայացնելով դիմումատուն ընդունել է, որ ունեցել է բավարար ժամանակ նախապատրաստելու իր պաշտպանությունը: Ի վերջո, գործը անմիջապես դատարան ներկայացնելով ոստիկանության աշխատակիցները երաշխավորել են ողջամիտ ժամկետում գործի քննությունը:

69. Այնուհետև, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի գործով իրականացվել է հրապարակային քննություն: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն, դռնփակ նիստ անցկացնելու համար դատարանը պետք է ընդունի հատուկ որոշում: Նման որոշում չի ընդունվել, ինչը վկայում է, որ նիստը եղել է դռնբաց:

70. Վերջում Կառավարությունը հայտնել է, որ չնայած նրան, որ ոստիկանության աշխատակիցները բացատրել են պաշտպան ունենալու իր իրավունքը և խորհուրդ են տվել օգտվել այդ իրավունքից, դիմումատուն հրաժարվել է պաշտպան ունենալուց: Ավելին` դիմումատուն չի ցանկացել պաշտպան ունենալ ամբողջ վարույթի ընթացքում, ներառյալ դատավարության ընթացքում, ինչը ինքը նշել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ: Արդյունքում, դիմումատուի դատավարությունը ամբողջությամբ իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին համապատասխան:

 

(բ) Դիմումատուն

 

71. Դիմումատուն նշել է, որ դատավարությունը եղել է անարդար: Արդար դատավարությունը ենթադրում է գործի հանգամանքների անաչառ, օբյեկտիվ և ամբողջական քննություն, իսկ բոլոր նյութերը վկայում են, որ իր գործում նման քննություն չի եղել: Նա այնուհետև հայտնում է, որ 2003 թ. նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում և´ ոստիկանությունը, և´ դատարանները արել են ամեն հնարավորը պատժելու համար ընդդիմադիր ակտիվիստներին` հրապարակայնությունը բացառող պայմաններում: Ոստիկանությունը սովորաբար որոնում էր իր «զոհերին» ոչ թե հանրահավաքների ընթացքում, այլ ավելի ուշ ժամերի` տարբեր վայրերում: Հաճախ հանրությունը և հարազատները տեղեկանում էին դատապարտման մասին, երբ դատարանի որոշումը արդեն կայացվել էր և դատապարտվածը իր պատիժը արդեն կրում էր ազատազրկման վայրում: Նման գործերի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով իշխանությունները թույլ չէին տալիս պաշտպանների մասնակցությունը և նիստերը հրավիրում էին ուշ ժամերի` արդյունավետորեն բացառելով հանրության մասնակցությունը նիստերին:

72. Այնուհետև, դիմումատուն վկայակոչել է նախկինում ներկայացված իր փաստարկները, որոնց համաձայն, հակառակ Կառավարության պնդումների, նիստը տեղի է ունեցել 23:00-ին և ամեն դեպքում բացի դատավորից և ուղեկցող ոստիկանից, որևէ այլ մարդ չի մասնակցել նիստին: Դատավորը իր որոշումը հիմնավորել է բացառապես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ և անտեսել է դիմումատուի բոլոր փաստարկները` առանց անգամ հարցեր տալու: Ամբողջ դատավարությունը տևել է մոտավորապես 5 րոպե և քննություն, որպես այդպիսին, չի եղել: Դիմումատուն երբեք չի հրաժարվել պաշտպանից, ոչ դատաքննության ընթացքում, ոչ էլ` դրանից առաջ:

73. Այնուհետև, դիմումատուն հայտնեց, որ գործի հանգամանքների վերաբերյալ Կառավարության պնդումները ոչ այլ ինչ են, քան զուտ ենթադրություններ, որոնք հիմնված են միայն այն փաստի վրա, որ ինքը ստորագրել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Այդ կեղծ արձանագրությունը, ինչպես նաև դատարանի որոշումը, որ դրա արդյունք է, որը այլ բան չէր պարունակում քան ստանդարտ տեքստ: Անգամ, եթե ենթադրենք, որ այս արձանագրությունը կարող է դիտարկվել որպես ինքնախոստովանություն` այլ ապացույցների բացակայության պայմաններում, այն չէր կարող բավարար հիմք հանդիսանալ իրեն դատապարտելու համար:

74. Ինչ վերաբերում է նիստի հրապարակային լինելուն, դիմումատուն պնդում է, որ այդ երևույթի դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե ասպեկտը պետք է հաշվի առնվի: Նիստը, որը տեղի է ունեցել ժամը 23:00-ին դատավորի աշխատասենյակում, չի կարող համարվել «հրապարակային»:

 

3.   Դատարանի գնահատականը

 

75. Որպեսզի հստակեցվի, արդյոք դիմումատուի դեմ իրականացված դատավարությունը համապատասխանում էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, Դատարանը դրան առնչվող բարձրացված բողոքները կքննարկի անհատապես (տե´ս Բորիսովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 56891/00, պարբ. 40, 2006 թ. դեկտեմբերի 21):

 

(ա) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս: Անկախ դատարանի կողմից հրապարակային և արդար դատաքննություն

 

76. Դատարանը, ի սկզբանե նշում է, որ դիմումատուն վիճարկել է դատական նիստի արձանագրությամբ նկարագրված դատավարության հանգամանքները, պնդելով, որ ըստ էության գործի քննություն տեղի չի ունեցել, նիստին չի մասնակցել քարտուղարը և նիստը չի արձանագրվել և վերը նշված արձանագրությունը կեղծված է: Չնայած այն հանգամանքին, որ Կառավարությունը ուղղակիորեն չի վիճարկել այս հանգամանքը, Դատարանը գտնում է, որ. որպեսզի հիմնավորվի, որ որևէ պաշտոնական փաստաթուղթ կեղծ է, անհրաժեշտ է ներկայացնել անհերքելի ապացույցներ: Ճիշտ է, արձանագրությունը գրված է գեղագրական ձեռագրով, որը հիմք է տալիս Դատարանին հավատալու, որ դա հնարավոր է, որ կազմված կամ առնվազն վերակազմված է, լսումներից որոշ ժամանակ հետո: Չնայած այս հանգամանքը կարող է որոշակի կասկածներ առաջացնել արձանագրության ճշգրտության վերաբերյալ, այնուամենայնիվ, դա բավարար չէ, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ արձանագրությունը կեղծ է: Այդ իսկ պատճառով, Դատարանը գործը շարունակելու է այն ենթադրությամբ, որ դատական նիստը տեղի է ունեցել արձանագրության մեջ նշված ընթացակարգով, որտեղից երևում է, որ տեղի է ունեցել դատական քննություն, նույնիսկ, եթե այն շատ կարճ է տևել:

77. Դիմումատուն պնդում է, որ դատարանը իր որոշումը հիմնավորել է բացառապես ոստիկանների կողմից պատրաստված նյութերով, այն է` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ և անտեսել է իր բոլոր փաստարկները: Դատարանը հիշեցնում է, որ, իր լիազորությունների մեջ չի մտնում ներկայացված փաստերի ու ապացույցների ներպետական դատարանի կողմից կատարված գնահատումը փոխարինել իր սեփականով, որպես կանոն ներպետական դատարաններն են, որ պետք է գնահատեն ներկայացված ապացույցները (տե´ս այլ նախադեպերի շարքում Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1992 թ. դեկտեմբերի 16-ի վճիռը, Շարք Ա, թիվ 247-Բ, էջ 34-35, պարբ. 34: Բերնարդն ընդդեմ Ֆրանսիայի, 1998 թ. ապրիլի 23-ի վճիռը, Վճիռների և որոշումների տեղեկագիր, 1998-II, էջ 879, պարբ. 37): Ավելին` չնայած 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննությունը, այն որպես այդպիսին չի սահմանում ապացույցների ընդունելիության կանոններ, ինչը հիմնականում հանդիսանում է ներպետական օրենսդրության կարգավորման առարկա: Այդ իսկ պատճառով սկզբունքորեն դա Դատարանի խնդիրը չէ որոշելու, թե արդյոք որոշակի խմբի ապացույցները կարող են ընդունելի լինել, կամ արդյոք դիմումատուն մեղավոր է, թե` ոչ: Հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյո՞ք դատավարությունը, որպես ամբողջություն, ներառյալ` ապացույցները ձեռքբերելու միջոցները, եղել է արդար: Որպեսզի գնահատվի, թե արդյոք դատավարությունը իր ամբողջության մեջ եղել է արդար` պետք է գնահատվի նաև, թե արդյոք հարգվել է պաշտպան ունենալու իրավունքը: Մասնավորապես, պետք է քննարկվի, թե արդյոք դիմումատուին հնարավորություն տրվել է վիճարկելու ապացույցների վավերականությունը կամ հակադրվելու դրանց կիրառմանը: Ի լրումն, ապացույցների որակը ևս պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման պայմանները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ: Չնայած անպայման չէ, որ ձեռքբերված ապացույցի արդարացիության խնդիր առաջանա, երբ այն զուգորդված չէ այլ նյութերով, կարելի է նշել, որ եթե ապացույցը շատ ուժեղ է և չկա դրա անվստահելի լինելու ռիսկ, այլ ապացույցների անհրաժեշտությունը համապատասխանաբար նվազում է (տե´ս Յալլոհն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), թիվ 54810/00, պարբ. 94-96, ՄԻԵԴ 2006-…):

78. Դատարանը նշում է, որ դիմումատուին առաջադրված մեղադրանքը և դրան հետևած դատապարտումը, ինչպես նշված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և ոստիկանության կողմից նախապատրաստված այլ նյութերի մեջ, հիմնված են եղել ձերբակալությունն իրականացնող ոստիկանների տված վկայությունների վրա: Դատարանի կարծիքով այն հանգամանքը, որ քրեական դատավարությունում միակ ապացույցը ձերբակալությունն իրականացրած ոստիկանների ցուցմունքներն են, ինքնին չի հակասում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, եթե մեղադրյալը հնարավորություն ունի ստուգելու այդ վկայությունները մրցակցային դատավարության ընթացքում: Սույն գործում դիմումատուն, անգամ դատական շատ կարճ նիստի պայմաններում, այնուամենայնիվ, ունեցել է հնարավորություն իր դիրքորոշումը պաշտպանող փաստարկներ ներկայացնել: Մյուս կողմից, ձերբակալությունն իրականացնող ոստիկաններից ոչ մեկը դատարան չի կանչվել և քննվել որպես վկա: Այս կապակցությամբ դատարանը հիշեցնում է, որ այնուամենայնիվ, վկային քննելու իրավունքը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ մեղադրյալը հայտնել է նման ցանկություն (տե´ս Քարդոտն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թ. մարտի 19-ի վճիռը, Շարք Ա թիվ 200 էջ 18-19, պարբ. 35-36), մի բան, որ դիմումատուն չի արել:

79. Այնուհետև, դիմումատուն պնդել է, որ դատարանը անաչառ չի եղել: Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 6.1 հոդվածով սահմանված «անաչառության» պահանջը ներառում է երկու հատկանիշ: Առաջին` դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարումներից և կանխակալ մոտեցումներից: Երկրորդ` նա պետք է անաչառ լինի նաև օբյեկտիվ տեսանկյունից, այսինքն, առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած (տե´ս Գաուտրինն ու այլոք ընդդեմ Ֆրանսիայի, 1998 թ. մայիսի 20-ի վճիռը, Վճիռների և որոշումների տեղեկագիր 1998-III, էջ 1030-31, պարբ. 58: Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 38784/97, պարբ. 58, ՄԻԵԴ 2002-I): Ինչ վերաբերում է սուբյեկտիվ թեսթին, ապա առկա է դատավորի անձնական անաչառության կանխավարկած, քանի դեռ հակառակը ապացուցված չէ (տե´ս Հաուշիլդտն ընդդեմ Դանիայի, 1989 թ. մայիսի 24-ի վճիռը, Շարք Ա թիվ 154, էջ 21, պարբ. 47: Դակտարասն ընդդեմ Լիտվայի թիվ 42095/98, պարբ. 30, ՄԻԵԴ 2000-X): Սույն գործում դիմումատուն պնդում է, որ դատավորը ունեցել է կանխակալ կարծիք քաղաքական դրդապատճառներով: Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ չնայած գործում առկա որոշ նյութեր, ինչպիսիք են ԵԽԽՎ փաստաթղթերը կամ Hսman Rights Watch Briefing Paper-ը վկայում են, որ 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակահատվածը ավելացած քաղաքական զգայունության ժամանակահատված էր, այնուամենայնիվ, դա բավարար չէ եզրակացնելու համար, որ դիմումատուի գործը քննող դատավորը քաղաքական դրդապատճառներով ունեցել է կանխակալ մոտեցում: Դատարանը, այնուհետև, նշում է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ այլ փաստարկ, որը ի զորու էր կասկածի տակ դնել իր գործը քննող դատավոր Մ-ի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ անաչառությունը:

80. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ դատական նիստը հրապարակային չէր, քանի որ, իր պնդմամբ նիստը տեղի է ունեցել դատավորի աշխատասենյակում 23:00-ին: Դատարանը հիշեցնում է, որ դատական քննության հրապարակայնությունը հանդիսանում է Կոնվենցիայի 6.1-ով ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը (տե´ս Շուլլեր-Զգրագգենն ընդդեմ Շվեյցարիայի, 1993 թ. հունիսի 24-ի վճիռը, Շարք Ա թիվ 263, էջ 19-20, պարբ. 58): Հրապարակային դատաքննության մեղադրյալի իրավունքը ոչ միայն լրացուցիչ երաշխիք է, որը փորձ կարվի բացահայտել ճշմարտությունը, այլև` անհրաժեշտ է ապահովելու, որ մեղադրյալը բավարարված լինի, որ իր գործը քննել է դատարանը, որի անկախությունը և անաչառությունը հենց ինքը կարող է հաստատել: Դատական ատյաններում ընթացակարգերի հրապարակային բնույթը պաշտպանում է դատավարության կողմերին` գաղտնի, առանց հանրային հսկողության արդարադատության իրականացումից, միաժամանակ սա միջոցներից մեկն է, որով և´ առաջին ատյանի և´ վերադաս դատարանների նկատմամբ վստահությունը կարող է պաշտպանվել: Արդարադատության իրականացումը դարձնելով տեսանելի, հրապարակայնությունը օգնում է հասնելու 6.1-րդ հոդվածի նպատակին, այն է` արդար դատաքննություն, որի երաշխավորումը, Կոնվենցիայի իմաստով հանդիսանում է ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքը (Ֆեջդեն ընդդեմ Շվեդիայի, 1991 թ. հոկտեմբերի 29-ի վճիռը, Շարք Ա 212-C, էջ 67-68, պարբ. 28, Թիերսը և այլոք ընդդեմ Սան-Մարինոյի, թիվ 24954/94, 24971/94 և 24972/94, պարբ. 92, ՄԻԵԴ 2000-IX):

81. Սույն գործում Դատարանն ի սկզբանե նշում է, որ խնդրո առարկա դատական նիստը ֆորմալ առումով եղել է հրապարակային: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ Կոնվենցիան նպատակ ունի երաշխավորելու ոչ թե տեսական կամ ենթադրյալ, այլ` գործնական և արդյունավետ իրավունքներ (տե´ս Սուխորուբչենկոն ընդդեմ Ռուսաստանի 2005 թ. փետրվարի 10-ի վճիռը, թիվ 69315/01, պարբ. 43): Դատարանը գտնում է, որ հրապարակային դատաքննությունը կլինի անիրական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա դատարաններին անցկացնել դատական լսումներ, որոնք հրապարակային կլինեն միայն ձևով, սակայն իրականում մատչելի չեն լինի հասարակության համար, այդ թվում` նիստի անցկացման ժամի և վայրի պատճառով (տե´ս Ռիեպան ընդդեմ Ավստրիայի, թիվ 35115/97, պարբ. 29-30, ՄԻԵԴ 2000-XII): Դատարանը նշում է, որ այնուամենայնիվ դատական նիստի արձանագրությունից պարզ չէ, թե որ ժամին է տեղի ունեցել դիմումատուի դատական նիստը: Եվ ոչ էլ դիմումատուն է ներկայացրել որևէ ապացույց, որը կհիմնավորեր իր հայտարարությունը, որ նիստը տեղի է ունեցել 23:00-ին: Հետևաբար, օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել դատական նիստի անցկացման ժամը և արդյոք դա խոչընդոտում էր դատական նիստի հրապարակային լինելուն: Ինչ վերաբերում է դատական նիստի վայրին, ապա իրականում Կառավարությունը ուղղակի չի վիճարկել դիմումատուի այն պնդումը, որ խնդրո առարկա դատական նիստը տեղի է ունեցել դատավոր Մ-ի աշխատասենյակում (տես վերը` կետ 21): Այնուամենայնիվ, ինչպես պարզ է դառնում դատական նիստի արձանագրությունից, դատավորը, ինչ որ պահի հեռացել է խորհրդակցական սենյակ, ինչից հետևում է, որ նիստը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել նիստերի դահլիճում, և ոչ թե` դատավորի աշխատասենյակում: Այն հանգամանքը, որ հանրության որևէ ներկայացուցիչ չի մասնակցել դատական նիստին, մեխանիկորեն քննությունը չի դարձնում ոչ հրապարակային: Դատարանը ի վերջո նշում է, որ դիմումատուն բացի նիստի անցկացման ենթադրյալ տեղի և ժամանակի վրա հենվելուց, չի ներկայացրել որևէ այլ փաստարկ, որը կհիմնավորեր իր պնդումներն առ այն, որ նիստը հրապարակային չի եղել: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ չկան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ խնդրո առարկա նիստը եղել է ոչ հրապարակային:

82. Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի արդար և անաչառ դատարանի կողմից հրապարակային քննության իրավունքի առումով առկա չէ Կոնվենցիայի 6.1 հոդվածի խախտում:

 

(բ) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ

 

83. Դատարանը հիշեցնում է, որ 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները պետք է դիտվեն որպես 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի առանձնահատուկ ասպեկտներ: Այդ պատճառով Դատարանը երկու դրույթներին վերաբերող համապատասխան բողոքները կքննի զուգակցմամբ (տե´ս ի թիվս այլ նախադեպերի Ֆ.Ց.Բ-ն ընդդեմ Իտալիայի, 1991 թ. օգոստոսի 28-ի վճիռը, Շարք Ա թիվ 208-B, էջ 20, պարբ. 29: Պոիթրիմոլն ընդդեմ Ֆրանսիայի, 1993 թ. նոյեմբերի 23-ի վճիռը, Շարք Ա, թիվ 277-A, էջ 13, պարբ.29):

 

(i) Պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք

 

84. Դատարանը հիշեցնում է, որ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) ենթակետը երաշխավորում է մեղադրյալին «բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար» և այդ իսկ պատճառով ենթադրում է, որ ի շահ ինքնուրույն իրականացվող նրա պաշտպանական գործունեությունը կարող է ներառել այն ամենը, ինչ «անհրաժեշտ է» հիմնական դատավարությունը կազմակերպելու համար: Մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա պատշաճ կերպով կազմակերպելու իր պաշտպանությունը և առանց սահմանափակումների՝ կապված գործին վերաբերող բոլոր պաշտպանական փաստարկները դատարանին ներկայացնելու հնարավորության հետ, դրանով իսկ ազդեցություն ունենալ դատավարության արդյունքի վրա (տե´ս Քանն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9300/81, 1984 թ. հուլիսի 12-ի Հանձնաժողովի զեկույցը, Շարք Ա, թիվ 96, պարբ. 53, Քոննոլլին ընդդեմ Միացյալ Թագավորության, որոշում, թիվ 27245/95, 1996 թ. հունիսի 26, Մայզիտն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 63378/00, պարբ. 78, 2005թ հունվարի 20): Ավելին, այն հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք, ում ներկայացված է քրեական մեղադրանք, պետք է կարողանա օգտվել, ներառում են նաև իր պաշտպանությունը նախապատրաստելու նպատակով ամբողջ վարույթի ընթացքում իրականացված քննության արդյունքներին անձամբ ծանոթանալու հնարավորություն (տե´ս Ց.Գ.Պ.-ն ընդդեմ Նիդերլանդների, որոշում, թիվ 29835/96, 1997 թ. հունվարի 15, Ֆուշերն ընդդեմ Ֆրանսիայի 1997 թ. մարտի 18-ի վճիռը, Տեղեկագիր 1997-II, պարբ. 26-38): Մեղադրյալին տրամադրված ժամանակի և հնարավորությունների բավարար լինելը պետք է գնահատվի յուրաքանչյուր առանձին գործի հանգամանքների լույսի ներքո:

85. Սույն գործում Դատարանը գտնում է, որ դիմումատուի վերաբերյալ գործը քննվել է ՎԻՎՕ-ով սահմանված արագացված ընթացակարգով, համաձայն ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածի` մանր խուլիգանության վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրյա ժամկետում: Դատարանը հիշեցնում է, որ քրեական գործերով արագացված դատաքննության առկայությունն ու կիրառությունը ինքնին չեն հակասում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, քանի դեռ դրանք տրամադրում են հոդվածով սահմանված բոլոր անհրաժեշտ երաշխիքները (տե´ս Բորիսովա` վկայակոչված վերևում): Կառավարությունը պնդում էր, որ եթե դիմումատուն գտնում էր, որ իրեն տրամադրված ժամանակը բավարար չէր իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, նա ունեցել է դատական նիստը հետաձգելու միջնորդություն անելու իրավունք, ինչը չի արել: Դատարանը, այնուամենայնիվ, գտնում է, որ ՎԻՎՕ-ը չի սահմանում 277-րդ հոդվածով սահմանված կանոնից որևէ բացառություն: Եվ ոչ էլ նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավունքը հստակ թվարկված է վարչական դատավարության ընթացքում մեղադրյալների իրավունքների շարքում (ՎԻՎՕ-ի 267-րդ հոդված): Կառավարությունը միաժամանակ չներկայացրեց այս իրավունքի իրականացման որևէ իրավական հիմք: Ընդ որում, ոչ դիմումատուի վերաբերյալ վարչական գործի նյութերը, ոչ էլ` Կառավարությունը չհիմնավորեցին, որ դիմումատուն ոստիկանությունում կամ դատարանում տեղեկացվել է նման հնարավորության մասին: Նման պայմաններում, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չկարողացավ ներկայացնել համոզիչ փաստարկներ, որ դիմումատուն և´ օրենքով, և´ գործնականում ունեցել է իր պաշտպանությունը նախապատրաստելու համար գործի քննությունը հետաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավունք, և, որ նման միջնորդությունը կբավարարվեր, եթե դիմումատուն նման միջնորդություն ներկայացներ (տե´ս a contrario Մերֆի` վերևում վկայակոչված):

86. Դատարանը նշում է, որ, համաձայն Կառավարության, գործի մինչդատական ամբողջ ընթացքը տևել է երկու ժամ` 17:30-ից մինչև 19:30: Կառավարությունը պնդում է, որ քանի որ դիմումատուի գործը բարդ գործ չէր՝ երկու ժամը բավարար էր, հաշվի առնելով, որ դիմումատուն հրաժարվել էր պաշտպանից, չէր օգտվել միջնորդություններ անելու կամ բացարկներ հայտնելու իրավունքից և կամովին ստորագրել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը: Դատարանը, այնուամենայնիվ, գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ դիմումատուն ստորագրել է մի փաստաթուղթ, որում հայտնել է, որ չի ցանկանում ունենալ պաշտպան և ինքնուրույն է իրականացնելու իր պաշտպանությունը, չի նշանակում, որ իրեն անհրաժեշտ չէ բավարար ժամանակ և հնարավորություններ՝ դատական նիստին արդյունավետորեն նախապատրաստվելու համար: Եվ ոչ էլ այն, որ դիմումատուն այդ կարճ նախնական քննության ընթացքում չի ներկայացրել որևէ որոշակի միջնորդություն, անպայմանորեն նշանակում է, որ իրեն անհրաժեշտ չէ լրացուցիչ ժամանակ, որպեսզի կարողանա բավարար պայմաններում պատշաճ գնահատելու իրեն ներկայացված մեղադրանքը և քննարկելու տարբեր հնարավորություններ՝ իրեն արդյունավետորեն պաշտպանելու համար: Ի վերջո Դատարանը համաձայն է, որ դիմումատուն ունեցել է հնարավորություն մերժելու ստորագրել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Այնուամենայնիվ, հակառակ Կառավարության պնդումների, օրենքում կամ դիմումատուի վերաբերյալ գործի նյութերում չկա որևէ փաստ, որը հիմք կտա եզրակացնելու, որ դիմումատուի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրելը հետապնդել է որևէ այլ նպատակ, քան հաստատելը, որ ինքը ծանոթացել է իր դեմ ներկայացված մեղադրանքին և իր իրավունքներին:

87. Դատարանը նշում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը պարունակում է մեղադրանքը և հանդիսանում է դիմումատուի դեմ ներկայացված հիմնական ապացույցը, հստակ չի սահմանում, թե որ ժամին է այդ փաստաթուղթը ներկայացվել նրան և ինչքան ժամանակ է տրամադրվել այդ փաստաթղթին ծանոթանալու համար: Նույնը կարելի է ասել ոստիկանների զեկուցագրի և ոստիկանության կողմից պատրաստված այլ նյութերի մասին: Կողմերը համաձայնության չեկան մինչդատական վարույթի հստակ ժամկետի հարցում, սակայն բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ այդ ժամկետը եղել է ոչ ավելի, քան մի քանի ժամ: Դատարանը այնուհետև նշում է, որ այդ ժամանակահատվածում դիմումատուն կամ փոխադրվելիս է եղել դատարան կամ, առանց արտաքին աշխարհի հետ կապ ունենալու, պահվել է ոստիկանության բաժնում: Ավելին, ոստիկանության բաժնում գտնվելու այս կարճ ընթացքում, դիմումատուն ենթարկվել է մի շարք քննչական գործողությունների, ներառյալ հարցաքննության և խուզարկության: Անգամ, եթե ընդունենք, որ դիմումատուի գործը բարդ չէր, Դատարանը կասկածում է, որ այն պայմանները, որոնց առկայությամբ դիմումատուի նկատմամբ վարույթ է իրականացվել, սկսած նրան ձերբակալելու պահից մինչև դատապարտումը, եղել են այնպիսին, որ հնարավորություն են տվել նրան պատշաճ կերպով ծանոթանալու և գնահատելու իրեն ներկայացված մեղադրանքը և իր դեմ ներկայացված ապացույցները, և իր պաշտպանությունը իրականացնելու նպատակով մշակելու կենսունակ իրավաբանական ռազմավարություն:

88. Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուին չի տրամադրվել պատշաճ ժամանակ և հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Համապատասխանաբար, առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում` զուգորդված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ:

 

(ii) Իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունք

 

89. Դատարանը հիշեցնում է, որ չնայած ոչ բացարձակ իմաստով, սակայն յուրաքանչյուր անձի` ում ներկայացվել է քրեական մեղադրանք, իրավունքը, արդյունավետորեն ներկայացվել պաշտպանի կողմից, անհրաժեշտության դեպքում նաև պետության կողմից նշանակված փաստաբանի միջոցով, հանդիսանում է արդար դատաքննության հիմնարար բնութագրիչներից մեկը (տե´ս Կրոմբախն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29731/96, պարբ. 89, ՄԻԵԴ 2001-II): Ավելին, 6-րդ հոդվածը կարող է կիրառելի լինել նաև մինչև գործի դատարան ուղարկելը, եթե հավանական է, որ դատավարության արդարացիությունը կարող է լրջորեն վնասվել, եթե ի սկզբանե չկատարվեն հոդվածի պահանջները (տե´ս Իմբրիոսցիան ընդդեմ Շվեյցարիայի, 1993 թ. նոյեմբերի 24-ի վճիռը, Շարք Ա, թիվ 275, էջ 13, պարբ. 36. Օջալանն ընդդեմ Թուրքիայի, (ՄՊ), թիվ 46221/99, պարբ. 131, ՄԻԵԴ 2005-...): Նախաքննության ընթացքում 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (գ) կետի պահանջների կիրառման եղանակը կախված է վարույթի առանձնահատկություններից և տվյալ գործի հանգամանքներից: Սովորաբար 6-րդ հոդվածը պահանջում է, որ մեղադրյալին թույլ տրվի պաշտպան ունենալ ոստիկանության կողմից իրականացվող հարցաքննության հենց նախնական փուլից (տե´ս Ջոն Մուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996 թ. փետրվարի 8-ի վճիռը: Վճիռների և որոշումների տեղեկագիր 1996-I, էջ 54-55, պարբ. 63. Օջալան` վերևում վկայակոչված, պարբ. 131): Այնուհետև, դատարանը հիշեցնում է, որ մեղադրյալի իրավունքը՝ արդյունավետորեն մասնակցելու քրեական դատավարությանը, ընդհանուր առմամբ, ներառում է ոչ միայն ներկա գտնվելու, այլև, եթե անհրաժեշտ է, իրավական օգնություն ստանալու իրավունքը (տե´ս Լագերբլոմն ընդդեմ Շվեդիայի, թիվ 26891/95, 2003 թ. հունվարի 14, պարբ. 49):

90. Սույն գործում, այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ դիմումատուն ինքը չի ցանկացել ունենալ պաշտպան ո´չ մինչդատական փուլում, ո´չ էլ դատական քննության ընթացքում: Այս կապակցությամբ դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից հրաժարումը, այնքանով, որքանով որ դա թույլատրելի է, պետք է հաստատված լինի հստակ ձևով և պետք է զուգորդվի նվազագույն երաշխիքներով, որոնք համապատասխանում են դրա կարևորությանը (տե´ս Քոլոզզան ընդդեմ Իտալիայի, 1985 թ. փետրվարի 12-ի վճիռը, Շարք Ա, թիվ 89, էջ 14, պարբ. 28. Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի (թիվ 1), 1991 թ. մայիսի 23-ի վճիռը, Շարք Ա, թիվ 204, էջ 23, պարբ. 51, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի, (ՄՊ), թիվ 56581/00, պարբ. 86, ՄԻԵԴ 2006-...): Դատարանը` հիմք ընդունելով հետևյալը, գտնում է, որ այս սկզբունքներով հաստատված պահանջները կատարվել են:

91. Դատարանը նշում է, որ իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը վկայում են, որ դիմումատուն որոշակիորեն հրաժարվել է պաշտպանի միջոցով ներկայացված լինելու իր իրավունքից և´ մինչդատական վարույթում, և´ դատարանում (տե´ս վերը` պարբ. 14 և 20): Չնայած Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների բնույթն այնպիսին է, որ բացառում է դրանք իրականացնելու իրավունքից հրաժարումը (տե՝ս Դե Վիլդեն, Օմսն և Վերսիպը, վկայակոչված վերևում, էջ 36, պարբ. 65), այնուամենայնիվ, նույնը չի կարելի ասել որոշ այլ իրավունքների մասին (տե´ս Ալբերտն ու Լե Քոմպտեն, վկայակոչված վերևում, էջ 19, պարբ. 35): 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի տեքստից պարզ է, որ մեղադրյալը ունի իրեն պաշտպանելու այլընտրանք` «անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով»: Այսինքն, սովորաբար, հոդվածի պահանջներին չի հակասի, եթե մեղադրյալը իր կամքով ներկայացնում է ինքն իրեն, եթե, իհարկե, արդարադատության շահերը այլ բան են պահանջում: Սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որ դիմումատուի` անձամբ ներկայացված լինելու ընտրությունը արդյունք է ֆիզիկական բռնության կամ սպառնալիքի: Ավելին, որևէ փաստ չկա, որ կհիմնավորի դիմումատուի պնդումները, որ իրեն «խաբեությամբ» համոզել են հրաժարվել պաշտպանից: Չնայած 79-րդ կետում վկայակոչված ԵԽԽՎ և Hսman Rights Watch-ի զեկույցները պարունակում են համապատասխան տեղեկատվություն, այս նյութերը, այնուամենայնիվ, բավարար չեն Դատարանի համար եզրակացնելու, որ գործողությունները, որոնք նկարագրված են այս զեկույցներում, տեղ են գտել նաև դիմումատուի վերաբերյալ գործում: Ի վերջո, հաշվի առնելով, որ դիմումատուն մեղադրվում էր մանր հանցանքի մեջ, և նրա նկատմամբ առավելագույն պատիժը կարող էր սահմանվել 15-օրյա կալանք, Դատարանը չի գտնում արդարադատության որևէ շահ, որը կպահանջեր պարտադիր փաստաբանական ներկայացուցչություն տվյալ գործում:

92. Եզրակացնելով, որ պաշտպանից հրաժարումը դիմումատուի կամքն էր, Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կարող պատասխանատու լինել այն փաստի համար, որ նա վարչական դատավարության ընթացքում ներկայացված չի եղել փաստաբանի միջոցով: Հետևաբար, այստեղ առկա չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի և 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ խախտում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

93. Դիմումատուն պնդում է, որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշմամբ իր նկատմամբ պատասխանատվություն կիրառելը հանդիսանում է անօրինական միջամտություն, Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված, խոսքի և միավորումների ազատության իր իրավունքների իրականացմանը: Դրանք համապատասխանաբար սահմանում են.

 

Հոդված 10

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...։

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

 

Հոդված 11

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

 

Ա. Ընդունելիություն

 

94. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35 հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Այնուհետև նա նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է ճանաչվեն ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Դիմումատուի բողոքի շրջանակները

 

95. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքների շրջանակներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի lex generalis 11-րդ հոդվածի նկատմամբ, lex speciallis: Հետևաբար, անհրաժեշտություն չկա առանձին քննարկելու 10-րդ հոդվածին առնչվող գանգատը (տե´ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թ. ապրիլի 26-ի վճիռը, Շարք Ա, թիվ 202, էջ 20, պարբ. 35):

96. Մյուս կողմից, չնայած իր ինքնուրույն դերին և կիրառելիության որոշակի ոլորտին, 11-րդ հոդվածը, սույն գործի հանգամանքների հաշվառմամբ, ևս պետք է քննարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո: Անձնական կարծիքի պաշտպանությունը, որը երաշխավորվում է 10-րդ հոդվածի կողմից, հանդիսանում է 11-րդ հոդվածով սահմանված խաղաղ միավորումներ կազմելու իրավունքի նպատակներից մեկը (նույն տեղում, պարբ. 37):

 

2.   Արդյոք եղել է միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը

 

97. Կառավարությունը ներկայացրել է, որ 11-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը միջամտություն չի եղել, քանի որ դիմումատուն ինքն է պնդել, որ չի մասնակցել խնդրո առարկա հանդիսացող հանրահավաքին: Համաձայն Կառավարության, դիմումատուն հեռու է գտնվել հանրահավաքից և միայն խուլիգանական դրդումներով է խոչընդոտել երթևեկությանը, որը ոչ մի կապ չի ունեցել դրա հետ: Նման գործողությունները, այնուամենայնիվ, չեն կարող անհրաժեշտ համարվել անձի խաղաղ հավաքների իրավունքի իրականացման համար:

98. Կառավարությունը այնուհետև պնդում է, որ գտնվելով հանրահավաքից հեռու և չմասնակցելով դրան, դիմումատուն կարող էր իրականացնել բացառապես խոսքի ազատության իրավունքը, իսկ ավելի հստակ` տեղեկություններ ստանալու իրավունքը, որը երաշխավորված է 10-րդ հոդվածով: Այնուամենայնիվ, այս իրավունքի իրականացմանը ևս որևէ միջամտություն չի եղել, քանի որ դիմումատուն առանց որևէ խոչընդոտի իրականացրել է տեղեկություններ ստանալու իր իրավունքը: Բոլոր դեպքերում, դիմումատուի նկատմամբ կիրառված պատասխանատվությունը կապված չէ 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացման հետ, քանի որ վերջինս դատապարտվել է ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով սահմանված մանր խուլիգանության համար:

99. Դիմումատուն պնդել է, որ կառավարության պնդումները, որ նա չի մասնակցել հանրահավաքին, հետևաբար, չէր կարող լինել խաղաղ հավաքների իրավունքի միջամտություն, հակասում է ներպետական դատարանի հետևություններին, որոնց համաձայն, ինքը հակահասարակական վարքագիծ է դրսևորել 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի ընթացքում: Եթե ինքը փակել է փողոցը, որը որևէ կապ չունի հանրահավաքի հետ, ինչպես պնդում է Կառավարությունը, ապա այս փաստը անմիջապես կբացահայտվեր քննություն իրականացնող անձանց կողմից և առանց որևէ կասկածի, կօգտագործվեր իր նկատմամբ հարուցված վարչական գործի շրջանակներում:

100. Դատարանը նշում է, որ ոստիկանության նյութերից և դատարանի որոշումից ակնհայտ է, որ դիմումատուն ձերբակալվել և դատապարտվել է հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար, մասնավորապես` 2003 թ. ապրիլի 7-ին Մաշտոցի պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ: Համաձայն դատավորի եզրակացությունների, գործողությունները, որոնք հանգեցրել են դիմումատուի նկատմամբ պատիժ նշանակելուն, հանդիսացել են «ճանապարհային երթևեկությանը խոչընդոտելը» և «բարձր աղմկելը», որոնք նա կատարել է հանրահավաքի ընթացքում, ինչը դատարանի կարծիքով, հանդիսացել է հանրահավաքին նրա մասնակցության ուղղակի արդյունքը: Այսինքն, Կառավարության պնդումները, որ դիմումատուն չի մասնակցել հանրահավաքին և փակել է ճանապարհը, որը որևէ կապ չի ունեցել հանրահավաքի հետ, հիմնավորված չէ ներպետական մարմինների եզրակացություններում: Հետևաբար, դիմումատուն դատապարտվել է հանրահավաքի ընթացքում իր դրսևորած վարքագծի համար:

101. Դատարանը այնուհետև նշում է, որ որևէ հիմք չկա ենթադրելու, որ այս հանրահավաքը նախատեսված չէր որպես խաղաղ: Ավելին, գործում առկա ոչ մի նյութ չի հիմնավորում, որ այն եղել է արգելված կամ չարտոնված (տե´ս a contrario Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի (որոշում), թիվ 61821/00, 2004 թ. մայիսի 4) կամ, որ իշխանությունները փորձել են ցրել այն կամ հրահանգել են մասնակիցներին, ներառյալ դիմումատուին, հեռանալ, քանի որ հանրահավաքը ապօրինի է, կամ չարտոնված, կամ խոչընդոտում է երթևեկությանը (տե´ս a contrario Գ-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 13079/87, Հանձնաժողովի որոշում 1989 թ. մարտի 6, DR 60, էջ 256. Սթիլն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998 թ. սեպտեմբերի 23-ի վճիռը, Որոշումների և վճիռների տեղեկագիր, 1998-VII, էջ 2725, պարբ. 7, Լուկասն ընդդեմ Միացյալ Թագավորության, (որոշում), թիվ 39013/02, 2003 թ. մարտի 18): Կառավարությունը ևս նման հիմքեր չի ներկայացրել: Հետևաբար դատարանը եզրահանգում է, որ հանրահավաքը արգելված չէր: Միանալով դրան, դիմումատուն օգտվել է իր խաղաղ հավաքների իրավունքից և դրան հետևած դատապարտումը հանդիսացել է միջամտություն այդ իրավունքի իրականացմանը:

102. Դատարանը, համապատասխանաբար, եզրակացնում է, որ դիմումատուի դատապարտումը օրինական հանրահավաքին մասնակցելու համար, հանդիսանում է միջամտություն նրա խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը:

 

3. Արդյոք միջամտությունը արդարացված էր:

 

103. Միջամտությունը կհանդիսանա հոդված 11-ի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի երկրորդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ, և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելու համար:

 

(ա) «Նախատեսված է օրենքով»

 

104. Կառավարությունը նշել է, որ եթե Դատարանը հանգի այն եզրակացության, որ առկա է եղել դիմումատուի խաղաղ հավաքների իրավունքի միջամտություն, ապա այդ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով: Դիմումատուն մի խումբ անձանց հետ փակել է Մաշտոցի պողոտան, և անելով դա, խախտել է հասարակական կարգը, որը ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով որակվում է որպես մանր խուլիգանություն:

105. Դիմումատուն ներկայացրել է, որ այս արարքները չեն կարող դիտարկվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի շրջանակներում: Համաձայն այս հոդվածի` խուլիգանությունը նշանակում է հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողություններ, որոնք խանգարում են հասարակական կարգը: Այնուամենայնիվ, երթևեկությանը խոչընդոտելը չի կարող համարվել արարք, որը նման է վերը թվարկված արարքներին:

106. Դատարանը հիշեցնում է, որ նորմը չի կարող դիտվել որպես «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար հստակությամբ, հնարավորություն տալով անձին, եթե անհրաժեշտ լինի պատշաճ խորհրդատվության օգնությամբ, տվյալ հանգամանքներում ողջամտության սահմաններում կանխատեսել այն հետևանքները, որ տվյալ գործողությունը կարող է հանգեցնել: Նշված հետևանքները պարտադիր չէ, որ կանխատեսելի լինեն բացարձակ որոշակիությամբ, փորձը ցույց է տալիս, որ դա անիրականանալի է: Կրկին, չնայած որոշակիությունը խիստ ցանկալի է, այն կարող է իր հետևից բերել չափից դուրս կարծրություն այն դեպքում, երբ օրենքը պետք է հնարավորություն ունենա համահունչ լինել փոփոխվող իրավիճակներին: Հետևաբար, շատ օրենքներ ձևակերպված են այնպիսի տերմիններով, որոնք առավել կամ նվազ չափով անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառելիությունը խնդիրներ են, որ վերաբերում են դրանց պրակտիկ կիրառությանը (տե´ս այլ նախադեպերի շարքում Ռեկվենյին ընդդեմ Հունգարիայի (ՄՊ) թիվ 25390/94, պարբ. 34, ՄԻԵԿ 1999‑III):

107. Սույն գործում դիմումատուն դատապարտվել էր համաձայն ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի, որը նախատեսում է պատիժ, այլոց շարքում, այնպիսի արարքների համար, որոնք խախտում են հասարակական կարգը և քաղաքացիների անդորրը: Հաշվի առնելով այն բազմազանությունը, որ ներհատուկ է հասարակական կարգին առնչվող իրավախախտումներին` Դատարանը համարում է, որ այս նորմը ձևակերպված է բավարար ճշգրտությամբ, որպեսզի բավարարի հոդված 11-ով նախատեսված պահանջները: Այստեղից հետևում է, որ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով:

 

(բ) Իրավաչափ նպատակ

 

108. Կառավարությունը պնդել է, որ միջամտությունը անհրաժեշտ է եղել անկարգությունների կանխման և այլոց իրավունքների պաշտպանության համար, քանի որ դիմումատուն անձնապես ներգրավված է եղել հանրահավաքի ժամանակ հակաօրինական արարքների կատարման մեջ:

109. Դիմումատուն ժխտել է հանրահավաքի ժամանակ իր կողմից երթևեկությանը խոչընդոտելու փաստը: Նա նաև նշել է, որ եթե նույնիսկ ընդունենք, որ նա արել է դա, ապա այս արարքը իր էությամբ, հասարակական վտանգավորության աստիճանով և հնարավոր հետևանքներով, չի կարող վտանգավոր համարվել հոդված 11-ով պաշտպանված արժեքների համար և հետևաբար պահանջել պատժի կիրառում:

110. Դատարանը նկատի է առնում, որ ակնհայտ է, որ դիմումատուն ենթարկվել է պատժի արարքների համար, որոնք իշխանությունների կողմից որակվել են որպես հասարակական կարգը խախտող: Հետևաբար, միջամտությունը հետապնդում էր իրավաչափ նպատակ, այն է` «անկարգությունների կանխում»:

 

(գ) «Անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»

 

111. Կառավարությունը պնդում էր, որ միջամտությունը համաչափ էր, քանի որ նպատակ ուներ կանխելու դիմումատուի գործողությունները և խուսափել հասարակական անկարգությունից: Պայմանավորվող կողմերը ունեն հայեցողության ազատություն միջամտության անհրաժեշտության առնչությամբ, պայմանով, որ իշխանությունների կողմից ներկայացված պատճառները բավարար են:

112. Դիմումատուն պնդել է, որ ինքը չի կատարել որևէ հակաօրինական արարք 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի ընթացքում և իր ձերբակալությունը և դատապարտումը հիմնականում նպատակ են ունեցել կանխել հանրահավաքներին իր հետագա մասնակցությունը, քանի որ ինքը հանդիսանում է ընդդիմադիր ակտիվիստ: Այս հանգամանքը հիմնավորվում է այն փաստով, որ հանրահավաքից մի քանի օր առաջ ոստիկանության բաժնի պետի տեղակալը պահանջել է, որպեսզի նա դադարեցնի հանրահավաքներին մասնակցելը:

113. Դիմումատուն նաև հղում էր կատարել իր նախորդ պնդումներին, համաձայն որոնց նա չէր կարող երթևեկությանը խոչընդոտած լինել քանի որ Մաշտոցի պողոտայի համապատասխան հատվածը լցված էր մոտ 30,000 հասնող մարդկանցով և երթևեկությունը արդեն դադարեցված էր ճանապարհային ոստիկանության կողմից, նախքան հանրահավաքի սկսվելը: Ավելին` հանրահավաքը շարունակվել է մինչև 19:00-ն և շարունակվել է երթով, որին ինքը չի մասնակցել: Այլ խոսքով, իշխանությունները չեն կարողացել հստակեցնել, թե ինչպիսի հակահասարակական արարքներ են կատարվել իր կողմից: Հանրահավաքների ժամանակ կարգախոսներ բղավելու միջոցով աղմկելը, մի իրավիճակում, երբ հազարավոր մարդիկ անում են նույն բանը, այն դեպքում, երբ չեն օգտագործվում անպարկեշտ արտահայտություններ, չի կարող համարվել որպես հակահասարակական:

114. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ հավաքների ազատության իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք ժողովրդավարական հասարակությունում և նման հասարակության հիմքերից մեկն է (տե´ս Գ-ն ընդդեմ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, վկայակոչված վերը, Ռաին, Ալմոնդը և «Նեգոշիեյթ Նաու»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 25522/94, Հանձնաժողովի որոշում 6 ապրիլի 1995, DR 81-Ա, էջ. 146): Այս իրավունքը, որի նպատակներից մեկը հանդիսանում է անձանց կարծիքի պաշտպանությունը, ենթակա է մի շարք սահմանափակումների, որոնք պետք է նեղ մեկնաբանություն ստանան և յուրաքանչյուր միջամտության անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հաստատվի: Այն դեպքերում, երբ քննվում է, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» Պայմանավորվող կողմերը ունեն որոշակի, բայց ոչ անսահման, հայեցողության ազատություն: Ամեն դեպքում Եվրոպական դատարանն է, որ վերջնական որոշում է կայացնում սահմանափակումների Կոնվենցիայի հետ համապատասխանության առնչությամբ և դա արվում է գնահատելով տվյալ գործի հանգամանքները (տե´ս Օսմանին և այլոք ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն՝ Մակեդոնիայի (որոշում), թիվ 50841/99, 11 հոկտեմբերի 2001 թ.):

115. Դատարանը հիշեցնում է, որ հանրահավաքի ժամանակ բռնության հրահրելուն ուղղված գործողությունների համար դատապարտումը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (նույն տեղում): Ավելին, չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար կիրառված պատժամիջոցները նմանապես համատեղելի են համարվել հոդված 11-ի երաշխիքների հետ (տե´ս Զիլիբերբերգ, վկայակոչված վերևում): Մյուս կողմից, խաղաղ հավաքին մասնակցելու իրավունքը, այնպիսի կարևորություն ունի, որ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ այնպիսի, որ գտնվում է վարչական պատասխանատվությունների սանդղակի ամենացածր տեղերում, այն բանի համար, որ մասնակցել է չարգելված հանրահավաքի, եթե իհարկե այս անձը ինքը այդ ընթացքում չի կատարել որևէ դատապարտելի արարք (տե´ս Էզելին, վկայակոչված վերևում, էջ 23, պարբ. 53):

116. Դատարանը նշում է, որ սույն գործում, ի հակադրություն Էզելինի գործի, դիմումատուն ենթարկվել է ավելի խիստ պատժի, այն է` երեքօրյա ազատազրկման հանրահավաքի ժամանակ հետևյալ արարքները կատարելու համար` «երթևեկությանը խոչընդոտելու» և «աղմկելու», ինչպես դա նշված է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2003 թ. ապրիլի 7-ի որոշման մեջ: Ո´չ այս որոշումը, և ո´չ էլ ոստիկանության կողմից պատրաստված նյութերը, չեն պարունակում որևէ այլ մանրամասներ, թե ինչ պայմաններում են այս արարքները կատարվել: Մյուս կողմից, ոստիկանության զեկույցից պարզ է դառնում, որ փողոցը, որտեղ տեղի է ունեցել հանրահավաքը, լցված է եղել մեծ քանակությամբ մարդկանցով (տե´ս վերը, պարբ. 11), և Կառավարությունը չի առարկել, որ երթևեկությունը ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է եղել մինչև հանրահավաքի սկսվելը (տե´ս վերը, պարբ. 8): Ավելին, ինչպես վերը արդեն նշվել է, իշխանությունները որևէ փորձ չեն կատարել ցրելու հանրահավաքի մասնակիցներին, քանի որ նրանք խոչընդոտում են երթևեկությանը (տե´ս վերը, պարբ. 101): Այստեղից հետևում է, որ «երթևեկությանը խոչընդոտելը», ինչի համար դիմումատուն մեղավոր է ճանաչվել, հանդիսացել է նրա ֆիզիկական ներկայությունը հանրահավաքին, որը անցկացվել է մի փողոցում, որի երթևեկությունը արդեն իսկ նախապես դադարեցված էր իշխանությունների կողմից, օրինական հանրահավաքի անցկացման համար պայմաններ ապահովելու ակնհայտ նպատակով: Ինչ վերաբերում է դիմումատուի աղմկելուն` չկա որևէ փաստարկ, որ այս աղմկելը պարունակել է որևէ անպարկեշտ արտահայտություն կամ բռնության հրահրում: Դատարանը այնուամենայնիվ գտնում է, որ դժվար է պատկերացնել որևէ լայնամասշտաբ քաղաքական հանրահավաք, որի ընթացքում մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, առանց որոշակի քանակի աղմուկ առաջացնելու:

117. Վերոգրյալը հաշվի առնելով, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն պատժվել է սոսկ խնդրո առարկա հանրահավաքին ներկա գտնվելու և ակտիվություն ցուցաբերելու համար, այլ ոչ թե դրա ընթացքում որևէ հակաօրինական, բռնի կամ անպարկեշտ գործողություն կատարելու համար: Այս առնչությամբ, Դատարանը գտնում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի էությանը վնաս կհասցվի, եթե պետությունը չարգելելով հանրահավաքը, այնուամենայնիվ պատժամիջոցներ կիրառի, հատկապես նման խիստ պատժամիջոցներ, դրա մասնակիցների նկատմամբ սոսկ հանրահավաքին գալու համար, երբ չի կատարվել որևէ դատապարտելի արարք, ինչպես տեղի է ունեցել դիմումատուի գործում: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ միջամտությունը դիմումատուի խաղաղ հավաքների ազատության իրավունքին չի հանդիսացել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

118. Համապատասխանաբար, առկա է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7-Ի ՀՈԴՎԱԾ 2-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

119. Դիմումատուն նաև պնդել էր, որ չի ունեցել հնարավորություն բողոքարկելու 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը: Դատարանը որոշեց քննել այս գանգատը Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 7-ի հոդված 2-ի ներքո, որը ունի հետևյալ ձևակերպումը`

«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:

2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ…»:

 

Ա. Ընդունելիություն

 

120. Դատարանը հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ իրավախախտումը համարվում է քրեական բնույթ ունեցող, ինչը ենթադրում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ամբողջական կիրառելիությունը, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի է նաև Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները նույնպես (տե´ս Գուրեպկա, վկայակոչված վերը, պարբ. 55): Սույն գործում Կոնվենցիայի հոդված 6-ը համարվեց կիրառելի խնդրո առարկա վարույթի նկատմամբ (տե´ս վերը, պարբ. 60): Հետևաբար, Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածը նմանապես կիրառելի է սույն գործում:

121. Այդ պատճառով դատարանը այս գանգատը հայտարարում է ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննություն

 

122. Կառավարությունը կրկնել է նախնական առարկություններում բերված իր փաստարկները և նշել է, որ դիմումատուն իրավունք է ունեցել ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված կարգով միջնորդելու, որ իրեն պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայվի:

123. Դիմումատուն նույնպես կրկնեց իր առարկությունները, որ նա ներկայացրել էր Կառավարության նախնական առարկություններին ի պատասխան և նշեց, որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը կարող էր բողոքարկվել միայն դատախազի կողմից:

124. Դատարանը նախ նշում է, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել համաձայն ՎԻՎՕ-ի, որը նախատեսում է պատժամիջոցներ այնպիսի իրավախախտումների համար, որոնք ներպետական օրենսդրությամբ չեն պատկանում քրեական հանցագործությունների ոլորտին: Այս հանգամանքը կարող է հարց առաջացնել, թե արդյո՞ք այն իրավախախտումը, որի համար դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է աննշան հանցագործություն, թե` ոչ, և հոդվածում ամրագրված բացառությունը պետք է տարածվի դրա վրա: Դատարանը հիշեցնում է, որ նախկինում Հանձնաժողովը «աննշան հանցագործություն» է համարել Ավստրիայի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված «դատարանում կարգուկանոնի դեմ ուղղված իրավախախտումը», որի համար նախատեսված էր 100,000 Ավստրիական շիլինգ տուգանք, կամ, եթե դա անհրաժեշտ է կարգուկանոնի պահպանման համար, առավելագույնը 8-օրյա ազատազրկում (տե´ս Պատցն ընդդեմ Ավստրիայի, թիվ 18892/91, Հանձնաժողովի որոշում, 3 դեկտեմբերի 1993, DR 76-Ա, էջ 51): Սույն գործում դիմումատուն ենթարկվել է երեքօրյա կալանքի: Սակայն, ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածը, որի համաձայն կիրառվել էր պատասխանատվությունը, նախատեսում էր առավելագույնը 15-օրյա ազատազրկում: Դատարանը գտնում է, որ 15-օրյա կալանքը բավականին խիստ պատիժ է, որպեսզի չհամարվի «աննշան հանցագործություն» Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով:

125. Դատարանը հիշեցնում է, որ Պայմանավորվող կողմերը սկզբունքորեն ունեն հայեցողության լայն ազատություն որոշելու համար, թե Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ինչպես պետք է իրականացվեն: Որոշ պետություններում, բողոքարկել ցանկացող անձից կարող է պահանջվել դրա համար թույլտվություն ստանալ: Սակայն բողոքարկման իրավունքի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ցանկացած սահմանափակում, ինչպես Կոնվենցիայի հոդված 6-ի 1-ին մասով ամրագրված դատարանի մատչելիության իրավունքի դեպքում, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և չվնասի այդ իրավունքի էությանը (տե´ս Կրոմբախ, վկայակոչված վերևում, պարբ. 96, Գուրեպկա, վկայակոչված վերևում, պարբ. 59):

126. Դատարանը հիշեցնում է վերը նշված իր որոշումը, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման ընթացակարգը անձին չի ընձեռում բողոքարկելու հստակ և մատչելի իրավունք (տե´ս վերը, պարբ. 40-42): Այս հոդվածը նախատեսում է վերադաս դատարանի նախագահի իրավունք վերանայելու որոշումը, լինի դա անձի խնդրանքով թե` առանց դրա, որը, ավելին` չունի որևէ հստակ ձևակերպված ընթացակարգ կամ ժամկետներ և չկա դրա կիրառության հետևողական պրակտիկա: Դատարանի կարծիքով, վերանայման նման հնարավորությունը չի կարող համարվել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածին համապատասխան: Այստեղից հետևում է, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կհամապատասխաներ այս հոդվածի պահանջներին:

127. Համապատասխանաբար տեղի է ունեցել այս հոդվածի խախտում:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

128. Կոնվենցիայի հոդված 41-ը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

 

129. Ընդհանուր առմամբ դիմումատուն պահանջել է 2,250,000 ՀՀ դրամ (ՀԴ) գումար (խնդրո առարկա ժամանակահատվածում մոտ 3,570 եվրո) որպես նյութական վնասի փոխհատուցում: Մասնավորապես` նա պնդում է, որ պայմանագիր էր ստորագրել մի շինարարական կազմակերպության հետ 2003 թ. փետրվարի 12-ից մայիսի 12-ը, որպես էլեկտրատեխնիկ աշխատելու համար, որի համար պետք է վարձատրվեր օրական 5,000 ՀԴ չափով (մոտ 8 եվրո): Ոստիկանության ապրիլի սկզբին սկսված հետապնդումների, ազատազրկման և դրան հաջորդած դեպրեսիայի պատճառով, նա չի կարողացել աշխատանքի ներկայանալ և կորցրել է այն, կրելով 250,000 ՀԴ-ի վնաս (մոտ 396 եվրո): Ավելին, վերջին երկուսուկես տարիների ընթացքում, նա չի կարողացել աշխատանք գտնել ընդդիմության ակտիվիստ հանդիսանալու պատճառով, ինչի պատճառով կրել է 2,000,000 ՀԴ-ի վնաս (մոտ 3,174 եվրո): Դիմումատուն նաև փոխհատուցում է պահանջել ոչ-նյութական վնասի համար, դրա չափի որոշման հարցը թողնելով Դատարանի հայեցողությանը:

130. Կառավարությունը առարկել է այս պահանջին: Նյութական վնասի առնչությամբ նշելով, որ չկա պատճառահետևանքային կապ ենթադրյալ խախտման և պահանջվող գումարի միջև: Դիմումատուն գործազուրկ էր 2003 թ. հունվարի 24-ից, այն օրվանից, երբ նա գրանցվել էր աշխատանքի տեղավորման գործակալությունում, և նրա ազատազրկումը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել նրա գործազրկության վրա: Ինչ վերաբերում է շինարարական կազմակերպության հետ կնքած պայմանագրին` դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որ կհիմնավորեր նման պարտավորության գոյությունը և ենթադրյալ վարձավճարի չափը: Ոչ նյութական վնասի առնչությամբ կառավարությունը պնդել է, որ խախտման արձանագրումը բավարար կլինի, հաշվի առնելով, որ դիմումատուն չի որոշակիացրել, թե ինչ բարոյական վնաս է նա կրել և չի ներկայացրել փոխհատուցման համապատասխան հաշվարկ:

131. Դատարանը նշում է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց, որը կհիմնավորեր, որ նա չի կարողացել կատարել պայմանագրային պարտավորությունները և վնաս է կրել` իրեն պատասխանատվության ենթարկելու պատճառով, ինչպես օրինակ ենթադրյալ աշխատանքային պայմանագրի պատճենը: Ինչ վերաբերում է պահանջվող նյութական վնասի մնացած մասին` Դատարանը համաձայն է Կառավարության հետ այն հարցում, որ չկա պատճառահետևանքային կապ արձանագրված խախտման և պահանջված գումարի միջև, հետևաբար պահանջը մերժվում է: Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս հանրահավաքին մասնակցելու համար անարդար դատաքննության արդյունքում պատասխանատվության ենթարկվելու, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալու, ինչի արդյունքում նա ազատազրկվել էր 3-օրյա ժամկետով: Հետևաբար, Դատարանը` գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

132. Դիմումատուն այս առնչությամբ պահանջ չի ներկայացրել

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

133. Դատարանը ընդունելի է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքը, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ

 

1. Միաձայն հայտարարում է ընդունելի գանգատները, որոնք վերաբերում են անաչառ դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության բացակայությանը, պաշտպան ունենալու իրավունքի խախտմանը, խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքներին միջամտությանը և վարչական պատիժ նշանակող որոշումը բողոքարկելու հնարավորության բացակայությանը. համապատասխան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (բ) և (գ) կետերի, հոդվածներ 10-11-ի և Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 7-ի հոդված 2-ի, և անընդունելի է հայտարարում գանգատի մնացած մասը:

 

2. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում դիմումատուի անաչառ դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի առնչությամբ:

 

3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի խախտում:

 

4. Վճռում է, հինգ ձայն ընդդեմ երկուսի հարաբերակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում:

 

5. Միաձայն վճռում է, որ կարիք չկա քննելու գանգատը Կոնվենցիայի հոդված 10-ի ներքո:

 

6. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի հոդված 11-ի խախտում:

 

7. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 7-ի հոդված 2-ի խախտում:

 

8. Միաձայն վճռում է,

(ա) որ պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, երեք ամսվա ընթացքում, դիմումատուին պետք է վճարի 3.000 եվրո (երեք հազար եվրո), որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը:

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը, պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար, գումարած երեք տոկոս:

 

9. Միաձայն մերժեց դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 15 նոյեմբերի 2007 թ.՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի կանոն 77-ի 2-րդ և 3-րդ մասերի:

 

Սանտիագո Քուեսադա

Քարտուղար

                                                              Բ. Զուպանչիչ,

Նախագահ

 

Համաձայն Կոնվենցիայի հոդված 45-ի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի կանոն 74-ի 2-րդ մասի, Տկն Է. Ֆուրա-Սանդստրոմի չհամընկնող կարծիքը, որին միացել է նաև Պրն Բ.Մ. Զուպանչիչը, կցվում է սույն վճռին:

 

Բ.Մ.Զ.

Ս.Ք.

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՄԱՍՆԱԿԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ, ՈՐԻՆ ՄԻԱՑԵԼ Է ՆԱԵՎ ԴԱՏԱՎՈՐ ԶՈՒՊԱՆՉԻՉԸ

 

1. Չհամաձայնելով մեծամասնության հետ, ես կարծում եմ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում, քանի որ դիմումատուն ստիպված է եղել ինքնուրույն պաշտպանվել, առանց դատապաշտպանի օգնության, Մայրերի օրվա առիթով Երևանում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուց հետո:

2. Վիճարկման առարկա չէ, որ դիմումատուն հրաժարվել է իր պաշտպան ունենալու իրավունքից` ստորագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, փաստ, որը նա հետագայում հաստատել է դատարանում: Դիմումատուն իր ստորագրությունը դրել է այդ հատվածում, հաստատելով որ տեղեկացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների վերաբերյալ և ավելացրել է. «Ես չեմ ցանկանում պաշտպան ունենալ»: Նաև, համաձայն դատական նիստի արձանագրության, դատավորը դիմումատուին բացատրել է իր իրավունքները: Դիմումատուն նշել է, որ ինքը տեղյակ է իր իրավունքների մասին և չի ցանկանում պաշտպան ունենալ (տե´ս վճռի 14-րդ և 20-րդ պարբերությունները):

3. Մեծամասնության հետ միասին ես նույնպես կարծում եմ, որ այս իրավունքից այս կարգի հրաժարումը պետք է հաստատված լինի հստակ ձևով և պետք է զուգորդվի նվազագույն երաշխիքներով, որոնք համապատասխանում են դրա կարևորությանը: Այնուամենայնիվ ես կուզենայի նաև նշել, որ նախկինում, իրավունքից հրաժարվելու օրինականությունը քննելիս, Դատարանը հաշվի էր առել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` այլոց շարքում, արդյո՞ք դիմումատուի կատարած ընտրությունը եղել է ազատ, ոչ երկիմաստ և որևէ արտաքին հանգամանք դրա վրա ազդեցություն չի ունեցել (տե´ս Թոմսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 36256/97, պարբ. 44, 15 հունիս 2004 թ.) և արդյո՞ք դիմումատուն գիտակցել է իր գործողության հետևանքները (տե´ս Բոնևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 60018/00, պարբ. 41, 8 հունիս 2006 թ.):

4. Ես նաև կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ դիմումատուն որոշակիորեն հրաժարվել է պաշտպան ունենալու իր իրավունքից, այն հանգամանքները, որոնց արդյունքում այս հրաժարումը տեղի է ունեցել, մնում են անորոշ և հանդիսանում են կողմերի միջև առկա վեճի էությունը: Այն փաստը, որ դիմումատուն հրաժարվել է պաշտպան ունենալուց, եթե նույնիսկ հրաժարումը եղել է հստակ և գրավոր, դեռևս չի նշանակում, որ նրա հրաժարումը տեղի չի ունեցել ոստիկանության աշխատակիցների կողմից ինչ որ ձևի ճնշման կամ խաբեության հետևանքով: Այն դեպքում, երբ բացակայում է Կառավարության դիրքորոշումը հաստատող օբյեկտիվ որևէ ապացույց, ես կուզենայի մատնանշել Hսman Rights Watch Briefing Paper-ը, որպես այդպիսի օբյեկտիվ տեղեկատվություն, որը պարունակում է նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից, մասնավորապես` ոստիկանության կողմից, վարչական վարույթի չարաշահումների մանրակրկիտ նկարագրություն (տե´ս վճռի 32-րդ պարբերությունը):

5. Պաշտպանի ծառայություններից օգտվելու իրավունքը հանդիսանում է իր դեմ ցուցմունք չտալու արտոնության մի մասը, որը Ամերիկյան տեսության մեջ հայտնի է որպես «Միրանդայի օրենքը»: Այն բնութագրվել է որպես «հստակ գծի» կանոն (որից այն կողմ ոչ ոք իրավունք չունի անցնելու) և նպատակ ունի ընդմիշտ վերացնել հարկադրանքը, բայց թույլ է տալիս ճնշումը: Կանոնի նպատակն է չեզոքացնել այն որոշակի հոգեբանական աննպաստ վիճակը, որում գտնվում են կասկածյալները ոստիկանության հետ շփումների ժամանակ: Մեր առջև գտնվող գործը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր դրա պահպանումը:

6. Ես կուզենայի ուշադրություն հրավիրել Briefing Paper-ի համապատասխան գլուխների վրա, որոնք նկարագրում են ոստիկանության կողմից կիրառվող մեթոդները և ստեղծված խոչընդոտները, նպատակ ունենալով ընդդիմության ակտիվիստներին զրկելու իրավաբանական պաշտպանությունից, որոնք համընկնում են դիմումատուի կողմից ներկայացված դեպքերի նկարագրությանը: Նմանատիպ տեղեկատվություն է պարունակում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան զեկույցը (տե´ս վճռի 29-31 պարբերությունները):

7. Ավելին, պետք է նաև նկատի ունենալ, որ դիմումատուն հետևողական է եղել դեպքերի իր նկարագրության մեջ` ներկայացնելով նույնաբովանդակ բողոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական ՀԿ-ներից մեկին, իրեն պատասխանատվության ենթարկելուց մի քանի օր անց (տե´ս վճռի 22-րդ պարբերությունը):

8. Վերջապես, պետք է նկատի առնել Դատարանի եզրակացությունը, որ դիմումատուին չի տրամադրվել բավարար ժամանակ ողջամտորեն գնահատելու իր դեմ ներկայացված մեղադրանքները, որը իմ կարծիքով ներառում է նաև պաշտպան ունենալու անհրաժեշտության գնահատում:

9. Վերը նշված բոլոր հանգամանքները, չնայած բավարար չէին Դատարանի համար եզրակացնելու, որ դիմումատուն, ինչպես ինքն է նշում «խաբեությամբ» է դրդվել հրաժարվել պաշտպանից, այնուամենայնիվ ստիպում են ինձ լրջորեն կասկածել, որ դիմումատուի հրաժարումը իսկապես կամավոր է եղել, և որ նա ամբողջովին գիտակցել է այդ հրաժարումի իրավական հետևանքները:

10. Հետևաբար, ես չեմ կարող այս հրաժարումը համարել օրինական Կոնվենցիայի տեսանկյունից: Գալով այս եզրակացության, և հիմնվելով նույն հանգամանքների վրա ես համարում եմ, որ դիմումատուին, նախքան դատական նիստի սկսվելը, որը տևել է ընդամենը հինգ րոպե, չի ընձեռվել իրական հնարավորություն որոշելու, թե արդյոք կա պաշտպան ներգրավելու անհրաժեշտություն, և եթե այո` ընտրել և վարձել նրան:

11. Վերոգրյալը հաշվի առնելով և նաև այն փաստը, որ դիմումատուի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի վերաբերյալ ներկայացրած գանգատը սերտորեն կապված է, և մասամբ արդյունք է իր 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի ներքո ներկայացված գանգատի (տե´ս վճռի 84-88 պարբերությունները), ես գտնում եմ, որ խախտվել է նրա դատապաշտպանի օգնությամբ պաշտպանվելու իրավունքը: