Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 սեպտեմբերի 2013 թվականի N 39
8. ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման 2014 թվականի ծրագրին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
ԾՐԱԳԻՐ
ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ծնելիության խթանումը և բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավումը, ծնողների՝ իրենց երեխայի ապագայի նկատմամբ վստահության ձևավորումը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրվող նյութական աջակցության չափի և հասցեականության մեծացումը, որպես ընտանիքի երկարաժամկետ զարգացման, վերարտադրության խթանման և ծնելիության խրախուսման երաշխիք:
2. Ծրագիրն իրականացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
3. Ծրագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխա` ծրագրի իմաստով ընտանիքում ծնված երեխան երրորդն է կամ դրան հաջորդողը, եթե տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող, միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող երեխաները (ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ժամկետային զինծառայող և(կամ) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտ հանդիսացող չամուսնացած զավակները) և (կամ) չամուսնացած չափահաս զավակները, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, առնվազն երկուսն են.
2) երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցություն (այսուհետ` պետական աջակցություն)` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տվյալ ընտանիքին անկանխիկ եղանակով տրամադրվող ֆինանսական միջոցներ.
3) պետական աջակցության տնօրինող` ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի հայրը և (կամ) մայրը, կամ երեխաների օրինական այլ ներկայացուցիչը, որը պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի չափահաս բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ կարող է տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ մինչև այն երեխայի չափահաս դառնալը, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը.
4) պետական աջակցության հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած բանկում այն երեխայի անվամբ բացված հատուկ հաշիվ, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը և, որին փոխանցվում են պետական աջակցության շրջանակներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից տրամադրվող ֆինանսական միջոցները.
5) ընտանեկան դրամագլուխ (կապիտալ)` պետական աջակցության շրջանակներում, երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անկանխիկ եղանակով տրամադրվող ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են պետական աջակցության հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից պետական աջակցության հաշվին փոխանցվող ֆինանսական միջոցները, դրանց վրա հաշվարկված և չպահանջված տոկոսները և այդ ֆինանսական միջոցների մի մասի օգտագործումից հետո պետական աջակցության հաշվում առկա մնացորդը:
4. Ծրագրի համաձայն, 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ծնողներին/ընտանիքին վճարվում է երեխայի ծննդից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, իսկ մյուս մասով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ` ըստ ստորև բերված աղյուսակի
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը (ՀՀ դրամ) |
Երեխայի ծննդյան միանվագ նպաստից վճարվող գումարի չափը (ՀՀ դրամ) |
Ընտանեկան դրամագլխի չափը, (ՀՀ դրամ) | |
երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում |
1.000.000 |
500.000 |
500.000 |
հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում |
1.500.000 |
500.000 |
1.000.000 |
5. Պետական աջակցությամբ ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ:
6. Պետական աջակցության տրամադրման հիմքն ընտանիքում առնվազն երրորդ երեխայի ծնունդն է:
7. Ընտանիքը կարող է ունենալ մեկից ավելի ընտանեկան դրամագլուխ՝ պայմանավորված ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով: Այդ դեպքում, յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ:
8. Ընտանեկան դրամագլխի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխաների թվով:
9. Եթե ընտանիքը պետական աջակցության իրավունքը ձեռք է բերում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու հանգամանքով և ծնված յուրաքանչյուր երեխայի հերթական համարով նախատեսվում է պետական աջակցության տարբեր չափ, ապա անկախ ընտանիքում նրանց հերթական թվից, պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ պահի համար սահմանված պետական աջակցության ավելի բարձր չափով:
10. Ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի մյուս անդամների համար: Ընտանեկան դրամագլուխը, մինչև այն երեխայի չափահաս դառնալը, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության տնօրինողի կողմից կարող է օգտագործվել միայն անկանխիկ եղանակով` ըստ հետևյալ ուղղությունների.
1) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի (կամ այդ ընտանիքի անդամի) համար նոր բնակարանի գնման, կառուցման համար կամ բնակարանի ձեռք բերման նպատակով տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսադրույքների և մայր գումարի մարում,
2) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամի՝ ուսումնական (ուսումնադաստիարակչական) հաստատություններում ուսումնառելու ընթացքում ուսման վարձավճարի վճարում,
3) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամի` բժշկական օգնության դիմաց վճարում և(կամ) առողջության ապահովագրության դասով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների ապահովագրության նպատակով ապահովագրավճարի վճարում:
11. Ծրագրում նշված ուղղություններից օգտվելու առաջնահերթությունը որոշվում է պետական աջակցության տնօրինողը:
12. Ընտանեկան դրամագլխի վրա հաշվեգրվում են տոկոսներ, որոնց չափը և հաշվարկման կարգը սահմանվում են պետական աջակցության տնօրինողի և բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով: Պետական աջակցության տնօրինողը, պայմանագրով սահմանված ժամկետում, կարող է կանխիկ կերպով ստանալ և տնօրինել ընտանեկան դրամագլխի վրա հաշվարկված տոկոսները: Այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ընտանեկան դրամագլխին, որին հավելագրվում են տոկոսներ:
13. Այն երեխայի մահվան դեպքում, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, ընտանեկան դրամագլուխը վերաձևակերպվում է ընտանիքի այլ երեխայի (զավակի) անունով՝ պետական աջակցության տնօրինողի և ընտանիքի չափահաս անձանց գրավոր համաձայնությամբ:
14. Ընտանեկան դրամագլուխն ամբողջությամբ ենթակա է վերադարձման, եթե այն երեխայի ծնվելուց հետո, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ երեխաների օրինական այլ ներկայացուցչի նախաձեռնությամբ ընտանիքում առկա երեխաներից որևէ մեկը տեղավորվել է մանկատանը կամ տրվել է որդեգրման:
15. Այն երեխայի չափահաս դառնալուց հետո, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլուխը և դրա վրա հաշվեգրված տոկոսները կարող են անխոչընդոտ տնօրինվել բացառապես տվյալ անձի կողմից՝ սեփական հայեցողությամբ, առանց որևէ սահմանափակման, բացառությամբ օրենքով և բանկի հետ կնքած պայմանագրով նախատեսված սահմանափակումների:
16. Ընտանեկան դրամագլխի տրամադրման կարգն ու պայմանները, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման համար բանկերի հետ կնքվելիք օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|