Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 576/06
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.01.2016
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2016

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ՍԱՖԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 576/06)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

21 հունվարի 2016թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով՝

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]՝ Նախագահ,

Պաիվի Հիրվելա [Päivi Hirvelä],

Լեդի Բիանկու [Ledi Bianku],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Պոլ Մահոնի [Paul Mahoney],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ,

և Անդրե Ուամպաշ [Andrռ Wampach]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2015 թվականի դեկտեմբերի 15-ին դռնփակ խորհրդակցությամբ`

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի տկն Վարյա Սաֆարյանի (դիմումատու) կողմից` ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 10-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 576/06) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Հ. Ալումյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ իշխանությունները, մերժելով իր՝ գույքը բաժանելու և զավակներին փոխանցելու, ինչպես նաև իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շվաքարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու պահանջները, խախտել են թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի երաշխիքները:

4. 2009 թվականի հոկտեմբերի 20-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։ Որոշվել է նաև գանգատի ընդունելիության և ըստ էության քննությունն իրականացնել միևնույն ժամանակ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ)։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1934 թվականին և ապրում է Երևանում։

6. Նրան սեփականության իրավունքով պատկանել է 815 քմ մակերես ունեցող հողամաս, որը գտնվել է Երևանի կենտրոնում: Նրան են պատկանել նաև այդ հողամասի վրա գտնվող երկու տուն և մեկ ավտոտնակ: Պարզվում է, դիմումատուն իր չորս զավակների հետ բնակվել է նույն հարկի տակ:

7. Մինչև 1993 թվականը դիմումատուն, առանց թույլտվության, իր հողամասի վրա կառուցել է 230 քմ մակերեսով շվաքարան, որն օգտագործել է որպես առևտրի իրականացման վայր: 1998 թվականի նոյեմբերի 30-ին դիմումատուին տրամադրված սեփականության վկայականում շվաքարանը ներկայացվել է որպես «կիսաքանդ կառույց»:

8. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել է թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քմ ընդհանուր մակերեսով: Ըստ երևույթին, դիմումատուի հողամասը եղել է այդ գոտիներից մեկում:

 

Ա. Նոտարական գրասենյակի դեմ հարուցված վարույթները

 

9. 2004 թվականի մայիսի 7-ին դիմումատուն դիմել է նոտարական գրասենյակ` իր գույքը չորս զավակներին նվիրատվությամբ փոխանցելու և գործարքը վավերացնելու պահանջով:

10. Նոտարական գրասենյակը մերժել է պահանջը՝ հղում կատարելով Կառավարության թիվ 1151-Ն որոշմանը՝ նշելով, որ դիմումատուի գույքը գտնվում է օտարման գոտում:

11. Դիմումատուն այս մերժումը վիճարկել է դատարաններում: Պարզվում է, 2004 թվականի հունիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է նրա պահանջը: Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

12. 2004 թվականի հուլիսի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և նոտարական գրասենյակին պարտավորեցրել վավերացնել գործարքը: Այն արձանագրել է, որ [պահանջի] մերժմամբ տեղի է ունեցել օրենքի խախտում, քանի որ դիմումատուի պահանջը բխել է Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածից: Բացի դրանից, Կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ որևէ սահմանափակում չի նախատեսվել գործարքի այն տեսակի նկատմամբ, որը դիմումատուն փորձել է կնքել: Որոշման դեմ որևէ բողոք չի ներկայացվել, և այն ուժի մեջ է մտել:

 

Բ. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ հարուցված վարույթները

 

13. Չպարզված օրը դիմումատուն դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե (ԱԳԿՊԿ)՝ պահանջելով իր գույքը բաժանել չորս մասի և իր սեփականության իրավունքը փոխանցել իր զավակներին: Նա նաև պահանջել է գրանցել իր սեփականության իրավունքը շվաքարանի նկատմամբ:

14. Պարզվում է, որ 2004 թվականի փետրվարի 23-ին ԱԳԿՊԿ-ն երկու պահանջներն էլ մերժել է: Ինչ վերաբերում է երկրորդ պահանջի մերժմանը, ԱԳԿՊԿ-ն, ըստ երևույթին, հղում է կատարել Քաղաքացիական օրենսգրքի 221-րդ հոդվածին և Կառավարության թիվ 1748-Ն որոշմանը:

15. Դիմումատուն այս մերժումը վիճարկել է դատարաններում:

16. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հարուցված վարույթի շրջանակներում ԱԳԿՊԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ դիմումատուի պահանջը մերժվել է, քանի որ նրա գույքը գտնվել է օտարման գոտում և ընդգրկել ինքնակամ կառույցներ: Դրա բաժանումը կհակասեր Կառավարության թիվ 1151-Ն և թիվ 2020-Ն որոշումներին:

17. 2004 թվականի մայիսի 20-ին [նշված] համայնքների դատարանը որոշել է մերժել դիմումատուի պահանջը: Այն գտել է, որ դիմումատուն համապատասխան գույքի միակ սեփականատերն է, և որ անհիմն է այն բաժանելը կամ դրա որևէ մասն առանձնացնելը: Ինչ վերաբերում է շվաքարանի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցմանը, ապա պահանջը նույնպես անհիմն էր, քանի որ դիմումատուի հողամասը գտնվում էր օտարման գոտում, մինչդեռ Կառավարության թիվ 1748-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգը՝ դրա 3-րդ պարբերության համաձայն, չէր կիրառվում այդպիսի օտարման գոտիներում գտնվող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ:

18. 2004 թվականի մայիսի 28-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

19. 2005 թվականի ապրիլի 29-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել [նշված] համայնքների դատարանի վճիռը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմումատուն իր գույքը չորս մասի բաժանելու պահանջով դիմել է ԱԳԿՊԿ, որը մերժել է այն, քանի որ գույքը գտնվել է օտարման գոտում և ընդգրկել ինքնակամ կառույցներ: Այն չորս մասի բաժանելը կհակասեր Կառավարության թիվ 1151-Ն և թիվ 2020-Ն որոշումներին: Ինչ վերաբերում է շվաքարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մերժելուն, Վերաքննիչ դատարանը վերահաստատել է [նշված] համայնքների դատարանի եզրահանգումները:

20. 2005 թվականի մայիսի 12-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Իր բողոքում նա պնդել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է 2004 թվականի հուլիսի 28-ի վերջնական դարձած իր վճռում արված եզրահանգումները: Ավելին, այն փաստը, որ հողամասը գտնվում էր օտարման գոտում, չէր կարող հիմք հանդիսանալ նրա՝ որպես սեփականատիրոջ, այն իրավունքների սահմանափակման համար, որոնք նա ուներ Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն: Հետագայում նա պնդել է, որ համապատասխան շվաքարանը անշարժ գույք է, և դրա նկատմամբ իր իրավունքի գրանցումը մերժելը նրան զրկել է օտարման ժամանակ հատուցում ստանալու իրավունքից:

21. 2005 թվականի հունիսի 17-ին Վճռաբեկ դատարանը նույն հիմքերով մերժել է դիմումատուի բողոքը։

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից)

 

22. Համաձայն 163-րդ հոդվածի՝ սեփականատերն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր գույքը: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը վաճառել, այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն այլ անձանց փոխանցել, գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

23. Համաձայն համապատասխան ժամանակահատվածում գործող 188-րդ հոդվածի՝ ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց անհրաժեշտ թույլտվության կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված բնակելի շենքը, շինությունը, այլ կառույցը կամ այլ անշարժ գույքը: Այն անձը, որն ինքնակամ շինություն է կառուցել, դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերում: Նա իրավունք չունի տնօրինել շինությունը, այդ թվում՝ այն վաճառել, նվիրատվությամբ փոխանցել, հանձնել վարձակալության կամ կնքել այլ գործարքներ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դատարանը կարող է ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իրականացվել է շինարարությունը: Այդ անձանց սեփականության իրավունքի ճանաչումը կարող է մերժվել, եթե շինությունը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքներն ու շահերը կամ սպառնում այլ անձանց կյանքին և առողջությանը:

24. Համաձայն տվյալ ժամանակահատվածում գործող 221-րդ հոդվածի՝ պետության կարիքների համար վերցնելու ենթակա հողամասի սեփականատերը, հողամասը վերցնելու մասին որոշման ընդունման պահից մինչև հողամասը վերցնելու մասին համաձայնություն ձեռք բերելը կամ դատարանի վճիռ կայացնելը, իրավունք ունի տիրապետել, օգտագործել և տնօրինել այն:

 

Բ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենք (ուժի մեջ է եղել 2003 թվականի փետրվարի 22-ից մինչև 2005 թվականի փետրվարի 22-ը)

 

25. Սույն օրենքը սահմանում էր ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերն ու կարգը:

26. Համաձայն 2-րդ հոդվածի՝ սույն օրենքի գործողությունը տարածվում էր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի և շինությունների, այդ թվում՝ 50 կամ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների նկատմամբ:

27. Համաձայն 4-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը կարող էր ճանաչվել, եթե այդ [իրավունքի] ճանաչումը չէր հակասում քաղաքաշինական նորմերին: Իրավունքը պետք է ճանաչվեր համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) կողմից:

28. Համաձայն 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ դիմումները պետք է ներկայացվեին ԱԳԿՊԿ-ի տարածքային ստորաբաժանում: Դիմումն ստանալու օրվանից հինգ օրացույցային օրվա ընթացքում ԱԳԿՊԿ-ի տարածքային ստորաբաժանումը տվյալ շենքի կամ շինության հատակագիծը պետք է ներկայացներ Երևանի քաղաքապետին, որը, այնուհետև, որոշում կկայացներ դիմումը մերժելու կամ բավարարելու մասին:

29. Համաձայն 10-րդ հոդվածի 4-րդ մասի՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը սահմանում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ. ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշում

 

30. Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Կառավարությունը որոշում է կայացրել հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345,000 քմ ընդհանուր մակերեսով: Երևանի քաղաքապետին հանձնարարվել է ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանք գրանցել Անշարժ գույքի կադաստրում: Օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերն ու օգտագործողները պետք է տեղեկացվեին նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին: Համապատասխան անշարժ գույքի գնահատումը պետք է կազմակերպվեր և իրականացվեր համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների կողմից:

 

Դ. ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի թիվ 1748-Ն որոշում (Մինչև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը՝ հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ ՀՀ օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը հաստատելու մասին)

 

31. Սույն որոշմամբ Կառավարությունը հաստատել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգը:

32. 2-րդ պարբերության համաձայն՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հաշվառված էին համարվում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված և նախնական պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով քարտեզագրման համատեքստում նախապատրաստված քարտեզներում արտացոլված, ինչպես նաև մինչև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համակարգի ներդնումը (1998 թվականի մարտի 1-ը) տրամադրված իրավունքը հավաստող փաստաթղթերում պատշաճորեն արտացոլված` ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները: Հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակը որոշելու նպատակով դիմումները և հայտերը կարող էին ներկայացվել մինչև օրենքի գործողության ժամկետի ավարտը:

33. 3-րդ պարբերության համաձայն՝ սույն կարգը չէր տարածվում այն ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների վրա, որոնք, Կառավարության որոշումների համաձայն, գտնվում էին պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասերի սահմաններում:

34. Հաստատված կարգի 2-րդ պարբերության համաձայն՝ հաշվառումից դուրս մնացած` ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների սեփականատերերն այդպիսի շենքերի և շինությունների նկատմամբ իրենց իրավունքների ճանաչման նպատակով պետք է դիմեին ԱԳԿՊԿ-ի տարածքային ստորաբաժանում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԳԱՆԳԱՏԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

35. 2010 թվականի սեպտեմբերի 10-ին Կառավարությունը միակողմանի հայտարարություն է ներկայացրել Դատարան՝ հաստատելով, որ դիմումատուի գույքը բաժանելու և զավակներին նվիրատվությամբ փոխանցելու մասով արգելքը համատեղելի չէր թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջների հետ: [Կառավարությունն] առաջարկել է վավերացնել գործարքը, որը դիմումատուն փորձել էր իրականացնել, և Դատարանից պահանջել գանգատը հանել գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համապատասխան:

36. Դիմումատուն գանգատը գործերի ցուցակից հանելու պահանջի վերաբերյալ առարկություն է ներկայացրել և պահանջել, որ Դատարանը շարունակի գանգատի ընդունելիության և ըստ էության քննությունն այն հիմքով, որ հայտարարությունը չի ընդգրկում իր բոլոր բողոքները, և որ որևէ հատուցում չի առաջարկվել:

37. Դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարությամբ դիմումատուին պատճառված վնասի համար բավարար հատուցում չի նախատեսվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրան՝ իր իրավունքների խախտման համար, հատուցում չի առաջարկվել, և հետևաբար, Կառավարությունը չի կարողացել ներկայացնել բավարար հիմքեր ունեցող հայտարարություն այնպիսի եզրահանգման համար, որ մարդու իրավունքների նկատմամբ դրսևորած հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայում, չի պահանջում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (տե'ս, a contrario (ի հակադրություն), Աքմանն ընդդեմ Թուրքիայի [Akman v. Turkey] (գործերի ցուցակից հանելու որոշումը), թիվ 37453/97, §§ 23-24, ՄԻԵԴ 2001‑VI, և Վան Հութենն ընդդեմ Նիդեռլանդների [Van Houten v. the Netherlands] (գործերի ցուցակից հանելու որոշումը), թիվ 25149/03, §§ 34-37, ՄԻԵԴ 2005‑IX):

38. Այսպիսի հանգամանքներում, Դատարանը մերժում է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը գործերի ցուցակից հանելու Կառավարության պահանջը և, համապատասխանաբար, շարունակում գանգատի ընդունելիության և ըստ էության քննությունը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

39. Դիմումատուն բողոք է ներկայացրել, որ չի կարողացել իր գույքը նվիրատվությամբ փոխանցել իր զավակներին, և որ իշխանությունները մերժել են գրանցել շվաքարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որով, այնքանով, որքանով այն վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։

 

Ա. Ընդունելիությունը

 

40. Դատարանը նշում է, որ այս բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն։ Այնուհետև, այն նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Իր գույքը զավակներին նվիրատվությամբ փոխանցելու դիմումատուի հնարավորության բացակայությունը

 

ա) Արդյո՞ք տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքին

 

41. Դիմումատուն պնդել է, որ տեղի է ունեցել միջամտություն իր գույքից անարգել օգտվելու իրավունքին: Մասնավորապես, ապօրինաբար խոչընդոտել են իր գույքը բաժանելու և համապատասխան մասերի նկատմամբ սեփականության իրավունքը իր չորս զավակներին փոխանցելու հարցում:

42. Կառավարությունն այս առումով որևէ փաստարկ չի ներկայացրել:

43. Դատարանը կրկին նշում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիմնական նպատակը անձի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը պետության անհիմն միջամտությունից պաշտպանելն է։ Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ «[իր] իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում է այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայում»։ Այս ընդհանուր պարտականության կատարումը կարող է առաջացնել Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների արդյունավետ կատարումն ապահովելուց անքակտելի դրական պարտավորություններ։ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում այդ դրական պարտավորություններով պետությունից կարող են պահանջվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ գույքի նկատմամբ իրավունքը պաշտպանելու համար (տե՛ս Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Broniowski v. Poland [GC]], թիվ 31443/96, § 143, ՄԻԵԴ 2004‑V և դրանում հիշատակված գործերը):

44. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է երեք առանձին նորմերից. առաջին նորմը, որը շարադրված է առաջին պարբերության առաջին նախադասությամբ, ընդհանուր բնույթի է և սահմանում է գույքից անարգել օգտվելու սկզբունքը. երկրորդ նորմը, որը ներառված է առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ, վերաբերում է գույքից զրկելուն, և դրա համար սահմանում որոշակի պայմաններ. երկրորդ պարբերությամբ սահմանված երրորդ նորմով ճանաչվում է, որ Պայմանավորվող պետությունները, ի թիվս այլ իրավունքների, ընդհանուր շահերին համապատասխան գույքի օգտագործումը վերահսկելու իրավունք ունեն: Երկրորդ և երրորդ նորմերը վերաբերում են գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտելու հատուկ դեպքերին և, հետևաբար, պետք է մեկնաբանվեն առաջին նորմում ձևակերպված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սպորոնգը և Լոնրոթը ընդդեմ Շվեդիայի [ՄՊ] [Sporrong and Lönnroth v. Sweden [GC]], 1982 թվականի սեպտեմբերի 23, § 61, ժողովածու Ա, թիվ 52, Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Iatridis v. Greece [GC]], թիվ 31107/96, § 55, ՄԻԵԴ 1999‑II)։

45. Սույն գործով դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, մերժելով իր գույքը բաժանելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը իր զավակներին փոխանցելու պահանջը, միջամտել են իր գույքից անարգել օգտվելու իրավունքին:

46. Դատարանը համարում է, որ իր գույքը բաժանելու և այն իր զավակներին փոխանցելու արգելքը, անկասկած, սահմանափակել է դիմումատուի՝ իր գույքն օգտագործելու իրավունքը: Ուստի, տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի՝ գույքի նկատմամբ ունեցած իրավունքին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Սպորոնգը և Լոնրոթը, վերևում հիշատակված, § 60):

47. Ինչ վերաբերում է միջամտության բնույթին, ապա Դատարանը նշում է, որ սույն գործում, [դիմումատուն] չի զրկվել իր գույքից, այլ սահմանափակվել է դիմումատուի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը, քանի որ իշխանությունները մերժել են վավերացնել գույքն իր երեխաներին նվիրատվությամբ փոխանցելու գործարքը: Միջամտությունը չի հանգեցրել նաև գույքն օգտագործելու նկատմամբ վերահսկողության, քանի որ այն այդպիսի նպատակ չի հետապնդել: Ուստի, Դատարանը համարում է, որ դիմումատուի բողոքը պետք է դիտարկվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասության շրջանակներում (տե՛ս Պիալոպուլոսը և այլոք ընդդեմ Հունաստանի [Pialopoulos and Others v. Greece], թիվ 37095/97, § 56, 2001 թվականի փետրվարի 15):

 

 բ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր

 

48. Դատարանը կրկին նշում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ պետական մարմինների կողմից` գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ իրականացված ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական: Ավելին, իրավունքի գերակայությունը, որը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին: Հետևաբար, այն հարցը, թե արդյոք հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև ապահովվել է արդարացի հավասարակշռություն, կիրառելի է միայն այն դեպքում, երբ հաստատվել է, որ համապատասխան միջամտությունը բավարարել է օրինականության պահանջը և կամայական չի եղել (տե՛ս Իատրիդիսի գործը, վերևում հիշատակված, § 58): Այնուամենայնիվ, Դատարանը ներպետական օրենսդրության հետ համապատասխանությունն ուսումնասիրելու հարցում սահմանափակ իշխանություն ունի, քանի որ այդ հարցն առավելապես ներպետական դատարանների իրավասության շրջանակներում է (տե՛ս Հականսոնն ու Ստուրեսոնն ընդդեմ Շվեդիայի [Håkansson and Sturesson v. Sweden], 1990 թվականի փետրվարի 21, § 47, ժողովածու Ա, թիվ 171 Ա):

49. Կառավարությունը սույն գործով ընդունել է, որ դիմումատուի գույքը բաժանելու և այն իր զավակներին նվիրատվությամբ փոխանցելու արգելքը չի համապատասխանել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին, ինչպես նաև ձեռնպահ է մնացել տվյալ հարցի վերաբերյալ այլ փաստարկներ ներկայացնելուց (տես վերևում՝ 35-րդ պարբերությունը): Այսպիսի հանգամանքներում Դատարանը համարում է, որ գույքը բաժանելու և իր զավակներին նվիրատվությամբ փոխանցելու միջոցով այն օգտագործելու դիմումատուի իրավունքի նկատմամբ սահմանափակումների առնչությամբ գանգատն ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա և եզրահանգում, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

2. Շվաքարանի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը գրանցելու մերժումը

 

50. Դատարանը նշում է, որ իշխանությունների կողմից շվաքարանի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը գրանցելու մերժման հետևանքով, նա անխուսափելիորեն չի կարողացել այդ գույքի հետ կապված որևէ իրավական գործարք կատարել: Այնուամենայնիվ Դատարանը նշում է, որ դիմումատուի սեփականության իրավունքի գրանցման մերժումը, որպես այդպիսին, չի ազդել շվաքարանի ամենօրյա օգտագործման և այն զբաղեցնելու վրա:

51. Դատարանն այնուհետև նշում է, որ այնպիսի հանգամանքներում, երբ դիմումատուն պահանջել է իր գույքը, այդ թվում՝ իր հողամասը և դրա վրա գտնվող տունը բաժանել չորս մասի և նվիրատվությամբ փոխանցել իր զավակներին, կարելի է ողջամտորեն ենթադրել, որ նույն հողամասի վրա գտնվող շվաքարանը գրանցելու գլխավոր նպատակը դրա նկատմամբ սեփականության իրավունքը մնացած գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հետ մեկտեղ հավասարապես փոխանցելու հնարավորություն ունենալն էր:

52. Այս համատեքստում, ինչպես նաև Դատարանի այն եզրահանգման լույսի ներքո, համաձայն որի դիմումատուի գույքի օտարման արգելքը հանգեցրել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման, Դատարանը անհրաժեշտ չի համարում ուսումնասիրել՝ արդյոք շվաքարանի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը գրանցելու մերժումը համապատասխանել է սույն դրույթի պահանջներին:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

53. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ իր գույքը զավակներին նվիրատվությամբ փոխանցելու հնարավորության բացակայությունը և իշխանությունների կողմից շվաքարանի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման մերժումը հանգեցրել են նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»:

54. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։ Դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ, հաշվի առնելով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն արված իր եզրահանգումները, այն անհրաժեշտ չի համարում միևնույն բողոքների առանձին քննությունը՝ 8-րդ հոդվածի լույսի ներքո:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

55. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի հատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

56. Դիմումատուն պահանջել է 4,000 եվրո իր կրած ոչ նյութական վնասի համար՝ հաշվի առնելով տարիներ շարունակ իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն չունենալու հետևանքով առաջացած անօգնական վիճակը:

57. Կառավարությունը դիմել է ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու խնդրանքով:

58. Ինչպես արդեն նշվել է, Դատարանը չի համարում, որ դիմումատուի գույքը բաժանելով և այն իր երեխաներին փոխանցելով նրան բավարար հատուցում կտրամադրվեր (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Հետևաբար այն գտնում է, որ դիմումատուն, ի հավելումն դրա, պետք է հատուցում ստանալու իրավունք ունենա՝ իր գույքը տևական ժամանակ անարգել օգտագործելու՝ հատկապես, իր զավակներին նվիրատվությամբ փոխանցելու անհնարինության հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար: Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, այդ առնչությամբ դիմումատուին հատկացնում է 3,000 եվրո:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

59. Դիմումատուն պահանջել է նաև ընդհանուր 404,000 ՀՀ դրամ (մոտավորապես 795 եվրո)՝ ծախսերի և ծախքերի համար, այդ թվում՝ 34,000 ՀՀ դրամ (մոտավորապես 67 եվրո)՝ դատական և 50,000 ՀՀ դրամ (մոտավորապես 98 եվրո)՝ ճանապարհային ծախսերի և տարբեր վարչական ծախքերի համար, ինչպես օրինակ՝ ներպետական վարույթների ընթացքում կրած տպագրության և պատճենահանման ծախքերը, ինչպես նաև 300,000 ՀՀ դրամ (մոտավորապես 590 եվրո)՝ իրավաբանական ծառայության հետ կապված ծախսերի և 20,000 ՀՀ դրամ (մոտավորապես 40 եվրո)՝ Դատարանում կրած փոստային ծախսերի համար: Ինչ վերաբերում է Դատարանում իրավաբանական ծառայության համար 300,000 ՀՀ դրամի չափով կրած ծախսերին, ապա դիմումատուն նշել է, որ, հաշվի առնելով իր ծանր ֆինանսական դրությունը, նա իր փաստաբանին՝ պրն Ալումյանին, վճարել է միայն 50,000 ՀՀ դրամ, և նրանց միջև կնքված գրավոր պայմանագրի համաձայն՝ նա պետք է Դատարանի սահմանած գումարից փաստաբանին վճարեր 250,000 ՀՀ դրամ, եթե Դատարանը նրա օգտին վճիռ կայացներ:

60. Կառավարությունը նշել է, որ պրն Ալումյանը տվյալ գործով ներգրավվել է միայն 2010 թվականի հուլիսի 5-ից (նրա և դիմումատուի միջև պայմանագրի կնքման ամսաթիվը), և դիմումատուն նրան իրականում վճարել է միայն 50,000 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է այն ծախսերին և ծախքերին, որոնք, դիմումատուի պնդմամբ, ինքը կրել էր ներպետական դատարաններում, Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց՝ ցույց տալու, որ դրանք իրականում կրել է: Ի վերջո, ինչ վերաբերում է 20,000 ՀՀ դրամի չափով փոստային ծախսերին, ապա Կառավարությունը նշել է, որ դիմումատուի կողմից տրամադրված փոստային անդորրագրերի համաձայն, նա իրականում վճարել է 16,680 ՀՀ դրամ (մոտավորապես 33 եվրո):

61. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք ունի այնքանով, որքանով հաստատվել է, որ նա դրանք իրականում և անհրաժեշտաբար կրել է, և որ դրանց չափը եղել է ողջամիտ։ Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի մասով իր պահանջները հիմնավորելու համար՝ դիմումատուն որևէ փաստաթղթային ապացույց չի ներկայացրել: Հետևաբար, Դատարանն այս մասով մերժում է դիմումատուի պահանջը:

62. Ինչ վերաբերում է ծախսերի և ծախքերի մնացած մասի վերաբերյալ դիմումատուի պահանջին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն պայմանագիր է կնքել իր ներկայացուցչի հետ՝ նրա վճարի մասով, որը համեմատելի է արդյունքի հիման վրա վճարման պայմանագրին. պայմանագիր, որով փաստաբանի հաճախորդը համաձայնում է փաստաբանին որպես վարձատրություն վճարել այն գումարի որոշակի տոկոսը, որը դատարանը կարող է հատկացնել դատավարության կողմին: Այսպիսի պայմանագրերը, եթե դրանք իրավաբանական ուժ ունեն, կարող են ապացույց հանդիսանալ այն առնչությամբ, որ պահանջվող գումարներն իրականում պետք է վճարվեն դիմումատուի կողմից (տե՛ս Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի (արդարացի հատուցում) [ՄՊ], թիվ 31107/96, § 55, ՄԻԵԴ 2000‑XI, և Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի [Kamasinski v. Austria], 1989 թվականի դեկտեմբերի 19, § 115, ժողովածու Ա թիվ 168)

63. Դիմումատուն փաստաբանին նախնական վճարել է 50,000 ՀՀ դրամ և հետագայում պետք է վճարեր 250,000 ՀՀ դրամ, այն դեպքում, եթե Դատարանն իր օգտին վճիռ կայացներ: Դատարանն այնուհետև նշում է, որ արդյունքի հիման վրա վճարման պայմանագրերը, Հայաստանի օրենքների համաձայն, ենթակա են կատարման: Մասնավորապես, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չի սահմանվում որևէ սահմանափակում պայմանագրի այն տեսակի նկատմամբ, որը փաստաբանը կարող է կնքել իր հաճախորդի հետ, այդ պայմանագրերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով: Դատարանը, հետևաբար, ճանաչում է դիմումատուի և իր ներկայացուցչի՝ պրն Ալումյանի միջև ձեռք բերված համաձայնության օրինականությունը (ի հակադրություն՝ Դուջեոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Dudgeon v. the United Kingdom] (50-րդ հոդված), 1983 թվականի փետրվարի 24, § 22, ժողովածու Ա թիվ 59):

64. Հաշվի առնելով իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթերը և վերը նշված չափանիշները՝ Դատարանը դիմումատուին հատկացնում է ընդհանուր 630 եվրո՝ Դատարանում վարույթի հետ կապված ծախսերի համար:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

65. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Մերժում է գանգատը Դատարանի գործերի ցուցակից հանելու վերաբերյալ Կառավարության պահանջը.

2. Հայտարարում է գանգատն ընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ դիմումատուի՝ իր գույքը զավակներին նվիրատվությամբ փոխանցելու անհնարինության մասով.

4. Վճռում է, որ բողոքները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, ինչպես նաև դիմումատուի՝ շվաքարանի գրանցումը մերժելու մասով բողոքը՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն առանձին ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա.

5. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն Հայաստանի Հանրապետության դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) 3,000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ` ոչ նյութական վնասի մասով,

ii) 630 եվրո (վեց հարյուր երեսուն եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ՝ ծախսերի և ծախքերի մասով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային միավոր.

6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի հունվարի 21-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։

 

Անդրե Ուամպաշ

Քարտուղարի տեղակալ

Միրյանա Լազարովա Տրայկովսկա

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան