Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
11 փետրվարի 2016 թվականի N 5
13. «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագրին՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 |
ԾՐԱԳԻՐ
«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհասփյուռ հայության առջև այսօր ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Հեռու լինելով հայրենիքից` գոյատևման պայքարում հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն, հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից, սովորույթներից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները: Տեղական լեզուների ազդեցության հետևանքով խաթարված է լեզվական միասնականությունը: Նոր սերնդի շարքերում նվազում է հայախոսների քանակը:
Հայոց լեզվի մեջ օտար ազդեցությունների ներթափանցումը օտար բառերի գործածությունը ուղղակիորեն տանում է հայոց լեզվի աստիճանական քայքայման:
Սփյուռքահայության ազգային ինքնության թուլացումն այսօր, դժբախտաբար, իրողություն է և դարձել է սպառնալիք Հայաստանի և ողջ հայության համար: Ինքնության կորուստն սկսվում է լեզվի մոռացությունից:
Հայերեն, առանձնապես` արևելահայերեն սովորելու, խոսակցական լեզվին տիրապետելու մեծ խնդիր ունեն Հայաստանում հաստատված հայրենադարձների ընտանիքները: Հայաստանյան դպրոցներում, հատկապես, միջին և բարձր դասարաններից տեղափոխված հայրենադարձված երեխաները դժվարություններ են ունենում առարկայական ծրագրերը յուրացնելիս, քանի որ նրանց հայերենի իմացությունը կամ շատ թույլ է, կամ` չգիտեն հայերեն գրել, կարդալ, իսկ առանձին խմբեր դպրոցներում չեն ստեղծվում այդ երեխաների լեզվական դժվարությունները հաղթահարելու համար:
Լեզվական իմացության անբավարար կամ իսպառ բացակայության խնդրին են առնչվում սփյուռքահայ դիմորդները` Հայաստանի բուհեր ընդունվելիս և ուսանելու տարիներին, քանի որ լեզվական իմացության ոչ բավարար մակարդակը թույլ չի տալիս հաղթահարել մայրենի լեզվի գնահատման շեմը քննական շրջանում, իսկ ընդունվելու դեպքում` ուսումնառության ժամանակ դյուրությամբ յուրացնել ծրագրերը:
Վերջին տարիներին, հատկապես, ամռան ամիսներին մեծաթիվ սփյուռքահայեր, առանձին երիտասարդական խմբեր են այցելում Հայաստան` շրջագայության, հարազատներին տեսակցելու, բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի մասնակցելու և այլ նպատակներով: Նրանցից շատերի համար այդ ժամանակահատվածը հայերեն սովորելու համար, թերևս, ամենանպատակահարմարն է:
Սփյուռքում ազգային հոգևոր-մշակութային արժեքներին չտիրապետելուն, հայեցի լեզվամտածողությունից հեռանալուն մեծապես նպաստում են նաև հայերենով հայրենակիցների հետ շփվելու հնարավորությունների սահմանափակումը, միջավայրի բացակայությունը, ազգային շատ արժեքներին, արվեստին, մշակույթին հաղորդակից չլինելը: Պակասում են կամ չկան համապատասխան մասնագետներ, եղածների մասնագիտական պատրաստվածությունն էլ խիստ կարիք ունի նորացնելու իր մասնագիտական գիտելիքները, վերապատրաստվելու-վերաորակավորվելու հենց Հայաստանում և պատրաստ լինելու իր բնակավայրում հայ երեխաներին, երիտասարդներին սովորեցնելու հայ մշակույթը, ազգային երգ-երաժշտությունը, պարը, սեր առաջացնելու դեպի ազգային արժեքները, ստեղծելու համայնքներում խմբեր-խմբակներ, աշխուժացնեու հայ հանրության մշակութային կյանքը, դրանով իսկ նպաստելու ազգային գիտակցության վերածննդին, հայ ինքնության ձևավորմանն ու արմատավորմանը հայ սերունդների մոտ: Այդ մասնագետները կարող ուժ կդառնան համայնքներում համահայկական մշակութային, այլ միջոցառումներին, փառատոներին հայկական համույթների մասնակցության ապահովման գործում: Այս ամենով հանդերձ, հայոց լեզվի, երգի, պարի, արվեստի ուսուցիչները հայկական մշակույթի տարածողներն են օտար երկրում և մեծ դերակատարություն ունեն տեղում հայ ազգաբնակչության հանդեպ բարյացկամ վերաբերմունքի ձևավորման հարցում, ընդհանրապես` հայ ժողովրդի դրական վարկանիշն ամրակայելու ուղղությամբ:
Սփյուռքի բազմաթիվ հայաշատ բնակավայրերում չկան կազմավորված համայնքային կառույցներ, գործող համայնքներում էլ նկատվում է առաջնորդների միջին տարիքի աճ: Քիչ թվով սփյուռքահայ երիտասարդներ են ներգրավված համայնքային կառույցներում: Երիտասարդ առաջնորդների պակաս կա, քիչ են հայկական երիտասարդական կազմակերպությունները, համայնքների ինքնակազմակերպման, համայնքային գործի արհեստավարժ կազմակերպման խիստ կարիք կա, հետևաբար, հարկավոր են համայնքային գործի համար տեսական ու գործնական գիտելիքներով պատրաստված կազմակերպիչներ, ում համար կարևորվում է հայաստանյան դասընթացների կազմակերպումը:
Սփյուռքի մասնագիտական ներուժը ևս ազգային արժեհամակարգի համալիրով իր մասնագիտական կարողությունները լրացնելու, հայրենիքում ձևավորված ավանդական համապատասխան մասնագիտական դպրոց անցնելու, իր կրթությանն ու մասնագիտությանը ազգային բովանդակություն հաղորդելու պահանջ ունի: Դա, թերևս, ամենից առաջ վերաբերում է Սփյուռքի հայ լրագրողներին: Սփյուռքի հայկական ԶԼՄ-ին այսօր անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, և երիտասարդ հայ լրագրողները Հայաստանում կարող են վերապատրաստվել կամ խորացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, հատկապես, ազգային, սփյուռքյան խնդիրների շուրջ:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» - 2016 թվականի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):
1. Ծրագրի շրջանակներում դասընթացներն իրականացվում են հուլիս ամսին՝ ըստ հինգ ուղղությունների.
1) Հայոց լեզվի արագացված ուսուցում. իրականացվում է լեզվական իմացության երեք մակարդակով (լեզվին չտիրապետողներ, ցածր և միջին իմացություն) խմբերում` արևելահայերեն ու արևմտահայերեն, խմբերը ձևավորվում են նաև տարածաշրջանային, բնակության երկրի լեզվական առանձնահատկությունների հիմքով:
Դասընթացներում դասավանդում են հանրապետության և սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում զուգակցվում են տեսական-գործնական պարապմունքները, սովորողները հնարավորություն են ունենում տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու, լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական, էլեկտրոնային, համացանցային միջոցներից օգտվելու: Դասընթացները տևում են չորս շաբաթ, մասնակցում են առանց տարիքային սահմանափակման:
2) Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում. դասընթացներին մասնակցում են Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, տնօրեններ, կրթական գործի կազմակերպիչներ: Դասընթացներին նախապատվություն է տրվում օտար, այլ լեզվամշակութային միջավայրում մայրենի լեզվի ուսուցման նոր մեթոդներ հաղորդմանը, լեզվուսուցման նոր՝ էլեկտրոնային, հեռավար, համացանցային միջոցներին տեղեկացվածության ապահովմանը, հայագիտական գիտելիքների հաղորդմանն ու խորացմանը: Կարևորվում են քննարկումները, բանավեճերը, գործնական պարապմունքների կազմակերպումը, բաց դասերի կազմակերպումը, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի ներկայացում ն ու փոխանակման, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի, հանրապետության փորձառու դասախոսների, մանկավարժների մասնակցությամբ: Քննարկվում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում Սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր: Դասընթացները տևում են չորս շաբաթ:
3) Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վերապատրաստում, որի նպատակն է Սփյուռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտության ուսուցիչներին, պարային համույթների պարուսույցներին ներկայացնելը հայկական երգերի ու պարերի յուրահատկությունը, գաղափարական ուղղվածությունը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը և ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտությանը: Մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական որակավորմանը և վարչետության բարձրացման խնդրին:
Դասընթացները տևում են երկու շաբաթ, որոնք վարում են հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ:
4) Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց, որին մասնակցում են Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների և համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Դասընթացի նպատակն է` աջակցել Սփյուռքի հայկական, համայնքային կառույցների կայացմանը՝ ղեկավարների, աշխատողների, համայնքային գործի կազմակերպիչների դասընթացների միջոցով՝ տեսական և գործնական գիտելիքների հաղորդմամբ, հայ համայնքներում ակտիվ երիտասարդներին հայ համայնքների ինքնակազմակերպմանն ու համայնքային գործի կազմակերպման գործընթացներին, հայապահպանական ծրագրերի, Հայաստան-Սփյուռք գործակցության իրականացմանը պատրաստվածությանը, նրանց դերակատարության բարձրացմանը:
Դասընթացին մասնակցում են համայնքային կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ղեկավարները, խորհուրդների անդամները, համայնքներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կամ ներկայացուցիչները, համայնքային կյանքում ակտիվ աշխատանքներ իրականացնող երիտասարդները:
Դասընթացները տևում են երկու շաբաթ:
5) Երիտասարդ լրագրողների վերապատրաստում, որին մասնակցում են Սփյուռքի հայկական ԶԼՄ-ում աշխատող և համայնքների կողմից երաշխավորված երիտասարդ լրագրողներ: Ծրագրում մեծ տեղ է հատկացվում ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին նվիրված դասընթացներին: Սփյուռքի լրագրողներին տեսական և գործնական գիտելիքներ կհաղորդվեն Հայաստանի և Սփյուռքի ճանաչված ու բազմափորձ լրագրողներ, պետական-հասարակական գործիչներ, մասնակիցները կմասնակցեն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների և մասնագիտական ոլորտի հետ կապված հարցերի քննարկումներին, ներկա են գտնվելու համահայկական նշանակության, համայնքային խնդիրներին և համազգային առաջնահերթություններին նվիրված դասախոսություններին, հայաստանյան լրատվամիջոցների խմբագրություններում կազմակերպվող գործնական պարապմունքներին:
«Սփյուռք» ամառային դպրոցի բոլոր դասընթացների մասնակիցների համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:
Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթացները տևում են երկու շաբաթ, որի ընթացքում անցկացվում է հայերեն լեզվի ուսուցումը՝ նաև տարբերակված, բնակության երկրի լեզվական հիմքով:
Դասընթացների անցկացման վայրը` Երևան:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Սփյուռքում հայապահպանության, հայ ինքնության պահպանման, օտար միջավայրում երիտասարդ սերնդի ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում կարևորագույն դերակատարություն ունեն բանիմաց մասնագետներով ապահովված համայնքները: Ծրագրի հիմնախնդիրներն են.
-սփյուռքահայության ազգային ինքնության նահանջի, հայեցի լեզվամտածողության կորստի կանխումը,
-սփյուռքահայության ստվար զանգվածների մոտ հայերենի տառաճանաչության վերացումը,
-սփյուռքահայերի լեզվական իմացության, նրանց բանավոր խոսքի զարգացման և շփման հնարավորությունների ստեղծումը,
- հայերենի, հայագիտական այլ առարկաների, ազգային երգի-պարի ուսուցիչների բացակայության վերացումը կամ պակասի լրացումը, մասնագիտական պատրաստվածության կատարելագործման խնդիրների լուծումը,
-սփյուռքահայ երիտասարդների` հայոց լեզվի անբավարար իմացության պատճառով հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված դժվարությունների վերացումը,
-սփյուռքահայ երիտասարդության հետ համակարգված աշխատանքի, փոխադարձ շփումների, նոր կապերի ստեղծման անհրաժեշտությունը,
-Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդների ներուժի համախմբումը, առաջնորդների՝ համայնքների ներկա ղեկավարների սերնդափոխության խնդիրների լուծումը,
-Սփյուռքի հայկական ԶԼՄ-ին որակյալ, համայնքային, համազգային խնդիրներին և առաջնահերթություններին տեղյակ և դրանց լուծմանն աջակցելուն պատրաստ երիտասարդ հայ մասնագետներով ապահովումը:
Համայնքների ինքնակազմակերպման, նորերի ստեղծման, հայապահպանական ծրագրերի իրականացման, Հայաստան–Սփյուռք գործակցության մասնակցության ապահովման համար համայնքները արհեստավարժ, համայնքային գործին, համազգային խնդիրներին ու առաջնահերթություններին քաջատեղյակ աշխատողներով, համայնքային գործի կազմակերպիչներով ապահովելը, ովքեր կարող են բարձրացնել իրենց տեսական ու գործնական պատրաստվածության մակարդակը Հայաստանում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի 5 դասընթացներին մասնակցում են հայոց լեզու սովորել ցանկացող շուրջ 285 սփյուռքահայ ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ ու ղեկավարներ, երգի ու պարի խմբավարներ, պարուսույցներ, երիտասարդ առաջնորդներ և համայնքային գործի կազմակերպիչներ, հայկական ԶԼՄ-երի լրագրողներ:
Ծրագրի իրականացումը նպաստում է՝
- Սփյուռքի ուծացմանը դիմակայելուն և լեզվամշակութային կորստի կանխմանը, համայնքներում հայ ազգային ինքնության միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայապահպանական գործի արդյունավետության բարձրացմանը,
- Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը, Հայաստանից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը, հայերենի իմացության մակարդակի բարձրացմանը, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցմանը,
- Հայաստանակենտրոն գաղափարի առարկայացմանը, Հայաստանի հետ սփյուռքահայության, միջհամայնքային կապերի ամրապնդմանը և զարգացմանը,
- Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործմանը,
- նոր մոտեցումների և լուծումների մշակմանն ու իրականացմանն ուղղված Սփյուռքի հայապահպանությանը, հայության տարբեր հատվածների, տարածաշրջանների յուրաքանչյուր համայնքի կարիքների բավարարմանը, նրանց ներուժի ներառմանը՝ հայրենական կառավարության համապատասխան ծրագրերում, տարբեր երկրների համայնքներում կառույցներում, կազմակերպություններում ներգրավված մասնագետների կարողությունների բազմապատկմանը և ուժեղացման, մասնագիտորեն հայկական սփյուռքը կազմակերպելու գործընթացներին:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» միջոցառման և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին