ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» հունվար 2025 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 80-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչ` համաձայն հավելվածի:
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի N 80-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային, նեոնատոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման և հարակից այլ ծառայություններով բժշկական օգնության և սպասարկման տեսակներով գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում` ըստ ծննդօգնության կազմակերպման երեք մակարդակների, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 5798-Լ հրամանով հաստատված պահանջների, ընդ որում.
1) հղիների, ծննդկանների, ծննդաբերների ծննդալուծման, հետծննդյան խնամքի ու բուժման դեպքում` մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություններում, ծննդատներում, բժշկական կազմակերպությունների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում.
2) հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում` մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպությունների մանկաբարձական (հղիության ախտաբանության) բաժանմունքներում, իսկ էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում`նաև մասնագիտացված այլ բժշկական կազմակերպություններում.
ա. հղիության ախտաբանական ընթացքի, ծննդաբերության, հետծննդյան շրջանի, էքստրագենիտալ ախտաբանությունների դեպքում բուժօգնությունը իրականացվում է անհրաժեշտ ամբողջ ծավալով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի N 20-Ն հրամանով սահմանված նորագույն և թանկարժեք բժշկական օգնության ու սպասարկման տեսակների ու բժշկական ծառայությունների ցանկի.
բ. բարձր ռիսկի հղիների ծանր ընթացքով ախտաբանությունների դեպքում ծննդալուծումը իրականացվում է երրորդ մակարդակի ծննդօգնության բժշկական կազմակերպություններում, որտեղ ապահովվում է համապատասխան նեղ մասնագիտական խորհրդատվություններ, հետազոտություններ և բուժօգնություն, ընդ որում` մարզերից ուղեգրված հղիության ախտաբանությամբ բարձր ռիսկի հղիները ընդունվում են առանց սահմանափակման: Սպեցիֆիկ և այլ պերինատալ վարակներով և նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունեցող (մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, տուբերկուլոզ, վիրուսային վարակներ` կարմրախտ, ջրծաղիկ, հեպատիտներ Ա, Բ, Ց, կորոնավիրուսային վարակ, մահացած պտուղ, պտղի զարգացման արատներ 22 շաբաթական և ավելի) ախտաբանությունների դեպքում հղիների, ծննդաբերների ուղեգրումը իրականացվում է ծննդօգնություն իրականացնող 3-րդ մակարդակի բժշկական կազմակերպություններ.
գ. բարձր ռիսկի հղիների, ծննդաբերների և ծննդկանների վարման գործընթացի բարդությունների կամ ծանր դեպքերի վերաբերյալ ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունը պարտադիր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատուին, հետագայում կազմակերպելով հղիների, ծննդաբերների և ծննդկանների բուժօգնությունը տեղում կամ տեղափոխելով արտագնա անհետաձգելի ծառայության միջոցով` համաձայն առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի N 3967-Լ հրամանով սահմանված կարգի: Անհրաժեշտության դեպքում տեղափոխումը կարող է իրականացվել, բացի ցամաքայինից, նաև օդային տրանսպորտով` ՀՀ առողջապահության նախարարի 2019թ. մարտի 12-ի N 611-Ա հրամանով սահմանված դեպքերում և կարգով: Ըստ դեպքի առանձնահատկության և անհրաժեշտության, կարող է կազմակերպվել խորհրդատվություն ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան խորհրդատուների հետ.
3) գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը իրականացվում է գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում.
4) հղիության արհեստական ընդհատումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 180 –Ն որոշմամբ սահմանված կարգով.
5) ըստ փոխհատուցման տեսակների` ծննդաբերության, կեսարյան հատման բարդության խմբերը, ծննդաբերության, կեսարյան հատման և հղիության ախտաբանության ֆինանսավորման չափաբաժինները հաստատվում են և փոխհատուցումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հրամանի: Նորմալ և բարդ ծննդաբերությունների և բարդ կեսարյան հատման վիրահատությունների նկարագրերը ներկայացված են սույն չափորոշչի 4-րդ գլխում:
3. Հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հղիների, ծննդաբերների և ծննդկանների ուղեգրումը և հոսպիտալացումը` ըստ մակարդակների, իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 256-Ա հրամանով սահմանված կարգով, ընդ որում անհետաձգելի իրավիճակներում բարդության աստիճանին չհամապատասխանող բժշկական կազմակերպություն դիմելիս անհրաժեշտ է հղիի, ծննդաբերի և ծննդկանի համար իրականացնել վիճակը կայունացնող անհետաձգելի բժշկական օգնություն, նախապատրաստել և կազմակերպել հղիի, ծննդաբերի և ծննդկանի տեղափոխումը ավելի բարձր մակարդակի բժշկական կազմակերպություն:
4. Բժշկական ցուցումների առկայության դեպքում ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կատարվում է հակառեզուս իմունոգլոբուլինի պատրաստուկի ներարկում: Հակառեզուս իմունոգլոբուլինի պատրաստուկը բաց է թողնվում սրվակներով կամ շշիկով 1-2 մլ քանակով, որը պարունակում է հակառեզուս Դե իմունոգլոբուլինի մեկ դեղաչափ: Հակառեզուս իմունոգլոբուլինի պատրաստուկը անհրաժեշտ է պահպանել համաձայն ներդիր թերթիկի, և նրա կիրառումը իրականացվում է հետևյալ պայմաններով`
1) հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը նշանակվում է`
ա. ռեզուս-բացասական արյուն ունեցող առաջնածին ոչ իզոիմունիզացված (հակառեզուս հակամարմինները բացակայում են) ծննդկանին, որը ծննդաբերել է ռեզուս-դրական արյուն ունեցող երեխա.
բ. ռեզուս-բացասական արյուն ունեցող կրկնածին ծննդկանին` հերթական ռեզուս-դրական արյուն ունեցող երեխայի ծննդաբերությունից հետո.
գ. արյան բացասական ռեզուս պատկանելություն ունեցող, ոչ իզոիմունիզացված կեսարյան հատմամբ ծննդալուծված ծննդկանին` ռեզուս-դրական արյուն ունեցող երեխայի ծնվելու դեպքում, ընդ որում կեսարյան հատման կամ զույգ պտղի դեպքում` ներարկել 2 դեղաչափ.
2) հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը ներարկվում է ռեզուս-բացասական արյուն ունեցող կնոջը, ծննդաբերելուց հետո 24-48 ժամվա ընթացքում (ցանկալի է ներարկումը կատարել ավելի վաղ ժամկետում), մեկ դեղաքանակով` միջմկանային.
3) հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը չի կարելի ներարկել`
ա. ռեզուս-դրական արյուն ունեցող հղիներին և ծննդկաններին.
բ. ռեզուս-բացասական արյուն ունեցող հղի կնոջը.
գ. ռեզուս-բացասական արյուն և ձգձգված մանկաբարձական անամնեզ ունեցող կնոջը, որի արյան շիճուկում հայտնաբերված է հակառեզուս հակամարմիններ.
դ. ռեզուս-բացասական արյուն ունեցող ծննդկանին, որի երեխայի կենսաբանական հայրը նույնպես ունի ռեզուս-բացասական արյուն.
ե. ռեզուս-բացասական արյուն ունեցող ծննդկանին, որը ծննդաբերել է ռեզուս-բացասական արյուն ունեցող երեխա.
4) հակառեզուս Դե իմունոգլոբուլինի բաշխումն իրականացվում է` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի N 74-Ն հրամանով սահմանված կարգի: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հակառեզուս իմունոգլոբուլինը տրամադրվում է միայն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծննդօգնություն ստացած կանանց:
5. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր հղիները, ծննդաբերները և ծննդկանները:
6. Ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս հղի կինը, ծննդաբերը, ծննդկանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, երբ հղի կնոջ կամ ծննդաբերի կամ ծննդկանի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթուղթը, որը պետք է ներկայացվի մինչև բժշկական կազմակերպությունից դուրս գրումը: Անձը հաստատող փաստաթղթի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ կնոջը ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններ ընդունման մերժման համար:
7. Օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է համաձայն միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթների:
8. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ծննդօգնության հետ կապված հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք:
9. Սահմանապահ զորքերի զինծառայողների ընտանիքի անդամները օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնության ու սպասարկման ծավալներից:
2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
10. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերվում է բոլոր հղիներին, ծննդաբերներին, ծննդկաններին և ընդգրկում է`
1) հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում.
2) հղիների և ծննդաբերների ծննդալուծումը, ներառյալ ըստ կնոջ ցանկության ծննդաբերության ցավազրկում(էպիդուրալ) և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը.
3) հղիների, ծննդաբերների բարդ ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժումը.
4) հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությունների բուժումը` մասնագիտացված բժշկական կազմակերպություններում (բաժանմունքներում), ներառյալ բժշկական ցուցումներով ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումը` խորանիստ երակների թրոմբոզի դեպքում.
ա. ստորին սիներակի ֆիլտրի (կավա ֆիլտր) տեղադրման անհրաժեշտության վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովային կարգով (անոթային վիրաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգների) կոնսիլիումի, իսկ կյանքի ցուցումով անհետաձգելի դեպքերում` հերթապահ բժշկի մասնագիտական հիմնավորման (համապատասխան մասնագետների ներգրավմամբ) հիման վրա.
5) ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումն իրականացվում է երրորդ մակարդակի ծննդօգնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և անոթային վիրաբուժական տեսակով լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, հետևյալ ցուցումների առկայության դեպքում`
ա. թրոմբոէմբոլիայի էպիզոդ
բ. թրոմբի ֆլոտացիա
գ. կոնսերվատիվ բուժման անարդյունավետություն
դ. դեղորայքի նկատմամբ ոչ տանելիություն (ալերգիկ ռեակցիաներ)
ե. եթե ցուցված է բուժօգնություն վիրահատական ճանապարհով
զ. եթե առկա են 2 և ավելի հարաբերական ցուցումներ։
11. Պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային անվճար գինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը ընդգրկում է`
1) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ապահովումը բոլոր կանանց համար գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանի.
2) գինեկոլոգիական հիվանդանոցային պլանային բժշկական օգնությունը, որը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև աղջիկների) համար համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ սահմանված կարգով.
3) մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) իրականացումը` սոցիալական և բժշկական ցուցումների դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 180-Ն որոշմամբ սահմանված կարգով.
4) մինչև 11 շաբաթական 7 օր հղիության արհեստական ընդհատման ու ինքնաբեր վիժման դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է վճարովի, այդ թվում ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318 որոշման N 1 հավելվածով հաստատված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկի 7-րդ կետում ընդգրկված կանանց: Բացառություն են կազմում վերոնշյալ ցանկի մնացած խմբերում ընդգրկված, ինչպես նաև 2017 թվականի փետրվարի 23-ի N 180-Ն որոշմամբ սահմանված բժշկական և սոցիալական ցուցումներ ունեցող կանայք:
12. Պետական պատվերի շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները ստացիոնար ընդունվելու ժամանակ հղիներին, գինեկոլոգիական հիվանդներին կամ նրանց հարազատներին ապահովում են տեղեկատվությամբ անվճար բուժօգնության իրենց իրավունքների մասին: Իրազեկման փաստը վավերացվում է բժշկական փաստաթղթերում կնոջ (հարազատների) ստորագրությամբ:
13. Հղիների և ծննդկանների տուբերկուլոզի, այդ թվում կասկածի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ բժշկական կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
3. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14. Ծննդաբերությունների համար սահմանված գները իրենց մեջ ներառում են հղիի, ծննդաբերի, ծննդկանի ստացիոնար բուժման և հետազոտության, ինչպես նաև նորածնի խնամքի, հետազոտության ու բուժման ծախսերը:
15.Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հղիին, ծննդաբերին, ծննդկանին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, վիրահատությունները, ըստ կնոջ ցանկության` էպիդուրալ ցավազրկում, վիրահատական և ֆիքսող միջոցները, բժշկական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, խնամքի ապահովումը ավագ, միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունները):
16. Այն դեպքում, երբ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում բացակայում են բուժման կազմակերպման համար անհրաժեշտ բաղադրիչները (մասնագիտացված խորհրդատվությունների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման հնարավորությունները և այլն) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները սույն չափորոշչով նախատեսված միջոցառումները կազմակերպում և ապահովում է այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքով, կատարելով հատուցում բուժման համար պետության կողմից հատկացվող ուղեգրող կազմակերպության համապատասխան գումարներից:
17. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է`
1) մանկաբարձական բժշկական օգնության դեպքում` հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանված կարգով տրված փոխանակման քարտի կամ ուղեգրի առկայությամբ, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ բժշկի) գրառման կամ շտապ օգնության ծառայության ուղեգրի հիման վրա.
2) hղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ(արտասեռական) ախտաբանություններով ուղեկցվող բարդությունների դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնությունն իրականացվում է հղիների և ծննդկանների հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից տրված ուղեգրի առկայությամբ (հղիության կամ հետծննդյան ժամկետի պարտադիր նշումով), իսկ ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններից հիվանդանոցային մասնագիտացված այլ բժշկական կազմակերպությունների բաժանմունք տեղափոխելու դեպքում` տեղափոխման էպիկրիզի ներկայացմամբ.
3) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ստորին սիներակի ֆիլտրի տեղադրմամբ անոթային վիրաբուժական միջամտության ծառայության դիմաց փոխհատուցումը իրականացվում է սույն չափորոշչի 10-րդ կետի 5-րդ ենթակետում նշված բժշկական ցուցումների դեպքում, որի համար հիմք է հանդիսանում այն բժշկական կազմակերպության մասնագիտական եզրակացությունը, որտեղ բուժվում կամ հսկվում է հղին,ծննդաբերը կամ ծննդկանը.
4) կանանց անվճար գինեկոլոգիական բուժօգնությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև մինչև 18 տարեկան աղջիկ երեխաների) համար համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրի հիման վրա` համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի և անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ.
5) ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանով սահմանված անհետաձգելի գինեկոլոգիական վիճակների և հիվանդությունների դեպքում, ընդունելությունը իրականացվում է շտապ օգնության ծառայության ուղեգրի կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանի կամ հերթապահ բժշկի եզրակացության հիման վրա:
18. Հղիների նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի կամ սիֆիլիսի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիի, ծննդկանի, ծննդաբերի ՄԻԱՎ վարակի խորհրդատվությունը, ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները իրականացվում են հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն դիմելիս, իսկ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում` հետծննդյան շրջանում առաջին անգամ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն դիմելիս` արագ թեստ հավաքածուներով: Յուրաքանչյուր մեռելածնության դեպքում իրականացվում է սիֆիլիսի հետազոտություն:
19. Զինծառայող կանանց և զինծառայողների ընտանիքի կանանց գինեկոլոգիական բժշկական օգնությունը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգի:
20. Հիվանդանոցային մանկաբարձական բժշկական օգնության կազմակերպման գործընթացում պարտադիր է հետադարձ կապի ապահովումը մանկական պոլիկլինիկայի և կանանց կոնսուլտացիայի հետ` կատարելով համապատասխան գրառում ծննդաբերության պատմագրում և նորածնի վարման քարտում:
21. Առողջ ծննդկանի դուրս գրումը, հետծննդյան նորմալ ընթացքի դեպքում կատարվում է ծննդաբերությունից հետո` առնվազն 2-3-րդ օրը, իսկ կեսարյան հատման դեպքում`առնվազն 3-4-րդ օրը, իսկ բարդ ծննդաբերության դեպքում` կախված ախտաբանության բնույթից և ծննդկանի վիճակից:
22. Ծննդկանների հետծննդյան շրջանի (42 օր) նորմալ ընթացքի և վտանգի նշանների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հուլիսի 15-ի N 1933-Լ հրամանի:
4. ՎԱՂԱԺԱՄ, ԺԱՄԿԵՏԱՆՑ, ՆՈՐՄԱԼ ԵՎ ԲԱՐԴ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
23. Վաղաժամ ծննդաբերություն է համարվում բնական ծննդաբերական ուղիներով 22 շաբաթականից մինչև 37 շաբաթական ժամկետը լրանալը տեղի ունեցած ծննդաբերությունը, ժամկետանց է համարվում 41 շաբաթական և ավելի ժամկետում տեղի ունեցող ծննդաբերությունը:
24. Բնական ծննդաբերական ուղիներով տեղի ունեցող դասակարգվում է նորմալ և բարդ:
25. Բարդ է համարվում, անկախ ժամկետից, բնական ծննդաբերական ուղիներով տեղի ունեցող ծննդաբերությունը, եթե առկա է մանկաբարձական, սոմատիկ օրգանների կամ պտղի ներարգանդային ախտաբանություն, որոնք պահանջում են նեղ մասնագիտական խորհրդատվություն, լրացուցիչ հետազոտություն և միջամտություն ծննդաբերության կամ հետծննդյան շրջանում` հետևյալ ախտաբանությունների դեպքում.
1) հղիության հիպերտենզիվ խանգարումներ.
ա. քրոնիկ հիպերտենզիա
բ. հղիության հիպերտենզիա
գ. պրեէկլամպսիա
դ. քրոնիկ հիպերտենզիա պրեէկլամպսիայով
ե. էկլամպսիա
2) արյունահոսություն հղիության, ծննդաբերության ընթացքում և հետծննդյան շրջանում.
ա. առաջադիր, բացառությամբ կենտրոնական առաջադրությամբ
բ. նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում
գ. արյան մակարդելիության իջեցում, որն ուղեկցվում է կոագուլոպաթիկ արյունահոսությամբ
դ. հետծննդյան հիպոտոնիկ կամ ատոնիկ արյունահոսություն
3) ընկերքի զարգացման անոմալիաներ.
ա. ընկերքի ամուր կպում կամ կեղծ սերտաճում
բ. ընկերքի իսկական սերտաճում
գ. պտղաթաղանթների և ընկերքի հյուսվածքների զանգվածային պահում արգանդի խոռոճում կամ դրանց ամբողջականության կասկած
4) Պտղի ոչ ճիշտ դրություն.
ա. միջաձիգ
բ. թեք
գ. անկայուն դրություն
դ. պտղի տոտիկային և հետույքային առաջադրություն
5) բազմապտուղ հղիություն.
6) խորիոնամնիոնիտ.
7) պտղի ներարգանդային հիպոքսիա (դիստրես) հաստատված կարդիոտոկոգրաֆիայով.
8) պտղի գլխի ոչ ճիշտ ներդրում.
ա. բարձր ուղիղ ներդրում
բ. ցածր միջաձիգ ներդրում
գ. դիմային առաջադրություն
դ. ճակատային առաջադրություն
9) պտղի ուսագոտու դիստոցիա.
10) խոշոր և գիգանտ պտուղ.
11) սպի արգանդի վրա.
12) ծննդաբերություն` հեշտոցի միջնապատի դեպքում, որը պահանջում է վիրահատական միջամտություն ծննդաբերության ընթացքում.
13) ծննդաբերական գործունեության անոմալիաներ.
ա. առաջնային և երկրորդային թուլություն
բ. դիսկորդինացիա, արգանդի պարանոցի դիստոցիա
14) ծննդաբերությունը` էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանություններով հղիների մոտ, որոնք պահանջում են նեղ մասնագիտական խորհրդատվություն, լրացուցիչ հետազոտություն և միջամտություն ծննդաբերության կամ հետծննդյան շրջանում` և նեղ մասնագետի կողմից գնահատվել են որպես ծանր աստիճանի.
15) ծննդաբերական տրավմատիզմ.
ա. արգանդի պարանոցի III աստիճանի պատռվածք
բ. շեքի պատռվածք III-IV0
գ. ցայլքային համաճոնի տարամիտում
դ. արտաքին սեռական օրգանների, հեշտոցի, շեքի հեմատոմա` հեմոդինամիկ շեղումներով կամ սակավարյունության զարգացմամբ
16) ծննդալուծման և պտղահատման վիրահատություններ.
ա. աքցանադրում
բ. վակուում-էքստրակցիա
գ. ներքին պտղաշրջում և պտղի տրակցիա
դ. ձեռքային օժանդակություն պտղի հետագա տրակցիայով
ե. էմբրիոտոմիա
17) ծննդաբերություն բազմածին (4-րդ ծննդաբերությունից սկսած), մեծահասակ (>=35) առաջնածին կանանց և դեռահասների (<=17) մոտ.
18) ծննդաբերություն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացած հղիությունների դեպքում:
26. Կեսարյան հատմամբ ծննդալուծումը համարվում է բարդ ծննդաբերություն և դասակարգվում է ըստ բարդության թեթև և բարդ:
27. Կեսարյան հատման վիրահատությունը համարվում է բարդ հետևյալ ախտաբանությունների դեպքում`
1) լրիվ առաջադիր ընկերք, ընկերքի սերտաճում.
2) պտղի գլխի ոչ ճիշտ ներդրում (ապախոնարհված ձևեր` դիմային, ճակատային, պտղի գլխի ուղիղ կանգնում) ախտորոշված ծննդաբերության ընթացքում.
3) պտղի դիստրես սինդրոմ (կայուն սուր հիպոքսիա` հաստատված կարդիոտոկոգրաֆիայով, սոնոգրաֆիայով), անարդյունավետ բուժման դեպքում.
4) կլինիկական նեղ կոնք` գլուխ-կոնքային անհամապատասխանությամբ.
5) սպի արգանդի վրա (2 և ավել).
6) պորտալարի կամ պտղի մանր մասերի արտանկում.
7) ծանր աստիճանի պրեէկլամպսիա.
8) էկլամպսիա, ցնցումներ, էկլամպտիկ կամ կոմատոզ այլ վիճակներ, HEELP սինդրոմ.
9) նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում, արյան մեծ կորուստով, որոնք ուղեկցվում են կոագուլոպաթիայով և կամ/ հեմոդինամիկ խանգարումներով (HB 60գ/լ պակաս) և պահանջում են արյան և փոխարինիչների փոխներարկում.
10) արգանդի տարբեր աստիճանի (սկսվող, ոչ լրիվ, լրիվ) պատռվածքներ հղիության և ծննդաբերության ընթացքում, ներքին և արտաքին արյունահոսությամբ, որոնք պահանջում են շտապ որովայնահատում.
11) ընկերքի զարգացման անոմալիաներ` արյունահոսությամբ և հեմոդինամիկ խանգարումներով (ընկերքի մասնակի կամ լրիվ սերտաճում), վաղ հետծննդյան հիպոտոնիկ արյունահոսություններ` հեմոդինամիկայի խանգարումով` հետծննդյան առաջին 6 ժամերի ընթացքում (HB-ի անկում 90գ/լ-ից պակաս).
12) ծննդաբերությունը՝ հղիների մոտ էքստրագենիտալ ծանր ախտաբանությունների դեպքում, որոնք պահանջում են նեղ սոմատիկ մասնագետների մասնագիտական խորհրդատվություն, նրանց կողմից նշանակված լրացուցիչ հետազոտություն և բուժում, կապված սոմատիկ ախտաբանության հետ:
5. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
28. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության որակի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներն են`
1) ծննդաբերությունների բացարձակ թիվը.
2) բարդ ծննդաբերություններ (տոկոս).
3) կեսարյան հատումների տեսակարար կշիռը ծնունդների ընդհանուր թվի նկատմամբ (տոկոս), առաջնակի կեսարյան հատման չափաբաժինը` ծնունդների նկատմամբ (տոկոս).
4) անհետաձգելի միջամտություններ (տոկոս) հոսպիտալիզացիայի ընդհանուր դեպքերից.
5) մայրական մահվան դեպքերի բացարձակ թիվը վերջին 5 տարվա ընթացքում, ներառյալ այլ հաստատություն տեղափոխած և վերջինիս կողմից մահը արձանագրած դեպքերը.
6) մեռելածնություն (բացարձակ թիվը).
7) պտղի ինտրանատալ մահ (բացարձակ թիվը).
8) նորածինների պոստնատալ մահ (բացարձակ թիվը).
9) վաղաժամ ծննդաբերությունը տեսակարար կշիռը (տոկոս), անհաս նորածիններ տեսակարար կշիռը(տոկոս).
10) ծննդաբերական տրավմաների հաճախականությունը (տոկոս).
11) հետծննդյան թարախասեպտիկ բարդությունների (տոկոս).
12) նորածինների պատվաստումներով ընդգրկվածությունը (տոկոս).
13) սկրինիգներում նորածինների ընդգրկվածության (տոկոս).
14) հակառեզուս իմունոգլոբուլինի ներարկման դեպքերի տոկոս` կարիք ունեցող ծննդկանների թվից.
15) նորածինների` այլ բուժհաստատություններ տեղափոխման տոկոսը.
16) ախտաբանաանատոմիական հերձումների տոկոսը պերինատալ մահվան ընդհանուր դեպքերից.
17) ախտաբանահյուսվածաբանական հետազոտությունների տոկոսը վիրահատական միջամտությունների ընդհանուր թվի նկատմամբ.
18) նորածինների և ծննդկանների դուրս գրման վերաբերյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը տեղեկատվությամբ ապահովման ցուցանիշ (տեղեկացվածների տոկոսը ընդհանուր դուրս գրվածների մեջ).
19) դուրս գրման պահին բացառապես կրծքով կերակրվող երեխաների քանակ (տոկոս):
6. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ԾԱՎԱԼՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության և սպասարկման ապահովում` անհետաձգելի բեղմնականխում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելիչ բուժում, ՄԻԱՎ վարակի խորհրդատվություն և ուղղորդում, ըստ պատվաստման կարգավիճակի` հեպատիտ Բ-ի և փայտացման կանխարգելում, ըստ ցուցումների` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում:
30. Յուրաքանչյուր մեռելածնության դեպքում իրականացնել`
1) համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվական N 13-Ն հրամանի դրույթների` արյան նմուշառում 2 օրինակից` արյան նմուշառման երկարատև պահպանման քարտերի վրա.
2) հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» oրենքի 41-րդ հոդվածը` ուղեգրում ախտաբանաանատոմիական դիահերձման, եթե առկա չէ քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշում:
31. Մանկանը բարեկամ ծննդատների 10 քայլի, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի դրույթների իրականացում` կրծքով կերակրման խորհրդատուի միջին կամ ավագ բուժաշխատողի հաստիքի ապահովմամբ:
32. Բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհիդատվության կազմակերպում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 8-ի N 42-Ն հրամանով սահմանված կարգի, ընդ որում.
1) ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N 4968-Լ հրամանով սահմանված կցումների ցանկին համապատասխան մեթոդական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով 3-րդ մակարդակի բժշկական կազմակերպության տնօրենը սահմանում է հեռաբժշկության իրականացման համար հերթապահությունների ժամանակացույց, այդ մասին տեղեկացնելով կցված բժշկական կազմակերպությունների ղեկավարներին.
2) մարզային բժշկական կազմակերպության հերթապահ բժիշկը ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 8-ի N 42-Ն հրամանով սահմանված կարգով, իսկ դրա տեխնիկական անհնարինության դեպքում առցանց միջավայրում, ձայնագրելու և այդ ձայնագրությունը պահպանելու հնարավորություն ունեցող ծրագրային ցանկացած հավելվածի միջոցով կապ է հաստատում Երևանի ծննդօգնության 3-րդ մակարդակի բժշկական կազմակերպության հետ` մեթոդական և խորհրդատվական աջակցություն ստանալու նպատակով:
33. Քարոզչական աշխատանք, ուղղված բնակչության բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացմանը` առողջության պահպանման, առողջ ապրելակերպի և սնուցման, հիվանդությունների կանխարգելման և այլ հարցերի շուրջ:
34. Ծնունդների, պերինատալ մահացության և մայրական մահացության գրանցման գործընթացի իրականացում:
35. Ծննդաբերության կամ հիվանդության հետ կապված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրում:
36. Բժշկական ձևերի և տեղեկանքների ձևակերպում (հղիության, ծնունդի, հիվանդության կամ մահվան հետ կապված փաստաթղթերը տրվում են անվճար):
37. Հաշվառման վարում և բժշկական վիճակագրական հաշվետվության ապահովում:
38. Տեղեկատվության պատշաճ տրամադրում առողջապահության ոլորտի լիազոր մարմնին:
39. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնության և սպասարկման իրականացման ընթացքում հղին ծննդօգնության շրջանակում իրավունք ունի ստանալու իր ընտրած բժշկի կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայություն` հաշվի առնելով բժշկի համաձայնությունը:
40. Ընտրված բժշկի կողմից մատուցվող բժշկական ծառայության, դրա ֆինանսական փոխհատուցման, տվյալ ծառայության մատուցման համար կնքվող պայմանագրի և գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.01.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|