ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը նշում են, որ հանրապետության կառավարությունը, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմները, մինիստրություններն ու գերատեսչությունները որոշակի աշխատանք են կատարել փախստականների տեղավորման հարցի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների կատարման ապահովման ուղղությամբ:
Ձեռնարկված միջոցների շնորհիվ հանրապետություն եկած 218 հազար փախստականներից արդեն տեղավորվել են 109 հազարը: 89 հազար աշխատունակ փախստականներից 40 հազարը աշխատանքի է ընդունվել: Աստիճանաբար լուծվում են նրանց բնակարանների փոխանակման, անձնական ունեցվածքին պատճառված վնասի փոխհատուցման, անհատական շինարարության համար հողամասերի և վարկերի տրամադրման, միանվագ նպաստների և օգնության կրճատման, աշխատանքային ստաժի պահպանման և գրանցման հարցերը:
Ներկայումս լուծված է ավելի քան 20000 փախստականների թոշակավորման հարցը: Կազմակերպված է բոլոր սովորողների և ուսանողների ուսումը շարունակելու գործը:
Սկսված է նրանց մինչև երեք ամսվա աշխատավարձի չափով միանվագ օգնություն տալու աշխատանքը:
Հանրապետության կառավարությունն իրական ելքեր է որոնում փախստականների բնակարանային պրոբլեմի լուծման համար: Նախատեսված է Բաղրամյանի և Աշտարակի շրջաններում, ինչպես նաև Աբովյանում, Հրազդանում ու Չարենցավանում 8000 ընտանիքների համար նախագծել ու կառուցել բնակելի կոոպերատիվ տներ: Անհատական տներ կառուցողներին հատկացվել է շուրջ 800 հեկտար հողատարածություն և շուրջ 10 մլն ռուբլի արտոնյալ վարկ: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Միջոցներ են ձեռնարկվում գյուղական վայրերում արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի ստեղծման և կոոպերատիվների ցանցի կազմակերպման, գյուղերի գազիֆիկացման, ջրամատակարարման և ճանապարհների շինարարության ուղղությամբ:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը միաժամանակ նշում են, որ փախստականների տեղավորման հարցի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների կենսագործման ապահովման գործում դեռևս կան ոչ քիչ թվով չլուծված պրոբլեմներ ու թերություններ:
Ժողովրդական դեպուտատների մի շարք շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներ անհոգի ու անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում փախստականների ընդունման, տեղավորման և սոցիալ-կենցաղային հարցերի լուծման նկատմամբ:
Լուրջ դժվարություններ կան հատկապես փախստականների բնակարանային պրոբլեմի լուծման գործում: Շատ դանդաղ են լուծվում բնակարանների փոխանակման և հողահատկացման հարցերը: Առանձին շրջաններում (Արտաշատի, Էջմիածնի, Կալինինոյի) անհատական բնակարանային շինարարության համար միանգամայն անբավարար է կազմակերպված շինանյութերով ապահովելու գործը:
Փախստականների համար բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման գործում քիչ չեն քաշքշուկի, անհոգի վերաբերմունքի դրսևորումները, բյուրոկրատական մոտեցման փաստերը: Հանրապետության պետպլանը, պետշինը, պետագրոարդը պատշաճ օպերատիվություն չեն ցուցաբերում նախատեսված քաղաքներում ու շրջաններում կոոպերատիվ շինարարության համար տեղի ընտրության, գլխավոր սխեմաների և հատակագծերի կազմման, նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակման հարցերի շուտափույթ լուծման գործում:
Հայկական ԽՍՀ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեն և ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմները դանդաղկոտություն են հանդես բերում փախստականների գրանցման ու աշխատանքի տեղավորման հարցերում: Այսօր շուրջ 50 հազար աշխատունակ փախստականներ ներգրավված չեն հանրօգուտ աշխատանքում, 35 հազարից ավելի մարդ ընդհանրապես գրանցված չէ:
Առկա են փախստականների բնակության վայրերում առևտրական, կենցաղային և այլ ծառայությունների կազմակերպման գործում անտարբերության փաստեր: Հայկոոպի վարչության, առևտրի մինիստրության, ժողովրդական դեպուտատների Վարդենիսի, Կալինինոյի, Կրասնոսելսկի, Եղեգնաձորի, Ազիզբեկովի շրջխորհուրդների գործկոմների անբավարար աշխատանքի հետևանքով մի շարք քաղաքների ու գյուղերի առևտրի օբյեկտներում բացակայում են առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ, պարենամթերք և այլն, որը առաջացնում է փախստականների իրավացի դժգոհությունը:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
1. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` ապահովել փախստականների տեղավորման հարցի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների իրականացման ուղղությամբ մշակված միջոցառումների անվերապահ կատարումը:
2. Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` կոնկրետ օգնություն ու աջակցություն ցույց տալ փախստականներին բնակարանների փոխանակման, գրանցման, աշխատանքի տեղավորման և սոցիալական մյուս հարցերի լուծման գործում:
3. Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին, հանրապետության համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների, հիմնարկների և ձեռնարկությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպություններին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ փախստականների կարիքների հրատապ լուծման համար, նրանց շրջապատել ամենօրյա հոգատարությամբ: Առանձնակի ուշադրություն նվիրել հաշմանդամներին, զառամյալներին, միայնակ անձանց և բազմազավակ ընտանիքներին:
Ամենուրեք ստեղծել մարդկանց նորմալ հոգեվիճակ ապահովող բարոյահոգեբանական մթնոլորտ, որը հնարավորություն կընձեռի նրանց ակտիվորեն ներգրավելու հանրօգուտ աշխատանքում:
4. Հանձնարարել հանրապետության պետագրոարդին, պետշինին, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` մեկամսյա ժամկետում լուծել անհատական և կոոպերատիվ տների կառուցման ցանկություն ունեցող բոլոր փախստականներին անհրաժեշտ հողատարածություններ հատկացնելու հարցը:
5. Հանրապետության պետպլանին, պետմատին, ֆինանսների մինիստրությանը, առևտրի մինիստրությանը, Հայկոոպի վարչությանը, ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկին` ապահովել փախստականների անհատական տների շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի, նյութատեխնիկական ռեսուրսների, վարկերի և այլ միջոցների ու նյութերի առանձնացումն ըստ շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների հայտերի:
6. Պետպլանին, պետշինին, պետագրոարդին` սեղմ ժամկետում վերջնականապես լուծել նախատեսված քաղաքներում ու շրջաններում փախստականների համար կոոպերատիվ շինարարության գլխավոր սխեմաների և հատակագծերի կազմման, նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակման, կապալառու կազմակերպությունների որոշման հարցերը:
7. Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` ամենասեղմ ժամկետում նորոգել և կարգի բերել դատարկ տները, անհրաժեշտ պայմաններ ստեղծել փախստականների բնակեցման համար:
Հանրապետության ֆինանսների մինիստրությանը, պետշինին, պետմատին ու պետագրոարդին` համապատասխան միջոցներ և նյութեր առանձնացնել այդ աշխատանքների իրականացման համար:
8. Ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմներին, նրանց ներքին գործերի բաժիններին, ավանային ու գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկ ամսվա ընթացքում ավարտել բոլոր փախստականների գրանցման ձևակերպումը:
9. Հանրապետության սոցիալական ապահովության մինիստրությանը` կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների թոշակավորման գործերը ստանալու, ընթացքի մեջ եղած գործերի ձևակերպումը արագացնելու համար:
10. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին, Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին` ձեռնարկել գործնական միջոցներ փախստականների թոշակավորման, նպաստների հատկացման, աշխատանքային ստաժի պահպանման և սոցիալական ապահովվածության մյուս հարցերի պատշաճ լուծման համար:
Պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի հետ համատեղ հատուկ ուշադրություն դարձնել Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի հաշմանդամների սոցիալ-կենցաղային հարցերի ժամանակին լուծմանը:
11. Հանձնարարել պետպլանին, պետագրոարդին` մինիստրությունների, գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել փախստականներով բնակեցված գյուղերի առաջնահերթ գազիֆիկացման, ջրամատակարարման, կոյուղու անցկացման, ինչպես նաև առողջապահության, ժողովրդական կրթության, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտների նախագծման և կառուցման կոմպլեքսային ծրագիր:
12. Հայկոոպի վարչությանը, առևտրի մինիստրությանը, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` արմատապես բարելավել փախստականների բնակության վայրերում առևտրական սպասարկման, արդյունաբերական և պարենային ապրանքների մատակարարման ու տեսականու ընդլայնման գործը: Պետպլանին` այդ նպատակով հատկացնել լրացուցիչ ռեսուրսներ:
13. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` գույքագրել բնակարանային ֆոնդը և երկու ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել Մինիստրների խորհուրդ դատարկ և լքված տների բնակեցման մասին:
14. Հանձնարարել պետշինին և պետագրոարդին` մեկ ամսվա ընթացքում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Բաղրամյանի շրջանի շինարարական կազմակերպությունների բազայի ամրապնդման ու ընդարձակման ուղղությամբ, ավելացնել բնակարանային շինարարության հզորությունները:
15. Հանրապետության պետպլանին` մեկ ամսվա ընթացքում համապատասխան մինիստրությունների, ձեռնարկությունների և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ քննության առնել և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել փախստականների զանգվածային բնակչության վայրերում արդյունաբերական ձեռնարկությունների, կոոպերատիվների մասնաճյուղերի, գյուղացիական տնտեսությունների և ընտանեկան ֆերմաների ստեղծման վերաբերյալ:
16. Հանրապետության ժողովրդական կրթության մինիստրությանը` կազմակերպել փախստականների համար մայրենի լեզվի ուսուցման դասընթացներ, նրանց հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին:
17. Հանձնարարել հանրապետության Մինիստրների խորհրդին` փախստականների բնակարանային, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման գործում աշխատավորական կոլեկտիվների ֆինանսական և նյութատեխնիկական հնարավորությունները ներգրավելու նպատակով շրջանների կոնկրետ տնտեսություններ ամրակցել մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների և ձեռնարկությունների:
18. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` միութենական մինիստրությունների հետ համատեղ քննության առնել և լուծել փախստականների պետական, կոոպերատիվ և սեփական տների ու բնակարանների, վնասված անձնական գույքի արժեքի հատուցման, արտոնյալ թոշակավորման, միանվագ օգնության և այլ չլուծված պրոբլեմներ:
19. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` քննարկել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր մշտական բնակության վայրերը թողած քաղաքացիների հետ տարվող աշխատանքի վարչության բազայի վրա վերադարձող հայերի ընդունման և տեղավորման Հայկական ԽՍՀ պետական կոմիտե ստեղծելու հարցը և առաջարկություն ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին:
Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴի նախագահ` |
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
1 դեկտեմբերի 1989 թվականի, |