ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«10» ապրիլ 2025 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՍՈՒՐ ՓՈՒԼՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ժգ» պարբերությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մի շարք հիվանդությունների կամ վիճակների սուր փուլում վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10.04.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «10 » ապրիլ 2025 թվականի N 37-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՍՈՒՐ ՓՈՒԼՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են ամբողջ բնակչության համար սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված հիվանդությունների կամ վիճակների սուր փուլում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման (Այսուհետ` Վերականգնողական ծառայություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Վերականգնողական ծառայությունը բժշկական օգնության և սպասարկման համալիր միջոցառում է, որը կազմակերպվում և իրականացվում է սուր փուլում հիվանդությունների կամ վիճակների պարագայում, ուղղված է պացիենտի առօրյա կյանքի համար անհրաժեշտ ֆիզիկական, մտավոր, հաղորդակցության և ճանաչողական կարողությունների ֆունկցիոնալ վերականգնմանը և պահանջում է շուրջօրյա բժշկական հսկողություն հիվանդանոցային պայմաններում:
3. Վերականգնողական ծառայությունը ներառում է սուր փուլում բժիշկ վերականգնողաբանի կողմից իրականացվող դեպքի գնահատումը և վարումը, ըստ անհրաժեշտության, ֆիզիկական թերապիայի կամ կինեզիոթերապիայի, էրգոթերապիայի, լոգոպեդի և հոգեբանի ծառայությունները, աջակցող տեխնոլոգիաների կիրառումը՝ հիմնված բժիշկ վերականգնողաբանի ցուցումների վրա:
4. Հիվանդանոցային պայմաններում Վերականգնողական ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` ՎԲՕՍ) տեսակով լիցենզիա ունեցող`
1) բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում (այսուհետ` ԻԹԲ).
2) բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համապատասխան մասնագիտացված բաժանմունքներում.
3) բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների վերականգնողական բաժանմունքներում կամ այն մասնագիտացված վերականգնողական կենտրոններում, որոնք ապահովում են շուրջօրյա վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի ծառայություններ (այսուհետ` ԻԹԾ) և բժշկական հսկողություն:
5. Վերականգնողական ծառայության կազմակերպումը և իրականացումը մեկնարկում է անմիջապես վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` հիմնական բուժմանը զուգահեռ, այնուհետև շարունակվում համապատասխան մասնագիտացված բաժանմունքներում` հիմնական բուժմանը զուգահեռ, և վերջում, անհրաժեշտության դեպքում, իրականացվում վերականգնողական բաժանմունքում կամ մասնագիտացված վերականգնողական կենտրոնում, ընդ որում`
1) հիվանդանոցային պայմաններում ՎԲՕՍ տեսակով լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հիմնական բուժմանը զուգահեռ օրական իրականացվում է առավելագույնը 2 թերապիա (սեանս)՝ յուրաքանչյուրը 20 - 30 րոպե տևողությամբ: Բուժման կուրսի տևողությունը կախված է վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պացիենտի գտնվելու տևողությունից.
2) հիվանդանոցային պայմաններում ՎԲՕՍ տեսակով լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համապատասխան մասնագիտացված բաժանմունքներում հիմնական բուժմանը զուգահեռ օրական իրականացվում է առավելագույնը 2 թերապիա (սեանս)՝ յուրաքանչյուրը 20 - 30 րոպե տևողությամբ: Բուժման կուրսի տևողությունը կախված է համապատասխան մասնագիտական բաժանմունքում պացիենտի գտնվելու տևողությունից.
3) հիվանդանոցային պայմաններում ՎԲՕՍ տեսակով լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների վերականգնողական բաժանմունքում կամ մասնագիտացված վերականգնողական կենտրոնում, որն ունի վերակենդանացման ծառայություն կամ ԻԹԲ կամ ԻԹԾ, իրականացվում է նվազագույնը 2 թերապիա (սեանս)` երեխաների համար յուրաքանչյուրը 30 րոպե, իսկ մեծահասակների համար՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ:
6. Հիվանդանոցային պայմաններում ՎԲՕՍ տեսակով լիցենզիայի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բազմապրոֆիլ բժշկական կազմակերպության վերականգնողական բաժանմունքում կամ մասնագիտացված վերականգնողական կենտրոնում Վերականգնողական ծառայության տրամադրման տարվա ընթացքում սահմանված է հետևյալ օրերի քանակը՝
1) ողնուղեղի հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում` անընդմեջ առավելագույնը 168 օր.
2) գլխուղեղի հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում` անընդմեջ առավելագույնը 120 օր.
3) այլ հիվանդությունների կամ վիճակների դեպքում` անընդմեջ առավելագույնը 46 օր:
7. Վերականգնողական ծառայություն մատուցելիս՝ գործընթացը մեկնարկում է բժիշկ վերականգնողաբանի կողմից պացիենտի կարիքների գնահատմամբ, ընթացիկ և հնարավոր խնդիրների վերհանմամբ, նպատակների առաջադրմամբ, վերականգնողական թիմի հետ բուժման պլանի մշակմամբ և պարբերաբար բուժման արդյունավետության վերագնահատմամբ, որն իրականացվում է առնվազն շաբաթը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:
8. Վերականգնողական ծառայության գործընթացն ավարտվում է բժիշկ վերականգնողաբանի կողմից պացիենտի վիճակի առաջընթացի վերջնական գնահատմամբ, պացիենտի բժշկական փաստաթղթերում նշելով. մեկնարկի փուլում սահմանված նպատակներին հասնելու ծավալը, տրամադրվում առաջարկություններ ընթացիկ ֆունկցիոնալ կարգավիճակը պահպանելու կամ լրացուցիչ խնամքի կամ թերապիայի վերաբերյալ, ներառյալ աջակցող տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության ցուցումը, տրամադրվում է վերականգնողական միջմասնագիտական թիմի հետ համակարգմամբ պացիենտի դուրսգրման համապարփակ պլանը:
9. Վերականգնողական ծառայության կազմակերպման և իրականացման համար բժշկական հաստատությունն ապահովում է բազմամասնագիտական վերականգնողական թիմի առկայությունն առնվազն հետևյալ կազմով`
1) բժիշկ վերականգնողաբան.
2) կինեզիոթերապիստ/ ֆիզիկական թերապիստ.
3) էրգոթերապիստ.
4) հոգեբան.
5) լոգոպեդ.
6) միջին և կրտսեր բուժանձնակազմ։
10. Հիվանդության կամ վիճակի սուր փուլում վերականգնողական բաժանմունքում կամ մասնագիտացված վերականգնողական կենտրոնում Վերականգնողական ծառայությունն իրականացնելու համար՝ բժշկական հաստատությունն իր կազմում ապահովում է նաև նեղ մասնագետների խորհրդատվությունները և մասնակցությունը բուժման գործընթացին, ըստ անհրաժեշտության՝ օրթեզիստի կամ պրոթեզիստի առկայությունը:
11. Սուր փուլին հաջորդող ենթասուր փուլում և արտահիվանդանոցային պայմաններում տրամադրվող վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով նախատեսված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար:
12. Հիվանդությունները կամ վիճակները, որոնց դեպքում ցուցված է վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում սուր փուլում ներկայացված են Աղյուսակում.
Աղյուսակ |
Հ/Հ |
Անվանում |
Կոդը (ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի) |
1. |
Գլխուղեղի անոթային հիվանդությունների հետևանքներ |
I60-I64 (I69) |
2. |
Ողնուղեղի անոթային (վասկուլյար) միելոպաթիաներ |
G95.1, G95.2 |
3. |
Գլխի վնասվածքների հետևանքներ |
S06-S09 (T90) |
4. |
Ողնուղեղի վնասվածքի հետևանքներ |
S14.0-S14.1, S24.0-S24.1, S34.0-S34.1 (T91.3) |
5. |
Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդությունների հետևանքներ |
G00-G09, G37 |
6. |
Սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի բարդություններ |
G61 |
7. |
Վիճակ գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների վիրահատությունից հետո |
C70-C72, D33-D43 |
8. |
Վիճակ ողնուղեղի վիրահատությունից հետո |
S13, S14, S16, S18, S19 |
9. |
Մարմնի բազմակի շրջաններ ընդգրկող վնասվածքներ (Պոլիտրավմաներ) |
T02-T07 |
10. |
Ջերմային այրվածքների, քիմիական այրվածքների և ցրտահարման հետևանքներ |
T95 |
11. |
Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանի հավելված 1-ով սահմանված ցանկի 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 4.1-ին ենթակետերով նախատեսված վիճակներ` վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածում |
- |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2025 թվական: