Գլխավոր տեղեկություն
Համար
N 37
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.02.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 37

 

15. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿԻՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը`

1. Հավանություն տալ`

1) «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 22-ի նիստի N 37

արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագիրը /այսուհետ Ծրագիր/ մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշման հավելվածի 4.4.7. կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի դրույթների:

Ծրագիրը սահմանում է ԱՊՀ երկրների հայ համայնքների կյանքում առկա մարտահրավերները, կրթամշակութային խնդիրները, դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումների ցանկը` նախատեսված 2012-2014 թվականների ժամանակահատվածի համար:

 

I. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

 

1. Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանում հայկական սփյուռքի ձևավորման առավել ակտիվ շրջանը կապված է խորհրդային տարիների հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ են հիմնադրվել ՌԴ հայաշատ երկրամասերում, մարզերում և քաղաքներում: Միաժամանակ ընթացել են անքակտելի երկու գործընթացներ` հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր իրավունքների վերականգնում ու հոգևոր կյանքի աշխուժացում: Այսօր իրենց կազմակերպվածությամբ, ակտիվությամբ, հայապահպանության և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ նշանակալի դերակատարությամբ աչքի են ընկնում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պրիմորիեի երկրամասերի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Օմսկի, Չելյաբինսկի, Տյումենի, Պերմի, Կալուգայի, Տվերի, Նովգորոդի, Սարատովի, Սամարայի, Յարոսլավլի, Ուլյանովսկի, Ռյազանի մարզերի, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքների, Հյուսիսային Օսեթիա-Ալանիա, Բաշկորտոստանի, Ադըղեյի, Թաթարստանի հանրապետությունների հայկական հասարակական կազմակերպություններն ու ազգային-մշակութային ինքնավարությունները:

2005 թվականի պաշտոնական տվյալներով ՌԴ-ում բնակվում է շուրջ 1.1 միլիոն հայ, համաձայն այլ աղբյուրների` 2-2.5 միլիոն:

Ռուսաստանի մի շարք շրջաններում` Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, հայերն իրենց թվով երկրորդ տեղն են զբաղեցնում ռուսներից հետո և, ի տարբերություն շատ այլ ազգերի, համահավաք բնակվում են առանձին բնակավայրերում:

Ռուսաստանի դաշնային վարչական տարածքների մեծ մասում գործում են հայկական ազգային-մշակութային ինքնավարություններ, համայնքային հասարակական, գործարարների, երիտասարդական, կանանց, ուսանողական կազմակերպություններ և միություններ: Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ: Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի էլեկտրոնային կայքէջեր և թերթեր: Հայ ազգային ու Հայաստանի Հանրապետության պետական տոների, պատմամշակութային նշանակալից տարեթվերի առթիվ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, իրականացվում են տարբեր ծրագրեր։

Ռուսաստանի հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում հայկական եկեղեցաշինության, կիրակնօրյա դպրոցների բացման, մարզական համահայկական խաղերի մասնակցության, ռուսական կենտրոնական և տարածաշրջանային հեռուստաալիքներով հայկական հաղորդումների հեռարձակման գործում:

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է շուրջ 40 հայկական եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՌԴ-ում ունի երկու թեմ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան), Հարավային Ռուսաստանի (թեմի առաջնորդ Եզնիկ եպիսկոպոս Մովսիսյան):

Ռուսաստանի հայ համայնքը հիմնականում համախմբված է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության շուրջ:

Չնայած այդ ամենին՝ համայնքների շուրջ համախմբվում է հայության փոքր մասը, իսկ ճնշող մեծամասնությունը, զբաղված լինելով ընտանիքի գոյության համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, բավարարվում է տոների առիթով եկեղեցի այցելելով՝ այսպիսով կամաց-կամաց նահանջելով ազգային արմատներից։

 

2. Ուկրաինայի հայ համայնքը

 

Համաձայն պատմագիտական տվյալների` Ուկրաինայում հայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, Ուկրաինայի արևմտյան և հարավային հատվածներում և առանձնահատուկ դերակատարություն ու նշանակալի ներդրում են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ։ Այդ մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները:

Այսօր Ուկրաինայում ապրում է ավելի քան 400 000 հայ, որը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40 000 հայ: Հայ համայնքի յոթանասուն տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից Ուկրաինա գաղթած մեր հայրենակիցները:

Սկսած 1988 թվականից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուկրաինական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ: Ուկրաինայում գործում է հայ համայնքին վերադարձված, վերանորոգված և նոր կառուցված ավելի քան քսան հայկական եկեղեցի:

2001 թվականին Ուկրաինայում հիմնադրվել է համաուկրաինական կառույց` «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը, որն իր բնույթով առավելապես համայնքային հասարակական կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին է: Ուկրաինայում գործում է 24 կազմակերպված տարածաշրջանային համայնք և ՈւՀՄ-ի 3 ներկայացուցչություն: ՈւՀՄ-ն միավորում է համայնքները` համախմբելով նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Միությունը համագործակցում է Ուկրաինայի բոլոր պետական մարմինների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, այլ ազդեցիկ ուժերի հետ:

Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Ժիտոմիրի, Լվովի, Կիևի հայ համայնքները։ Ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒՀՄ-ին կից գործող ՈՒկրաինայի հայ երիտասարդների միությունը:

ՈւՀՄ-ի հովանավորությամբ գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ, տպագրվում են թերթեր: 10-հազար տպաքանակով հրատարակվում է միության ռուսալեզու «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որտեղ զետեղվում են նաև ուկրաիներեն ու հայերեն հոդվածներ:

ՈւՀՄ-ին կից ստեղծվել է Հայագիտության կենտրոն, հիմնադրվել «Հայագիտական հետազոտությունները Ուկրաինայում» գիտական պարբերական:

Ղրիմում Վերածնության միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է նախագիծ, որի շնորհիվ հայկական բոլոր ճարտարապետական հուշարձանները գրանցվել են, իրականացվել է դրանց մանրամասն նկարագրական և լուսանկարչական փաստագրում:

 

3. Բելառուսի հայ համայնքը

 

Բելառուսի հայ համայնքը հիմնվել է 1990թ. (գրանցվել է 04.01.1992թ.)` հայ մտավորականների և խոշոր գործարարների նախաձեռնությամբ:

1999 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն` Բելառուսում բնակվել է 10 191 հայ, որից 2 800-ը՝ Մինսկում: 2003 թվականի ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է շուրջ 30 000-ի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո:

Բելառուսի հայ համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն ունի ավելի քան 300 անդամ: Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, ով միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է:

Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002 թվականին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուի էջերում հիշատակվում է տասը հայի անուն: Մինսկի հինգ փողոց կրում է հայորդիներ Մյասնիկյանի, Գայի, Ալեբեգովի, Ավագյանի, Այվազովսկու անունները։

1991 թվականին հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որն այժմ հայերի հիմնական հավաքատեղին է։ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը պատրաստվել է Հայաստանում, օծվել՝ Էջմիածնում: Ներկայում Մինսկում կառուցվում է հայկական եկեղեցի:

Մինսկի «Հայաստան» կրթամշակութային ընկերությունից բացի՝ Բելառուսում գործում է հայկական ևս չորս հասարակական կազմակերպություն` Մոգիլյովի «Մասիս» մարզային բարեգործական հայկական հասարակական միավորում (ունի բաժանմունք նաև Բոբրույսկ քաղաքում), Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» տարածաշրջանային հասարակական միավորում, Բոբրույսկ քաղաքի «Ուրարտու» հասարակական կազմակերպություն և մեկ` «Հայ Առաքելական կրոնական համայնք»՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիով։ Հայկական հասարակական կազմակերպություններ կան նաև Բրեստում, Վիտեբսկում և Գոմելում։

Բելառուսում գործում են «Էրեբունի» երգի-պարի ազգագրական, «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, «Մորֆե Աքուսթիք Բանդ» (“Morfe Acoustic Band”) ջազային խումբը: 1991 թվականից Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որի աշակերտների թիվը վերջին 2 տարում հասել է 150-ի:

Բելառուսում հրատարակվում են հայկական «Միասին» թերթը և «Անիվ» ամսագիրը։ Հայ համայնքի կյանքը լուսաբանում է նաև «Նոյյան տապան»-ը, որը թեև լույս է տեսնում Ռուսաստանում, սակայն Մինսկում ունի հատուկ թղթակից։

 

4. Մոլդովայի հայ համայնքը

 

Ներկայումս Մոլդովայի տարածքում բնակվում է շուրջ 12 000 հայ՝ հիմնականում Քիշնև, Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետությունում) քաղաքներում: Մոլդովայի հայ համայնքում գործում է չորս հայկական հասարակական կազմակերպություն՝ «Մոլդովայի հայ համայնք» (1992թ.), «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» (2000թ.) և Մոլդովայի հայ կանանց «Տաթևիկ» կազմակերպություն (1998թ.), որոնք միավորվել են «Մոլդովայի Հանրապետության` Հայկական կազմակերպությունների միության» մեջ։

«Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպությունը առանձնանում է իր մշակութային և հասարակական ակտիվ գործունեությամբ, լայն ճանաչում ունի Քիշնևում և Մոլդովայի հարակից շրջաններում, արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու պատվոգրերի, Մոլդովայի Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի փոխխոսնակի, Քիշնևի քաղաքապետի շնորհակալագրերին։ Կազմակերպության ղեկավարի ջանքերով ամեն տարի մեծ շուքով նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները: Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց և «Արմենիա» հայկական մշակութային կենտրոնը: Կիրակնօրյա մի դպրոց էլ գործում է «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» համայնքին կից։

Քիշնևում գործում է հայկական երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (կառուցված 1804թ.) և Սուրբ Հարություն (կառուցված 1904թ.)։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ շուրջ 60 տարի գտնվել է լեհական կաթոլիկ եկեղեցու տրամադրության տակ և չի ծառայել հայությանը, 1992 թվականին իր հարակից տարածքով և շինություններով 25 տարվա անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Մոլդովայի հայ համայնք» կազմակերպությանը: «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» կազմակերպության ջանքերով այժմ եկեղեցին վերանորոգվել է, նրա հարակից տարածքում բացվել է կիրակնօրյա դպրոց և մշակույթի կենտրոն։ Մոլդովայի Բելց քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։

 

5. Թուրքմենստանի հայ համայնքը

 

Թուրքմենստանում հայկական գաղթավայրերի պատմությունը բաժանվում է չորս փուլի` 1881-1917թթ.- հայկական գաղթավայրերի կազմավորում և արագ զարգացում, 1917-39 թթ. հայ համայնքների իրավական և ազգային-մշակութային ինքնավարության բռնի վերացում, 1939-91 թթ.՝ հայերի ուծացման քաղաքականության իրականացում, 1991-ից մեր օրերը` ազգային կյանքի վերականգնում:

Ըստ 1995 թ. մարդահամարի տվյալների՝ Թուրքմենստանում հայերի թիվը կազմում է մոտ 35 հազար: Դրանց միայն 40% է իր մայրենի լեզուն համարում հայերենը: Թուրքմենստանում բնակվող հայերի մեծամասնությունը խոսում է հայերեն արցախյան կամ սյունյաց բարբառներով, իսկ գրական հայերենին տիրապետում է ընդամենը 670 մարդ: Հայերի մեծ մասը տիրապետում է նաև թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների:

Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Աշգաբադում, նաև Մառիում, Թուրքմենբաշիում, Էլոտանում, Թուրքմենաբադում:

Թուրքմենստանում հայկական համայնքային կազմակերպություններ չկան: Հայ ակտիվիստների ջանքերով, սկսած 2009թ.-ից, երկրի տարբեր քաղաքներում հիմնադրվել են 4 մեկօրյա դպրոցներ, որոնք ունեն որակյալ կադրերի կարիք:

 

6. Ղազախստանի հայ համայնքը

 

2009թ. տվյալներով Ղազախստանում բնակվում է շուրջ 25.000 հայ: Ոչ պաշտոնական տվյալներով հայերի թիվը կազմում է մոտ 60.000: Նրանց զգալի մասն ապրում է Ալմաթիում, մյուսները կենտրոնացած են հիմնականում Կուստանայում, Ակտյուբինսկում, Կարագանդայում:

2004թ. հոկտեմբերին Ալմաթիում ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միությունը, որը միավորում է Ղազախստանի տարածաշրջանների հայկական ազգային կազմակերպությունները:

Ղազախստանի քաղաքներում գործում են մի շարք հայկական համայնքային կազմակերպություններ, որոնց թվում են «Վան» ազգային-մշակութային հայկական կենտրոնը (Աստանա), «Էրեբունի» հայկական համայնքը (Կոստանայ), «Ուրարտու» հայկական համայնքը (Ակտոբե), Արևելյան Ղազախստանի «Արարատ» հայկական մշակութային կենտրոնը (Ուստ Կամենոգորսկ), Արևմտյան Ղազախստանի «Նոյան Տապան» հայկական-լուսավորչական միությունը (Ուրալսկ), Հարավ-Ղազխստանյան շրջանի հայկական մշակութային կենտրոնը (Կոկչետավ), «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնը (Կարագանդա), Մագիստաուսկայա մարզի հայկական ազգային մշակութային կենտրոնը (Ակտաու), «Կենտրոն» հայկական մշակույթի կենտրոնը (Պետրոպավլովսկ), «Հայրենիք» հայկական համայնքը (Պավլոդար), Հայկական մշակութային կենտրոնը (Տալդի-Կուրգան):

Հայկական սփյուռքը Ղազախստանում ներկայացված է Ղազախստանի ժողովուրդների վեհաժողովում (ասամբլեա):

Համայնքային կազմակերպություններին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, հայկական մշակույթ, հայոց պատմություն: Ղազախստանի գրեթե բոլոր քաղաքներում հայկական մշակութային կենտրոններին կից գործում են պարային և երաժշտական համույթներ:

 

7. Տաջիկստանի հայ համայնքը

 

1990-ական թթ.՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երկրում ստեղծված անկայուն քաղաքական վիճակի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթը Տաջիկստանից: 1994 թ. Տաջիկստանում բնակվում էր 6 հազար հայ, որոնց մեծ մասը կենտրոնացած էր Դուշանբեում: 2003թ. տվյալներով հայերի թիվը երկրում կազմում էր շուրջ 3 հազար: Դուշանբեում գործում է «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային ընկերությունը, որը հիմնվել է 1989 թ. դեկտեմբերի 9-ին: Համայնքում կարևորվում է Տաջիկստանի հայերի զբաղվածության խնդիրը, հայերենի և հայոց պատմության ուսուցման կազմակերպումը, բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ հայերեն պետք է սովորեն նաև երեխաների ծնողները:

 

8. Ուզբեկստանի հայ համայնքը

 

1920-30-ական թթ. խորհրդային իշխանության տարիներին, Ուզբեկստանում հայերի թիվը շարունակել է ստվարանալ՝ ի հաշիվ Անդրկովկասից և Ռուսաստանից ներգաղթող հայերի: Ըստ 1970, 1979, 1989 թվականների համամիութենական մարդահամարների տվյալների` հայերի թիվն Ուզբեկստանում կազմել է համապատասխանաբար` 34,2 հազար, 42,4 հազար և 50,5 հազար:

2005 թ. տվյալներով Ուզբեկստանում բնակվում էր շուրջ 80 հազար հայ, որից 50 հազարն ունի Ուզբեկստանի քաղաքացիություն: Հայերը հիմնականում կենտրոնացած էին Տաշքենդ (30 հազար) և Սամարղանդ (32 հազար) քաղաքներում: Հայկական համայնք կա նաև Անդիժանում:

ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո Ուզբեկստանի հայերը հնարավորություն են ստացել դրսևորելու իրենց ավանդական ձեռներեցությունը և նախաձեռնությունը: Տաշքենդում, Սամարղանդում, Անդիժանում, Ֆերգանայում և այլ քաղաքներում նրանք հիմնել են առևտրական տարբեր ձեռնարկություններ, բացել սրճարաններ, պանդոկներ, դարձել սեփականաշնորհված գործարանների և ֆաբրիկաների տերեր: Դրա հետ մեկտեղ համայնքում սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքը:

Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո (1991) հիմնվել են Տաշքենդի Հայ մշակույթի կենտրոնը և Սամարղանդի «Լույս» մշակութային կենտրոնը, որոնք միավորված են Ուզբեկստանի հայ ազգամշակութային կենտրոնի ներքո: Տաշքենդում և Սամարղանդում գործում են հայկական եկեղեցիներ:

 

9. Ղրղզստանի հայ համայնքը

 

2003թ. պաշտոնական տվյալներով Ղրղզստանում բնակվում է 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3 հազար հայ, որոնք կենտրոնացած են գլխավորապես մայրաքաղաք Բիշկեքում: Հայերը բնակվում են նաև Չույսկի, Օշսկի և Ջալալ Աբադսկի մարզերում:

2004թ. Ղրղզստանի հայ համայնքը համալրվել է Թուրքմենստանից գաղթած հայերի հաշվին:

Հայերի թվում շատ են միջին և մանր ձեռներեցները, արհեստավորները, բյուջետային համակարգի աշխատակիցները (բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ): Նրանց 50% տիրապետում է մայրենի լեզվին, պարբերաբար այցելում է Հայաստան և մշտական կապ պահպանում Հայաստանում բնակվող իրենց բարեկամների հետ:

1996թ. Ղրղզստանում ստեղծվել է «Ղրղզստանում հայերի «Քարավան» հասարակական միավորումը», որը 2009թվականի հոկտեմբերին վերանվանվել է «Նաիրի»: Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց, որն ունի որակյալ կադրերի կարիք, և պարային համույթ: Հայերը մասնակցում են Ղրղզստանում կազմակերպված համերգներին և մշակութային միջոցառումներին: Համայնքը Ղրղզստանի ազգերի վեհաժողովի հովանու ներքո մասնակցել է համահանրապետական մշակութային միջոցառումներին և մրցույթներին: Միավորումն իրականացնում է հայապահպան գործունեություն` ուղղված երիտասարդ սերնդի դաստիարակությանը և հայ մշակույթի ու կրթության հանրամատչելիացմանը:

 

II. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Տարածաշրջանում տարբեր գնահատականներով բնակվում է շուրջ երեք միլիոն հարյուր քսան հազար հայ, որից Ռուսաստանում` 2.5 միլիոն, Ուկրաինայում` 400 հազար, Բելառուսում` 30 հազար, Մոլդովայում` 12 հազար, Թուրքմենստանում՝ 35 հազար, Ղազախստանում՝ 60 հազար, Տաջիկստանում՝ 3 հազար, Ուզբեկստանում՝ 80 հազար:

2. գաղթօջախների աշխարհագրական դիրքը (ռուսաց լեզվի ազդեցության ոլորտի առկայությունը) և մեծ հեռավորությունը հայաշատ, կայուն գաղթօջախներից հանգեցնում են հայկական սփյուռքի ազգային դիմագծի աղավաղումների ու կորստի.

3. երիտասարդ սերունդը հիմնականում չի տիրապետում մայրենի լեզվին կամ տիրապետում է միայն խոսակցական լեզվին, որն էլ, գործածության ոլորտ չունենալով, աստիճանաբար մոռացվում է.

4. մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները (մոտավորապես 60 տոկոս).

5. առանձին երկրներում (Մոլդովա, Տաջիկստան, Ղրղզստան, ՌԴ հեռավոր դաշնային օկրուգներ և այլն) թույլ է համայնքի կապը Հայաստանի Հանրապետության և այլ հայաշատ գաղութների հետ.

6. հայ ընտանիքներում ցածր է ծնելիության մակարդակը.

7. Հայաստանի Հանրապետության և հայության մասին հայերեն տեղեկատվության դժվար հասանելիությունը.

8. հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն օրավուր նվազում է, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (հայերեն սովորում են նրանք, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, մյուսներին մայրենի լեզուն սովորելն անհեռանկարային է թվում), գաղթօջախներում մեծ է ռուսական կրթություն ունեցող հայերի տեսակարար կշիռը (հիմնականում Ադրբեջանից գաղթած հայերը), հայկական կրթօջախները փոքրաթիվ են, դրանցում կա փորձառու ուսուցիչների մեծ պակաս, դպրոցների հեռու լինելու պատճառով շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկելուց, երեխաներն ու երիտասարդները խուսափում են հայկական կիրակնօրյա դպրոցներից, որովհետև դրանք դիտում են՝ որպես իրենց միակ հանգստի օրվա կորուստ կամ ավելորդ զբաղվածություն, Միջինասիական տարածաշրջանի երկրներում բնակվող հայերի համար հայերենը դառնում է երրորդ լեզու, որովհետև նրանք պարտադրված են սովորել իրենց բնակության երկրի լեզուն և ռուսերենը։

9. զգացվում է մշակութային լուրջ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կադրերի պակաս.

10. դպրոցական գրադարաններում, գրախանութներում և մշակութային կենտրոններում չկան հայատառ գրքեր (գեղարվեստական, պատամշակութային, քաղաքական և այլն), ինչը բարդացնում է լեզվի ուսուցումը.

11. բացակայում են հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության առարկաների ուսումնական միասնական ծրագրերը, հարցի նկատմամբ ուսուցիչները հաճախ դրսևորում են կամայական (ոչ արհեստավարժ) մոտեցում.

12. սակավադեպ են տարածաշրջանի երկրների երիտասարդների, պատանիների ու աղջիկների այցելությունները մայր հայրենիք (այս առումով վիճակը, թերևս, բարվոք է միայն ՌԴ առանձին շրջաններում).

13. համայնքների անդամների գերակշիռ մասը ընդգրկված չէ բարեսիրական, մշակութային, կրթական, կանանց միություններում:

14. ներկայում հայկական համայնքներում հայապահպանությունը դարձել է տեղի բոլոր հայկական կառույցների, այդ թվում` եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական և այլ հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների գերխնդիրը:

 

III. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

1. Գնալով մեծանում է հայկական սփյուռքի ուծացման և հայության լեզվամշակութային ինքնության կորստի վտանգը: Երիտասարդ սերունդը ընդհանրապես չի տիրապետում մայրենիին (հատկապես՝ գրավոր լեզվին) կամ կարողանում է միայն բանավոր հաղորդակցվել։ Հայերենի վատ կամ սահմանափակ իմացությունը հաճախ խոչընդոտում է հայ մարդու` գաղթօջախի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում ներգրավվելուն և հետագայում դառնում է նրա առավել մեկուսացման ու օտարացման պատճառ:

2. ԱՊՀ երկրների հայկական համայնքներում ազգային-մշակութային ինքնության թուլացումը դարձել է սպառնալիք տարածաշրջանում հայ համայնքների համար, ուստի հայության համար արդիական և հրատապ է մտավոր և հոգևոր արժեքների և ներուժի պահպանման, հայության համար վճռորոշ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը գործուն մասնակցությունը։

3. Համայնքներում խիստ զգացվում է բոլոր կառույցներին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական հոգածության և աջակցության կարիքը:

4. Ընդհանուր առմամբ համայնքներում մշակութային կյանքը թույլ է, անկազմակերպ ու մեկուսացված, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս յուրացնելու այլ մշակութային արժեքներ` ստորադասելով հայկականը: Առանձնապես զգացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստացած կամ վերապատրաստված մասնագետների կարիք: Տարածաշրջանում գործող մշակութային միությունների և հայաստանյան նմանատիպ կառույցների միջև կապը թույլ է և չհամակարգված:

5. Հրամայական է դարձել ծագումով հայ երիտասարդներին հայադարձության նոր լիցքերի հաղորդումը, մայրենի լեզվի ուսուցումը, երիտասարդական կապերի ընդլայնումը, հնարավորության շրջանակներում նրանց մասնագիտական կրթության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության բուհերում:

6. Շատ քիչ են հայկական բաղադրիչով դպրոցները, ընդ որում նրանցում հայոց լեզվի դասավանդման վիճակը հեռու է բավարար լինելուց, չկան հայոց լեզվի և պատմության միասնական դասագրքեր, ուսումնական ծրագրերը վերանայման և համակարգման խիստ կարիք ունեն: Վերջին տարիներին դպրոցներում կրթության որակի և աշակերտների ընդհանուր թվի անկման հետ մեկտեղ հայկական կրթօջախներում ի հայտ են եկել նաև ֆինանսական խնդիրներ` կապված երիտասարդ մանկավարժական կադրերի ներգրավման, դասագրքերի առաքման և թարմացման հետ:

7. հայերեն թերթերի և ամսագրերի, ռադիո և հեռուստահաղորդումների պակասն ու ցածր որակն իրենց հերթին բացասաբար են անդրադառնում համայնքներում ազգային նկարագրի պահպանման և զարգացման վրա:

 Նշված հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ է շտապ իրականացնել որոշակի աշխատանքներ` հայ համայնքների հետ հուսալի և արդյունավետ կամուրջներ ստեղծելու, հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խթանելու, կրթական, մշակութային և հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցելու համար:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

Առաջարկվող ծրագրի հիմնական նպատակներն են`

1. ԱՊՀ հայ համայնքներում ազգային ինքնության ամրապնդում և պահպանում.

2. հայեցի կրթության համակարգի ընդլայնում և արդյունավետության շեշտակի բարձրացում, այդ թվում` տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով` ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակում, Հայաստանի Հանրապետությունից ուսուցիչների գործուղում.

3. աջակցություն ԱՊՀ երկրների քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանը.

4. ԱՊՀ երկրներում հայկական ներուժի հայտնաբերում, համախմբում, համակարգող մարմինների ստեղծում.

5. աջակցություն համահայկական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և հայկական աշխարհի մասին տեղեկատվության հասանելիությանն ու մատչելիությանը, Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների հայ համայնքների փոխադարձ կապի միջոցների զարգացման խթանում, հայ համայնքների մասին տեղեկատվության տարածում.

6. նպաստել հանրային հեռուստատեսության` սփյուռքի համար նախատեսված ծրագրերի բովանդակության և որակի բարելավմանը, դրանք նպատակաուղղել տարածաշրջանի կրթամշակութային և հայապահպանության խնդիրների լուծմանը.

7. նպաստել ԱՊՀ հայ համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մշակութային կյանքի փոխադարձ ներկայացմանն ու միջհամայնքային մշակութային կապերի ամրապնդմանը, խրախուսել ու աջակցել Հայաստանից և հայաշատ գաղութներից տարբեր ստեղծագործական խմբերի, համույթների և անհատ արտիստների փոխադարձ այցելությունների, ելույթների կազմակերպմանը.

8. օժանդակել գաղթօջախներում նոր կրթական համակարգերի ներդրմանը, ուսուցիչների պատրաստմանն ու վերապատրաստմանը, համապատասխան դասագրքերով, ձեռնարկներով, մեթոդական նյութերով, մանկական հանրագիտարաններով, գրքերով, քարտեզներով ապահովմանը.

9. սփյուռքահայ կազմակերպությունների հետ մեկտեղ հայերենի, հայ դպրոցի և հայ ընտանիքի քարոզչություն.

10. կրթօջախներին տարբեր բնույթի օգնություն ցուցաբերելու նպատակով ԱՊՀ երկրների գաղթօջախների և Հայաստանի դպրոցների միջև «քույր» դպրոցների ցանցի ընդլայնում.

11. օժանդակել կիրակնօրյա դպրոցների բացմանը, դրանցում սովորողների թվի ավելացման, դասագրքերով, հայագիտական բովանդակությամբ էլեկտրոնային նյութերով ապահովելու գործին.

12. նպաստել ԱՊՀ երկրներում գտնվող հայագիտական կենտրոնների, մասնավորապես, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի համալսարանների հայագիտական ամբիոնների հետ համագործակցության խորացմանը.

13. նպաստել հեռավար ուսուցման միջոցով հայ համայնքներում հայեցի կրթական ծրագրերի ներդրմանը և իրականացմանը.

14. նպաստել նոր կրթական ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը, դասագրքերի մշակման ու հրատարակման, հայ գրականության արժեքների ամբողջական ժողովածուների ստեղծման աշխատանքներում ընդգրկել ԱՊՀ երկրներում բնակվող հայ մասնագետներին.

15. Հայաստանը` որպես հայի օջախ կառուցելու գործին ԱՊՀ երկրների հայ համայնքների մասնակցության խթանում, համայնքի ավելի մեծ թվով երիտասարդների ընդգրկում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» խորագրով` սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան և այլ ծրագրերում.

16. համահայկական մասնագիտական խմբերում և գիտաժողովներում ԱՊՀ երկրներում բնակվող հայ գիտնականների, մասնագետների և վերլուծաբանների մասնակցության ապահովում.

17. Հայաստանի մտավորականների մասնակցության ապահովում ԱՊՀ երկրներում կազմակերպվող համահամայնքային միջոցառումներին, գիտաժողովներին և այլն.

18. ԱՊՀ երկրներում բնակվող հայ արվեստագետների ներգրավում Հայաստանի մշակութային կյանքում, մշակութային համահայկական ծրագրեր (փառատոներ, ցուցահանդեսներ, հյուրախաղեր և այլն) իրականացնելու գործում.

19. նպաստել ԱՊՀ երկրներում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների հաշվառմանը` հնարավորություն ստեղծելով դրանց համար ապահովելու պետական հոգածություն:

20. գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և արտերկրի հայկական պատմամշակութային արժեքների մասին հայերեն, ռուսերեն կամ անգլերեն նյութերի հրատարակման ու տարածման ուղղությամբ.

21. տարածաշրջանում ապրող այլալեզու հայերի վերաինտեգրման գործընթացների խթանում` ուղիներ գտնելով նրանց ազգային արմատներին վերադարձնելու համար:

 

V. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

VI. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 22-ի նիստի N 37

արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ իրականացման

 

հ/հ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Իրականացման ուղիները

Ակնկալվող արդյունքը

ժամանակացույց

Պատասխանատու մարմիններ

1.

ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում

Օժանդակություն հայեցի կրթության և դաստիարակության, հայոց լեզվի, հայ գրականության, հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմության դասավանդման որակի բարձրացման գործին

Ուսուցիչների վերապատրաստում տարածաշրջանում` գործուղված մասնագետների օգնությամբ

Տարեկան մինչև 50 ուսուցչի վերապատրաստում համայնքներում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության նախարարություն

2.

Ռուսախոս և ուկրաինախոս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերում և տրամադրում համայնքներին

Միասնական ծրագրերի, դասագրքերի ներդրման միջոցով հայոց լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացում

Պահանջարկի ուսումնասիրում, դասագրքերի ստեղծման, ուսումնամեթոդական և օժանդակ նյութերի մշակման նպատակով մրցույթների կազմակերպում, ընտրված ուսումնական նյութերի փաթեթի հրատարակում և առաքում

Հայոց լեզվի նոր դասագրքեր (Այբբենարան, ընթերցարան), աշխատանքային տետրեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և օժանդակ նյութեր

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

3.

Աջակցություն հայկական համայնքներում մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնմանը

Աջակցություն հայեցի կրթությանը և դաստիարակությանը, պայքար լեզվամշակութային ուծացման դեմ

Համայնքային կառույցների հետ կազմակերպական հարցերի լուծում, մանկավարժական կադրերի ապահովում, ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական այլ օժանդակ նյութերի առաքում, մեկօրյա դպրոցների բացում

Տարեկան մինչև 5 նոր դպրոցի գործունեության ապահովում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

4.

«Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպում տարածաշրջանի հայկական կրթօջախների աշակերտների մասնակցությամբ

Դպրոցահասակների շրջանում մայրենի լեզվի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, հայագիտական և լեզվական գիտելիքների տարածում, հայոց լեզվի ուսուցման խթանում

«Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպիչների գործուղում տարածաշրջան, նրանց միջոցով խմբերի նախապատրաստում հեռուստախաղին

Տարեկան մեկ խաղի կազմակերպում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

5.

Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների և շարադրության մրցույթների կազմակերպում համայնքներում

Դպրոցականների շրջանում մայրենի լեզվի, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, հայագիտական առարկաների և մայրենի լեզվի ուսումնասիրման խթանում

Տարածաշրջանի կրթօջախների հետ համատեղ հանձնաժողովների ձևավորում, մրցույթների, օլիմպիադաների, խաղերի անցկացում և արդյունքների քարոզում

Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, գիտելիքների զարգացում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

6.

ԱՊՀ երկրների բուհերի հայ ուսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային պրակտիկայի կազմակերպում Հայաստանում

Հայաստան - Սփյուռք կապերի զարգացում, հայկական հիմնախնդիրների լուծման գործում Սփյուռքի ապագա մասնագետների ներուժի ներգրավում, հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպում

Պրակտիկայի հայտերի ստացում, ծրագրի կազմում, ՀՀ համապատասխան հաստատություններում տարեկան մինչև 20 ուսանողի պրակտիկայի կազմակերպում և արդյունքների ամփոփում

Տարեկան մինչև 20 ուսանողի պրակտիկայի կազմակերպում և արդյունքների ամփոփում: Սփյուռքի ապագա մասնագետների ներուժի ներգրավում հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպման գործում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

7.

Աջակցություն տարածաշրջանի կրթական հաստատություններում հայագիտական կենտրոնների հիմնման, գիտակրթական հաստատություններում ուսումնական ծրագրերում հայագիտական դասընթացի ներդրման գործին

Հայագիտության խթանում, Հայաստան -Սփյուռք կապերի զարգացում, հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպում, հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն

Գիտակրթական հաստատությունների ցանկի ճշգրտում, ՀՀ համապատասխան կառույցների հետ կապերի հաստատում, հայերենը որպես ուսուցման երկրորդ օտար լեզու բուհերի ուսումնական ծրագրերում ներառում

Տարածաշրջանի գիտակրթական հաստատությունների հայագիտական կենտրոնների կողմից հայագիտական թեմաներով հետազոտությունների, կոնֆերանսների կազմակերպում, բրոշյուրների հրատարակում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

8.

Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում

Հայ ոգու և մշակութային արժեքների քարոզում, ազգային ինքնության զորացում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում, լեզվամշակութային ուծացման դիմակայում

Այցերի և համերգ-ներկայացումների ծրագրերի և ժամանակացույցերի կազմում, տեղական կառույցների հետ համաձայնեցում, ստեղծագործական խմբերի գործուղումներ համայնքներ, հայաշատ համայնքներում միջոցառումների անցկացում

Լեզվամշակութային ուծացման դիմակայում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

9.

Տարածաշրջանում
գործող հայկական
երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպումների կազմակերպում

Երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացում, միմյանց և հայրենիքի հետ կապերի ամրապնդում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հնարավորության ստեղծում

Ռուսաստանում և Բելառուսում հրավիրել 4 հավաք, Ուկրաինայում և Մոլդովայում 1

Ցանցային կառույցների ստեղծում, համակարգող մարմնի ձևավորում

2013- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10.

Տարածաշրջանի թատերախմբերի և գեղարվեստական ինքնագործունեության համույթների մասնակցությամբ «Ես իմ անուշ Հայաստանի» ամենամյա փառատոնի կազմակերպում

Աջակցություն հայ ինքնության պահպանմանը, հայադարձությանը, մշակութային կյանքի ակտիվացմանը, Հայաստանի հետ կապերի սերտացմանը

Փառատոնի ծրագրի մշակում, ժամանակացույցի կազմում և անցկացում

Ամենամյա փառատոն, հաղթող խմբի մեկշաբաթյա հյուրախաղերի կազմակերպում Հայաստանում և Արցախում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

11.

(կետն ուժը կորցրել է 02.02.12 N 4)

12.

Տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների հենքի վրա ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի թղթակցային կետերի ստեղծում

Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ապահովում, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության լուսաբանում, աջակցություն միջհամայնքային կապերի զարգացմանը

Տարածաշրջանի հայկական համայնքներում գործընկերների ընտրություն, թղթակցությունների, լուրերի, հոդվածների, հրապարակում

Տեղերում թղթակցական 5-6 կետի ստեղծում,
տեղեկատվության պարբերական տարածում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

13.

Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայ համայնքներ

Գործընթացի պլանավորում և վերահսկում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, համայնքային կազմակերպությունների գործունեության և միջհամայնքային կապերի աշխուժացում

Գործընթացի կարգավորում և վերահսկում, հավաք-հանդիպումների ժամանակացույցի և ծրագրի կազմում, համայնքների հետ համատեղ կազմակերպական հարցերի լուծում

Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում, համագործակցության արդյունավետության բարձրացում, տարածաշրջանի հայ համայնքների խնդիրների լուծման համակարգում

2012- 2014թթ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

(հավելվածը փոփ. 02.02.12 N 4 )