Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-012-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.879
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Եվրոպական կառույցներին (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն) Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացը, անդամակցության արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և եվրոպական չափանիշներին ազգային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներն ուսումնասիրելու, այդ հարցերին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու նպատակով ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի խնդիրներն են`

- Ազգային ժողովի որոշումների, օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկում և դրանց վերաբերյալ եզրակացության ներկայացում Ազգային ժողով.

- իրադարձությունների և փաստերի վերաբերյալ եզրակացությունների և տեղեկանքների ներկայացում Ազգային ժողով:

3. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների:

5. Հանձնաժողովն ստեղծել հետևյալ կազմով. ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորներին Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

10. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է հանձնաժողովի իրավաբանական կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունը:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


9 սեպտեմբերի 2003 թվականի,
քաղ. Երևան
Ն-012-3

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան