Գլխավոր տեղեկություն
Համար
N 40
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.01.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

4 հոկտեմբերի 2012 թվականի N 40

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգի իրականացման 2012-2015 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

հոկտեմբերի 4-ի նիստի N 40

արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 Պայմանավորված ազատ շուկայական հարաբերություններին անցնելով` սկզբունքորեն փոխվել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները, ինչպես նաև աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի ձևավորման օրինաչափությունները: Մասնագիտությունների ու զբաղմունքների ոլորտը դարձել է առավել դինամիկ, բազմագործոն և դժվար կանխատեսելի, արդյունավետ չի գործում մասնագետների պատրաստման պետական պատվերի համակարգը, ինչի հետևանքով Հայաստանի աշխատաշուկայում առկա է որակական և քանակական քրոնիկ անհավասարակշռություն, որն արտահայտվում է գործազրկության բարձր իրական մակարդակով, որոշ մասնագիտությունների գծով` կադրերի գերարտադրությամբ և որոշ դեպքերում` պահանջարկ ունեցող մասնագետների պակասուրդով: Թույլ է աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխադարձ կապը: Այս համատեքստում, որպես բնակչության զբաղվածության, աշխատաշուկայի արդյունավետ հավասարակշռության երկարաժամկետ ապահովման հեռանկարային միջոց, մեծ նշանակություն է ստանում մասնագիտական կողմնորոշումը1, որը պետք է հիմնված լինի անհատի մասնագիտական նախընտրությունների ձևավորման հիմնական գործոնների ամբողջության և դրանք իրականացնելու ուղիների բազմակողմանի հաշվառման վրա:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանում մասնագիտական կողմնորոշման գործուն և կայացած համակարգ երբևէ չի եղել, թերևս` միայն խորհրդային տարիներին գործող համակարգը, որն ավելի շատ իմիտացիոն, ձևական բնույթ ուներ, հիմնականում` ճանաչողական, խիստ գաղափարականացված էր և քիչ աղերսներ ուներ աշխատաշուկայի հետ:

Հայաստանի անկախացումից հետո երկրում տեղի ունեցած համակարգային փոփոխությունների շնորհիվ ձևավորվող շուկայական հարաբերությունները, առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, մշակութի ու հոգևոր ոլորտներում գաղափարախոսական նոր մոտեցումներն ու գործելակերպը էապես խաթարեցին նաև մասնագիտական կողմնորոշման խորհրդային համակարգը: Հին համակարգը դադարեց գործելուց, իսկ նորը, որպես այդպիսին, չստեղծվեց:

Փաստորեն, և խորհրդային տարիներին, և Հայաստանի նորանկախ պետության ժամանակներում պատանիների ու երիտասարդների կողմից մասնագիտության ու զբաղմունքի ընտրությունը կրել է խիստ տարերային, հախուռն բնույթ` հիմնականում պայմանավորված լինելով մի շարք հանգամանքներով:

Որպես կանոն, հաշվի առնելով հայկական ընտանիքի բազմադարյա ավանդույթները, ներընտանեկան, միջանձնային հարաբերությունների որակն ու առանձնահատկությունները` երեխաների մասնագիտության ընտրության հարցում վճռորոշ է եղել ընտանիքի ավագների, մասնավորապես` ծնողների կարծիքը, ովքեր առանձին դեպքերում առաջնորդվել են սեփական նախասիրություններով, առկա նյութական հնարավորություններով, կամ տուրք են տվել ժամանակի գերիշխող մոդային: Որոշակի նշանակություն է ունեցել նաև ծնողների մասնագիտական ավանդույթները շարունակելը` պայմանավորված գենետիկ հակումներով: Դեր է ունեցել շրջապատի, ընկերների կարծիքները, նաև` պատահականությունն ու դիպվածը: Քիչ տեղ է մնացել մասնագիտության գիտակցված ընտրությանը:

Մասնագիտական կողմնորոշման իրավական կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ ներառված են միայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» և «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: Գործնականում, լայն իմաստով, մասնագիտական կողմնորոշման գործառույթը հիմնականում սահմանափակված է աշխատանք փնտրողներին աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով, որն իրականացնում են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) զբաղվածության տարածքային կենտրոնները:

Հանրակրթության ոլորտում իրականացվող շարունակական և լայնածավալ բարեփոխումները, ի թիվս այլ նպատակների, միտված են նաև ապահովելու շրջանավարտների` աշխատաշուկա մտնելու պատրաստվածությունը և իրենց հակումներին ու ընդունակություններին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը: Սակայն գործնականում այդ ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվում: Կրթական ծրագրերով նախատեսված չեն դասընթացներ, որոնք աշակերտներին կուղղորդեն դեպի աշխատաշուկա, նրանց կօժտեն կարիերայում հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ նախնական կարողություններով:

Որոշ մասնագիտական ուսումնական հաստատություններում վերջին տարիներին ստեղծվել են կարիերայի կենտրոններ, սակայն դրանք կարիք ունեն արդյունավետ մեթոդական ապահովման, ինչպես նաև աշխատաշուկայի, կարիերայի պլանավորման վերաբերյալ արդիական տեղեկատվության:

2007 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվեց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» (ԵՄԿԿ) ՊՈԱԿ-ը, որի գործունեության հիմնական նպատակներից է դպրոցականներին դեպի աշխատաշուկա ուղղորդելը` բացահայտելով նրանց անհատական առանձնահատկություներն ու նախասիրությունները, և աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն:

2007-2010թթ. ժամանակահատվածում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման որոշակի գործառույթներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային երիտասարդական կենտրոնների կողմից:

Մասնագիտական կողմնորոշման խնդիրը առավել քան կարևորվում է մարզերում ապրող երիտասարդների համար: Ինչպես վկայում է պաշտոնական վիճակագրությունը, մի կողմից` մարզերում թափուր աշխատատեղերը շատ հաճախ չեն համալրվում մասնագետներ չլինելու պատճառով, մյուս կողմից` երիտասարդների շրջանում արձանագրվում են գործազրկության միջինից բարձր ցուցանիշներ:

Միաժամանակ, գործատուները, որպես շահագրգիռ կողմ, այս փուլում գրեթե ներգրավված չեն մասնագիտական կողմնորոշման գործընթացներին:

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

Ինչպես վկայում են միջազգային փորձի ուսումնասիրությունները` գործնականում մասնագիտական կողմնորոշման համակարգի միասնական մոդել գոյություն չունի: Յուրաքանչյուր երկիր, ելնելով սոցիալ-տնտեսական և պատմական զարգացման սեփական առանձնահատկություններից, աշխատաշուկայի և կրթական համակարգի վիճակից ու պահանջներից, ստեղծում և զարգացնում է մասնագիտական կողմնորոշման իր ուրույն ազգային համակարգը: Ավելին, զարգացման ներկա փուլում այդ համակարգերը գտնվում են ակտիվ փոփոխությունների գործընթացներում` հստակ ուղղորդվելով դեպի աշխատաշուկա և կրթական համակարգ:

Ֆրանսիայում մասնագիտական կողմնորոշման գործընթացները ենթարկվում են օրենսդրական կոշտ կարգավորման: Մասնագիտական կողմնորոշումն իրականացվում է զրույցների ձևով յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում` այդ հաստատության ներկայացուցիչների, սովորողների և նրանց ծնողների մասնակցությամբ: Ֆրանսիական մոդելն ունի երկու կարևոր առանձնահատկություն` մասնագիտական կողմնորոշման մանկավարժական ուղղվածություն և տեղեկատվական ուղղվածություն:

Մեծ Բրիտանիայում մասնագիտական կողմնորոշման հիմնական խնդիրը ոչ միայն սովորողներին մասնագիտության ընտրության հարցում աջակցելն է, այլև սեփական կարողություններն ու հնարավորությունները աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարիքների ու պահանջմունքների համատեքստում գնահատել սովորեցնելը: Երկրում մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտության ընտրության հարցում սովորողների ինքնուրույնությունը բարձրացնելուն: Առանձնահատկություն է համարվում մասնագիտական կողմնորոշման կազմակերպումը երկխոսության միջոցով` օգտագործելով հոգեբանական տարբեր մեթոդներ: Կարևոր տեղ է հատկացված պրակտիկային, որի ընթացքում ձևավորվում են սոցիալական և աշխատանքային տարբեր իրավիճակներ` աշխատանքային օրվա պլանավորում, աշխատանքային հարաբերություններում սեփական ոճի մշակում, վարքագիծը` աշխատանքը կորցնելիս, ընտանեկան և աշխատանքային կյանքի խելամիտ համակցում: Ուսումնական գործընթացներում պրակտիկան արդյունավետորեն կազմակերպելու նպատակով կրթական հաստատություններում ստեղծվում են փոքր մոդելային արտադրամասեր, որոնք սովորողներին հնարավորություն են տալիս դրսևորել սեփական հետաքրքրությունները, նախասիրությունները, ինչպես նաև գործարար հմտություններ ձեռք բերել փոքր բիզնեսում, դրսևորելով նախաձեռնողականություն և պատասխանատվություն կյանքի ու աշխատանքի տարբեր իրավիճակներում` հենվել սեփական անձի վրա:

Գերմանիայում մասնագիտական կողմնորոշումն իրականացվում է հարցումների, թեստավորման և խորհրդատվությունների, ծնողական կազմակերպությունների հետ համատեղ անցկացվող միջոցառումների շնորհիվ: Առանձնահատկությունն է համարվում այն, որ յուրաքանչյուր երեխա լրացնում է աշխատանքային օրագիրը, որտեղ ընդհանուր տեղեկատվություն է տրվում ընտանիքի, անձնական հետաքրքրությունների և հակումների, մասնագիտական ձգտումների, մասնագիտության նախնական ընտրության վերաբերյալ:

Ներկայումս ԱՄՆ-ում մասնագիտական կողմնորոշման համակարգի հիմնական խնդիր է համարվում աշխատաշուկայում անձի մրցունակության, ճկունության և կարիերայի հետևողական աճի ապահովումը նրա ողջ կյանքի ընթացքում:

Մասնագիտական կողմնորոշման բավականին ուսանելի փորձ ունի Կանադան: Մասնագիտական կողմնորոշման գործընթացների հիմքում ընկած է աշխատաշուկայի իրական պահանջարկը` քանակական և որակական առումներով: Մասնագիտական կողմնորոշման ինստիտուցիոնալ-կազմակերպական առանցքային օղակ են համարվում մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցող հատուկ մասնագիտացված կենտրոնները` երկրի ողջ տարածքում: Այս կենտրոններն ունեն տեխնիկական, տեխնոլոգիական և տեղեկատվական զինվածության բարձր մակարդակ, ինչը կենտրոնների մատուցած ծառայություններից օգտվողներին օբյեկտիվ հնարավորություն է տալիս ստանալ մասնագիտական անհրաժեշտ և ամբողջական կողմնորոշում շուրջ 4000 առանձին մասնագիտության գծով:

Ճապոնիայում մասնագիտական կողմնորոշման կազմակերպումը առավելապես պայմանավորված է կրթական համակարգի առանձնահատկություններով: Իսկ կրթության հիմնական նպատակներից մեկը կրթություն ստացողին հետագա կարիերային նախապատրաստելն է և դրա հետագա առաջընթացի օբյեկտիվ հիմքերի ձևավորումը:

Ելնելով վերը շարադրվածից` կարելի է անել հետևյալ ընդհանրական եզրահանգումը. տնտեսապես զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, անձի մասնագիտության ընտրությանը զուգահեռ առաջնահերթություններ են համարվում ինքնուրույնության ձևավորումը, սեփական կարողությունների և հնարավորությունների գնահատումը աշխատաշուկայում, մրցունակության և ճկունության հետևողական ձգտումը:

Հետխորհրդային երկրներում մասնագիտական կողմնորոշման գործընթացները դեռևս կրում են խորհրդային սոցիալ-տնտեսական համակարգից ժառանգած հիմնական հատկանիշները: Մյուս կողմից` այս երկրների սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում տեղի ունեցող անցումային բարեփոխումները որոշակի ազդեցություն են թողնում նաև մասնագիտական կողմնորոշման ագային համակարգերի ձևավորման գործընթացների վրա: Չնայած մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգերի ստեղծման և գործարկման ուղղությամբ անցումային երկրներում ձեռնարկվող բազմակողմանի միջոցառումներին` դեռևս այդ երկրներում գործուն և արդյունավետ համակարգեր չեն ներդրվել:

Ուսումնասիրված միջազգային փորձը վկայում է, որ մասնագիտական կողմնորոշման արդյունավետ համակարգի ձևավորման և զարգացման գործընթացներում առանցքային դեր ունեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ հասարակության մյուս շահագրգիռ կողմերն ու սոցիալական գործընկերները: Միայն պետության վրա հույս դնելը՝ առանց տարբեր շահագրգիռ կողմերի և սոցիալական գործընկերների ակտիվ մասնակցության, մասնագիտական կողմնորոշման համակարգը կդարձնի անկայուն և սահմանափակ՝ աճող ծախսերի, ցածր արդյունավետության և որակի, շահառուների հետ ոչ բավարար հետադարձ կապի առումներով։ Այս շրջանակներում առկա են նաև տարբեր պետական մարմինների գործառութային անհարկի կրկնությունների հնարավորություններ:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Մասնագիտական կողմնորոշման համակարգի հիմնական նպատակն է անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում որակավորված և մրցունակ կադրերի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գործունեության ազատ և գիտակից ընտրության հնարավորության ստեղծումը:

Մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգի ստեղծումն ու զարգացումը ենթադրում է հետևյալ հիմնական խնդիրների համալիր լուծում`

1) մշտական փոփոխվող իրավիճակներում անձի` ինքնուրույն կողմնորոշվելու կարողությունների ձևավորում,

2) անձին իր ողջ կյանքի ընթացքում տեղեկատվության, խորհրդատվության, ինչպես նաև անհրաժեշտ այլ հնարավորությունների շարունակական տրամադրում` մասնագիտության կամ զբաղմունքի ընտրության, կարիերայի պլանավորման հարցերում,

3) մասնագիտական կողմնորոշման ենթակա անձի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, հակումների, հետաքրքրությունների և շարժառիթների բացահայտում,

4) մասնագիտական կողմնորոշում իրականացնող կազմակերպություններին և մասնագետներին անհրաժեշտ մեթոդական ապահովում:

Մասնագիտական կողմնորոշման իրականացման հիմնական սկզբունքներն են`

1) մասնագիտական կողմնորոշման մատչելիության և կամավորության ապահովում սոցիալական բոլոր խմբերի համար,

2) մասնագիտական կողմնորոշման հարցերում ցանկացած տեսակի խտրականության բացառում,

3) կյանքի յուրաքանչյուր փուլի առանձնահատկություններից ելնելով` մասնագիտական կողմնորոշման ապահովում,

4) ուսման, կյանքի և աշխատանքի փոխադարձ կապի ապահովում,

6) անձի հետաքրքրությունների և հնարավորությունների առաջնահերթություն և մասնագիտական կողմնորոշման հումանիստական բնույթ,

6) մասնագիտության գիտակցված ընտրություն,

7) արդյունավետ զբաղվածության ապահովմանը միտված մասնագիտական կողմնորոշում,

8) սոցիալական գործընկերություն:

 

4. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ

 

Մասնագիտական կողմնորոշման գործընթացում շահառուների թիրախավորումը պայմանավորված է յուրաքանչյուր տարիքային խմբի առանձնահատկություններով, սոցիալական կարգավիճակով և անձի նախասիրություններով:

Շահառուների հիմնական խմբում են`

1) դպրոցականները` ընդգրկելով տարրական, միջին և ավագ դպրոցները, որտեղից սկսվում են անձի բացահայտմանն ու մասնագիտությունների աշխարհում ճանաչողության բարձրացմանն ուղղված աշխատանքները,

2) ուսանողները, որոնք կարիք ունեն տեղեկատվության և խորհրդատվության` իրենց ուսումնառությունը շարունակելու, մասնագիտական կարողությունները զարգացնելու, կարիերան պլանավորելու, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու կամ աշխատանք փնտրելու գործում,

3) պարտադիր ուսուցումից դուրս մնացած կամ 16-25 տարեկան այն երիտասարդները, որոնք չունեն միջնակարգ կամ լրիվ կրթության ատեստատ կամ հեռացել են մասնագիտական ուսումնական հաստատությունից` առանց մասնագիտական որակավորման,

4) աշխատանք փնտրողները, գործազուրկները, այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ անձինք և վերադարձող միգրանտները,

5) աշխատանքը կորցնելու ռիսկ, վերամասնագիտացման կարիք և ցանկություն ունեցող անձինք,

6) անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երիտասարդները,

7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդները,

8) սկսնակ գործարարները:

Որպես շահագրգիռ կողմ հանդես են գալիս երեխաների և երիտասարդների հետ աշխատող մասնագետները, մանկավարժներն ու ծնողները, որոնք պետք է տեղեկացված լինեն անձին բացահայտելու և զարգացնելու, մասնագիտական կրթությունը և ուսուցումը շարունակելու, աշխատաշուկայի պահանջների, աշխատանք փնտրելու բոլոր հնարավորությունների մասին` նպատակ ունենալով օգնել անձին գիտակցված կատարելու ապագա մասնագիտության և կարիերայի ընտրությունը:

Այս խմբի մեջ են դիտարկվում նաև գործատուները, որոնք որպես սոցիալական պատասխանատվություն կրողներ` ներգրավված լինելով մասնագիտական կողմնորոշման գործընթացներում` մասնակցում են ապագա մրցունակ կադրերի ձևավորմանը:

 

5. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄՈԴԵԼԸ

 

Մասնագիտական կողմնորոշման համակարգի նպատակն ու խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:

Այս մոտեցմամբ, որպես մասնագիտական կողմնորոշման շահագրգիռ և պատասխանատու պետական կառավարման մարմինիններ են դիտարկվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀՆ) և կրթության և գիտության (ԿԳՆ) նախարարությունները: Մասնագիտական կողմնորոշման գործընթացներում անմիջականորեն պետք է մասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, ինչպես նաև սոցիալական գործընկերներն ու քաղաքացիական հասարակության շահագրգիռ մյուս կողմերը:

Ներկայացվող մոդելում հիմնական օղակներն են հանրակրթության, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգը, ինչպես նաև կրթական համակարգից դուրս մասնագիտության ընտրության, կարիերիայի ուղղորդման, վերամասնագիտացման ու վերավորակավորման ինստիտուտները:

Մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման և արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից մեկը վերոնշյալ բոլոր շահագրգիռ մարմինների ու դրանց համապատասխան կառույցների համակարգված ու փոխլրացնող գործունեությունն է (հանրակրթական դպրոց, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններ, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, մասնագիտական կողմնորոշման հատուկ հաստատություններ, երիտասարդների հետ տարվող աշխատանքների կառույցներ, առողջապահական հաստատություններ և այլ սոցիալական ինստիտուտներ):

Մասնագիտական կողմնորոշման առաջնային և հիմնական օղակը` և ընդգրկման, և բովանդակության առումով հանրակրթության համակարգն է, որտեղ սկսվում շարունակվում և հիմնականում ամբողջացվում են կողմնորոշման աշխատանքները:

Հանրակրթության ոլորտում աշխատանքները պետք է կազմակերպվեն` ըստ Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների, վարժարանների, կրթահամալիրների: Դրանց գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի ուսուցման և դաստիարակության ընթացքում անձի բացահայտումն ու զարգացումը, հասարակության և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը, մասնագիտության գիտակցված ընտրությանն աջակցելը` հաշվի առնելով յուրաքանչյուրի հետաքրքրությունները, նախասիրությունները, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները, առողջական վիճակը և աշխատաշուկայի պահանջները:

Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթական դպրոցներում պետք է կատարվեն հանրակրթական ծրագրով մասնագիտական կողմնորոշման նպատակով նախատեսված կամ արտադասարանական ժամերի հաշվին: Այս աշխատանքներում ներգրավված մասնագետները պարբերաբար պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:

Մասնագիտական կողմնորոշումը հանրակրթական ուսումնական հաստատություններում պետք է իրականացվեն համապատասխան ուսումնական ծրագրով, որը պետք է մշակվի և հաստատվի պատասխանատու շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ:

 Մասնագիտական կողմնորոշման հիմնական աշխատանքները կատարվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի, սոցիալական մանկավարժի, հոգեբանի, դասղեկների կողմից: Այդ աշխատանքների համակարգման գործառույթները կարող են վերապահվել նրանց: Մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ են տարվելու նաև առարկայական դասաժամերի հաշվին` համապատասխան ուսուցիչների կողմից:

Համակարգող մասնագետները պետք է ունենան սոցիալական մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, սովորողների հետ անհատական և խմբային աշխատանքներ իրականացնելու հմտություններ, ինչպես նաև աշխատաշուկայի, մասնագիտությունների և զբաղմունքների վերաբերյալ համակողմանի տեղեկացվածություն: Նրանք այս շրջանակներում պետք է սերտորեն համագործակցեն դասղեկների, առարկայական ուսուցիչների, աշակերտների ծնողների հետ:

Մասնագիտական կողմնորոշման հաջորդ փուլը կամ օղակը` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն են:

Այս ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ և իրականացվեն կարիերայի կենտրոնների միջոցով: Կարիերայի կենտրոնները պետք է համալրված լինեն անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, ունենան շահառուների հետ համապատասխան աշխատանքի մեթոդաբանություն, կարիերայի ուղղորդման գծով վերապատրաստված մասնագետներ:

Նախնական, միջին մասնագիտական և բուհական հաստատությունների ուսումնական ծրագրերը կներառեն «Կարիերայի կառավարում» առարկան, որն ուղղված կլինի անձի ինքնագնահատման, աշխատանքի և հասարակության միջև կապի, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողունակությունների զարգացմանը:

Նշյալ փուլում պետք է տարվեն նաև անհատական աշխատանքներ` արդեն կոնկրետ մասնագիտությունների, պաշտոնների, տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ: Սերտ համագործակցություն պետք է հաստատվի առանձին գործատուների, գործատուների կազմակերպությունների հետ:

Կրթության համակարգից դուրս, մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում դեռևս հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության հիմնական օղակ են դիտարկվում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (այսուհետ` ՀՍԾՏԿ):

Այս համակարգում առանձնակի կարևորվում է սոցիալական գործընկերների սերտ ու նպատակաուղղված փոխգործակցությունը:

Մասնագիտական կողմնորոշման արդյունավետ ու ճկուն համակարգի ձևավորման կարևոր պայմաններից են ուսուցման գործընթացների ճիշտ կազմակերպումը և ժամանակակից մեթոդների կիրառումը: Հատկապես մեթոդների ճիշտ ընտրությունը պետք է խարսխված լինի միջազգային նոր ու առաջավոր փորձի և այնպիսի հիմնարար գիտությունների վրա, ինչպիսիք են հոգեբանությունը, ֆիզիոլոգիան, մանկավարժությունը, սոցիոլոգիան և անձի առանձնահատկությունները բնութագրող այլ գիտական դիսցիպլիններ:

Ծառայությունների մատուցման մեթոդաբանության մշակման, մասնագետների ուսուցման և վերապատրաստման գործընթացներում, ըստ անհրաժեշտության, կնախատեսվեն առցանց ու հեռավար եղանակներով տեղեկատվության փոխանցման և ուսուցման կազմակերպման հնարավորությունները:

Ներկայացվող մոդելում որպես մասնագիտական կողմնորոշման հանրապետական ուսումնամեթոդական կենտրոն առաջարկվում է ԱՍՀՆ համակարգում գործող ԵՄԿԿ ՊՈԱԿ-ը: Ներկայումս իր կանոնադրությամբ նախատեսված գործառույթներով ԵՄԿԿ ՊՈԱԿ-ը ուսումնամեթոդական աշխատանքներից զատ կոնկրետ ծառայություններ է մատուցում նաև կրթության համակարգում` հատկապես հանրակրթության բարձր դասարաններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում և բուհերում: Ակտիվորեն համագործակցում է նաև գործատուների ու գործատուների կազմակերպությունների հետ:

Անհրաժեշտ է փոխել կենտրոնի կանոնադրությունը` դրան վերապահելով մեթոդական աշխատանքների և ուսուցումների, ինչպես նաև հանրային իրազեկման կազմակերպման ու անցկացման գործառույթներ:

Առաջարկվող մոդելում որպես ուսումնամեթոդական աշխատանքների օղակ է դիտարկվում նաև «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը սերտորեն պետք է համագործակցի ԵՄԿԿ –ի հետ:

Մասնագիտական կողմնորոշման ոլորտը լայն է ու բազմագործոն, ունի տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեբանական բազմաշերտ կառուցվածք, իսկ ձևավորվող համակարգի գործունեությանը պետք է ներգրավվեն պետական կառավարման տարբեր մարմիններ, սոցիալական գործընկերներ, քաղաքացիական հասարակության այլ օղակներ, ուստի համակարգի կայացման հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու այս հարաբերություններում ընդգրկված մարմինների ու կառույցների փոխհամաձայնեցված, փոխլրացնող, հստակ համակարգված աշխատանքով:

Այդ նպատակով ամբողջ հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների միասնական համակարգումն առաջարկվում է վերապահել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդին (ՄԿՈՒԶԱԽ), քանի որ վերջինս, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N1012-Ա որոշման, ստեղծվել է մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների նպատակով և ձևավորված է սոցիալական գործընկերության սկզբունքով:

Ուստի, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, որոնք կամրագրեն մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցելուն ներկայացվող ամբողջական պահանջները հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև կսահմանվեն կրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության ընթացակարգերն ու կառուցակարգերը:

 

6. ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ պատասխանատվության շրջանակները

 

Սույն հայեցակարգով առաջարկվող համակարգի մոդելի ներդրման և զարգացման գործում պետք է մասնակից լինեն պատասխանատու պետական կառավարման մարմինները, սոցիալական գործընկերները` ելնելով իրենց կանոնադրական նպատակներից և գործառույթներից:

Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ-ն կապահովի`

1) կրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերը,

2) աջակցություն ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը,

3) համապատասխան մասնագետների վերապատրաստման և որակավորման կազմակերպումը,

4) մոնիտորինգը և գնահատումը:

ՀՀ ԱՍՀՆ-ն կապահովի`

1) կրթության համակարգից դուրս, մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում դեռևս հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերը,

2) մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության, մասնագետների վերապատրաստման և գնահատման չափորոշիչների մշակում,

3) ուսուցումը և վերապատրաստումը:

Սոցիալական գործընկերության շրջանակներում կապահովվի`

1) մասնակցություն ոլորտի քաղաքականության մշակմանը,

2) գործատուների և արհեստակցական միությունների մասնակցությունը ծառայությունների մատուցման փուլում,

3) շահագրգիռ ոչ պետական կազմակերպությունների ներգրավումը աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասնագիտական կողմնորոշման մասնագիտացված ծառայությունների մատուցման գործընթացներում:

 

7. տեղեկատվական հոսքերի կառավարՈՒՄԸ

 

Մասնագիտական կողմնորոշման համակարգի առանցքային խնդիրներից է մեկ միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորումը: Մասնագիտական կողմնորոշման ծառայությունների համար անհրաժեշտ շտեմարանը պետք է ներառի տեղեկատվություն տնտեսության ոլորտների և ճյուղերի, զբաղմունքների, մասնագիտությունների և դրանց նկարագրությունների, նաև հենակետային ավագ դպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, յուրաքանչյուրում ուսուցանվող մասնագիտությունների, որակավորումների, ընդունելության պայմանների ու արտոնությունների մասին:

Այդ նպատակով պատասխանատու պետական մարմինների իրավասության շրջանակներում առկա տեղեկատվության ստացման, շտեմարանի ձևավորման և վարման, շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Զուգահեռաբար, մասնագիտական կողմնորոշման տեղակատվական շտեմարանը համադրման ամբողջական հնարավորություն կտա գործատուներից և համապատասխան պետական մարմիններից ու հնարավոր այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա ձևավորված աշխատաշուկայի պահանջարկի ընթացիկ և կանխատեսվող տեղեկատվության և պահանջվող մասնագիտությունների աշխատուժի մասին տեղեկատվական շտեմարանի հետ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

հոկտեմբերի 4-ի նիստի N 40

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 Հ/հ

 Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը

Ֆինանսավորման աղբյուրը

Ժամկետը

Ակնկալվող արդյունքը

1.

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների մշակում և հաստատում

ՄԿՈՒ ԶԱԽ-ի գործունեության համապատասխանեցում հայեցակարգով վերապահված լիազորություններին

ՀՀ ԿԳՆ
ՀՀ ԱՍՀՆ
ՄԿՈՒԶԱԽ

չի պահանջվում

2012թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՄԿՈՒԶԱԽ-ի համապատասխա-նեցված կանոնադրություն

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1915-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացում

«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԵՄԿԿ) կանոնադրության և կառուցվածքի
համապատասխանեցում հայեցակարգով վերապահված գործառույթներին

ՀՀ ԱՍՀՆ
ՀՀ ԿԳՆ

չի պահանջվում

2012թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ԵՄԿԿ-ի համապատասխա-նեցված կանոնադրություն

3.

(կետն ուժը կորցրել է 24.01.13 N 3)

4.

Կրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերի ապահովում

Հանրակրթական, ՄԿՈՒ և բուհական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրում և արդյունավետ գործարկում

ՀՀ ԿԳՆ

չի պահանջվում

2012-2015թթ.

Համակարգի ներդրման և գործարկման գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերի առկայություն

5.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերի ապահովում

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրում և արդյունավետ գործարկում

ՀՀ ԱՍՀՆ

չի պահանջվում

2012-2015թթ.

Համակարգի ներդրման և գործարկման գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերի առկայություն

6.

Մասնագիտական կողմնորոշման նպատակով տեղեկատվության ստացման, միասնական շտեմարանի ձևավորման և վարման, շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության փոխանակման իրավական հիմքերի ապահովում

Պետական մարմինների իրավասության շրջանակներում առկա տեղեկատվության միասնական շտեմարանի ձևավորում և շահագործում

ՀՀ ԱՍՀՆ
ՀՀ ԿԳՆ
ԵՄԿԿ

չի պահանջվում

2012-2015թթ.

Միասնական տեղեկատվական շտեմարանի առկայություն

7.

Հանրային իրազեկման աշխատանքների իրականացում

Մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ հանրության լայն շրջանակների իրազեկվածության բարձրացում

ՀՀ ԱՍՀՆ
ՀՀ ԿԳՆ
ԵՄԿԿ

չի պահանջվում

2012-2015թթ.

Մասնագիտության գիտակցված ընտրության կարևորում, համակարգի մասին հանրության իրազեկվածություն

(հավելվածը փոփ.  24.01.13 N 3)

1 Զարգացած երկրներում «մասնագիտական կողմնորոշումը» փոխարինվում է «կարիերայի ուղղորդում» հասկացությամբ: Այն ուսումնառության և աշխատանքի փոխազդեցությունն է: «Կարիերայի ուղղորդում» հասկացության սահմանումը տրվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից (ՏՀԶԿ՝ OECD) (2004), այն է` «Կարիերայի ուղղորդումը ծառայությունների և գործունեության տեսակ է, որն ուղղված է օգնելու անձին, անկախ տարիքից՝ իր ողջ կյանքի ընթացքում ցանկացած պահի կատարելու կրթությանը, ուսուցմանը և զբաղմունքին առնչվող որոշումներ և կառավարելու իր կարիերան»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2013, N 3 29.01.2013, N 40
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան