Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քաղ. Երևան

13 մարտի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 101 հոդվածի 1-ին կետով և 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 25 հոդվածի 1-ին կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996 թվականի մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` քննության առնելու և որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքած կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը, ներկայացված տեղեկանքը և գործով առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագիրը կնքվել է 1996 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնում:

Կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրի հիման վրա Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի գումարը կազմում է 40 միլիոն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար, որը ներկայումս կազմում է մոտ 59 միլիոն ԱՄՆ-ի դոլար:

Վարկը տրամադրված է անտոկոս, 35 տարի ժամկետով` 1996-2030 թվականներ, տասը տարի արտոնյալ ժամկետով` մարումը սկսելով 2006 թվականից:

Վարկի մարման ժամկետները և կարգը նախատեսված են համաձայնագրի 2.07 բաժնում, համաձայն որի 2006-2015 թվականներին, ըստ կիսամյակների, կապահովվի տարեկան վճար` տրամադրված վարկի 1,25 տոկոսի չափով, 2015-2030 թվականներին` տրամադրված վարկի 2,5 տոկոսի չափով:

Կառուցվածքային բարեփոխումների վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է արդեն իսկ բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար` որոշակի պայմաններով, որոնք շարադրված են համաձայնագրի 5 հոդվածում և համաձայնագրին կից 1, 2 և 3 ժամանակացույցերում:

Համաձայնագրի II և III հոդվածներում շարադրված են վարկի գումարների տրման, դրանց մարման հետ կապված պայմանները և ժամկետները, ինչպես նաև նշված են վարկային պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող հնարավոր տույժերի տեսակները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 և 68 հոդվածներով, սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996 թվականի մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

ՍԴՈ-1