Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 ապրիլի 1996 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը, ներկայացված տեղեկանքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Դելիում:

Պայմանագրով նախատեսվում է կողմերի համագործակցությունը խաղաղությունը վտանգող իրադրության պայմաններում:

Ըստ պայմանագրի Կողմերը պարտավորվում են զարգացնել համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգի շրջանակներում:

Կողմերը կզարգացնեն նաև փոխշահավետ համագործակցություն էկոնոմիկայի, արդյունաբերության, գիտության և տեխնիկայի բնագավառներում: Կողմերը կփոխանակեն տեղեկատվություն իրենց երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքի և ուղղությունների մասին:

Պայմանագրով նախատեսվում է Կողմերի համագործակցությունը հիմնարար և կիրառական հետազոտությունների, մշակույթի, գիտության, կրթության և զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջիկության և սպորտի բնագավառներում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, միջսահմանային աղտոտումների կանխման, միջուկային և տարերային աղետների հետևանքների նվազեցման և վերացման, բնական պաշարների արդյունավետ օգտագործման, բնապահպանական և վերականգնողական միջոցառումների անցկացման գործում: Պայմանագրով նախատեսվում է նաև Կողմերի համագործակցությունն ահաբեկչության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, դրամանիշերի, պետական և այլ արժեթղթերի կեղծումների, մաքսանենգության դեմ պայքարի բնագավառներում:

Կողմերը պարտավորվում են պայմաններ ստեղծել միմյանց տարածքում մշտապես բնակվող իրենց քաղաքացիների էթնիկական, լեզվական, մշակութային և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հյուպատոսական որոշ ծառայությունների կարգի պարզեցման ուղղությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

16 ապրիլի 1996 թվականի

ՍԴՈ-4

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան