ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 փետրվարի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գ. Նանագուլյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 22-ին` Կիևում:
Համաձայնագրի հիմնական նպատակը ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից), արդյունաբերական ճյուղային և միջճյուղային համալիրների միջև ուղիղ արտադրական կապերի վրա հիմնված կոոպերացիայի իրականացումն ու զարգացումն է:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտադրության միջազգային մասնագիտացման ու կոոպերացիայի զարգացման, դրանց իրագործման պայմանների ապահովման, արդյունաբերության բնագավառում գերակայությունների սահմանման, համատեղ նախագծերի և ծրագրերի մշակման ու իրականացման նպատակով:
Արտադրության բնագավառում ինտեգրացման գործընթացի զարգացմանը նպաստելու նպատակով Կողմերը պայմանավորվել են հետևողական աշխատանք տանել երկու պետությունների տնտեսավորող սուբյեկտների գործունեությունը կարգավորող օրենսդրության մերձեցման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում կհամաձայնեցվեն գիտատար արտադրությունները խթանող վարկերի և ինվեստիցիաների տրամադրման պայմանները:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվել են նաև արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքները չարտահանել երրորդ երկրներ` առանց Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինների համաձայնության:
Երկկողմ համաձայնությամբ կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքների նկատմամբ չեն կիրառվելու հարկեր, մաքսատուրքեր, ինչպես նաև արտահանման և ներմուծման նկատմամբ սահմանված քանակական սահմանափակումներ:
Համաձայնագիրը պարունակում է նաև դրույթներ` կոոպերացիայի շրջանակներում մատակարարումների և համագործակցության կարգի ու պայմանների, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործադրման կարգի վերաբերյալ:
Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման, տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից:
Համաձայնագիրն ստորագրվել է երեք լեզվով` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում, համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով առավելությունը տրվել է ռուսերենին: Սակայն, հայերեն և ռուսերեն բնագիր տեքստերում առկա են թարգմանական անհամապատասխանություններ (հայերեն տեքստի ներածական մասում և 7 հոդվածում) և մի շարք անճշտություններ, որոնք, այնուամենայնիվ, համաձայնագրի սահմանադրականության խնդրին չեն առնչվում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|