ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 39 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 հունիսի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կ. Մարտիրոսյանի ներկայացուցիչներ Ա. Վարելջյանի, Ս. Մկրտչյանի, Վ. Զուռնաչյանի,
պատասխանող կողմի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ա. Մանուկյանի, Լ. Հարությունյանի, Ջ. Ծատուրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կիմ Մարտիրոսյանի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:
Սահմանադրական դատարանը, 1999 թվականի հունիսի 15-ի նիստում քննարկելով պատգամավորության թեկնածուի դիմումը, աշխատակարգային որոշում է կայացրել` գործն ընդունել քննության:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39, 40 և 41 հոդվածների, սահմանադրական դատարանի որոշմամբ սույն գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովը:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. 1999 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքում, համաձայն Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի 03.06.99 թ. որոշման, պատգամավոր է ընտրվել Տարոն Սահակյանը: Նույն ընտրատարածքում երկրորդ տեղն է զբաղեցրել պատգամավորության թեկնածու Կիմ Մարտիրոսյանը: Ըստ դիմումատուի, ձայների տարբերությունն է 328: Սակայն, ըստ Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Տարոն Սահակյան` 2538 ձայն, Կիմ Մարտիրոսյան` 2199 ձայն, որոնց տարբերությունը կազմում է 339: Այս թիվը հաստատվում է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններով:
2. Դիմող կողմի այն փաստարկը, թե 1005 քաղաքացիների դիմումներ` իրենց անուններն ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջով, քննության չեն առնվել Արմավիրի քաղաքապետի կողմից, օրենքով սահմանված կարգով չի հիմնավորվել:
3. Դիմող կողմը հայտնում է նաև, որ թիվ 0649 տեղամասային կենտրոնին հատկացվել է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսվածից 150-ով պակաս քվեաթերթիկ: Այս փաստը հաստատվում է նաև թիվ 0649 տեղամասի ամփոփիչ արձանագրությամբ, որտեղ նշված են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը (381) և հատկացված քվեաթերթիկների թիվը (250): Դիմումատուն չի նշում, թե այդ խախտումը ինչպես և ինչ չափով է, ըստ իրեն, ազդել քվեարկության արդյունքների վրա, այլ հայտնում է միայն, որ նշված խախտման «նպատակն անհայտ է և հնարավորություն է ստեղծում կեղծիքներ կատարելու համար»: Պատասխանող կողմը պարզաբանեց, որ այդ քվեաթերթիկներն արձանագրությամբ վերադարձվել են ՄԸՀ` երբ ճշգրտվել է ընտրողների 381 թիվը:
4. Դիմումատուի կողմից նշված քվեաթերթիկների պահպանման` ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգի խախտումը, որը ըստ նրա դիմումի, տեղի է ունեցել թիվ 0640, 0641, 0642 տեղամասերում, քննության է առնվել Արմավիրի առաջին ատյանի դատարանի կողմից և վճռի նկարագրական մասում արձանագրվել է, որ «0642 տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկի վրայի թափանցիկ մեկուսիչ ժապավենով ամրացված սպիտակ թուղթը մի մասից պոկվել էր և կնիքն էլ լավ չէր երևում» (Արմավիրի առաջին ատյանի դատարանի 03.06.99 թ. վճիռ, էջ 2): Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել այդ խախտման հետևանքը գնահատելու հարցին, սակայն, սույն տեղամասի անճշտությունների վերաբերյալ արձանագրության մեջ անճշտությունների չափն է 4, իսկ հաշվարկի բազային թվերը համապատասխանում են ամփոփիչ արձանագրության թվերին: Թեպետ, ամփոփիչ արձանագրության մեջ կան թվային շտկումներ, սակայն տառերով գրված թվերը հավաստում են, որ շտկված թվերը ճիշտ են:
5. Դիմող կողմը վիճարկում է անճշտությունների չափը ողջ ընտրատարածքում, հատկապես շեշտելով թիվ 0645 ընտրական տեղամասը, որտեղ փաստացի անճշտությունների թիվը, ըստ դիմումատուի, մոտ 500 է, իսկ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրության մեջ նշված է 5: 1999 թվականի մայիսի 31-ին թեկնածուի վստահված անձ Ֆ. Մանվելյանը, նշելով թիվ 0645 տեղամասում, ըստ իրեն, տեղ գտած կոպիտ խախտումները, դիմել է վերադաս ընտրական հանձնաժողով` նշված տեղամասի ընտրական փաստաթղթերն ստուգելու պահանջով: Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ «հիմք ընդունելով Արմավիրի առաջին ատյանի դատարանի 01.06.99 թ. որոշումը` կատարողական վարույթ հարուցելու մասին... ՄԸՀ որոշեց ընտրական փաստաթղթերի ստուգումը կատարել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում»: Սակայն դատարանի կողմից ստուգվել են միայն թիվ 0640, 0641 և 0642 տեղամասերի ընտրական փաստաթղթերը, իսկ թիվ 0645 տեղամասինը հանձնաժողովի կողմից չեն ստուգվել ըստ մարզային ընտրական հանձնաժողովի թիվ 14 արձանագրության (1999 թ. 02.06)` դիմումն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու պատճառով:
6. Սահմանադրական դատարանը, քննության առնելով անճշտությունների չափը, հիմք ընդունելով Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի պահանջով ներկայացված փաստաթղթերի պաշտոնական պատճեններում նշված թվերը, արձանագրում է, որ անճշտությունների թվի որոշման հարցում սխալ է թույլ տրվել: Այսպես, Արմավիրի թիվ 39 ընտրատարածքում մարզային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության 11-րդ կետում անճշտությունների թիվը նշված է 0, սակայն ըստ տեղամասային համապատասխան արձանագրությունների այն կազմում է 25:
7. Քանի որ դիմումատուն հատկապես նշում է թիվ 0645 տեղամասում անճշտությունների վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունն իրականին, և որ հենց այդ տեղամասի ընտրական փաստաթղթերն ստուգելու` վստահված անձի պահանջը, ինչպես վերը նշվել է, մերժվել է, սահմանադրական դատարանի կողմից ուսումնասիրվել են նշված տեղամասի թիվ 7 և թիվ 8 արձանագրությունները, ինչպես նաև սահմանադրական դատարանի որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է տեղեկանք թիվ 0645 ընտրական տեղամասում մարված քվեաթերթիկների թվի վերաբերյալ` ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետին համապատասխան անճշտությունների թիվը պարզելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարան է ներկայացվել մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրության Արմավիրի մարզի թիվ 39 ընտրատարածքի թիվ 0645 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի թիվ 8 արձանագրության` օրենքով սահմանված կարգով հաստատված պատճենը, ինչպես նաև ստուգումների վերաբերյալ արձանագրություններ, որոնք փաստում են մարված քվեաթերթիկների 1450 թիվը: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի հիմքով սահմանադրական դատարանն իրավասու չլինելով քննության առարկա դարձնելու գործին առնչվող փաստական հանգամանքները, արձանագրում է. որ կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովների կողմից խախտվել է ընտրական փաստաթղթերի պահպանման` օրենսդրությամբ սահմանված կարգը, և այս առնչությամբ իրավասու մարմինները պարտավոր են քննություն կատարել:
Հիմք ընդունելով անճշտությունների չափի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների տվյալները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանց ընդհանուր թիվը կազմում է 61, որը չի գերազանցում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին կողմ տրված ձայների տարբերությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կ. Մարտիրոսյանի պահանջը` ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, մերժել:
2. Գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|