ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏԱՍԻՍ-Ի 1998 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 հունվարի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1998 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված «ՏԱՍԻՍ-Ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
«ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 20-ին` Երևանում, դեկտեմբերի 9-ին Բրյուսելում` Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև:
Հուշագրի համաձայն, Եվրոպական համայնքը պարտավորվել է «ՏԱՍԻՍ-ի ծրագրի 1996-1999 թթ. ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, անհատույց օգնության միջոցով, 7 միլիոն 600 հազար էքյու գումարի չափով ֆինանսավորել 1998 թվականի գործողությունների ծրագրով Հայաստանին նախատեսված տեխնիկական օգնության միջոցառումների իրականացումը:
Հուշագրի բաղկացուցիչ մասն են կազմում 1998 թվականի գործողությունների ծրագիրը (հավելված 1), ինչպես նաև ֆինանսավորման հուշագրի համար կիրառելի ընդհանուր կանոնները (հավելված 2):
Ինդիկատիվ ծրագրի շրջանակներում իրականացվող 1998 թվականի գործողությունների ծրագիրն ընդգրկում է համագործակցության մի շարք բնագավառներ, այդ թվում մարդկային ռեսուրսների և մասնավոր սեկտորի զարգացման, պետական ներդրումների ծրագրի աջակցության և այլն:
Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոններով նախատեսված են «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացվող օգնության տեխնիկական մանրամասները:
Հուշագրի գործողության ընդհանուր ժամկետը սահմանված է մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն նախատեսված է նաև թե հուշագրի և թե ֆինանսավորման ենթակա ծրագրի գործողության ժամկետի երկարաձգման հնարավորություն` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան դիմումի հիման վրա:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|