ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
1 հոկտեմբերի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 (1) և 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում` երկու երկրների միջև միջազգային համագործակցության զարգացման նպատակով:
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
և տրամադրել մյուս Պայմանավորվող կողմին համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքները,
և ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության օդանավերը, ինչպես նաև դրանց հաշվեցուցակային գույքը, վառելիքի պաշարները ու քսանյութերը և այլ պաշարները բոլոր մաքսատուրքերից և նման այլ վճարումներից,
և Պայմանավորվող կողմերից մեկի ավիաձեռնարկությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածք փոխադրելու համար գանձվող սակագները սահմանելիս հաշվի առնել բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը և մյուս ավիաձեռնարկությունների սակագները,
և տրամադրել աշխատանքի անհրաժեշտ թույլտվություններ, աշխատանքի տեղավորման համար այցագրեր կամ նման կարգի այլ փաստաթղթեր մյուս Պայմանավորվող կողմի այն ներկայացուցիչներին և անձնակազմին, որոնց մասին հիշատակվում է 7-րդ հոդվածի 1-ին կետում,
և վավերական ճանաչել մյուս Պայմանավորվող կողմի տված թռիչքների պիտանիության վկայագրերը և որակավորման վկայականները,
և ցուցաբերել մյուս Պայմանավորվող կողմին անհրաժեշտ օգնություն օդանավերի անօրինական զավթումը և այլ անօրինական գործողությունները կանխելու նպատակով,
և իրավունք վերապահել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությանն ազատ փոխանցել եկամուտների գումարները, որոնք այդ ավիաձեռնարկությունն ստացել է պայմանագրային չվագծերի շահագործումից:
3. Համաձայնագիրն ունի հավելված, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության նշանակած ավիաձեռնարկությունների օդային հաղորդակցության չվագծերը:
4. Համաձայնագրով նախատեսվում է նաև տեղեկատվության փոխանակման, վեճերի լուծման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու կարգը:
5. Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման, համագործակցության հաստատմանն ու պահպանմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|