ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 սեպտեմբերի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 4-ին` Բիշկեկում, որի նպատակը Կողմերի միջև հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցություն և փոխադարձ օգնություն իրականացնելն է:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հարկային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հարկային իրավասու մարմինների միջոցով մյուս Կողմին փոխադարձ աջակցություն ցուցաբերել, մասնավորապես կապված`
- հարկատուների գրանցման, ներառյալ նրանց գտնվելու վայրի, ստորադասության, սեփականության ձևի մասին տեղեկությունների փոխանակման հետ,
- հարկման օբյեկտների և Կողմերի տարածքներում ստացված եկամուտների, վճարված հարկերի գումարների կամ հարկման հետ կապված այլ տեղեկատվության փոխանակման հետ,
- ազգային հարկային համակարգերի, հարկային օրենսդրության փոփոխությունների և լրացումների, հարկային օրենսդրության պահպանման վերահսկողության ապահովման վերաբերյալ տեղեկատվության և մեթոդական ցուցումների փոխանակման հետ,
- հարկային մարմինների աշխատանքն ապահովող համակարգչային համակարգերի ստեղծման և գործադրման հետ,
- կադրերի ուսուցման և փոխանակման, համատեղ գործողություններ պահանջող համագործակցության այլ ձևերի մշակման և օգտագործման հետ:
3. Ըստ համաձայնագրի` հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցությունն ու փոխադարձ օգնությունն իրականացվում են աջակցության մասին հարցումների հիման վրա: Աջակցության մասին հարցումը կարող է մերժվել, եթե դրա կատարումը հակասում է հարցումն ստացող Կողմի հարկային օրենսդրությանը կամ վարչարարական պրակտիկային:
Ըստ համաձայնագրի` հարցում ստացող Կողմը կրում է իր տարածքում աջակցության մասին հարցումը կատարելու հետ կապված բոլոր ծախսերը:
4. Իրավասու հարկային մարմինները միմյանց աջակցում են ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության սահմաններում:
Համաձայնագրում նաև նախատեսված են դրույթներ` կապված փաստաթղթերի և այլ նյութերի ներկայացման, տեղեկատվության փոխանցման, փոխանցվող նյութերի գաղտնիության պահպանման կարգի և այլ հարցերի հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|