Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-328
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1977 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ Է. Միլիտոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1977 թվականի հոկտեմբերի 11-ին Փարիզում ստորագրված` Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Միլիտոնյանի բացատրությունը, հետազոտելով Կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա Կանոնադրությունն ստորագրվել է 1977 թ. հոկտեմբերի 11-ին` Փարիզում:

Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնը հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրի (SC-76/WS/4, Փարիզ, հունվար, 1976) հիման վրա:

Կենտրոնի նպատակը պարբերականների գրանցման ավտոմատ համակարգ ներդնելն ու գործարկելն է` ընդգրկելով գրանցված գիտելիքի ամբողջ ոլորտը, որը կոչվում է Պարբերականների տվյալների միջազգային համակարգ (ISDS)` Պարբերականների միջազգային ստանդարտ համարանիշ (ISSN) տրամադրելու համար:

Կենտրոնը պատասխանատվություն է կրում գիտելիքի բոլոր բնագավառներում պարբերականների գրանցման ավտոմատ համակարգի ներդրման և գործարկման համար: Այն, անհրաժեշտության դեպքում, համագործակցում է նույն ոլորտում գործող ազգային և տարածաշրջանային կենտրոնների հետ:

Կենտրոնի մարմիններն են` Գլխավոր համաժողովը, Ղեկավար խորհուրդը, Տեխնիկական խորհրդատվական կոմիտեն, Տնօրենը:

Գլխավոր համաժողովը կազմված է Միավորված ազգերի կազմակերպության` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության` սույն Կանոնադրության մասնակից յուրաքանչյուր անդամ պետության և ասոցիացված անդամի մեկական ներկայացուցչից և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված մեկ ներկայացուցչից:

Ղեկավար խորհուրդն ունի Կենտրոնի վարչական ղեկավարման համար անհրաժեշտ իրավունքներ: Այն ընդունում է Կենտրոնի աշխատանքային ծրագրերը և բյուջեն, հաստատում է Կենտրոնի տնօրենի կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները: Կենտրոնը վերահսկվում է Ղեկավար խորհրդի կողմից, որի կազմավորման կարգն ամրագրված է Կանոնադրությամբ:

Կանոնադրությամբ ամրագրված են նաև Կենտրոնի մյուս մարմինների լիազորությունները:

Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրությանը միանալով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել Գլխավոր համաժողովի կողմից սահմանված անդամավճարը:

ՄԱԿ-ի` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության` սույն Կանոնադրության մասնակից անդամ պետությունները և ասոցիացված անդամները կարող են դուրս գալ Կանոնադրությունից` Կենտրոնի տնօրենին գրավոր ծանուցելով այդ մասին: Կանոնադրությունից դուրս եկող պետությունը հրաժարվում է Կենտրոնի ակտիվների բոլոր բաժնեմասերից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1977 թվականի հոկտեմբերի 11-ին Փարիզում ստորագրված` Պարբերական հրատարակությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-328

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան