Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-352
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

12 մարտի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված` «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» որոշման մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Որոշումն ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին տնտեսական գործունեության զարգացման նպատակով:

2. Որոշմամբ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները:

Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները գործում են 1994 թ. ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թ. ապրիլի 2-ի արձանագրության մասնակից պետություններից (համաձայնագրի մասնակից պետություն) ծագող և այդ պետությունների միջև առևտրային շրջանառության մեջ գտնվող ապրանքների նկատմամբ:

Այդ համաձայնագիրը և արձանագրությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել են 1999 թ. դեկտեմբերի 28-ին:

Ըստ այդ կանոնների արտադրանքի ծագման երկիր է համարվում համաձայնագրի այն մասնակից պետությունը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ ենթարկվել բավարար մշակման/վերամշակման:

Ապրանքի արտադրմանը համաձայնագրի մասնակից պետություններից բացի երրորդ երկրների մասնակցության դեպքում ապրանքի ծագման երկրի որոշումն իրականացվում է ապրանքի բավարար մշակման/վերամշակման չափանիշին համապատասխան:

Որոշմամբ նախատեսվում է նաև դրա ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը:

3. Որոշումն ունի երեք հավելված. պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնց կատարման ժամանակ ապրանքը համարվում է ծագած այն երկրից, որտեղ դրանք տեղի են ունեցել (Հավելված 1), ապրանքի ծագման մասին հավաստագրի CT-1 ձևը (Հավելված 2) և ապրանքների ծագման մասին հավաստագրի լրացուցիչ թերթի ձևը (Հավելված 3):

4. Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում 1993 թ. սեպտեմբերի 24-ի` Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների մասին Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումը:

5. Որոշումը կոչված է նպաստելու Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8,9 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


12 մարտի 2002 թվականի
ՍԴՈ-352

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան