ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունիսի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին 1999 թվականի հուլիսի 22-ին Կիևում ստորագրված հովանոցային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հուլիսի 22-ին` Կիևում: Համաձայնագրի նպատակն է հաստատել նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգի արդյունավետ շահագործումն ապահովող միասնական կանոններ և մեխանիզմներ:
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
- ստեղծել նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգեր` վերականգնելով առկա համակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում կառուցել նավթի և գազի տեղափոխման նոր համակարգեր, ինչպես նաև շահագործել և սպասարկել այդ համակարգերը,
- համագործակցել միջպետական արտակարգ կոմիտե ստեղծելու նպատակով, որը լիազորված կլինի վերահսկելու նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգեր ստեղծելու մասին որոշման իրագործումը,
- սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ներքին օրենսդրությունը չփոփոխել այնպես, որ խախտվեն նավթի և գազի միջպետական համակարգի նախագծման, ֆինանսավորման, վերականգնման, կառուցման, տեխնիկական սպասարկման և իրագործման պայմանները,
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սույն համաձայնագրի դրույթներն ազգային օրենսդրության մեջ ներառելու և իրագործելու համար,
- երաշխավորել սույն համաձայնագրով կամ դրան հետագայում կցվող արձանագրություններով նախատեսված պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարումը:
Համաձայնագիրը բովանդակում է նաև դրույթներ շրջակա միջավայրի պաշտպանության, վեճերի կարգավորման, լիազորված իրավասու մարմինների, այլ միջազգային պայմանագրերի հետ հարաբերությունների, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և այլ հարցերի վերաբերյալ:
3. Համաձայնագիրը կոչված է նպաստելու Կողմերի տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովմանը, նավթի և գազի տեղափոխման գործունեությունը կարգավորող միջազգային կանոնների և փորձառության զարգացմանն ու ներդրումային ռիսկի նվազեցմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին հովանոցային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|