ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
30 հոկտեմբերի 2008 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը նախատեսում է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա սույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է արվել օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի պահանջների համաձայն, պաշտոնապես պարզաբանում ենք.
«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը չի կիրառվում այն բնակելի տների նկատմամբ, որոնց նկատմամբ իրավունքները պետական գրանցում են ստացել 2001 թվականի մայիսի 15-ից հետո որևէ գործարքի, որոշման կամ դատարանի վճռի կամ այլ իրավական ակտի հիման վրա:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ` |
Երևանի քաղաքապետ` | |
Մ. Վարդանյան |
Ե. Զախարյան |