Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.01.09/1(414)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2011
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2011 թ.  
ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

Նկատի ունենալով, որ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) SMS կարճ հաղորդագրություններով վիճակախաղի կազմակերպման հետ կապված հարաբերությունները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վիճակախաղ՝ հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

2. Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն վիճակախաղի տոմս՝ սույն օրենքին և վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար, և որը հանդիսանում է նաև կազմակերպչի և մասնակցի միջև կնքված պայմանագիր: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա.

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`

Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի՝

ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.

բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.

գ) վիճակախաղի տոմսի գինը.

դ) վիճակախաղի տոմսի համարը (սերիան).

ե) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված կարգին.

զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները.

է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.

ը) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:

3. Օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն շահումային ֆոնդ՝ արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից և բաշխվում է նրանց միջև՝ վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան.

Վերը նշվածի հիման վրա պաշտոնապես պարզաբանում ենք «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

1. Օրենքում բերված սահմանման համաձայն` վիճակախաղ համարվելու համար անհրաժեշտ է հետևյալ 3 տարրերի` հրապարակայնության, շահումային ֆոնդի և պատահականության գործոնի միաժամանակյա առկայությունը:

Եթե SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող վիճակախաղը հանդիսանում է վիճակախաղ և այդ գործունեությամբ իրավունք ունեն զբաղվելու «Վիճակախաղերի կազմակերպում» գործունեության լիցենզիա ունեցող անձինք: ՀՀ վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունը կարող է կազմակերպել SMS կարճ հաղորդագրություններով վիճակախաղ` կազմակերպման և անցկացման կանոնակարգերը նախքան դրանց կիրառումը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, թե ինչ տեղեկություներ պետք է պարունակի վիճակախաղի տոմսը: Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում խոսքը SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող վիճակախաղի մասին է, որի դեպքում գործնականում անհնար է Օրենքի վերոնշյալ մասով պահանջվող մեծածավալ տեղեկատվության ներառումը վիճակախաղի տոմս հանդիսացող SMS հաղորդագրության մեջ՝ տվյալ պարագայում Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը հնարավոր է իրավաչափ կերպով կատարել` մասնավորապես վիճակախաղի տոմսում հղում կատարելով վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական ինտերնետային կայքին, որում տեղադրված կլինի վերոնշյալ տեղեկությունները պարունակող փաստաթուղթը, որը նախապես պետք է համաձայնեցված լինի լիազոր մարմնի հետ:

3. Օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն շահումային ֆոնդը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից, հետևաբար վիճակախաղի տոմսի գինը դա փաստացի այն գումարն է, որը վիճակախաղի մասնակիցների կողմից վճարվել է վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը և SMS հաղորդագրության սպասարկման համար գանձվող գումարը:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան