Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.22/17(529)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.06.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունիսի 2015 թ.

N 9

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն, աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է:

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության համաձայն, պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:

Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները:

ՀՀ կառավարության 08.08.2013 թ. «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն, աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում են հանդիսանում նաև պարգևատրման գումարները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից):

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե ընթացիկ ամսում գործատուի կողմից ընդունած իրավական ակտով հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության համար պարգևատրման գումարներ, ապա այդ գումարներից եկամտային հարկը հաշվարկվում է հաշվի առնելով ընթացիկ ամսվա աշխատավարձի գումարը՝ միասնականացված կարգով, և արտացոլվում է այդ (ընթացիկ) ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում:

Օրինակ, 2015 թվականի փետրվարի 12-ին գործատուի ընդունած հրամանով հաշվարկվում է տարեկան արդյունքներով աշխատանքային պարտականությունները գերազանց կատարած աշխատողներին պարգևատրման գումարներ: Եկամտային հարկը հաշվարկելու նպատակով նշված պարգևատրման գումարները միասնականացվում են այդ աշխատողների փետրվար ամսվա աշխատավարձի գումարների հետ և արտացոլվում փետրվար ամսվա համար մինչև մարտի 20-ը ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում:

 

Նախարար`

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան