ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2018 թ. |
N 01 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե…նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:»:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:»:
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է քաղաքացու իրավունակության բովանդակությունը, համաձայն որի՝ քաղաքացիները կարող են սեփականության իրավունքով ունենալ գույք, գույքը ժառանգել և կտակել այն, կնքել օրենքին չհակասող գործարքներ և այլն:
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է նոտարական գործողությունները, որպիսիք են մասնավորապես՝ գործարքների վավերացումը (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն), տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր և այլն:
Նոտարական գործողությունների կատարման միջոցով անձի կողմից իրականացվում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված այնպիսի հիմնարար իրավունքներ, որպիսիք են սեփականության իրավունքը՝ առավելապես կապված դրա տնօրինմանն ուղղված գործարքների (պայմանագրերի) վավերացմանը, ժառանգելու իրավունքը՝ կապված ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի ստացման հետ և այլն: Հետևաբար, նոտարական գործողության կատարման մերժումը՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով, և դրա արդյունքում անձի քաղաքացիական իրավունքների սահմանափակումը ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների ուժով առաջացնում է այդպիսի սահմանափակման կիրառման պիտանիության, անհրաժեշտության և ծավալների որոշման անհրաժեշտություն:
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայություն, այն է՝
1) անձը դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ գտնվում է հետախուզման մեջ և համարվում է քրեական պատասխանատվությունից խուսափող.
2) անձի հետախուզման վերաբերյալ տեղեկատվությունը նոտարի կողմից ստացվել է անմիջականորեն հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից.
3) տեղեկատվությունը (դրա տրամադրումը) պետք է կրի պաշտոնական բնույթ:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք`
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով նոտարական գործողության կատարումը ենթակա է մերժման այդ նպատակով անմիջականորեն հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու դեպքում: Անձի հետախուզման վերաբերյալ անմիջականորեն նոտարին չուղղված և անդեմ հրապարակված տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով նոտարական գործողության կատարումը մերժելու համար:
|
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|