ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 01 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՊԱՀԱՆՋԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ․
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Միհայել Սոլտերին 2021 թվականի դեկտեմբերի 8-ին 041 գրությամբ դիմել է Էկոնոմիկայի նախարարություն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 675-Ն որոշմամբ սահմանված և 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրառելիության վերաբերյալ հարցադրմանը պաշտոնական պարզաբանում տրամադրելու նպատակով։
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 675-Ն որոշման ուժի մեջ մտնելուց «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է հանդիսանում 2403 99 900 9 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո գտնվող տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (տաքացվող ծխախոտային գլանակ, տաքացվող կապսուլա ծխախոտով, որոնց շրջանառության դուրս բերումն ուղեկցվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Պաշտոնական պարզաբանման կարիք ունի այն, թե արդյոք Կանոնակարգով սահմանված մակնշման պահանջները տարածվում են նաև մինչև նման պահանջի ուժի մեջ մտնելու պահը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և արդեն իսկ տնտեսական շրջանառության մեջ դրված ապրանքների վրա, թե միայն համապատասխան կանոններն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող ապրանքների վրա։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 28-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» N1159-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով՝ պաշտոնապես պարզաբանում եմ․
Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Այս համատեքստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 675-Ն որոշմամբ 2403 99 900 9 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո գտնվող տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ (տաքացվող ծխախոտային գլանակ, տաքացվող կապսուլա ծխախոտով) շրջանառության դուրս բերող անձանց համար ստեղծվում են իրավական վիճակը վատթարացնող պայմաններ։
«Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 5-ի 2015 թվականի N 219-Ն և դրանում փոփոխություն նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 675-Ն որոշմամբ 2403 99 900 9 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո գտնվող տաքացվող ծխախոտով արտադրատեսակների (տաքացվող ծխախոտային գլանակ, տաքացվող կապսուլա ծխախոտով) համար սահմանված պահանջները Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է գործեն 2022 թ․ հունվարի 1-ից, իսկ մինչև 2022 թ․ հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված արտադրանքի շրջանառության դուրս բերումը («Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի համաձայն՝ արտադրանքի շրջանառության դուրսբերում (այդ թվում` իրացում)` ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրանքի տարածման նպատակով առաքում կամ ներմուծում (այդ թվում` արտադրանքը պահեստից բաց թողնելը կամ առանց պահեստավորման առաքելը) Հայաստանի Հանրապետության տարածքում) չի կարող ուղեկցվել համապատասխանության հայտարարագրով, համապատասխանության ազգային նշանով և վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29–ի N 675-Ն որոշմամբ սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից և ազդում են 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծվող և շրջանառության դուրս բերվող արտադրանքի վրա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական: