ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«20» դեկտեմբերի 2023 թվականի |
N 3 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետև` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի վերաբերյալ, որով սահմանվում է «նախադպրոցական ծառայություն» եզրույթը:
Նախադպրոցական կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման գործընթացը բնականոն կազմակերպելու համար նախարարությունը որոշել է իր նախաձեռնությամբ պարզաբանում տալ վերոգրյալ հարցի վերաբերյալ:
1. Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ նախադպրոցական ծառայությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:
Նշված դրույթով սահմանված չեն, սակայն, նախադպրոցական տարիքի երեխայի հետ տարվող գործունեության այն ուղղությունները, որոնք ենթակա են լիցենզավորման, ինչն էլ տարաբնույթ ընկալումների պատճառ է դառնում և ունի պարզաբանման կարիք:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
Լիցենզավորման ենթակա չեն հետևյալ երկու ուղղություններով գործունեություն ծավալող կազմակերպությունները՝
1. արվեստի և սպորտի արտաուսումնական խմբակները, որոնք ուղղված են երեխաների հետաքրքրությունների, նախասիրությունների, ստեղծարար հմտությունների և ֆիզիկական ունակությունների զարգացմանը.
2. կրթությանն աջակցող գործառույթ իրականացնող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները՝ հոգեբանական, հատուկ և սոցիալ մանկավարժական, որոնք ուղղված են խոսքի, հաղորդակցման, հուզակամային, սոցիալ-անձնային, շարժողական և ֆիզիկական զարգացման խանգարում ունեցող երեխաների զարգացմանը:
ՆԱԽԱՐԱՐ` |
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|