Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.04.1995
Ստորագրման ամսաթիվ
10.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.1997

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով միջազգային և երկկողմ համագործակցության նշանակալի ավանդը կարանտինային վնասատուների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բուսական ծագման մթերքների հիվանդությունների, մոլախոտային բույսերի տարածումը կանխարգելելու նպատակով դրանց դեմ պայքարի գործում

և հայտարարելով իրենց երկրների տարածքները կարանտինային օրգանիզմների ներթափանցումից և տարածումից պաշտպանելու, դրանց դեմ պայքարի գործում իրենց ուժերի համակարգման պատրաստակամությունը, ինչպես նաև ղեկավարվելով առավել ինտենսիվ գիտատեխնիկական և առևտրական փոխհարաբերությունների զարգացման ցանկությամբ,

կնքեցին սույն Կոնվենցիան:

 

Հոդված 1.

ՆՊԱՏԱԿԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Պայմանավորվող կողմերը ապահովում են կարանտինային վնասատուների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բուսական ծագման մթերքների հիվանդությունների, մոլախոտային բույսերի (այսուհետև` կարանտինային օրգանիզմներ) ներթափանցումը և տարածումը կանխարգելող իրավասու գործողություններ և արդյունավետ միջոցառումներ, որոնք ընդգրկված են յուրաքանչյուր Կողմի` Կոնվենցիայի անբաժանելի մասը հանդիսացող կարանտինային օրգանիզմների ազգային ցանկում (Հավելված թիվ 1, Պայմանավորվող կողմերի համար կարանտինային նշանակություն ունեցող վնասատուների և մոլախոտերի հիվանդությունների անվանացուցակ):

 

Հոդված 2.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ 

 

1. «Բույս» տերմինն ընդգրկում է կենդանի բույսերը և նրա մասերը, այդ թվում` նաև սերմերը:

2. «Բուսական ծագում ունեցող մթերքներ» տերմինն ընդգրկում է բուսական ծագում ունեցող չմշակված նյութերը և այն մշակված մթերքները, որոնք իրենց բնույթով կամ արտադրության եղանակով կարող են վնասակար օրգանիզմների տարածման վտանգ ներկայացնել:

3. «Կարանտինային օրգանիզմ» տերմինն ընդգրկում է երկրի տարածքում գոյություն չունեցող կամ գոյություն ունեցող, սակայն լայն տարածում չունեցող կարանտինային վնասատուները, գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունները և բուսական ծագում ունեցող մթերքներն ու մոլախոտային բույսերը:

4. «Վնասակար օրգանիզմ» տերմինը նշանակում է բույսերի կամ բուսական ծագում ունեցող մթերքների համար վնասակար կամ հավանական վնասակար բոլոր տեսակի բուսական և կենդանական ծագում ունեցող կենսաձևերը կամ ցանկացած բնույթի ախտածինները:

5. Սույն Կոնվենցիան կնքվում է հիմնականում բուսական կարանտինի և կարանտինային օրգանիզմների կարանտինի նպատակների համար, որոնք կարող են տարածում գտնել հումքի և բուսական ծագում ունեցող մթերքների միջոցով` միջազգային և երկկողմանի առևտրական փոխհարաբերությունների հետևանքով:

6. Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ կազմակերպում է.

ա) հսկողություն վեգետացիայի ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառային զանգվածների, հումքի և բուսական ծագում ունեցող մթերքների նկատմամբ` դրանց պահպանության և փոխադրումների դեպքում` կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ի հայտ գալը որոշելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,

բ) հսկողություն արտահանման համար նախատեսված բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների խմբաքանակների նկատմամբ, նշված բեռների միջազգային ներմուծման և արտահանման համար օգտագործվող փոխադրամիջոցների նկատմամբ` մյուս Կողմի տարածք կարանտինային օրգանիզմների ներթափանցումը կանխարգելելու նպատակով,

գ) բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների խմբաքանակների ֆումիգացիա և (կամ) ախտահանում (անհրաժեշտության դեպքում),

դ) բույսերի և բուսական ծագում ունեցող խմբաքանակների ծագման, դրանց բուսասանիտարական վիճակի մասին հավաստագիր (այսուհետև` բուսասանիտարական հավաստագիր) տալը, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություն կամ հայտարարություն տալը (անհրաժեշտության դեպքում):

Բուսասանիտարական հավաստագրի պիտանիության ժամկետը 20 (քսան) օր է` դրանց տրվելու օրից սկսած:

7. Բուսասանիտարական հավաստագիր տալը և հսկողությունը կատարվում է միայն համապատասխան ծառայությունների լիազորված որակյալ անձանց կողմից: Բուսասանիտարական հավաստագիրը կրում է պետական այն կազմակերպության կնիքը, որին հանձնարարված է այդ գործունեությունը:

8. Բուսասանիտարական հավաստագրի շարադրանքը բնագրում պետք է լինի երկու լեզուներով` հայերեն, ռուսերեն (կամ անգլերեն) կամ բուլղարերեն, ռուսերեն (կամ անգլերեն):

Բնագրում ջնջումներ, ուղղումներ, փոփոխություններ կատարած կամ ոչ ընթեռնելի շարադրանքով հավաստագրերը անվավեր են համարվում: Բույսերի կամ բուսական ծագում ունեցող արտադրանքի տարանցման դեպքում տարանցիկ բեռների բուսասանիտարական հավաստագիրն ուղեկցվում է արտադրող երկրի բուսասանիտարական հավաստագրի բնագրով (Հավելված թիվ 2, «Բուսասանիտարական վկայականի նմուշը»):

 

Հոդված 3.

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերը, նպատակ ունենալով կանխարգելել իրենց երկրների տարածքում բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ի հայտ գալը, իրավունք ունեն.

ա) սահմանափակել բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ներկրումը կամ դրանց վերաբերյալ ներկայացնել հատուկ պահանջներ,

բ) արգելել բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ներկրումը կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ներթափանցման իրական վտանգի դեպքում,

գ) սահմանային հսկիչ-անցագրային կետերում կատարել բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների յուրաքանչյուր խմբաքանակի բուսասանիտարական հսկում, այդ թվում` նաև դիվանագիտական ծառայության համար նախատեսված խմբաքանակները` անկախ այն բանից, թե դրանք ուղեկցվում են բուսասանիտարական հավաստագրերով, թե ոչ,

դ) անհրաժեշտության դեպքում պահանջել, որ բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ամբողջական խմբաքանակները մշակվեն, ոչնչացվեն կամ վերադարձվեն արտահանող երկրին:

2. Սույն հոդվածի հետ կապված` Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են`

ա) միմյանց ներկայացնել այն կարանտինային օբյեկտների անվանացանկը, որոնց առկայությունը ներկրվող բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների մեջ չի թույլատրվում,

բ) փոխանակել երկրի բուսասանիտարական օրենսդրության օրինակները,

գ) երրորդ հոդվածի առաջին կետում («ա», «բ», «գ») նշված միջոցառումները ձեռք առնել միայն այն դեպքում, երբ այդ պահանջում են բուսասանիտարական կանոնները,

դ) մինչև բույսերի կամ բուսական ծագում ունեցող մթերքների ներկրման վերաբերյալ սահմանափակումներ, արգելքներ և պահանջներ մտցնելը կամ կարանտինային օրգանիզմների անվանացանկում կատարվելիք փոփոխությունները այդ մասին դիվանագիտական ճանապարհով 30 (երեսուն) օր առաջ հաղորդել միմյանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ծագել է կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ի հայտ գալու իրական վտանգ,

ե) ճշտել (անհրաժեշտության դեպքում) սահմանային այն կետերը, որոնցով թույլատրվում է ներկրել բույսերի կամ բուսական ծագում ունեցող որոշակի խմբաքանակներ:

3. Պայմանավորվող կողմերը արգելում են հողի ներկրումը (բացառությամբ տորֆի) և ծղոտի, խոտի, քարաքոսների, փայտի թեփի, ծառերի կեղևի օգտագործումը որպես փաթեթանյութ:

4. Բույսերի և բուսական ծագում ունեցող խմբաքանակների տարանցիկ փոխադրումները թույլատրվում են այն դեպքում, երբ բեռները համապատասխանում են այն երկրի բուսասանիտարական պահանջներին, որի տարածքը դրանք հատում են:

 

Հոդված 4.

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների մեծաքանակ ներկրման և արտահանման դեպքում, փոխադարձ համաձայնությամբ, կարելի է կազմակերպել և իրականացնել երկու երկրների իրավասու մարմինների համատեղ հսկողություն:

Բույսերի կարանտինային ծառայությունների տեսուչներին ընդունող երկիրը պարտավորվում է ապահովել ստուգող սարքավորումներով կահավորված ծառայողական տարածքով և ձեռնարկներով` հսկողական գործունեություն իրականացնելու համար:

2. Պայմանավորվող կողմերը`

ա) միմյանց փոխադարձաբար տեղեկացնում են հետաքրքրություն ներկայացնող կարանտինային օրգանիզմների առաջացման և զարգացման մասին,

բ) միմյանց փոխադարձաբար տեղեկացնում են կարանտինային օրգանիզմների դեմ պայքարի միջոցների և դրանց արդյունավետության մասին,

գ) իրականացնում են կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում գիտատեխնիկական նվաճումների մասին հաղորդագրությունների նյութերի, ինչպես նաև մասնագիտական ամսագրերի, մենագրությունների և կարևոր հրապարակումների փոխանակում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանով ստացած տեղեկությունը արգելվում է հանձնել երրորդ կողմի` առանց Պայմանավորվող կողմի համաձայնության, որը տրամադրել է այն:

4. Փոխադարձ պայմանավորվածությամբ Կողմերը կազմակերպում են բույսերի կարանտինի և պաշտպանության ընթացիկ հարցերին և խնդիրներին նվիրված փորձագետների աշխատանքային հանդիպումներ: Հանդիպումները հաջորդաբար անց են կացվում Պայմանավորվող կողմերի երկրներում:

5. Սույն Կոնվենցիայի դրույթների կատարման հետ կապված հարցերը լուծելու ընթացքում կարանտինի և բույսերի պաշտպանության մարմինները կարող են հաստատել անմիջական կապեր:

6. Սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված միջոցառումները համաձայնեցվում են` Հայաստանի Հանրապետության կողմից` գյուղատնտեսության նախարարության հետ, իսկ Բուլղարիայի Հանրապետության կողմից` հողագործության և սննդի արդյունաբերության նախարարության հետ:

 7. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վերաբերում այլ պետությունների հետ Պայմանավորվող կողմերի կնքած պայմանագրերից բխող իրավունքներին և պարտավորություններին:

 

Հոդված 5.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Կոնվենցիայի հանձնարարականների իրականացման ընթացքում ծագած հարցերը լուծվում են յուրաքանչյուր Կողմից երեք ներկայացուցիչ ընդգրկող խառը հանձնաժողովի կողմից: Այն հրավիրվում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից պահանջ ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում` նրա տարածքում: Եթե այս ձևով ձեռք չի բերվում ընդունելի որոշում, վիճելի հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով:

 

Հոդված 6.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ԺԱՄԿԵՏԸ

 

1. Կոնվենցիան ենթակա է հաստատման Պայմանավորվող երկու կողմերի կառավարությունների կողմից և ուժի մեջ է մտնում երկրորդ հուշագրի, որոնք փոխանակում են երկու Կողմերը, ստացման օրից 30 (երեսուն) օր հետո` միմյանց տեղեկացնելով Կոնվենցիայի` իրենց ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատման մասին:

2. Կոնվենցիան կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով: Դրա գործունեության ժամկետն ինքնաբերաբար երկարացվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան համապատասխան ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման վերաբերյալ իր ցանկության մասին չի ծանուցում մյուս Կողմին:

3. Պայմանավորվող կողմերը կարող են փոփոխել Կոնվենցիայի դրույթները փոխադարձ համաձայնության դեպքում: Այդ փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն հոդվածի (6) առաջին կետին համապատասխան:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 16-ից: