Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Ապարտեիդի հանցագործությունն արգելելու և պատժելու մասին
(30 նոյեմբերի 1973 թ.)
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթները, որոնցով բոլոր անդամները պարտավորվել են, Կազմակերպության հետ համագործակցելով, ձեռնարկել համատեղ ու առանձին գործողություններ՝ բոլորի համար ձեռք բերելու մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգանքն ու պահպանումն առանց ռասայի, սեռի, լեզվի կամ կրոնի տարբերակման,
հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ամրագրում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով և որ յուրաքանչյուր ոք ունի Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային ծագման հիմքով որևէ տարբերակման,
հաշվի առնելով Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագիրը՝ Գլխավոր ասամբլեայի այն հայտարարությամբ, որ ազատագրման գործընթացն անհաղթահարելի ու անփոփոխելի է և որ, ի շահ մարդկային արժանապատվության, առաջադիմության ու արդարության պետք է վերջ դնել գաղութատիրությանն ու դրա հետ կապված սեգրեգացիայի և խտրականության բոլոր ձևերին,
նշելով, որ, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան, պետությունները, մասնավորապես, դատապարտում են ռասայական սեգրեգացիան ու ապարտեիդը և պարտավորվում են իրենց իրավազորության ներքո գտնվող տարածքներում կանխել, արգելել ու վերացնել այս հիմքով ամեն մի պրակտիկա,
նշելով, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայում նշված որոշ գործողություններ, որոնք կարող են որակվել նաև որպես ապարտեիդի գործողություններ, միջազգային իրավունքի համաձայն համարվում են հանցագործություն,
նշելով, որ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիայում «ապարտեիդի քաղաքականության հետևանք հանդիսացող անմարդկային գործողությունները» որակվում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ,
նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունել է մի շարք բանաձևեր, որտեղ ապարտեիդի քաղաքականությունն ու պրակտիկան դատապարտվում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն,
նշելով, որ Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ապարտեիդը և դրա շարունակվող սաստկացումն ու տարածումը լրջորեն խանգարում և սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը,
համոզված լինելով, որ Ապարտեիդի հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին միջազգային կոնվենցիան թույլ կտա միջազգային ու ներպետական մակարդակներով ձեռնարկել ապարտեիդի հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու ավելի արդյունավետ միջոցներ,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները հայտարարում են, որ ապարտեիդը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և որ ապարտեիդի քաղաքականության ու պրակտիկայի և ռասայական սեգրեգացիային ու խտրականությանը համանման քաղաքականության և պրակտիկայի հետևանք հանդիսացող անմարդկային գործողությունները, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածում, միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքները խախտող հանցագործություններ են և լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար։
2. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները հանցավոր են հայտարարում ապարտեիդի հանցագործություն կատարող կազմակերպություններին, հիմնարկներին և առանձին անձանց։
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «ապարտեիդի հանցագործություն» հասկացությունը, որն ընդգրկում է ռասայական սեգրեգացիային և խտրականությանը համանման քաղաքականությունն ու պրակտիկան այնպես, ինչպես գործադրվում են Հարավային Աֆրիկայում, կիրառվում է հետևյալ անմարդկային գործողությունների վերաբերմամբ, որոնք կատարվում են մարդկանց ռասայական մի խմբի կողմից ռասայական ցանկացած այլ խմբի նկատմամբ գերիշխանություն հաստատելու ու պահպանելու և պարբերականորեն ճնշելու նպատակով.
(ա) ռասայական խմբի կամ խմբերի անդամին կամ անդամներին անձի՝ կյանքի և ազատության իրավունքից զրկում՝
(i) ռասայական խմբի կամ խմբերի անդամներին սպանելու միջոցով,
(ii) ռասայական խմբի կամ խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելու միջոցով, նրանց ազատությունը կամ արժանապատվությունը ոտնահարելու միջոցով կամ նրանց խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու միջոցով,
(iii) ռասայական խմբի կամ խմբերի անդամներին կամայականորեն ձերբակալելու և ապօրինի բանտարկելու միջոցով,
(բ) ռասայական խմբի կամ խմբերի համար այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա կամ նրանց ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(գ) ցանկացած օրենսդրական միջոցների կամ այլ միջոցների գործադրում, որոնք ուղղված են երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին ռասայական խմբի կամ խմբերի մասնակցությունը կանխելուն և այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք արգելակում են այդպիսի խմբի կամ խմբերի լիակատար զարգացումը, մասնավորապես, ռասայական խմբի կամ խմբերի անդամներին մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից զրկելու միջոցով, ներառյալ՝ աշխատանքի իրավունքը, արհեստակցական միություններ ստեղծելու իրավունքը, կրթության իրավունքը, իր երկիրը թողնելու և այնտեղ վերադառնալու իրավունքը, քաղաքացիության իրավունքը, տեղաշարժի և բնակավայր ընտրելու ազատության իրավունքը, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքը, խաղաղ հավաքների ու միավորումների ազատության իրավունքը,
(դ) ցանկացած, այդ թվում՝ օրենսդրական բնույթի միջոցների գործադրում՝ ուղղված ըստ ռասայական հատկանիշների բնակչության տարանջատմանը ռասայական խմբի կամ խմբերի անդամների համար արգելաբնակավայրեր ու առանձնաթաղեր ստեղծելու, ռասայական տարբեր խմբերի անդամների միջև խառն ամուսնությունն արգելելու, ռասայական խմբին կամ խմբերին պատկանող հողային սեփականությունը բռնագրավելու միջոցով,
(ե) ռասայական խմբի կամ խմբերի անդամների աշխատանքի շահագործում, մասնավորապես, նրանց հարկադիր աշխատանքի օգտագործում,
(զ) կազմակերպությունների և անձանց հետապնդում՝ նրանց հիմնարար իրավունքներից և ազատություններից զրկելու միջոցով այն բանի համար, որ հանդես են գալիս ընդդեմ ապարտեիդի։
Հոդված 3
Անկախ դրդապատճառներից՝ միջազգային քրեական պատասխանատվության են ենթակա այն անձինք, հիմնարկությունների ու կազմակերպությունների անդամները և պետությունների ներկայացուցիչները, որոնք բնակվում են ինչպես այն պետության տարածքում, որտեղ կատարվում են այդ գործողությունները, այնպես էլ ցանկացած այլ պետությունում, եթե նրանք.
(ա) կատարում են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված գործողությունները, մասնակցում են դրանց, ուղղակիորեն հրահրում են կամ դրդում,
(բ) ուղղակիորեն աջակցում, խրախուսում կամ համագործակցում են ապարտեիդի հանցագործության կատարմանը։
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են.
(ա) ձեռնարկել օրենսդրական կամ այլ բնույթի ցանկացած միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապարտեիդի հանցագործության և համանման սեգրեգացիոն քաղաքականության կամ դրանց դրսևորումների ցանկացած խրախուսում ճնշելու, ինչպես նաև կանխելու և այդ հանցագործության մեջ մեղավորներին պատժելու համար,
(բ) ձեռնարկել օրենսդրական, դատական և վարչական միջոցներ՝ սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված գործողությունների համար պատասխանատու կամ մեղադրվող անձանց իրենց իրավազորությանը համապատասխան հետապնդելու, դատի տալու և պատժելու համար՝ անկախ այն բանից, թե նման անձինք բնակվում են այն պետության տարածքում, որտեղ կատարվում են այդ գործողությունները, կամ քաղաքացիներն են այդ պետության կամ որևէ այլ պետության, կամ քաղաքացիություն չունեցող անձինք են։
Հոդված 5
Այն անձինք, որոնք մեղադրվում են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված գործողությունների կատարման մեջ, կարող են դատվել սույն Կոնվենցիայի մասնակից ցանկացած այն պետության իրավասու դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ձեռք բերել մեղադրյալի անձի նկատմամբ, կամ միջազգային քրեական դատարանի կողմից, որն իրավազորություն ունի այն մասնակից պետությունների վերաբերմամբ, որոնք ընդունել են նրա իրավազորությունը։
Հոդված 6
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ճանաչել և կատարել Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող որոշումները՝ ուղղված ապարտեիդի հանցագործության կանխմանը, ճնշմանն ու պատժմանը, և նպաստել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինների կողմից ընդունվող որոշումների իրականացմանը՝ սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար։
Հոդված 7
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են 9-րդ հոդվածին համապատասխան հիմնված խմբին ներկայացնել պարբերական զեկույցներ այն օրենսդրական, դատական և վարչական կամ այլ միջոցների մասին, որ նրանք ընդունել են սույն Կոնվենցիայի դրույթների կատարման համար։
2. Այդ զեկույցների պատճենները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով ուղարկվում են Ապարտեիդի հատուկ կոմիտեին։
Հոդված 8
Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած իրավասու մարմնի՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որ նա անհրաժեշտ է համարում ապարտեիդի հանցագործությունը կանխելու և ճնշելու նպատակով։
Հոդված 9
1. Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը նշանակում է խումբ՝ կազմված Մարդու իրավունքների հանձնաժողովի երեք անդամից, որոնք նաև սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչներ են, քննության առնելու համար մասնակից պետությունների կողմից 7-րդ հոդվածին համապատասխան ներկայացված զեկույցները։
2. Եթե Մարդու իրավունքների հանձնաժողովի մեջ չկան սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչներ, կամ նրանց թիվը երեքից պակաս է, ապա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո, նշանակում է մասնակից պետության այն ներկայացուցչին կամ մասնակից պետությունների այն ներկայացուցիչներին, որոնք Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ չեն, մասնակցելու համար սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հիմնված խմբի աշխատանքին այնքան ժամանակ, քանի դեռ Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչները չեն ընտրվի Մարդու իրավունքների հանձնաժողովի կազմում։
3. Խումբը կարող է 7-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող զեկույցները քննության առնելու համար հավաքվել Մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջանի սկսվելուց ոչ ավելի, քան հինգ օր առաջ կամ ավարտվելուց նույնքան հետո։
Հոդված 10
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները Մարդու իրավունքների հանձնաժողովին լիազորում են.
(ա) խնդրելու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան գանգատների պատճեններն ուղարկելիս ուշադրություն հատկացնել սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված գործողությունների վերաբերյալ գանգատներին,
(բ) Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններից ստացված զեկույցների և սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների պարբերական զեկույցների հիման վրա պատրաստելու այն անձանց, կազմակերպությունների, հիմնարկությունների և պետությունների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ենթադրաբար պատասխանատու են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների համար, ինչպես նաև այն անձանց ցուցակը, որոնց դեմ սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից դատավարություն է սկսվել,
(գ) Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններից պահանջելու տեղեկատվություն խնամարկյալ և ինքնակառավարում չունեցող տարածքների և մյուս բոլոր տարածքների, որոնց նկատմամբ կիրառվում է Գլխավոր ասամբլեայի 1960թ. դեկտեմբերի 14-ի 1514 (15) բանաձևը, կառավարման համար պատասխանատու իշխանությունների ձեռնարկած միջոցների մասին, որոնք վերաբերում են այն անձանց, ովքեր ենթադրաբար պատասխանատու են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան հանցագործությունների համար և ովքեր, ինչպես ենթադրվում է, գտնվում են նրանց տարածքային ու վարչական իրավազորության ներքո։
2. Մինչև Գլխավոր ասամբլեայի 1514 (15) բանաձևի բովանդակած Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին Հռչակագրի նպատակներին հասնելը՝ սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում գանգատներ ներկայացնելու՝ միջազգային այլ փաստաթղթերով կամ Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագիտացված հաստատությունների կողմից այդ ժողովուրդներին տրամադրված իրավունքը։
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված գործողությունները չեն համարվում քաղաքական հանցագործություններ՝ հանձնելու նպատակների համար։
2. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են նման դեպքերում հանձնումն իրականացնել իրենց օրենսդրությանը և գործող պայմանագրերին համապատասխան։
Հոդված 12
Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը, կիրառմանը կամ կատարմանը վերաբերող վեճերը, որոնք չեն լուծվել բանակցությունների միջոցով, վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետությունների խնդրանքով հանձնվում են Միջազգային դատարանի քննությանը, եթե վեճի կողմերը չեն պայմանավորվել դրա կարգավորման այլ միջոցի շուրջ։
Հոդված 13
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման բոլոր պետությունների կողմից։ Մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելն այն չստորագրած ցանկացած պետություն կարող է միանալ նրան։
Հոդված 14
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
2. Միանալն իրականացվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։
Հոդված 15
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը։
2. Քսաներորդ վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած յուրաքանչյուր պետության համար այն ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը։
Հոդված 16
Մասնակից պետությունը սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարել՝ այդ մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով։ Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց։
Հոդված 17
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ սույն Կոնվենցիայի վերանայման մասին ներկայացնել խնդրանք՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված գրավոր ծանուցման միջոցով։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան անհրաժեշտության դեպքում կայացնում է որոշում՝ միջոցներ ձեռնարկելու մասին։
Հոդված 18
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը բոլոր պետություններին հայտնում է հետևյալ տեղեկությունները.
(ա) 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան ստորագրելու, վավերացնելու և միանալու մասին,
(բ) սույն Կոնվենցիայի՝ 15-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին,
(գ) 16-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարելու մասին,
(դ) 17-րդ հոդվածին համապատասխան ծանուցումների մասին։
Հոդված 19
1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, պահվում է Միավորված ազգերի կազմակերպության արխիվում։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի վավերացված պատճեններն ուղարկում է բոլոր պետություններին։
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|