Շ Ր Ջ Ա Ն Ա Կ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Շրջանակային Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները և այլ պետությունները,
հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի նպատակն է իր անդամ պետությունների ավելի սերտ միության հասնելը՝ նրանց ընդհանուր հարստություն համարվող իդեալների և սկզբունքների պաշտպանության և զարգացման նպատակով,
հաշվի առնելով, որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,
ցանկանալով զարգացնել և կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների` Պետությունների և Կառավարությունների ղեկավարների՝ 1993 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունված Վիեննայի Հռչակագրի դրույթները,
իրենց համապատասխան տարածքներում ազգային փոքրամասնությունների գոյությունը պաշտպանելու վճռականությամբ լեցուն,
հաշվի առնելով, որ Եվրոպայի պատմության մեջ եղած ցնցումները ցույց են տվել, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը անհրաժեշտ է եվրոպական մայրցամաքում կայունության, ժողովրդավարական անվտանգության և խաղաղության համար,
հաշվի առնելով, որ բազմակարծիք և իսկապես ժողովրդավարական հասարակությունը պարտավոր է ոչ միայն հարգել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը, այլև ստեղծել համապատասխան պայմաններ, որոնք թույլ կտան արտահայտել, պահպանել և զարգացնել այդ ինքնությունը,
հաշվի առնելով, որ հանդուրժողականության և երկխոսության մթնոլորտի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի մշակութային բազմազանությունը լինի յուրաքանչյուր հասարակության հարստացման և ոչ թե պառակտման աղբյուր և գործոն,
հաշվի առնելով, որ հանդուրժող և բարգավաճող Եվրոպայի զարգացումը կախված է ոչ միայն երկրների միջև համագործակցությունից, այլև պահանջում է տեղական և տարածաշրջանային իշխանությունների միջսահմանային համագործակցություն՝ յուրաքանչյուր պետության սահմանադրությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով,
ելնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայից և դրա Արձանագրություններից,
ելնելով Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիաներում և հռչակագրերում, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի փաստաթղթերում, մասնավորապես, 1990 թվականի հունիսի 29-ի Կոպենհագենի փաստաթղթում, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած պարտավորություններից,
վճռականությամբ լեցուն` որոշելու այն սկզբունքները, որոնց պետք է հետևել, և դրանցից բխող պարտականությունները անդամ պետություններում և այլ պետություններում, որոնք կարող են դառնալ սույն փաստաթղթի մասնակիցներ, ազգային փաքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար, հարգելով օրենքի գերակայությունը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը,
սույն Շրջանակային կոնվենցիայում ամրագրված սկզբունքները ազգային օրենսդրության և համապատասխան պետական քաղաքականության հիման վրա կյանքի կոչելու վճռականությամբ լի,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Բաժին 1
Հ ո դ վ ա ծ 1
Ազգային փոքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության անբաժան մասն է և, որպես այդպիսին, հանդիսանում է միջազգային համագործակցության բնագավառ:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Շրջանակային կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն բարեխիղճ կերպով, ըմբռնման և հանդուրժողականության ոգով և բարիդրացիության, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության սկզբունքներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 3
1. Ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ պետք է ունենա այդպիսին համարվելու կամ չհամարվելու ազատ ընտրության իրավունք, և այդ ընտրությունը կամ այն իրավունքների իրականացումը, որոնք կապված են այդ ընտրության հետ, չպետք է տվյալ անձին դնեն անբարենպաստ պայմաններում:
2. Ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք անհատապես, ինչպես նաև մյուսների հետ խմբերով կարող են իրականացնել իրավունքներ և օգտվել ազատություններից, որոնք բխում են սույն Շրջանակային կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից:
Բաժին 2
Հ ո դ վ ա ծ 4
1. Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորել օրենքի առջև հավասարություն և օրենքով հավասար պաշտպանություն: Այդ առումով արգելվում է ազգային փոքրամասնության պատկանելության վրա հիմնված ցանկացած խտրականություն:
2. Կողմերը պարտավորվում են անհրաժեշտ դեպքերում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցեն ազգային փոքրամասնությանը և բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջև լիակատար և իրական հավասարությունը: Այս նպատակով Կողմերը, ըստ պատշաճի, պետք է հաշվի առնեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց առանձնահատուկ պայմանները:
3. Երկրորդ կետի դրույթներին համապատասխան ընդունված միջոցները չպետք է համարվեն խտրականություն:
Հ ո դ վ ա ծ 5
1. Կողմերը պարտավորվում են նպաստել ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նրանց անհրաժեշտ են իրենց մշակույթը պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև ինքնության հիմնական տարրերը՝ կրոնը, լեզուն, ավանդույթները և մշակութային ժառանգությունը պահպանելու համար:
2. Իրենց ընդհանուր ինտեգրացիոն քաղաքականության իրականացման համար ձեռնարկվող միջոցներին ոչ ի վնաս Կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած քաղաքական կամ գործնական գործողությունից, որը հետապնդում է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց, հակառակ նրանց կամքի, միաձուլելու նպատակ, և պետք է այդ անձանց պաշտպանեն ցանկացած գործողությունից, որը ուղղված է այդպիսի միաձուլման:
Հ ո դ վ ա ծ 6
1. Կողմերը պետք է խրախուսեն հանդուրժողականության և մշակույթների միջև երկխոսության մթնոլորտը և պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն իրենց տարածքներում բնակվող բոլոր անձանց միջև, անկախ նրանց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելությունից, փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և համագործակցությունը խթանելու համար, մասնավորապես, կրթության, մշակույթի և լրատվական միջոցների բնագավառներում:
2. Կողմերը պարտավորվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ այն անձանց պաշտպանելու համար, ովքեր կարող են իրենց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելության պատճառով դառնալ սպառնալիքների, խտրականության, թշնամական կամ բռնի գործողությունների զոհ:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը պետք է ապահովեն ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի՝ խաղաղ հանրահավաքների, միությունների մեջ ընդգրկվելու, խոսքի, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքների հարգումը:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի՝ սեփական կրոնը կամ հավատը բացահայտ դավանելու, ինչպես նաև կրոնական հաստատություններ, կազմակերպություններ և ընկերություններ ստեղծելու իրավունքը:
Հ ո դ վ ա ծ 9
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` իր կարծիքն արտահայտելու իրավունքը ներառում է կարծիքներ ունենալու և փոքրամասնության լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ պետական իշխանությունների միջամտությունից և սահմաններից: Իրենց իրավական համակարգի շրջանակներում Կողմերը պետք է ապահովեն, որ լրատվական միջոցների մատչելիության հարցում ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք չենթարկվեն խտրականության:
2. Առաջին կետը չի արգելում, որ Կողմերը ռադիոյի և հեռուստահեռարձակման կամ կինեմատոգրաֆիայի ձեռնարկությունների համար արտոնագրում պահանջեն՝ առանց որևէ խտրականության և օբյեկտիվ չափանիշների հիման վրա:
3. Կողմերը չպետք է արգելեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց կողմից տպագիր մամուլի միջոցների ստեղծումն ու օգտագործումը: Ռադիոյի և հեռուստահեռարձակման իրավական դաշտի շրջանակներում, որքանով դա հնարավոր է, և հաշվի առնելով 1-ին կետի դրույթները` Կողմերը ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար պետք է երաշխավորեն լրատվական սեփական միջոցների ստեղծման և օգտագործման հնարավորություն:
4. Իրենց իրավական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է համապատասխան /համարժեք/ միջոցներ ձեռնարկեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար լրատվական միջոցների մատչելիությունը դյուրացնելու, ինչպես նաև հանդուրժողականությունը խրախուսելու և մշակութային բազմակարծությունը ապահովելու համար:
Հ ո դ վ ա ծ 10
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ անձնական կյանքում և հասարակական վայրերում իր փոքրամասնության լեզվից բանավոր և գրավոր անարգել օգտվելու իրավունք ունի:
2. Ավանդապես կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված վայրերում, եթե այդ անձինք խնդրել են, և այնտեղ, որտեղ այդպիսի խնդրանքը համապատասխանում է իրական կարիքներին, Կողմերը, որքանով հնարավոր է, պետք է ձգտեն ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան այդ անձանց և վարչական իշխանությունների միջև հարաբերություններում օգտագործել փոքրամասնության լեզուն:
3. Կողմերը պարտավորվում են երաշխավորել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` ամենասեղմ ժամկետներում իրեն հասկանալի լեզվով տեղեկություն ստանալ իր ձերբակալության պատճառների, իր դեմ հարուցված մեղադրանքների բնույթի և պատճառների մասին, ինչպես նաև իր պաշտպանությունը իրականացնել այդ լեզվով` դրա համար անհրաժեշտության դեպքում ստանալով թարգմանչի անվճար ծառայություն:
Հ ո դ վ ա ծ 11
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք՝ տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան:
2. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ իր փոքրամասնության լեզվով հասարակության համար տեսանելի մասնավոր բնույթի նշումներ, գրություններ և այլ տեղեկատվություն տեղադրելու իրավունք ունի:
3. Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդաբար բնակեցված տարածքներում Կողմերը իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում ներառյալ նաև այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա:
Հ ո դ վ ա ծ 12
1. Կողմերը անհրաժեշտության դեպքում կրթության և գիտական ուսումնասիրությունների բնագավառում պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ազգային փոքրամասնությունների և բնակչության մեծամասնության մշակույթի, պատմության, լեզվի և կրոնի վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելու համար:
2. Այս ենթատեքստում Կողմերը, մասնավորապես, պետք է համարժեք հնարավորություններ տրամադրեն ուսուցիչների պատրաստման, դպրոցական դասագրքերով ապահովման համար և դյուրացնեն շփումները տարբեր համայնքների ուսանողների և ուսուցիչների միջև:
3. Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար բոլոր մակարդակներով ապահովել կրթության մատչելիության հավասար հնարավորություններ:
Հ ո դ վ ա ծ 13
1. Իրենց կրթական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է ճանաչեն, որ ազգային փոքրամասնության պատկանող անձինք իրավունք ունեն ստեղծելու և ղեկավարելու իրենց սեփական մասնավոր կրթական և վերապատրաստման հաստատությունները:
2. Այս իրավունքի իրագործումը Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի դնում:
Հ ո դ վ ա ծ 14
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը՝ սովորել իր փոքրամասնության լեզուն:
2. Ավանդաբար կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված տարածքներում բավարար կարիքի դեպքում Կողմերը հնարավորությունների սահմաններում և իրենց կրթական համակարգերի շրջանակներում պետք է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորեն իրենց լեզուն ուսումնասիրելու կամ այդ լեզվով կրթություն ստանալու համարժեք հնարավորություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթները չպետք է իրագործվեն ի վնաս պաշտոնական լեզվի ուսուցման և դասավանդման:
Հ ո դ վ ա ծ 15
Կողմերը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց արդյունավետ մասնակցությունը մշակութային, հասարակական և տնտեսական կյանքում, ինչպես նաև պետական գործունեության մեջ, մասնավորապես, իրենց առնչվող հարցերում ապահովելու համար:
Հ ո դ վ ա ծ 16
Կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները:
Հ ո դ վ ա ծ 17
1. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքը՝ հաստատել և պահպանել ազատ և խաղաղ միջսահմանային շփումներ այլ պետություններում օրինական կերպով գտնվող անձանց հետ, մասնավորապես, նրանց հետ, ովքեր ունեն ընդհանուր էթնիկական ինքնություն, լեզվական, կրոնական կամ մշակութային ընդհանուր ժառանգություն:
2. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց` ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը ազգային և միջազգային մակարդակներով մասնակցելու իրավունքը:
Հ ո դ վ ա ծ 18
1. Համապատասխան ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանությունն ապահովելու համար Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է ջանք գործադրեն այլ պետությունների, մասնավորապես, հարևան երկրների հետ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար:
2. Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեն միջսահմանային համագործակցությունը խրախուսելու համար:
Հ ո դ վ ա ծ 19
Կողմերը պարտավորվում են հարգել և կիրառել սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքները` անհրաժեշտության դեպքում կատարելով միայն այնպիսի սահմանափակումներ և բացառություններ, որոնք նախատեսված են միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայում, այնքանով, որքանով դրանք վերաբերում են նշված սկզբունքներից բխող իրավունքներին և ազատություններին:
Բաժին 3
Հ ո դ վ ա ծ 20
Սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքների և ազատությունների իրագործման ժամանակ ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչուր անձ պետք է հարգի ազգային օրենսդրությունը և մյուսների իրավունքները, մասնավորապես, բնակչության մեծամասնության և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հ ո դ վ ա ծ 21
Ոչինչ սույն Շրջանակային կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած անհատի որևէ ենթադրվող գործունեությամբ զբաղվելու կամ ինչ-որ գործողություններ կատարելու իրավունք, որը հակասում է միջազգային իրավունքի, մասնավորապես, ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության և պետությունների քաղաքական անկախության սկզբունքներին:
Հ ո դ վ ա ծ 22
Ոչինչ սույն Շրջանակային կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներով կամ որևէ այլ համաձայնագրով, որին այդ Կողմը մասնակից է, երաշխավորվող մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների սահմանափակում կամ նվազեցում:
Հ ո դ վ ա ծ 23
Սույն Շրջանակային կոնվենցիայում շարադրված սկզբունքներից բխող ազատությունները և իրավունքները, այնքանով, որքանով հանդիսանում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների առարկա, պետք է հասկացվեն որպես վերջինիս համապատասխան դրույթներ:
Բաժին 4
Հ ո դ վ ա ծ 24
1. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն լիազորված է հետևելու Պայմանավորվող պետությունների կողմից սույն Շրջանակային կոնվենցիայի իրագործմանը:
2. Կողմերը, որոնք չեն հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ, Կոնվենցիայի իրագործման մեխանիզմին կմասնակցեն համաձայն այն պայմանների, որոնք պետք է սահմանվեն:
Հ ո դ վ ա ծ 25
1. Որևէ Պայմանավորվող կողմի նկատմամբ սույն Շրջանակային կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, վերջինս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին պետք է փոխանցի օրենսդրական և այլ միջոցառումների մասին համալիր տեղեկատվություն, որոնք ընդունվել և ձեռնարկվել են սույն Շրջանակային կոնվենցիայից բխող սկզբունքները իրականացնելու համար:
2. Հետագայում յուրաքանչյուր Կողմ պարբերաբար և ամեն անգամ, երբ Նախարարների կոմիտեի կողմից կստանա համապատասխան խնդրանք, Գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի ցանկացած այլ տեղեկատվություն` կապված սույն Շրջանակային կոնվենցիայի իրագործման հետ:
3. Սույն հոդվածի դրույթների համաձայն ստացված ամբողջ տեղեկատվությունը Գլխավոր քարտուղարը պետք է փոխանցի Նախարարների կոմիտեին:
Հ ո դ վ ա ծ 26
1. Սույն Շրջանակային կոնվենցիայում շարադրված սկզբունքների իրականացման համար Կողմերից որևէ մեկի ընդունած միջոցառումների նույնականության գնահատման ժամանակ Նախարարների կոմիտեին պետք է օժանդակի Խորհրդակցական կոմիտեն, որի անդամները պետք է ճանաչված իրազեկություն ունենան ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում:
2. Խորհրդակցական կոմիտեի կազմավորման կարգը, ինչպես նաև աշխատանքային ընթացակարգը պետք է սահմանվեն Նախարարների կոմիտեի կողմից սույն Շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
Բաժին 5
Հ ո դ վ ա ծ 27
Սույն Շրջանակային կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը այն բաց է նաև ցանկացած այն պետության ստորագրման համար, ում կհրավիրի ստորագրել Նախարարների կոմիտեն: Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության: Վավերացման, ընդունման կամ հավանության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հ ո դ վ ա ծ 28
1. Սույն Շրջանակային կոնվենցիան ուժի մեջ կմտնի այն օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ, սույն Շրջանակային կոնվենցիաի 27-րդ հոդվածի դրույթների համաձայն, Եվրոպայի խորհրդի տասներկու անդամ պետություններ կարտահայտեն իրենց համաձայնությունը սույն Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու մասին:
2. Յուրաքանչուր անդամ պետության համար, որը հետագայում կարտահայտի իր համաձայնությունը սույն Շրջանակային կոնվենցիան իր համար պարտադիր լինելու մասին, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հ ո դ վ ա ծ 29
1. Սույն Շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց և Պայմանավորվող պետությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշմամբ, որը համաձայն Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետի` ընդունվում է մեծամասնությամբ, Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող յուրաքանչուր պետության կարող է առաջարկել միանալ սույն Շրջանակային կոնվենցիային, որը, համաձայն 27-րդ հոդվածի դրույթների, հրավիրվել է` ստորագրելու այն, բայց չի ստորագրել, ինչպես նաև որևէ այլ անդամ չհանդիսացող պետության:
2. Յուրաքանչյուր միացած պետության համար սույն Շրջանակային կոնվենցիան ուժի մեջ կմտնի միացման փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հ ո դ վ ա ծ 30
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերացման պահին, ինչպես նաև ընդունման և միանալու փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամանակ կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց սահմաններում ինքը պատասխանատվություն է կրում միջազգային հարաբերությունների և սույն Կոնվենցիայի կիրառման համար:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տարածել սույն Շրջանակային կոնվենցիայի կիրառումը որևէ ուրիշ` հայտարարության մեջ նշված տարածքի վրա: Այդ տարածքների վերաբերյալ սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի դրույթների հիման վրա արված ցանկացած հայտարարություն կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով` այդպիսի հայտարարության մեջ նշված ցանկացած տարածքի վերաբերյալ: Այդպիսի հետ վերցնելը ուժի մեջ կմտնի ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հ ո դ վ ա ծ 31
1. Յուրաքանչյուր կողմ ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարել սույն Շրջանակային կոնվենցիան՝ ծանուցագիր հղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Այդպիսի չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից վեցամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հ ո դ վ ա ծ 32
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացնի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Շրջանակային կոնվենցիան ստորագրած մյուս պետություններին և սույն Կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետության՝
ա/ ցանկացած ստորագրման մասին,
բ/ վավերացման, ընդունման, հավանության կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,
գ/ Շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած օրվա մասին` համաձայն Կոնվենցիայի 28-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածների,
դ/ սույն Շրջանակային կոնվենցիային վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցագրի կամ հաղորդագրության մասին:
Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Շրջանակային կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1995 թվականի փետրվարի 1-ին, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են և մեկական տարբերակով հանձնվում են ի պահ Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները պետք է փոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, ինչպես նաև յուրաքանչյուր պետության, որին կառաջարկվի ստորագրել կամ միանալ սույն Շրջանակային կոնվենցիային:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|