Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1964
Ստորագրման ամսաթիվ
09.07.1964
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.1995

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրված Ժնևում, 1964 թվականի հունիսի 17-ին, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից, իր քառասունութերորդ նստաշրջանին,

ուշադրության առնելով, որ Ֆիլադելֆիայի հռչակագիրը ճանաչում է Աշխատանքի միջազգային կազմակերպության պաշտոնական պարտավորությունը՝ նպաստելու աշխարհի ժողովուրդների կողմից այնպիսի ծրագրերի ընդունմանը, որոնց նպատակն է լրիվ զբաղվածության ձեռքբերումն ու կենսամակարդակի բարձրացումը, և որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության նախաբանը նախատեսում է գործազրկության կանխարգելում և կյանքի բավարար պայմաններ ապահովող աշխատավարձի երաշխիք,

ուշադրության առնելով նաև, որ, Ֆիլադելֆիայի հռչակագրի պայմանների համաձայն, Աշխատանքի միջազգային կազմակերպության պարտավորությունն է ուսումնասիրել և քննարկել տնտեսական ու ֆինանսական քաղաքականության ազդեցությունը զբաղվածության բնագավառում քաղաքականության վրա՝ այն հիմնարար նպատակի լույսի ներքո, որ «բոլոր մարդիկ, անկախ ռասայից, դավանանքից կամ սեռից, ունեն ազատության և արժանապատվության, տնտեսական կայունության և հավասար հնարավորության պայմաններում նյութական բարեկեցության ու հոգևոր զարգացման իրավունք»,

ուշադրության առնելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում նախատեսվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդարացի և նպաստավոր պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք»,

հաշվի առնելով զբաղվածության բնագավառում քաղաքականությանն ուղղակի առնչվող գոյություն ունեցող միջազգային աշխատանքային կոնվենցիաներն ու հանձնարարականները, մասնավորապես, 1948թ. Զբաղվածության ծառայության կոնվենցիան և հանձնարարականը, 1949թ. Մասնագիտական կողմնորոշման հանձնարարականը, 1962թ. Մասնագիտական ուսուցման հանձնարարականը և 1958թ. Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության կոնվենցիան և հանձնարարականը,

ուշադրության առնելով, որ այդ փաստաթղթերը պետք է ընդգրկվեն լիարժեք, արդյունավետ և ազատորեն ընտրված աշխատանքի վրա հիմնված տնտեսական զարգացման՝ միջազգային ծրագրերի ավելի լայն շրջանակում,

վճռելով ընդունել զբաղվածության բնագավառի քաղաքականությանը վերաբերող մի շարք առաջարկություններ, որոնք ընդգրկված են նստաշրջանի օրակարգի ութերորդ կետում,

որոշելով այդ առաջարկություններին տալ կոնվենցիայի ձև,

ընդունում է հազար ինը հարյուր վաթսունչորս թվականի հուլիսի իննին հետևյալ Կոնվենցիան, որը կարող է մեջբերվել որպես Զբաղվածության բնագավառում քաղաքականության 1964թ. կոնվենցիա։

 

Հ ո դ վ ա ծ 1

 

1. Տնտեսական աճն ու զարգացումը խթանելու, կենսամակարդակը բարձրացնելու, աշխատուժի նկատմամբ պահանջները բավարարելու և գործազրկությունն ու ոչ լրիվ զբաղվածությունը վերացնելու նպատակով յուրաքանչյուր անդամ որպես գլխավոր նպատակ հռչակում և իրականացնում է լիարժեք, արդյունավետ և ազատորեն ընտրված զբաղվածությանն աջակցելուն ուղղված ակտիվ քաղաքականություն։

2. Նշված քաղաքականությունը նպատակ ունի ապահովելու, որ.

(ա) աշխատանք լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատելու և աշխատանք են փնտրում,

(բ) այդ աշխատանքը լինի հնարավորինս արդյունավետ,

(գ) գոյություն ունենան զբաղմունքի ընտրության ազատություն և յուրաքանչյուր աշխատողի համար հնարավորինս լիարժեք հնարավորություններ՝ ստանալու որակավորում այնպիսի աշխատանքի համար և իր հմտություններն ու ունակություններն օգտագործելու այնպիսի աշխատանքում, որին ինքը պիտանի է՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, կրոնից, քաղաքական հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից։

3. Նշված քաղաքականությունը պատշաճորեն հաշվի է առնում տնտեսական զարգացման փուլն ու մակարդակը և զբաղվածության բնագավառի նպատակների և տնտեսական ու սոցիալական այլ նպատակների միջև փոխադարձ կապը և իրականացվում է ազգային պայմաններին ու պրակտիկային համապատասխանող մեթոդներով։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Յուրաքանչյուր անդամ, այնպիսի մեթոդներով և այն ծավալով, որոնք համապատասխանում են ազգային պայմաններին.

(ա) տնտեսական և սոցիալական համակարգված քաղաքականության շրջանակներում սահմանում և վերանայում է այն միջոցառումները, որոնք պետք է ընդունվեն 1-ին հոդվածում նշված նպատակների իրագործման համար,

(բ) ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ միջոցառումների կիրառման համար, ներառյալ՝ համապատասխան դեպքերում, ծրագրերի մշակումը։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Կոնվենցիան կիրառելիս՝ այն անձանց, մասնավորապես, գործատուների և աշխատավորների ներկայացուցիչները, որոնց առնչվում են ձեռնարկվելիք միջոցառումները, ներգրավվում են զբաղվածության բնագավառում քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություններին՝ նրանց փորձն ու տեսակետները լիարժեք կերպով հաշվի առնելու և այդ քաղաքականությունը ձևավորելիս ու դրան աջակցելիս նրանց լիարժեք համագործակցությունն ապահովելու նպատակով։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Կոնվենցիայի պաշտոնական վավերագրերը գրանցման համար ուղարկվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից։

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից երկու անդամների վավերագրերի գրանցումից տասներկու ամիս անց։

3. Հետագայում սույն Կոնվենցիան յուրաքանչյուր անդամի համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու սկզբնական օրվանից տասնամյա ժամկետի լրանալուց հետո չեղյալ հայտարարել այն՝ Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին՝ գրանցման համար ուղարկած փաստաթղթի միջոցով։ Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ գրանցումից մեկ տարի անց։

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում հիշատակված տասնամյա ժամկետի լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետով և հետագայում կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետի լրանալուց հետո՝ սույն հոդվածով սահմանված կարգով։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենն Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից ստացած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթերի գրանցման մասին։

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իրեն հանձնված երկրորդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը Կազմակերպության անդամների ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվան։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան՝ գրանցման համար, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է լիարժեք տեղեկություններ՝ նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան իր գրանցած վավերագրերի և չեղյալ հայտարարման մասին փաստաթղթերի վերաբերյալ։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինն անհրաժեշտ է գտնում, Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց սույն Կոնվենցիայի կատարման վերաբերյալ և որոշում Կոնվենցիայի ամբողջական կամ մասնակի վերանայման հարցը խորհրդաժողովի օրակարգում ընդգրկելու նպատակահարմարությունը։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

1. Եթե խորհրդաժողովն ընդունում է սույն Կոնվենցիան ամբողջությամբ կամ մասամբ վերանայած նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիայում հակառակը նախատեսված չէ, ապա.

(ա) անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը ipsօ jսre հանգեցնում է սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարմանը՝ անկախ 6-րդ հոդվածի դրույթներից, պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան ուժի մեջ է մտել,

(բ) նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույն Կոնվենցիան փակ է անդամների կողմից վավերացման համար։

2. Սույն Կոնվենցիան, իր գործող ձևով ու բովանդակությամբ, ամեն դեպքում ուժի մեջ է մնում այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել նոր, վերանայված կոնվենցիան։

 

Հ ո դ վ ա ծ 11

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են։

 

Ընդունվել է Ժնև քաղաքում 1964 թվականի հուլիսի 9-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հուլիսի 29-ից: