Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.7
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրման ամսաթիվ
19.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2008

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

ՍԵՎծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին

 

Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

 

հաստատելով իրենց նպատակը` սերտորեն աշխատել Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի երկրների միջև միասնական և փոխլրացնող տրանսպորտային համակարգ մշակելու ուղղությամբ,

 

նկատի ունենալով ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարների համատեղ հայտարարությունը Եվրոպա-Ասիա տրանսպորտային ուղիների շրջանակներում անդրեվրոպական տրանսպորտային ցանցի և Սևծովյան տրանսպորտային ցանցի միավորման վերաբերյալ` ընդունված 2005 թվականի հունվարի 28-ին` Սալոնիկում,

 

գիտակցելով այն փաստը, որ Սևծովյան երկրների և ԵՄ-ի միջև տեխնիկական և կառավարման տեսանկյունից փոխլրացնող տրանսպորտային կապի զարգացումը չափազանց կարևոր է տնտեսական աճի, մարդկանց և ապրանքների կայուն շարժունության համար,

 

հաշվի առնելով, որ Եվրոպական հանձնաժողովը TEN-T ցանցերը դեպի ԵՄ հարևան երկրներ` հատկապես Բալկաններ, Արևելյան Եվրոպա, Սևծովյան և Միջերկրածովյան հարավային ավազան ընդլայնելու նպատակով ստեղծել է բարձրաստիճան պաշտոնյաների խումբ` կազմված երրորդ երկրների, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներից,

 

ընդունելով Եվրոպական պառլամենտի և խորհրդի` 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 884/2004/ԵՀ որոշմամբ ներկայացված «Ծովային մայրուղիներ» հասկացության մեծ նշանակությունը և շուկայավարման օգտակար միջոց դառնալու հնարավորությունը` նպաստելու ճանապարհային կուտակումների նվազեցմանը և (կամ) բարելավելու մուտքը դեպի ծայրամասային ու կղզի տարածաշրջաններ ու պետություններ,

 

հաշվի առնելով, որ ծովային մայրուղիները նախատեսված են ծովային ուղիներով բեռնափոխադրումներ իրականացնելու համար այնպիսի եղանակով, որ բարելավվեն գործող ծովային ուղիները, կամ ստեղծվեն նոր` կենսունակ, կանոնավոր և մշտական ծովային ուղիներ` ՍԾՏՀ անդամ պետությունների միջև և (կամ) ՍԾՏՀ անդամ պետությունների և ԵՄ անդամ պետությունների միջև բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով, հնարավորության դեպքում ստեղծելով իրական մրցակցային այլընտրանք ցամաքային տրանսպորտին,

 

գիտակցելով սահուն, ապահով, անվտանգ և շրջակա միջավայրի համար բարենպաստ ծովային տրանսպորտային համակարգ ստեղծելու կարևորությունը, որպեսզի խթանվի.

 

ա. Համաշխարհային ստանդարտները պահպանող կողմերի մշակած Երթևեկության կարգավորման համակարգերի (VTMIS, ALS և այլ) համապատասխանությունն ու փոխադարձ կապը, որոնց հնարավոր է հետագայում աջակցել` համապատասխան տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու նպատակով: Այս քայլը կարող է նաև ապագայում նպաստել Անվտանգ ծովային ցանցի եվրոպական նախաձեռնությանը,

բ. նավահանգստային պետությունների վերահսկող իշխանությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձացումը,

 

գիտակցելով այն փաստը, որ համագործակցությամբ պետք է հաստատվեն Կողմերի ընթացիկ կարիքներն ու հետաքրքրությունները,

 

եկան հետևյալ փոխըմբռնման.

 

Հոդված 1

 

Կողմերը կդյուրացնեն և կխորացնեն համագործակցությունը քաղաքականության հարցերում` նպաստելով ծովային մայրուղիների զարգացմանը և (կամ) Եվրոպական միությունում արդեն հաստատված ծովային մայրուղիների ընդարձակմանը դեպի ՍԾՏՀ տարածաշրջան, կաջակցեն գործնական նախաձեռնություններին փոխշահավետ հիմքերի վրա:

Կողմերն այս նպատակին հետամուտ կլինեն իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում` հաշվի առնելով ՍԾՏՀ երկրների ներպետական օրենսդրությունը, ինչպես նաև գործող միջազգային կոնվենցիաները:

 

Հոդված 2

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը, մասնավորապես, ընդգրկում է հետևյալ հարցերը.

 

նավահանգիստների կառավարման մարմինների, կազմակերպությունների և ՍԾՏՀ այլ երկրների շահագրգիռ մարմինների միջև տրանսպորտային գործընթացներում, տեխնիկական ապահովման և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խրախուսում ու աջակցում, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում.

ՍԾՏՀ նավահանգիստների աշխատողների ուսուցման խթանում և ՍԾՏՀ նավահանգիստների և (կամ) ՍԾՏՀ ու ԵՄ նավահանգիստների աշխատողների միջև գիտելիքների փոխանակում.

ՍԾՏՀ նավահանգիստների և (կամ) ՍԾՏՀ ու ԵՄ նավահանգիստների աշխատողների միջև փորձի (լավագույն գործելակերպի) փոխանցման խրախուսում ու աջակցում նավահանգստի զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում.

ՍԾՏՀ երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի որոշում, որոնց հնարավոր կլինի հետագայում օժանդակել` նպատակ ունենալով ամրապնդել տրանսպորտի տարբեր տեսակների համակցումն ու օժանդակել դրանց.

միջազգային ծովային տրանսպորտի գործընթացներին մասնակից ՍԾՏՀ անդամ պետությունների միջև իրականացվող բեռնափոխադրողների միջազգային նավարկությունների ընթացքում ազատ և արդար մրցակցության երաշխավորում` նպատակ ունենալով նպաստել ՍԾՏՀ անդամ պետությունների ծով դուրս եկող նավերի` առևտրային բեռների միջազգային ծովային առևտրում անսահմանափակ և դրա արդյունքում արդար մասնակցությանը.

տրանսպորտի բոլոր տեսակների մուտքի դյուրացում և բեռնարկղային փոխադրմանն աջակցում.

ՍԾՏՀ տարածաշրջանում ծովի ապահովության և անվտանգության ամրապնդում.

ՍԾՏՀ երկրներում շահագրգիռ բոլոր մարմինների շրջանում սույն Փոխըմբռնման հուշագրի և դրա կիրառության հիմնական սկզբունքների վերաբերյալ տեղեկատվության տարածում:

 

Հոդված 3

 

Փոխըմբռնման հուշագրի արդյունավետ կիրառմանն աջակցելու նպատակով Կողմերը կստեղծեն Ծովային մայրուղիների հարցերով հատուկ աշխատանքային խումբ` կազմված մասնակից Կողմերի իրավասու մարմինների նշանակած ներկայացուցիչներից, անհրաժեշտության դեպքում, նավահանգիստների կամ շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներից:

 

Այս աշխատանքային խմբի իրավասության շրջանակներում են.

 

ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության պատշաճ փոխանակման ապահովումը.

առաջարկություններ ներկայացնելը` նավահանգստային շինությունների և դրանց աշխատանքների առումով սույն Փոխըմբռնման հուշագրի նպատակներին հասնելու համար.

համատեղ գործողությունների ընթացքի վերահսկումը և դրանց վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը.

Ծովային մայրուղիների հարցերով ՍԾՏՀ երկրների միջև համագործակցության ընթացքի վերահսկումը և հաշվետվություն ներկայացնելը Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև Տրանսպորտի հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբին.

ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների որոշումը, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկություններ ներկայացնելը` համագործակցելով Կողմերի և (կամ) հանրային ու այլ մարմինների իրավասու իշխանությունների հետ.

սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նման աշխատանքների համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների և (կամ) երրորդ երկրների հետ.

սույն Փոխըմբռնման հուշագրի կիրառման համար պահանջվող ցանկացած այլ աշխատանքի իրականացումը.

Ծովային մայրուղիների զարգացման ծրագրին աջակցելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքների շարունակական իրականացումը.

Ծովային մայրուղիների նախագծի ֆինանսավորման համար հասանելի աղբյուրների ուսումնասիրումն ու որոշումը.

Տրանսպորտի հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբին հստակ քայլեր և առաջարկություններ ներկայացնելր:

 

Հոդված 4

 

Կողմերը կհամագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` ՍԾՏՀ տարածաշրջանում Ծովային մայրուղիների որոշման և զարգացման հարցերում իրենց մոտեցումները հիմնավորելու նպատակով:

Կողմերը կհամագործակցեն` Սև ծովում և Կասպից ծովում տրանսպորտային ենթակառուցվածքների ու կառույցների, ինչպես նաև ծովային ծառայությունների բարելավման նպատակով:

 

Հոդված 5

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում ութ Կողմերի ստորագրման կամ Փոխըմբռնման հուշագրի նպատակով պահանջվող իրավական ընթացակարգերի կատարման ավարտի մասին ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությանը ծանուցելու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

Ստորագրված է Բելգրադում 2007 թվականի ապրիլի 19-ին, մեկ բնօրինակով. անգլերեն:

 

ՀՀ-ի համար Հուշագիրը ուժի մեջ է մտել 2008թ. դեկտեմբերի 1-ին:

 

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը

 

«Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ

 

1. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մայրուղիների զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրում ամրագրված ոչ մի իրավունք, պարտավորություն կամ դրույթ չի կիրառվում Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

 

Ադրբեջանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություն կատարելու սույն վերապահման 1-ին պարբերության մեջ նշված դրույթներում կամ չեղյալ ճանաչելու դրանք. մյուս Կողմերը գրավոր կծանուցվեն այդպիսի փոփոխությունների կամ չեղյալ ճանաչման մասին:

 

Ադրբեջանի Հանրապետության

արտաքին գործերի նախարար`

 Էլմար Մամեդյարով

 

Հայաստանի Հանրապետության առարկությունը

 

2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման դեմ

 

Հայաստանի Հանրապետությունն առարկում է 2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահման դեմ:

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը, լինելով բնույթով ընդհանուր և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում նշված Փոխըմբռնման հուշագրի կիրառումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, այլև անհնար է դարձնում համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև: Հիմնվելով Անդամ պետությունների կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերի և դրանց առնչվող կանոնների ու չափորոշիչների վրա` Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը` փոխադրումների ենթակառուցվածքը և հարմարությունները, ինչպես նաև Սև և Կասպից ծովերում ծովային հաղորդակցությունը բարելավելու համար, ինչն արդեն իսկ խախտվում է Ադրբեջանի Հանրապետության վերապահմամբ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակին, ինչն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում 1969թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, պետությունը վերապահում կատարելով կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավական ուժը, եթե դրանք կիրառվում են այդ իսկ պետության նկատմամբ: Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը իր վերապահման մեջ չի նշում որևէ որոշակի դրույթ, որի իրավական կիրառումը կցանկանար բացառել կամ փոփոխել, ուստի Ադրբեջանի Հանրապետությունը, նման վերապահում կատարելով, խախտում է Կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր վերապահումը 2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ: