Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի ԵՎ Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի միջԵՎ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում համագործակցության մասին
ԱՄԷ-ի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեն և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով համաշխարհային մակարդակում աճող մտահոգությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանդեպ, ինչը վտանգ է ներկայացնում միջազգային և ազգային անվտանգության ու տնտեսական կայունության համար,
հավատալով մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) հանցագործության դեմ միջոցառումներ ձեռնարկելու և հանցագործներին պատժի ենթարկելու համար պետությունների (ծագման, տարանցիկ և նպատակակետ) փոխհամաձայնեցված ջանքերի անհրաժեշտությանը,
գիտակցելով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանության ապահովման և նրանց` տուն վերադարձի հարցում օգնության կարևորությունը,
ելնելով Կողմերի համոզմունքից, որ սույն Փոխըմբռնման հուշագիրը կարող է օժանդակել Կողմերի միջև համագործակցությանը` այս հանցագործության դեմ պայքարի և արգելման հարցում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կձեռնարկեն ազգային բոլոր միջոցներն ու ընթացակարգերը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարելու, դրա զոհերին պաշտպանելու և նրանց անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու համար:
Հոդված 2
Յուրաքանչյուր Կողմ կաշխատի վերադարձնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին երկրորդ Կողմին` համագործակցելով միջազգային կազմակերպությունների, կառավարական և ոչ կառավարական կառույցների հետ, հաշվի առնելով անձնական և ազգային անվտանգության խնդիրները:
Հոդված 3
Կողմերը կքննարկեն շահագործման (թրաֆիքինգի) զոհերին օժանդակություն տրամադրելու և նրանց վերականգնմանն ուղղված միջոցառումներն ու միջոցները` մյուս Կողմին ետ վերադարձվելուց հետո:
Հոդված 4
Կողմերը կիրականացնեն փորձագիտական փոխանակում` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման և այս ոլորտում մասնագիտացված հետազոտական աշխատանքներին և ուսումնասիրություններին աջակցելու նպատակով:
Հոդված 5
Կողմերը կփոխանակեն համապատասխան տեղեկատվություն մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային օրենսդրության վերաբերյալ:
Հոդված 6
Յուրաքանչյուր Կողմ կնշանակի պատասխանատու անձ կամ համակարգող` սույն Փոխըմբռնման հուշագրում նշված դրույթների կատարման հարցերով, ուստի կողմերից յուրաքանչյուրը կծանուցի մյուսին համապատասխան պատասխանատուի տվյալների և հաղորդակցման միջոցների մասին:
Հոդված 7
Կողմերը կհամագործակցեն վերապատրաստման, համատեղ ուսուցողական ծրագրերի կազմակերպման և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում փորձագետների փոխանակման ոլորտներում` երկու Կողմերի կրթական, հետազոտական և վերապատրաստման կառույցների միջոցով:
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ կկրի սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման արդյունքում ի հայտ եկած ծախսերը, բացառությամբ նրանց, որոնք համաձայնեցված են այլ ընթացակարգերով և համաձայնագրերով:
Հոդված 9
Որպես սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման և պարզաբանման լեզու կօգտագործվի անգլերենը, իսկ, այլ լեզվով տեղեկատվության փոխանակման դեպքում, այն կուղեկցվի անգլերեն թարգմանված լրացուցիչ տարբերակով:
Հոդված 10
Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ ի հայտ եկած տարաձայնությունները կլուծվեն դիվանագիտական ուղիներով` երկկողմ խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ որևէ Կողմ մյուսին գրավոր չի ծանուցել այն դադարեցնելու իր մտադրության մասին: Նման դադարեցումը ուժի մեջ կմտնի ծանուցումը ստանալու օրվանից 90 օր անց:
Հոդված 12
Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի դեկտեմբերի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Համաձայնագրի դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|