«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 ապրիլի 2005 թ. |
N 144-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկ) կողմից թողարկվող պարտատոմսերի (այսուհետ՝ Պարտատոմս) թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կանոնները:
1.2 Կենտրոնական բանկի Պարտատոմսերը թողարկվում են ելնելով Կենտրոնական բանկի հիմնական խնդրից:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1 Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
2.1.1 Պարտատոմս՝ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող ոչ փաստաթղթային կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմս,
2.1.2 Թողարկող՝ Կենտրոնական բանկ,
2.1.3 Դիլեր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ, որը Կենտրոնական բանկի հետ կնքել է համապատասխան պայմանագիր,
2.1.4 Պահառու՝ Պարտատոմսերի թողարկման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող և Պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող և հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով Թողարկողը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է Պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը, համապատասխան գործարքների վերջնահաշվարկը:
2.1.5 Ենթապահառու՝ պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում հաշվառվում են ներդրողներին սեփականության իրավունքով պատկանող Պարտատոմսերը՝ ըստ առանձին սեփականատերերի:
2.1.6 Ներդրող՝ պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի պարտատոմսերը հաշվառվում են Ենթապահառուի մոտ:
2.1.7 Առևտրային բանկ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկ, որը չի հանդիսանում Պարտատոմսերի շուկայում Դիլեր, և որին սեփականության իրավունքով պատկանում են Պարտատոմսերը:
2.1.8 Աճուրդ՝ Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց, որին Դիլերները ներկայացնում են հայտեր՝ Պարտատոմս ձեռք բերելու նպատակով:
2.1.9 Դեպո հաշիվ՝ պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով:
2.1.10 Դեպո հաշվարկներ՝ ենթապահառուների և պահառուի կողմից իրականացվող գործառնությունների բազմությունն է, որի արդյունքում իրականացվում է պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում գործարքի մասնակիցների միջև «առաքում՝ վճարման դիմաց» կամ «ազատ առաքման» սկզբունքով:
2.1.11 Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ՝ Համակարգ)՝ Պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում Պարտատոմսերի հաշվառման և Պարտատոմսերով գործարքների վերջնահաշվարկների իրականացումն ապահովող համակարգ:
3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
3.1 Սույն կարգի համաձայն թողարկված Պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման պայմաններում փոփոխություններ չեն կարող նախատեսվել:
3.2 Պարտատոմսեր կարող են ձեռք բերել Դիլերները:
3.3 Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվող դրամավարկային եռամսյակային ծրագրի հիման վրա Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, որը հիմք է հանդիսանում Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու նպատակով աճուրդ կազմակերպելու համար:
3.4 Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա տեղաբաշխումից մեկ օր առաջ Համակարգում գրանցվում են տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի թողարկման չափանիշները՝ թողարկման օրը և ժամը, հերթական համարը, թողարկման ծավալը, մարման օրը, Պարտատոմսի ձեռք բերման առաջարկության նվազագույն ծավալը, քայլը:
3.5 Պարտատոմսերի թողարկումը ձևակերպվում է գլոբալ հավաստագրով՝ համաձայն հավելված 1-ի: Աճուրդի արդյունքում չտեղաբաշխված պարտատոմսերը ենթակա են հաշվառման:
3.6 Թողարկողը Պարտատոմսերի թողարկման հայտարարությունում նշում է սույն կարգի 3.4 կետում նշված Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված պարտատոմսերի թողարկման չափանիշները:
3.7 Թողարկողը պարտավոր է ՍիԲիԷյնեթ համակարգի կամ այլ մասնագիտացված կապի և զանգվածային լրատվության միջոցներով թողարկման օրվանից ոչ ուշ, քան մեկ օր առաջ հրապարակել հերթական թողարկման տեղաբաշխման մասին տեղեկատվություն՝ համաձայն հավելված 2-ի, իսկ աճուրդի անցկացման համար սահմանված ժամից առավելագույնը երկու ժամվա ընթացքում հրապարակել աճուրդի արդյունքները՝ աճուրդին մասնակցած Դիլերների թիվը, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը, աճուրդի սահմանային եկամտաբերությունը և միջին կշռված եկամտաբերությունը՝ համաձայն հավելված 3-ի:
3.8 Աճուրդի անցկացման համար սահմանված ժամից առավելագույնը երկու ժամ հետո՝ ժամը 13.00 Թողարկողը որոշում է և հայտարարում է Պարտատոմսերի տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ ստորակետից հետո չորս նիշի ճշտությամբ: Սահմանված ժամին Թողարկողի կողմից աճուրդի արդյունքները չհրապարակելու դեպքում աճուրդը համարվում է չեղյալ:
3.9 Թողարկողը պարտավոր է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել իր կողմից թողարկված Պարտատոմսերի մարումը:
3.10 Պարտատոմսերը թողարկվում են մինչև 1 տարի մարման ժամկետով: Պարտատոմսերի թողարկման պետական գրանցման համարը կատարվում է համաձայն հավելված 4-ի:
3.11 Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով և մարվում անվանական արժեքով:
3.12 Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է դեպո հաշիվներում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ՝ Պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է երկու մակարդակով՝ կենտրոնական Պահառուի և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ Պարտատոմսերը Պահառուի կամ Ենթապահառուի մոտ սեփականատիրոջ անունով բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք Պարտատոմսերի դեպո հաշվից՝ համաձայն հավելված 5-ի:
3.13 Թողարկողը պարտավոր է յուրաքանչյուր Դիլերի տրամադրել դեպո հաշիվ/հաշիվներ: Դեպո հաշիվը հանդիսանում է առանձնահատուկ յուրաքանչյուր հաշվետիրոջ համար և պարունակում է բնորոշ կոդ (գրանցման ծածկագիր): Դեպո հաշիվն արտացոլվում է հաշվետիրոջ հետ կնքված պայմանագրում:
4. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
4.1 Պարտատոմսերի պահառության գործունեությունը Պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցման գործունեությունն է:
4.2 Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումը, ինչպես նաև այդ իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումն իրականացվում են երկմակարդակ պահառուական համակարգով՝ Պահառուի և Ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու ձևով (միջոցով):
4.3 Պահառուի գործառույթները կատարում է Թողարկողը, իսկ Ենթապահառուների գործառույթները՝ Դիլերները և Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով ենթապահառուական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք:
5. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ: ԱՃՈՒՐԴ
5.1 Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է փակ աճուրդի միջոցով: Որպես աճուրդի անցկացման ժամ սահմանվում է ժամը 11.00:
5.2 Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել Դիլերները:
5.3 Դիլերը Պարտատոմսերի աճուրդին իր անունից իր հաշվին կարող է ներկայացնել մեկ հայտ՝ առավելագույնը քսան մրցակցային առաջարկությամբ՝ նշելով պարտատոմսի անվանական արժեքն ու գինը: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է համաձայն հավելված 6-ի:
5.4 Դիլերն աճուրդին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 17.00-ից մինչև աճուրդի անցկացման օրվա ժամը 11.00-ը:
5.5 Դիլերի կողմից աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով՝ Դիլերի մոտ տեղակայված ՍիԲիԷյնեթ համակարգի աշխատանքային կայանից, Թողարկողի կողմից սահմանված ֆորմատներով՝ համաձայն հավելված 7-ի: Դիլերից երկու կամ ավելի հայտ ստանալու դեպքում Համակարգի կողմից ընդունված է համարվում առաջինը ստացված հայտը: Համակարգ մուտքագրված հայտը չի կարող հետ կանչվել, և դրանում փոփոխություններ չեն կարող կատարվել:
5.6 Դիլերի հայտը համակարգ մուտքագրվելու պահին անմիջապես ստուգվում է Համակարգի կողմից: Աճուրդի պայմանների և/կամ առանձին հայտին ներկայացվող սահմանափակումների խախտման դեպքում հայտը մերժվում է, ինչի մասին Դիլերը տեղեկացվում է հատուկ հաղորդագրության միջոցով: Հայտը մերժված լինելու դեպքում Դիլերը կարող է մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամի ավարտը ներկայացնել նոր հայտ:
5.7 Եթե Դիլերը տարբեր տեսակի վթարների հետևանքով (կապի խզում, մասնակցի հսկողության ներքո գործող տեխնիկածրագրային ապահովման անսարքություն և այլն) Թողարկողի կողմից սահմանված Համակարգով հայտն ուղարկելու հնարավորություն չունի, ապա այդ մասին տեղեկացնում է Թողարկողի կողմից լիազորված աշխատակիցներին, և հայտը մուտքագրում է Թողարկողի մոտ տեղադրված հատուկ աշխատանքային կայանից մինչև աճուրդի սկիզբը:
5.8 Եթե աճուրդի օրվա մինչև ժամը 10.50-ը Դիլերների 30%-ը սույն կարգի համաձայն Թողարկողին տեղեկացրել են հայտերի ուղարկման անհնարինության մասին, ապա աճուրդային գործընթացը դադարեցվում է ու այդ մասին անմիջապես տեղեկացվում է Կենտրոնական բանկի նախագահին: Դիլերներին հայտարարվում է աճուրդը վերսկսելու կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշումը:
5.9 Աճուրդի օրվա ժամը 11.00-ին Համակարգն ավտոմատացված եղանակով դադարեցնում է հայտերի ընդունումը:
5.10 Համակարգը ստուգում է Դիլերի դրամական հաշվում բավարար միջոցների առկայությունը: Համապատասխան միջոցների առկայության դեպքում Համակարգն ապահովում է դրանց օգտագործման սահմանափակումը հաշվետիրոջ այլ գործառնությունների համար:
5.11 Աճուրդի պայմաններից շեղումներով լրացված կամ բավարար միջոցներով չապահովված հայտերն աճուրդից հանվում են, իսկ համապատասխան Դիլերներն այդ մասին տեղեկացվում են հատուկ հաղորդագրությունների միջոցով:
5.12 Հայտերի հավաքագրման արդյունքներով կազմվում է հավաքական տեղեկագիր, որը ստորագրվում է Կենտրոնական բանկի Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետի կողմից:
5.13 Թողարկողի կողմից որոշված գնային պայմանները համակարգ մուտքագրվելուց հետո սկսվում է առաջարկությունների բավարարումը: Մրցակցային առաջարկությունների բավարարումն իրականացվում է ամենացածր եկամտաբերությամբ առաջարկություններից սկսած մինչև սահմանային եկամտաբերությամբ որոշված ծավալը: Եթե սահմանային եկամտաբերությամբ բավարարման ենթակա պարտատոմսերի ծավալը զիջում է տվյալ եկամտաբերությամբ առաջարկությունների ծավալը, կատարվում է համամասնական տեղաբաշխում, հակառակ դեպքում բավարարվում է տվյալ սահմանային եկամտաբերությամբ մրցակցային առաջարկությունների ողջ ծավալը:
5.14 Համակարգը հաշվում է տեղաբաշխվող Պարտատոմսերի ծավալն ըստ Դիլերների, ինչպես նաև Թողարկողին փոխանցվելիք դրամական միջոցները և կատարում է դրամական ու դեպո հաշիվներին համապատասխան ծավալով դրամական միջոցների և Պարտատոմսերի փոխանցումները: Դիլերի հայտի պատասխանը փոխանցվում է ՍիԲիԷյնեթ համակարգի միջոցով, իսկ վերջինիս խափանման դեպքում՝ թղթային եղանակով:
5.15 Դիլերները ոչ ուշ, քան աճուրդին հաջորդող աշխատանքային օրվա սկիզբը, ստանում են քաղվածք իրենց դեպո հաշիվներից՝ համաձայն հավելված 8-ի, իսկ աճուրդի ավարտից հետո՝ տեղեկատվություն հայտերի պատասխանների մասին (ՀՏ 511):
5.16 Համակարգի կամ կապուղիների երկարատև խափանման դեպքում Դիլերի կողմից հայտը կարող է ներկայացվել թղթային եղանակով՝ փակ ծրարով՝ համաձայն հավելված 9: Թղթային եղանակով ներկայացված հայտը կարող է ընդունվել մինչև աճուրդի հայտարարված ժամը:
6. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
6.1 Պարտատոմսերի երկրորդային շուկայի մասնակիցներ են՝ Ներդրողները, Դիլերները, Առևտրային բանկերը և Կենտրոնական բանկը: Պարտատոմսերի երկրորդային շուկայի ենթակառուցվածքներն են Պահառուն և Ենթապահառուները:
Կենտրոնական բանկը հաշվառման ենթակա չտեղաբաշխված պարտատոմսերը կարող է օգտագործել հակադարձ ռեպո գործառնությունների իրականացման նպատակով:
6.2 Պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում Պարտատոմսերի առուվաճառքի (այդ թվում նաև ռեպո/հակադարձ ռեպո) գործարքների իրականացումն է, ինչպես նաև Պարտատոմսերի ազատ առաքումը:
6.3 Երկրորդային շուկայում Պարտատոմսերի շրջանառությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության» կարգին համապատասխան:
6.4 Երկրորդային շուկայում առուվաճառքի գործարքների կատարումը դրամով հաշվարկների դեպքում իրականացվում է առաքում վճարման դիմաց սկզբունքով:
6.5 Ենթապահառուների կողմից հաշվառվող պարտատոմսերի և երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ Կենտրոնական բանկ է ներկայացվում հաշվետվություն:
7. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1 Պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին» կարգի համաձայն:
7.2 Պարտատոմսերի մարումը կատարվում է Թողարկողի կողմից սահմանված մարման օրը՝ մինչև ժամը 1230-ը: