Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.221
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005289

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2005 թ.

N 317-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի  և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին  մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային ծառայությունների հաշվառման կարգը» համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2005 թ. հունիսի 24
Երևան

  

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի հունիսի 22-ի
թիվ 317-Ն որոշման

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի

2005 թվականի հուլիսի 8-ի

թիվ 716-Ն որոշմամբ

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի հունիսի 22-ի

թիվ 317-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպությունները) առանձին վարում են իրենց կողմից մատուցված վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում: Հաշվառումը վարվում է դրամական փոխանցումների գծով մատուցված ծառայությունների գրանցման միջոցով:

2. Հաշվառումը տարվում է ամփոփ և ըստ տվյալ կազմակերպության աշխատանքային օրերի:

3. Հաշվառումը տարվում է ըստ հետևյալ տարրերի ՝

3.1 կազմակերպության կողմից դրամական փոխանցումների իրականացման  համակարգերի, այն է՝

3.1.1 դրամական փոխանցումների ոչ բանկային այլընտրանքային համակարգերի (Վեստերն Յունիոն, Մոնեյ Գրէմ և այլ նմանատիպ համակարգերի) միջոցով վճարումների իրականացումը,

3.1.2 կազմակերպության ներքին (մասնաճյուղային) ցանցի միջոցով վճարումների իրականացումը,

3.1.3 բանկի կամ այլ կազմակերպության միջոցով վճարումների կատարումը:

3.2 Ըստ 3.1 ենթակետում նշված յուրաքանչյուր դրամական փոխանցումների իրականացման համակարգի՝ առանձին նշվում են ընդունված (ուղարկված) և վճարված (ստացված) դրամական միջոցները:

Ընդունված (ուղարկված) են համարվում հաշվետու օրվա ընթացքում կազմակերպության կողմից ստացված դրամական միջոցները, որոնք վճարողների կարգադրությունների համապատասխան կազմակերպության կողմից պետք է վճարվեն համապատասխան շահառուներին:

Վճարված (ստացված) են համարվում հաշվետու օրվա ընթացքում կազմակերպության կողմից շահառուներին վճարված դրամական միջոցները:

3.3 Կազմակերպության կողմից դրամական փոխանցումների տեսակների, այն է՝

3.3.1 մասնավոր փոխանցումներ (ֆիզիկական անձանց միջև փոխանցումներ, ֆիզիկական և տնտեսվարող անձանց միջև փոխանցումներ և այլ նմանատիպ փոխանցումներ),

3.3.2 կոմունալ վճարումներ,

3.3.3 բյուջետային վճարումներ,

3.3.4 կենսաթոշակային,  սոցիալական նպաստների վճարումներ,

3.3.5 այլ  վճարումներ, որոնք ընդգրկված չեն 3.3.1, 3.3.2, 3.3.3 և 3.3.4 ենթակետերում:

4. Կազմակերպության կողմից հաշվառումը տարվում է ըստ արժույթների, քանակի և ընդհանուր գումարի:

5. Եթե կազմակերպությունը իրականացնում է իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունները և սույն կարգով սահմանված հաշվառումը համապատասխան համակարգչային սարքավորման /ծրագրի/ միջոցով, ապա յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համակարգչային ծրագրից տպվում են սույն կարգով սահմանված հաշվառման տվյալները, ստորագրվում են կազմակերպության ղեկավարի կողմից և կարվում են հատուկ թղթապանակում:

6. Այն դեպքում, երբ սույն կարգով սահմանված հաշվառումը իրականացվում է թղթային եղանակով, ապա այն վարվում է հատուկ մատյանում:

7. Կազմակերպության կողմից ստացված վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կարգադրությունները, կատարումը հիմնավորող փաստաթղթերը, սույն կարգում սահմանված հաշվառման տվյալները և կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների գծով հաշվառման այլ տարրերը պետք է  պահպանվեն կազմակերպության կողմից առնվազն 5 տարի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան