Գլխավոր տեղեկություն
Համար
N 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.27/20(83) Հոդ.170
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 58

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը» (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունիսի 24-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը» հաստատելու մասին» N 30 որոշումը:


ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ`


Վ. Մովսեսյան

 


Հաստատված է

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2001 թ. նոյեմբերի 13-ի N 58 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

1.2. Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

1.3. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը հայտարարում է նիստերի անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին: Հանձնաժողովը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:

1.4. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են դատական քննության վարույթում գտնվող, պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

1.5. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ` բաց քվեարկությամբ:

1.6. Նիստում ընդունված նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

 

2. Նիստերի նախապատրաստումը եվ անցկացումը

 

2.1. Նիստերի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգով այդ պարտականությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանումը:

2.2. Նիստի քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը նախապատրաստում է հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգով այդ պարտականությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանումը:

2.3. Որոշման նախագիծը պարտադիր նշագրվում է ստորաբաժանումների ղեկավարների կողմից: Նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ունեցող ստորաբաժանման ղեկավարը դրանք գրավոր ներկայացնում է նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարին:

2.4. Այն դեպքում, երբ որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանումը հաշվի չի առնում ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, մինչև հանձնաժողովի նիստը, այդ ստորաբաժանման ղեկավարը դրա մասին տեղյակ է պահում որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարին:

2.5. Անհրաժեշտության դեպքում, որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը կարող է հանձնաժողովի նախագահին համապատասխան զեկուցագիր ներկայացնելով առաջարկել` մինչ որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում քննարկելը անցկացնել նախնական քննարկումներ:

2.6. Եթե նախնական քննարկումներից հետո որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը պնդում է նույն կարծիքը, ապա դրանք (կամ դրանց մի մասը) համապատասխան հիմնավորող փաստաթղթերով կցվում են որոշման նախագծին և ներկայացվում նիստի քննարկմանը:

2.7. Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը և նիստին հրավիրվածների ցանկը համապատասխան զեկուցագրի հետ միասին ներկայացնում է հանձնաժողովի նախագահին:

2.8. Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը հանձնաժողովի նախագահի կողմից նշագրված նախագիծը և հիմնավորող փաստաթղթերը տրամադրում է նիստը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարին:

2.9. Նիստի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում և հանձնաժողովի նախագահի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգը: Հանձնաժողովի նախագահը հաստատում է նիստի օրակարգը, նշանակում է նիստի օրը և ժամը:

2.10. Նիստի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը հաստատված օրակարգի և նրանում ընդգրկված որոշումների նախագծերի ու դրանք հիմնավորող փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրում է հանձնաժողովի անդամներին, խորհրդականներին, ստորաբաժանումների ղեկավարներին և նիստի այլ մասնակիցներին:

2.11. Նիստի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին տեղեկացնում է շահագրգիռ անձին (անձանց) կամ նրա (նրանց) լիազոր ներկայացուցչին (ներկայացուցիչներին):

2.12. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, այդ թվում` նախագահը կամ նախագահի տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:

2.13. Նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:

2.14. Նիստի մասնակիցները ելույթի իրավունք են ստանում նախագահողի թույլտվությունն ստանալուց հետո:

2.15. Նիստը նախագահողը կարող է սահմանափակել ելույթների տևողությունը:

2.16. Հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարին տրվում է ելույթի իրավունք:

2.17. Նիստում որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկում հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Նիստը նախագահողը քվեարկում է վերջինը:

2.18. Նիստն արձանագրվում է հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգով` այդ պարտականությունները կատարող համապատասխան ստորաբաժանման կողմից:

2.19. Ընդունված որոշումները և արձանագրությունը` հանձնաժողովի անդամների, ստորաբաժանման պետերի նշագրումներով, նիստից առավելագույնս երեք օր հետո ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը, եթե նիստում այլ ժամկետ չի նախատեսվել:

2.20. Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանումը հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված որոշման պատճենը ուղարկում է շահագրգիռ անձին (անձանց)` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2.21. Գաղտնի փաստաթղթեր քննարկելիս նիստի մասնակիցների կազմը` բացառությամբ հանձնաժողովի անդամներից, որոշում է հանձնաժողովի նախագահը:

2.22. Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտության դեպքում կարող է գումարվել արտահերթ նիստ: Արտահերթ նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ` հանձնաժողովի անդամներից կամ ստորաբաժանումների ղեկավարներից որևէ մեկի նախաձեռնությամբ:

2.23. Արտահերթ նիստն անցկացվում է հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ընթացակարգով և օրակարգով: