Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-617
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

29 նոյեմբերի 2005 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի մայիսի 11-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՆԱՏՕ-ի միջև Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է հայտագրերի փոխանակման ձևով` 2005 թ. մայիսի 11-ին Երևանում:

Համաձայնագրի նպատակը Հայաստանում ՆԱՏՕ-ի և Գործընկերություն հանուն խաղաղության հարցերով զբաղվող փոխգործակցության սպայի կարգավիճակի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

Համաձայնագիրը բաղկացած է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի 20.04.2005 թ. թիվ SG (2005) 0325 նամակից և ՀՀ արտաքին գործերի նախարարի 11.05.2005 թ. թիվ 13/05291 պատասխան նամակից:

2. Քննության առարկա համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- փոխգործակցության սպային ընդգրկել պաշտպանության և Գործընկերություն հանուն խաղաղության հարցերով զբաղվող` Հայաստանի Հանրապետության համապատասխան հաստատություններում,

- փոխգործակցության սպային ապահովել համաձայնագրի 3-րդ կետում թվարկված` իր գործառույթների հաջող իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ, դյուրացնել փոխգործակցության սպայի կապը կենտրոնական և տեղական իշխանությունների, զինվորական պաշտոնյաների և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ,

- փոխգործակցության սպային և նրա ընտանիքի անդամներին տրամադրել այն բոլոր արտոնությունները, անձեռնմխելիությունն ու հնարավորությունները, որոնք սովորաբար շնորհվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներին` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի 1961 թ. ապրիլի 18-ի կոնվենցիային համապատասխան,

- երաշխավորել փոխգործակցության սպային աջակցելու համար տրամադրված անձնակազմի անձեռնմխելիությունը իրավական գործընթացից` վերջինիս պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում արտահայտած կամ գրած խոսքերի և կատարած բոլոր գործողությունների համար,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները փոխգործակցության սպայի, նրա աշխատակազմի և տարածքի համապատասխան անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար:

3. Քննության առարկա համաձայնագրով ՆԱՏՕ-ն պարտավորվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում փոխգործակցության սպայի` համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված պարտականությունների կատարումը և հոգալ փոխգործակցության սպայի գործառնական ծախսերը:

4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես` 1995 թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրից և դրա լրացուցիչ արձանագրությունից և կոչված են նպաստելու ու զարգացնելու նշված համաձայնագրով և դրա լրացուցիչ արձանագրությամբ հաստատված գործնական համագործակցությունը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թ. մայիսի 11-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՆԱՏՕ-ի միջև Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 նոյեմբերի 2005 թվականի

ՍԴՈ-617