ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
31 հոկտեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագրի ստորագրումը երկու պետությունների միջև պայմանավորված է միջպետական փոխհարաբերություններն ամրապնդելու և հանձնմանն առնչվող բնագավառներում արդյունավետ համագործակցություն ստեղծելու նպատակով։
2. Համաձայնագրով Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմի հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է մյուս պայմանավորվող Կողմի իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ։
3. Համաձայնագրի 2-րդ հոդվածում նախատեսված են հանձնման հետևյալ հնարավոր պայմանները.
- քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնում այն արարքի համար, որը Կողմերի օրենսդրությամբ համարվում է հանցագործություն և պատժելի է առավելագույնն ազատազրկման՝ ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով,
- դատապարտյալի հանձնում, որի կատարած հանցագործությունը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերը հիշատակված պայմանին և կայացված դատավճիռը սահմանում է նվազագույնը 6 ամիս ազատազրկում։
4. Համաձայնագրով, միաժամանակ, նախատեսված են հանձնման հարցումը մերժելու դեպքերը (հոդված 3).
- եթե հանցագործության կատարման պահին անձը հայցվող Կողմի քաղաքացի է,
- քաղաքական կամ զինվորական հանցագործության դեպքում,
- Կողմերից մեկի օրենսդրությանը համապատասխան հանցագործությունն իրավաբանորեն դատական կարգով հետապնդելի չէ կամ դատավճիռն ի կատար ածելու ենթակա չէ,
- հանձնման հարցման իրականացումը վնասում է հայցվող կողմի պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին և այլն։
5. Համաձայնագրի այլ հոդվածներով նախատեսված են հանձնման իրականացման պայմանները և ընթացակարգը։
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- Իրանի Իսլամական Հանրապետության հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող, համաձայնագրի պայմանների համաձայն հանձնման ենթակա յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է իր իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ,
- հանձնման վերաբերյալ հարցումն ստանալով՝ իր ներպետական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայցվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար, եթե առկա չեն հանձնումը մերժելու` համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքերը,
- համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հանձնումը մերժելու դեպքում, օրենսդրությանը համապատասխան դատական կարգով հետապնդել մեղադրվող անձին,
- հայցող կողմին փոխանցել հանցագործության ապացույց համարվող բոլոր իրերն ու առարկաները կամ հանցագործության համար օգտագործված կամ հանցագործության ընթացքում ձեռք բերված գործիքները,
- թույլատրել իր տարածքով այն անձի հանձնումը, որը մյուս Կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից,
- կրել իր տարածքում հանձնման հետ կապված ծախսերը, ինչպես նաև տարանցման ծախսերը, եթե հանդես է գալիս որպես հայցող կողմ:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1. հոդվածի երրորդ մասի դրույթներին և բխում են 9 հոդվածում ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքից։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|