ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1206(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-1432/2007թ.
Նախագահող դատավոր՝ | Տ. ՍԱՀԱԿՅԱՆ |
դատավորներ՝ | Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Ա. ԽԱՌԱՏՅԱՆ |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Գյուրջյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով բերված Ռոման Հովսեփյանի վճռաբեկ բողոքն ըստ Վարդան Հովսեփյանի հայցի ընդդեմ Արտակ Հովսեփյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, Վարդան Հովսեփյանը պահանջել է Արտակ Հովսեփյանի ապօրինի տիրապետումից վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող CMP-19 քար կտրող մեքենան:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 25.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոման Հովսեփյանը։
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանը վճիռ է կայացրել գործի քննությանը մասնակից չդարձած անձի
իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
2) Գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
2002 թվականի մայիսի 10-ի թիվ 4 հաշիվ-ապրանքագրում և նույն օրվա դրամարկղի մուտքի օրդերի թիվ 5 անդորրագրում նշված փաստերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ են, որոնք հայցվորին հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել, իսկ, թեև պատասխանողին հայտնի են եղել, նրանից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:
Հայցվորն իրականում գնել է մեկ այլ քար կտրող մեքենայի կմախք, որը հանձնել է պատասխանողին՝ կոմպլեկտավորելու և համատեղ շահագործելու համար: Պատասխանողն այն չի կոմպլեկտավորել, սակայն հայցվորին ցույց է տվել իրականում իր որդուն՝ Ռոման Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող քար կտրող մեքենան: Հայցվորը, տեսնելով պատրաստի մեքենան, հրաժարվել է համատեղ գործունեության իր մտադրությունից և դիմել է ՀՀ ոստիկանության Արթիկի բաժին, որից հետո դատարան՝ մեքենան վերադարձնելու պահանջով: Ոստիկանությունում և դատարանում պատասխանողը կաշկանդված լինելով հայցվորի ասածից, թե իբր ինքը կոմպլեկտավորել է հայցվորի տված կմախքը, իրենից անկախ պատճառներով ճշմարտությունը չի հայտնել:
3) Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձն ի հիմնավորումն իր պնդման որևէ փաստարկ չի ներկայացրել:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 12.06.2006 թվականի նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով Վարդան Հովսեփյանը Մարտին Ղազարյանից գնել է 13.07.2005 թվականին կնքված վարձակալության պայմանագրով վարձակալած CMP-19 մակնիշի քար կտրող մեքենան:
2) 10.05.2002 թվականի թիվ 4 հաշիվ-ապրանքագրով և նույն օրվա դրամարկղի մուտքի օրդերի թիվ 5 անդորրագրով CMP-19 մակնիշի քար կտրող մեքենան ««Շիրակ» արվեստանոց» ՊՓԲԸ-ից գնել է Ռոման Հովսեփյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
10.05.2002 թվականի թիվ 4 հաշիվ-ապրանքագրով և նույն օրվա դրամարկղի մուտքի օրդերի թիվ 5 անդորրագրով հիմնավորվում է այն փաստը, որ Ռոման Հովսեփյանը ««Շիրակ» արվեստանոց» ՊՓԲԸ-ից գնել է CMP-19 մակնիշի քար կտրող մեքենա: Հիշատակված փաստաթղթերը հաստատում են Ռ. Հովսեփյանի կողմից վիճելի մեքենայի նկատմամբ 10.05.2002 թվականին սեփականության իրավունք ձեռք բերած լինելու հանգամանքը: Սույն վճռաբեկ բողոքով Ռ. Հովսեփյանը վկայակոչում է իր սեփականության իրավունքի խախտումը, պատճառաբանելով, որ դատարանը, բավարարելով հայցը՝ գործի քննությանն իրեն մասնակից չի դարձրել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքում նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:
2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կամ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ եթե նույնիսկ հայտնի են եղել, սակայն նրանցից անկախ պատճառներով չէին կարող ներկայացվել դատարան:
Նշված կետերի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներ կարող են ներկայացնել միայն գործին մասնակից դարձած անձինք և այդ հանգամանքները պետք է անհայտ եղած լինեն նրանց կամ թեև հայտնի լինեն, սակայն դրանց ներկայացումը դատարան անհնար եղած լինի: Միաժամանակ, այդ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:
Նման իրավիճակներում, երբ անձը դատաքննությանը մասնակից չդարձվելու պատճառով զրկված է լինում դատարանին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, և եթե դատական ակտը վերաբերում է նրա իրավունքներին, անձն օրենքի ուժով հնարավորություն ունի վիճարկել դատական ակտը՝ դատավարական իրավունքի խախտման հիմքով:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը սույն գործի քննությանը չի մասնակցել, և վճիռը կայացվել է վերջինիս բացակայությամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում բերված փաստերը սույն գործի համար նոր երևան եկած հանգամանքներ չեն կարող ճանաչվել:
3) բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանն անհնար է համարում անդրադառնալ հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքի՝ նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկներին անդրադառնալն անհնար է համարում, քանի որ դրանք չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ վերջինիս դատավարական իրավունքների խախտման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, գտնում է, որ դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |