Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1578/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1314 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
դատավորներ՝ Ա. Խառատյան
Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Աղասի և Վարդան Համբարձումյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Աղասի Համբարձումյանի և Վարդան Համբարձումյանի օրինական ներկայացուցիչ Աննա Փամբուխչյանի ընդդեմ Սոնյա Թովմասյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է.Շաբոյանի և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) Էրեբունու տարածքային ստորաբաժանման` ժառանգության և սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու և տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Աղասի և Վարդան Համբարձումյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Սոնյա Թովմասյանի անվամբ 25.09.2006 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, 27.09.2006 թվականին տրված թիվ 2202336 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը և տիրապետման փաստով իրենց ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 11.01.2007 թվականի վճռով Աղասի և Վարդան Համբարձումյանների հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.05.2007 թվականի վճռով հայցը` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասով մերժվել է, իսկ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աղասի և Վարդան Համբարձումյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Սոնյա Թովմասյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վճռի հիմքում դնելով Սոնյա Թովմասյանի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Մարգարիտա Քոչումյանի զարդերը գտնվում են դստեր` 1989 թվականից ԱՄՆ-ում մշտական բնակվող Սոնյա Թովմասյանի մոտ, և որ վերջինիս կողմից կատարվել են գույքի պահպանման ծախսերը, անտեսել է, որ չեն ներկայացվել դրանց վերաբերյալ ապացույցներ: Բացի այդ, Սոնյա Թովմասյանը 27.05.2005 թվականին ԱՄՆ-ում մահացած Մարգարիտա Քոչումյանի ժառանգական գույքի վերաբերյալ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ստացել է 25.09.2006 թվականին` օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, այսինքն` Սոնյա Թովմասյանը բաց է թողել ժառանգությունն ընդունելու ժամկետը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Մարգարիտա Քոչումյանը մահացել է 27.05.2005 թվականին, իսկ նրա որդին` հայցվորների հայրը` Հարություն Համբարձումյանը, մահացել է 09.08.2005 թվականին: Այդ իսկ պատճառով Հարություն Համբարձումյանը չի կարողացել ստանալ մոր` Մարգարիտա Քոչումյանի ժառանգական գույքի վերաբերյալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Հարություն Համբարձումյանի որդիները` Աղասի և Վարդան Համբարձումյանները, փաստացի բնակվել և բնակվում են Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տանը, սակայն իրենց հոր ժառանգությունն ընդունելու համար չեն կարողացել դիմել նոտարական գրասենյակ, քանի որ Հարություն Համբարձումյանի մահվան վկայականը ստացել են միայն դատարանի վճռի հիման վրա:

Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տունը հայցվորների կողմից փաստացի տիրապետելու փաստը հաստատվում է նաև այն հանգամանքներով, որ 1984 թվականից ամուսնության կապակցությամբ Աննա Փամբուխչյանը երեխաների` հայցվորների հետ բնակվում է նշված տանը, հայցվորները հաշվառված են այդ հասցեում, իրենց հոր` Հարություն Համբարձումյանի ժառանգներն են, Մարգարիտա Քոչումյանն ԱՄՆ մեկնելիս նշված տան վերաբերյալ փաստաթղթերը` տան հատակագիծը, տնային գիրքը, հանձնել է հայցվորների մորը` Աննա Փամբուխչյանին, որը կատարել է այդ հասցեի տան պահպանման հետ կապված ծախսերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հասցեի տունը հայցվորները տիրապետում և կառավարում են: Այդ հանգամանքը հիմնավորված է նաև այն փաստով, որ տան մեկ սենյակը հայցվորների մայրը` Աննա Փամբուխչյանը, վարձակալության է հանձնել:

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պատճառաբանության վերաբերյալ հիմնավորումներ չեն ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 30.05.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 11.01.2007 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Գործում առկա մի շարք ապացույցներով հերքվել է այն հանգամանքը, որ Աղասի և Վարդան Համբարձումյանները բնակվել և բնակվում են վիճելի հասցեում:

Մարգարիտա Քոչումյանի կողմից մոր՝ Սրբուհի Քոչումյանի ժառանգությունը չընդունելու մասին հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է Համբարձում Հարությունյանի մասին տեղեկություններ չպահպանվելուն, ապա պետք է նշել, որ վերջինս մահացել է Հայաստանում: Իսկ մահվան վկայականը վերցնելուն խոչընդոտող հանգամանքները չէին կարող ժառանգությունը ընդունելու համար արգելք հանդիսանալ, քանի որ այն կարող էր ընդունվել այլ եղանակով, կամ ժամանակին դիմել դատարան:

Անհիմն են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ և 1229-րդ հոդվածների 1-ին մասերը չկիրառելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ տվյալ նորմերով սահմանվում են ժառանգությունն ընդունելու ընդհանուր կանոններ, որոնք Վերաքննիչ դատարանը չպետք է կիրառեր, քանի որ հայցվոր կողմը ժառանգությունը չի ընդունել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Էրեբունու տարածքի ժողդատարանի` օրինական ուժի մեջ մտած 28.04.1998 թվականի վճռով Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տան նկատմամբ ճանաչվել է Աննա Փամբուխչյանի և նրա երկու երեխաների բնակելի տարածության օգտագործման իրավունքը և թողնվել է նրանց բնակվելու նշված տանը Մարգարիտա Քոչումյանի հետ համատեղ, իսկ Մարգարիտա Քոչումյանի հակընդդեմ հայցը` վտարման պահանջի մասին, մերժվել է (գ.թ.202-204):

2) Մարգարիտա Քոչումյանը մահացել է 27.05.2005 թվականին ԱՄՆ-ում (գ.թ.43-44): Վերջինիս առաջին հերթի ժառանգներն են Սոնյա Թովմասյանը և Հարություն Համբարձումյանը:

3) Հարություն Համբարձումյանը մահացել է 09.08.2005 թվականին:

4) Հարություն Համբարձումյանի առաջին հերթի ժառանգներն են որդիները՝ Աղասի և Վարդան Համբարձումյանները:

5) Անձնագրերի լուսապատճենների համաձայն`16 տարին լրանալու կապակցությամբ Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեում Աղասի Համբարձումյանը հաշվառվել է 2001 թվականին, իսկ Վարդան Համբարձումյանը` 2005 թվականին (գ.թ.24,26):

6) Երևանի Էրեբունի թաղապետարանի 04.04.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Աննա Փամբուխչյանը, Աղասի և Վարդան Համբարձումյանները գրանցված են և բնակվում են Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տանը:

7) Երևանի Էրեբունի համայնքի թիվ 13 տեղամասային լիազոր ներկայացուցչի 11.09.2006 և 14.09.2006 թվականների տեղեկանքների համաձայն` Սոնյա Թովմասյանը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն Մարգարիտա Քոչումյանի մահից հետո տնօրինել և կառավարել է Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեի տունը:

8) 14.09.2006 թվականին Մարգարիտա Քոչումյանի դուստր Սոնյա Թովմասյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (սեղանամատյանում գրանցման համարը թիվ 23697): Ժառանգական գույք է ճանաչվել Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքը:

9) Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեի բնակելի տան և հողամասի նկատմամբ 25.09.2006 թվականի թիվ 24838 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա` Սոնյա Թովմասյանի սեփականության իրավունքը գրանցվել է 27.09.2006 թվականին:

10) Էրեբունի համայնքի ԿՏ և ՇՇՊ վարչության և թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 20.09.2006 թվականի զեկուցագրի համաձայն` Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տանը վարձակալությամբ բնակվող անձինք հայտնել են, որ նշված հասցեում գրանցված Աննա Փամբուխչյանն իր երկու տղաների հետ միասին տան մեկ սենյակը և խոհանոցը վարձակալության են հանձնել, իսկ մյուս երկու սենյակների դռները փակել են, փաստացի այդտեղ չեն բնակվում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվին կատարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները: Նույն օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Երևանի Էրեբունի համայնքի թիվ 13 տեղամասային լիազոր ներկայացուցչի 11.09.2006 և 14.09.2006 թվականների տեղեկանքների համաձայն` Սոնյա Թովմասյանը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն Մարգարիտա Քոչումյանի մահից հետո տնօրինել և կառավարել է Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեի տունը:

Սոնյա Թովմասյանի դիմումի հիման վրա` նրան 14.09.2006 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որով ժառանգական գույք է ճանաչվել Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոնյա Թովմասյանը տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը՝ միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու հաար: Այսինքն` Սոնյա Թովմասյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ընդունել է ժառանգության իրեն հասանելիք մասը: Հետևաբար, անհիմն է բողոք բերած անձանց պահանջը՝ Սոնյա Թովմասյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո` չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին: Մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով` նույն oրենuգրքի 1225-1228 հոդվածներին համապատաuխան:

27.05.2005 թվականին մահացած Մարգարիտա Քոչումյանի ժառանգներից Հարություն Համբարձումյանը մահացել է 09.08.2005 թվականին, այսինքն` մոր մահից հետո շուրջ երեք ամիս անց, և չի հասցրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ընդունել Մարգարիտա Քոչումյանի ժառանգությունը: Հետևաբար, նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցել է նրա ժառանգներին` Աղասի և Վարդան Համբարձումյաններին:

Գործում առկա անձնագրերի լուսապատճենների համաձայն` Աղասի Համբարձումյանը 2001 թվականից, իսկ Վարդան Համբարձումյանը 2005 թվականից հաշվառվել են Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեում:

Երևանի Էրեբունի թաղապետարանի 04.04.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Աննա Փամբուխչյանը, Աղասի և Վարդան Համբարձումյանները գրանցված են և բնակվում են Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տանը:

Էրեբունի համայնքի ԿՏ և ՇՇՊ վարչության և թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 20.09.2006 թվականի զեկուցագրի համաձայն` Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 տանը վարձակալությամբ բնակվող անձինք հայտնել են, որ նշված հասցեում գրանցված Աննա Փամբուխչյանն իր երկու տղաների հետ միասին տան մեկ սենյակը և խոհանոցը վարձակալության են հանձնել, իսկ մյուս երկու սենյակների դռները փակել են, փաստացի այդտեղ չեն բնակվում:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աղասի և Վարդան Համբարձումյանները փաստացի տիրապետել և կառավարել են իրենց հորը` Հարություն Համբարձումյանին հասանելիք` Մարգարիտա Քոչումյանի ժառանգական գույքը, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ և 1229-րդ հոդվածների հիմքերով ընդունել են ժառանգությունը՝ Երևանի Նոր Արեշ 46-րդ փողոցի թիվ 37 հասցեի անշարժ գույքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոնյա Թովմասյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը ենթակա են անվավեր ճանաչման մասնակիորեն՝ հայցվորներին հասանելիք մասով:

3) Վճռաբեկ դատարանը բողոքի երրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքում բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման վերաբերյալ հիմնավորումները, իսկ նշված հոդվածում 8-րդ մաս ընդհանրապես գոյություն չունի:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան