Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Թ Ի Վ 2
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ և ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔի ԿԱՄ ՊԱՏժի ԿԱՆԽԱՐԳԵԼման ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետև` Կոնվենցիա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունները,
համոզված լինելով Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) անդամներին երկրորդ անգամ վերընտրվելու հնարավորություն տալու նպատակահարմարության հարցում,
նկատի ունենալով նաև Կոմիտեի անդամության կանոնավոր նորացումը երաշխավորելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
1. 5-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրվում է հետևյալ կերպ.
«Նրանք կարող են վերընտրվել երկու անգամ»:
2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածը լրացվում է հետևյալ 4-րդ և 5-րդ կետերով.
«4. Հնարավորության դեպքում Կոմիտեի անդամների կեսի երկու տարին մեկ նորացումը ապահովելու նպատակով Նախարարների կոմիտեն կարող է որոշել, որ, մինչև հաջորդ ընտրությունն անցնելը, ընտրվելիք անդամների մեկ կամ ավելի անդամների պաշտոնավարման ժամկետը կամ ժամկետները կլինեն այլ, քան չորս տարին, բայց ոչ ավելի, քան վեց և ոչ պակաս, քան երկու տարին:
5. Այն դեպքերում, երբ մեկից ավելի պաշտոնավարման ժամկետ է ներառված, և Նախարարների կոմիտեն կիրառում է նախորդ կետը, պաշտոնավարման ժամկետների բաշխումը կիրականացվի Գլխավոր քարտուղարի կողմից ընտրությունից անմիջապես հետո կատարվող վիճակահանությամբ»:
Հ ո դ վ ա ծ 2
1. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար Կոնվենցիան ստորագրած պետությունների կողմից, որոնք կարող են արտահայտել իրենց համաձայնությունը` պարտավորված լինելով`
ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ
բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրվանից երեք ամիս ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Կոնվենցիայի բոլոր Կողմերը համաձայնություն կհայտնեն ստանձնելու Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունները` 2-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 4
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ոչ անդամ պետություններին`
ա) ցանկացած ստորագրման մասին.
բ) ցանկացած վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթուղթ ի պահ տալու մասին.
գ) 3-րդ հոդվածին համապատասխան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.
դ) սույն Արձանագրության հետ կապված ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:
Ի վկայումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1993 թվականի նոյեմբերի 4-ին՝ ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 1-ից: