Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը,
հաշվի առնելով 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) դրույթները արդիականացնելու անհրաժեշտությունը,
առաջնորդվելով Համաձայնագրի դրույթները Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում կատարված տնտեսական և իրավական փոփոխություններին համապատասխանեցնելու ձգտումով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետությունում`
i) իրավաբանական անձանց շահութահարկ,
ii) ֆիզիկական անձանց եկամտահարկ,
iii) գույքահարկ,
բ) Բելառուսի Հանրապետությունում`
i) օտարերկրյա կազմակերպությունների եկամուտներից հարկ,
ii) շահութահարկ,
iii) ֆիզիկական անձանց եկամտահարկ,
iv) անշարժ գույքի հարկ:»:
Հոդված 2
1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`
i) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչներ,
ii) Բելառուսի դեպքում` հարկերի և գանձումների նախարարություն կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչ,»:
2. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել «ժ»-ից «ժգ» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«ժ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է անձի կողմից ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների մատուցումը և անկախ բնույթի այլ ձեռնարկատիրական գործունեության իրականացումը,
ժբ) «մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, գեղարվեստական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների անկախ գործունեությունը,
ժգ) «փաստացի ղեկավարման վայր» տերմինը նշանակում է` վայր, որտեղ իրականացվում է ընկերության փաստացի կառավարումն ու վերահսկումը, և (կամ) որտեղ ընդունվում են ընկերության կառավարման համար էական կարևոր հարցերի վերաբերյալ բարձր մակարդակով որոշումները:»:
Հոդված 3
1. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում`
«ռեզիդենտության» բառից հետո կետը լրացնել «, փաստացի ղեկավարման վայրի» բառերով, կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Տվյալ տերմինը ներառում է նաև Պայմանավորվող պետությունը կամ նրա իշխանության տեղական մարմինը»:
2. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երբ, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը երկու Պայմանավորվող պետություններում էլ ճանաչվում է ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի ղեկավարման վայրը:»:
Հոդված 4
1. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Ծովային և օդային նավերը, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում: Սույն հոդվածի համաձայն հարկման ենթակա անշարժ գույքից եկամուտը ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքի, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունների ու սարքավորումների, այն իրավունքների ուղղակի օգտագործումից, վարձակալությունից կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտը, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը, անշարժ գույքի ուզուֆրուկտին և հանքային պաշարների, հանքավայրերի և այլ բնական ռեսուրսների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքներին վերաբերող ընդհանուր իրավունքի դրույթները:»:
2. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «և անկախ անձնական ծառայությունները մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից» բառերը:
Հոդված 5
Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետը «հարկի գումարի համապատասխան ճշգրտում» բառերից հետո լրացնել «, եթե նման ճշգրտումը համարի հիմնավորված» բառերը:
Հոդված 6
Համաձայնագրի 10-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետություններից մեկի ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և եթե մասնակցությունը այն կապիտալում, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պայմանավորվող պետությունը չի հարկում ընկերության կողմից վճարվող շահաբաժինները` բացառությամբ այն դեպքերի, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ, և չբաշխված շահույթից գանձվող հարկով հարկման չի ենթարկում ընկերության չբաշխված շահույթը, եթե անգամ վճարած շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:»:
Հոդված 7
Համաձայնագրի 11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և պարտապահանջը, որի հիման վրա վճարվում են տոկոսները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց այդ Պայմանավորվող պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն (ներկայացուցչություն), որի կապակցությամբ առաջացել է այն պարտքը, որի համար վճարվում են տոկոսները, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը), ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը):»:
Հոդված 8
1. Համաձայնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետի «կամ մոդելի» բառերից հետո լրացնել «համակարգչային ծրագրի,» բառերով:
2. Համաձայնագրի 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է ռոյալթին, իրապես կապված են այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքերում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց ինքը` Պայմանավորվող պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն (ներկայացուցչություն), որի կապակցությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորություն, և այդ ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը), ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը):»:
Հոդված 9
1. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության (ներկայացուցչության) ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) օտարումից (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) ստացված եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:»:
2. Համաձայնագրի 13-րդ հոդվածը լրացնել 31 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«31 Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքում ակտիվների արժեքի ավելի քան 50 տոկոս ունեցող ընկերության բաժնետոմսերի կամ հիմնադիր կապիտալում մասնակցության այլ բաժնեմասերի օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:»:
3. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 4-րդ կետում «և 3-րդ» բառերը փոխարինել «, 3 և 31-րդ» բառերով:
Հոդված 10
Համաձայնագրի 14-րդ հոդվածը հանել:
Հոդված 11
Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետից հանել «կամ հաստատուն բազան» բառերը:
Հոդված 12
1. Համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին կետում`
«14-րդ և 15-րդ հոդվածների» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի» բառերով, «կինոյի» բառից հետո ավելացնել «, կրկեսի» բառը:
2. Համաձայնագրի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «, 14-րդ» բառը հանել:
Հոդված 13
Համաձայնագիրը լրացնել 201 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 201
Պրոֆեսորներ, մանկավարժներ և հետազոտողներ
1. Պրոֆեսորը, մանկավարժը կամ հետազոտողը, ովքեր հանդիսանում է մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ կամ դրա ռեզիդենտ են հանդիսացել մինչև մյուս Պայմանավորվող պետություն անմիջապես ժամանելը և իրար հաջորդող երկու տարին չգերազանցող ժամանակահատվածի ընթացքում գտնվում են այդ մյուս Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության Կառավարության կողմից որպես կրթական հաստատություն հավատարմագրված ցանկացած համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ այլ կրթական հաստատության հրավերով, այդ կրթական հաստատությունում բացառապես դասավանդման և (կամ) գիտական աշխատանք կատարելու նպատակով, այդ մյուս Պայմանավորվող պետությունում ազատվում են հարկումից այդպիսի դասավանդման կամ գիտական աշխատանքի իրականացման համար վարձատրության առնչությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում գիտական հետազոտություններից ստացվող եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտություններն իրականացվում են ոչ թե պետության շահերից ելնելով, այլ կոնկրետ անձի կամ անձանց մասնավոր անձնական շահի համար:»:
Հոդված 14
Համաձայնագրի 21-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են միայն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտներ ստացողը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և այն իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվում է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:»:
Հոդված 15
Համաձայնագրի 22-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:»:
Հոդված 16
Համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետի նպատակներից ելնելով` «այդ մյուս Պետությունում վճարված եկամտի (շահույթի) հարկի գումարին հավասար չափով» տերմինը չի ներառում եկամտի հարկի այն մասին հավասար գումարը, որը, մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան, գանձվում է կենսաթոշակային (սոցիալական) ապահովության վճարները կատարելու համար:»:
Հոդված 17
Համաձայնագրի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26
Տեղեկությունների փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ սույն Համաձայնագրի դրույթների կատարման կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների անունից գանձվող` ցանկացած տեսակի և բնույթի հարկին առնչվող` ազգային օրենսդրությունների կիրառման կամ հարկադիր կատարման վերաբերյալ` այն չափով, ինչքանով նման հարկումը չի հակասում սույն Համաձայնագրի դրույթներին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի որոշմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը կամ բողոքների քննմանը, կամ այդ գործողությունների նկատմամբ հսկողությանը: Այդ անձինք կամ մարմինները նման տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների կայացման ժամանակ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) կիրառել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.
բ) տրամադրել տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան կամ սովորական վարչական գործունեության ընթացքում.
գ) տրամադրել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական շահերին):
4. Եթե մի Պայմանավորվող պետություն, սույն հոդվածին համապատասխան, տեղեկություն է հայցում, մյուս Պայմանավորվող պետությունը ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված իր միջոցները հայցվող տեղեկությունը ձեռք բերելու համար` նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պայմանավորվող պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդ տեղեկության կարիքը: Տվյալ պարտավորությունը ենթակա է սույն հոդվածի 3-րդ կետում նշված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը տեղեկության տրամադրումը մերժելու թույլտվություն միայն այն պատճառով, որ ինքը այդպիսի տեղեկություն ստանալու հարցում հետաքրքրություն չունի:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` մերժել տեղեկության տրամադրումը միայն այն պատճառով, որ նման տեղեկության տիրապետում է բանկը, այլ ֆինանսավարկային հաստատությունը, նշանակված անձը կամ որպես միջնորդ կամ վստահորդ գործող անձը, կամ որ տեղեկությունը վերաբերում է անձի սեփականության իրավունքին:»:
Հոդված 18
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից: Սույն Արձանագրության դրույթները կիրառվում են այն հարկային ժամանակահատվածների նկատմամբ, որոնք սկսվում են սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ 1-ից հետո:
Հոդված 19
Սույն Արձանագրության դրույթները Համաձայնագրի անբաժանելի մասն են: Սույն Արձանագրությունը գործում է Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի մայիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվություն կտրվի ռուսերեն տեքստին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 26-ին