Գլխավոր տեղեկություն
Համար
N 1498-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2008-19.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1498-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 1 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ու «Բարայ Դեվելոփմընթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև պետական կառավարման մարմինները լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում կառուցել վարչական շենք` համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի:

2. Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ` ընկերության հետ կնքել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր` հիմք ընդունելով հետևյալ պայմանները`

1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է ընկերության միջոցների հաշվին.

2) ընկերությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա երեք տարվա ընթացքում իրականացնելու է Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական շենքի կառուցումը.

3) որպես փոխհատուցում` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքը` 3176.85 քառ. մետր մակերեսով ու 1219 քառ. մետր մակերես զբաղեցրած հողատարածքով, և Երևան քաղաքի Զաքիյան 2/1 հասցեում գտնվող կաթսայատան շենքը` 1939,2 քառ. մետր մակերես զբաղեցրած հողատարածքով, ու լաբորատոր շենքը` 347,0 քառ. մետր մակերես ունեցող հողատարածքով, սեփականության իրավունքով տրամադրել ընկերությանը.

4) որպես էական պայման` ապահովել ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող` 1219,2 քառ. մետր, Զաքիյան 2/1 հասցեում գտնվող` 1939,2 քառ. մետր և 347,0 քառ. մետր մակերեսներ ունեցող հողամասերում կառուցապատման իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը` պայմանով, որ կառուցապատման նախագծերը կհամաձայնեցվեն, և շինարարության թույլտվությունը կտրամադրվի միայն Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական շենքի կառուցման կապիտալ շինարարության ավարտական ակտերի ձևակերպումից հետո:

3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել միջոցներ` սույն որոշմամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2010, N 569-Ա 30.06.2010, N 1498-Ա
16.04.2009, N 384-Ա 19.04.2009, N 1498-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան