ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
17 փետրվարի 2009 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում ստորագրված՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 2008 թվականի դեկտեմբերի 19-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին` Աստանայում:
2. Նշված արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար նախատեսում է միջազգային առևտրում աջակցելու հայկական բեռների տարանցմանը և դրանով իսկ նպաստելու և ավելացնելու միջազգային բեռնափոխադրումների ծավալը:
3. Արձանագրությամբ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի 11 հոդվածին և Սոֆիայում հաստատված ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի (IGC) Ռազմավարության 5.2, 5.3, 5.5 և 7.3 գլուխներին համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Հիմնական համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» հավելվածում կատարել փոփոխություններ:
Հիմնական համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածի 2-րդ հոդվածի («Միջազգային կոնվենցիաներ») 1-ին կետում ամրագրված պարտավորությունների համաձայն` Կողմերին խորհուրդ է տրվում հնարավորինս կարճ ժամանակահատվածում միանալ 3 միջազգային համաձայնագրերի, իսկ տվյալ դրույթը լրացնող Արձանագրության կետ 1-ը նշված ցանկը համալրում է ևս 14 համաձայնագրերով, մասնավորապես`
դ. Կիոտոյի կոնվենցիա («Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» 1973 թվականի միջազգային կոնվենցիա` լրամշակված 1993 թվականին),
ե. «Մաքսային բեռնարկղերի պահեստավորման մասին» 1994 թվականի կոնվենցիա,
զ. «Անիվային փոխադրամիջոցների համար ընդհանուր տեխնիկական կանոնակարգերի հաստատման մասին» 1998 թվականի համաձայնագիր (AETR),
է. «Միջազգային առևտրում տրանսպորտային բեռնահամալիրների օպերատորների պարտավորությունների մասին» ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հարցերով հանձնաժողովի 1991 թվականի կոնվենցիա,
ը. 1975 թվականի «TIR մաքսային կոնվենցիա»,
թ. «Ավտոմոբիլային ճանապարհներով վտանգավոր բեռների միջազգային փոխադրման մասին» (ADR) կոնվենցիա,
ժ. «Շուտ փչացող ապրանքների/սննդամթերքի միջազգային փոխադրման (ATP) և այդ փոխադրումների համար մասնագիտացված տրանսպորտային հնարավորությունների մասին» 1970 թվականի համաձայնագիր,
ժա. «Միջազգային ծովային հաղորդակցության դյուրացման մասին» 1965 թվականի (FAL) կոնվենցիա,
ժբ. «Ապահով բեռնարկղերի մասին» 1972 թվականի միջազգային (CSC) կոնվենցիա,
ժգ. «Ծովում որոնողական և փրկարարական աշխատանքների մասին» 1979 թվականի միջազգային (SAR) կոնվենցիա,
ժդ. Ինմարսատի կոնվենցիա («Ծովային արբանյակային կապի միջազգային կազմակերպության մասին» 1976 թվականի կոնվենցիա),
ժե. Միջամտության կոնվենցիա («Բաց ծովերում նավթից աղտոտման պատահարների դեպքերում միջազգային միջամտության մասին» 1969 թվականի կոնվենցիա),
ժզ. «Երկաթուղով վտանգավոր բեռների միջազգային փոխադրումների մասին» 1996 թվականի կանոնակարգ (RID),
ժէ. «Ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համաձայնագրի մասին» 1973 թվականի կոնվենցիա և 1978 թվականի Կոնվենցիայի արձանագրությունը:
Արձանագրությամբ նախատեսվում է, որ եթե տարանցման գործունեության համար կիրառվող ընթացակարգերն իրականացվում են համապատասխան պետության մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, ապա միջազգային բեռնափոխադրման` ներառյալ տարանցիկ փոխադրման համար նախատեսված բեռները.
որպես կանոն, փոխադրման ընթացքում չեն ենթարկվի մաքսային զննման, բացառությամբ համապատասխան պատասխանատու մաքսային վարչակազմի կանոնների և կանոնակարգումների համապատասխանությունն ապահովելու դեպքերի: Ելնելով նշվածից` մաքսային մարմինների կողմից կբացառվեն մաքսային կնիքների և այլ անվտանգության միջոցների ստուգումը մուտքի և ելքի կետերում.
տրանսպորտային գործունեության համար չեն ենթարկվի որևէ լրացուցիչ մաքսային ձևակերպման կամ պահանջի, որոնք կիրառվում են մաքսային տարանցիկ ռեժիմի դեպքում:
Միաժամանակ, արձանագրությամբ նախատեսվում է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցման և տարանցման ժամանակահատվածի կրճատման նպատակով, ինչպես նաև Հիմնական բազմակողմ համաձայնագրի շրջանակներում բեռնափոխադրող ընկերությունների համար (երկաթուղի, ցամաք և ծով) «ՏՐԱՍԵԿԱ» լոգոն պետք է նշվի փոխադրվող բեռների մաքսային հայտարարագրի վրա (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք):
Կողմերը փոխադրվող բեռների համար նշված մաքսային հայտարարագրերի միջոցով կմշակեն կանոններ բեռների պարզեցված անցկացումը կիրառելու համար:
Միջազգային առևտրի և բեռների տարանցմանն աջակցելու նպատակով Կողմերը բեռներ առաքելիս հաջորդական տարանցման գործունեության համար բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն պահանջված տեղեկատվության հստակության և ամբողջականության ապահովման համար, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ապահովելու տարանցման ենթակա բեռների մաքսազերծումը բեռների նշանակման վայրի մաքսատանը կատարելու համար և բեռների մաքսազերծումը կփորձեն իրականացնել բեռների վերջնական նշանակման վայրին հնարավոր մոտ գտնվող վայրում:
4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում ստորագրված՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|