Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2017.12.27/2(39)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2011
Ստորագրման ամսաթիվ
19.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2017

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2005 թվականի նոյեմբերի 25-ի՝ Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ` Կողմեր), ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների ընդհանուր կարգի մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ,

 

համաձայնեցին հետևյալի մասին`

 

1. 2005 թվականի նոյեմբերի 25-ի՝ Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի մասին կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1 «I. Ընդհանուր դրույթներ» վերնագրված բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«I. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրականացման համար:

1.2 Խորհուրդը կոչված է կազմակերպելու և համակարգելու պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումը:

1.3 Խորհուրդը ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին է և կոչված է ապահովելու երիտասարդական քաղաքականության բնագավառում փոխգործակցության համակարգումը:

1.4 Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, հիմնարար միջազգային պայմանագրերով, այդ թվում` Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գործող, պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի որոշումներով, ինչպես նաև սույն Կարգով:

Խորհուրդն իր գործունեության համար հաշվետու է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին:

Խորհրդի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով քննարկվում է պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի, Համագործակցության կանոնակարգային և այլ մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերում:

1.5 Խորհրդի քարտուղարության գործառույթները դրվում են ԱՊՀ այն մասնակից պետության պետական իշխանության մարմնի վրա, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում` ԱՊՀ գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:

Խորհրդի քարտուղարության ղեկավար է համարվում Խորհրդում նախագահող պետության պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ` ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Քարտուղարությունն իրականացնում է Խորհրդի կազմակերպչական-տեխնիկական և տեղեկատվական գործունեության ապահովումը:

1.6 Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

1.7 Խորհուրդը յուրաքանչյուր տարի ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացնում տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ:

1.8 Խորհուրդն իր աշխատանքը կազմակերպում է իր կողմից մշակված և հաստատված պլանների հիման վրա»:

1.2 «III. Խորհրդի ձևավորման կարգը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«III. Խորհրդի ձևավորման կարգը

 

 3.1 Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից` յուրաքանչյուր պետությունից երկու հոգի: Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներ են համարվում պետական իշխանության համապատասխան մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության իրագործմանը մասնակցող հասարակական երիտասարդական և այլ միավորումների (կազմակերպությունների) ներկայացուցիչները:

 Խորհրդի նիստին Խորհրդի անդամներին փոխարինող անձանց գործուղելիս վերջիններիս լիազորությունները պետք է հաստատվեն:

 Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

 3.2 Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մտնում են Խորհրդի քարտուղարության ղեկավարը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը»:

1.3 «IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1.[1] կետով`

«4.1.1 Խորհրդի նիստերին Խորհրդի որոշմամբ կարող են մասնակցել երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում գործունեություն իրականացնող ԱՊՀ կազմի մեջ չմտնող այլ պետությունների ներկայացուցիչներ»:

4.2 կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից հաջորդաբար` ի դեմս դրա ներկայացուցչի` Համագործակցության մասնակից պետությունների անվանումների ռուսական այբուբենի հերթականության կարգով, մեկ տարի ժամկետով` Խորհրդի որոշմամբ այդ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ»:

4.3 կետի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Անհրաժեշտության դեպքերում Խորհուրդը սահմանված կարգով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ»:

4.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.8. Խորհրդի նիստերի անցկացման ֆինանսավորման հետ կապված ծախսերն իրականացվում են ընդունող ԱՊՀ մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին: Խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացվում են գործուղող ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների և պետական իշխանության մարմինների հաշվին»:

2. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ ավանդապահի կողմից վերջին ծանուցման ստացման օրվանից 30 օր հետո:

Կատարված է Մինսկ քաղաքում, 2011թ. մայիսի 19-ին, մեկ բնօրինակից, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կփոխանցի դրա վավերացված պատճենը:

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 17.1 կետի վերաբերյալ «2005 թվականի նոյեմբերի 25-ի՝ երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ»

 

 

19 մայիսի 2011թ.  

 ք. Մինսկ

 

 

Արձանագրությանը Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ որոշումը կընդունվի 2005 թվականի նոյեմբերի 25-ի՝ Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Համաձայնագրին Ուկրաինայի միանալու մասին որոշման ընդունման դեպքում:

 

Ուկրաինայի վարչապետ

 

 / ստորագրություն/    Ն. Ազարով

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. օգոստոսի 31-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան