Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով երկու երկրների համար արդյունաբերական վթարների ու տարերային աղետների պատճառած վտանգը,
ընդունելով, որ արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցելը կարող է նպաստել երկու պետությունների բարեկեցությանն ու անվտանգությանը,
հաշվի առնելով այն օգուտը, որ Կողմերի համար կարող է բերել արդյունաբերական վթարների ու տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման ասպարեզում գիտատեխնիկական ինֆորմացիայի փոխանակումը,
ելնելով երկու երկրների փոխկապակցված էկոլոգիական համակարգերի առկայությունից, որոնք պահանջում են համաձայնեցված քաղաքականության վարում արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման ու դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև շրջակա միջավայրի փոխադարձաբար համաձայնեցված մոնիտորինգի կազմակերպման հարցերում,
նկատի առնելով այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնք չեն կարող վերացվել Կողմերից մեկի ուժերով ու միջոցներով, և դրանից բխող արտակարգ իրավիճակների ու դրանց հետևանքների վերացման նպատակով Կողմերի կոորդինացված գործողությունների պահանջը,
հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության, այլ միջազգային կազմակերպությունների դերը արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում,
հիմնվելով բնական և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման ասպարեզում փոխգործողության վերաբերյալ 1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված Համաձայնագրի համապատասխան հոդվածների վրա,
հարգելով ու ընդունելով համընդհանուր ճանաչման արժանացած այն նորմերն ու կանոնները, որոնք գործում են համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց անդամ են Կողմերը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
«հարցում անող Կողմ» - այն Կողմն է, որը դիմում է մյուս Կողմին` համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձավորված օգնության խմբեր ուղարկելու խնդրանքով,
«տրամադրող Կողմ» - այն Կողմն է, որը բավարարում է համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձավորված օգնության խմբեր ուղարկելու մյուս Կողմի խնդրանքը,
«օգնության խմբեր» - մասնագետների այն խմբերն են (այդ թվում` զինվորական անձնակազմերը), որոնք կոչված են օգնություն ցույց տալու համար և ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով,
«հանդերձանք» - օգնություն ցույց տալու համար օգտագործվող նյութերն են, տեխնիկական միջոցները, տրանսպորտային միջոցները, օգնության խմբի հանդերձանքը և անձնական հանդերձանքը,
«ապահովման նյութեր»- նյութական այն միջոցներն են, որոնք նախատեսված են տարերային աղետի կամ վթարի հետևանքով տուժած բնակչության շրջանում անվճար բաշխելու համար,
«իրավասու մարմին» - սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերի նշանակած մարմինն է:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը համագործակցությունն իրականացնելու են հետևյալ բնագավառներում.
1. Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման ու դրանց հետևանքների վերացման ասպարեզում Կողմերի հնարավորությունների ընդլայնման նպատակով մեթոդների մշակում և միջոցների ձեռնարկում:
2. Տեղեկատվության օպերատիվ փոխանակման կազմակերպում.
ա) իրենց երկրների տարածքներում տեղի ունեցած արդյունաբերական վթարների ու տարերային աղետների մասին,
բ) փոխադարձ օգնության, ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից օգնություն ստանալու` Կողմերի հարցումների և առաջարկությունների մասին:
3. Փոխօգնության ցուցաբերում ծագող արդյունաբերական վթարների և տարերային աղետների հետևանքների վերացման գործում:
4. Միջազգային կազմակերպությունների ներգրավումը արդյունաբերական վթարների և տարերային աղետների կանխման համար Կողմերի պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Վերոհիշյալ բնագավառներում համագործակցությունը հիմնվելու է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը ներառում է.
1. վտանգավոր տեխնոգեն և էկոլոգիական գործընթացների, ինչպես նաև բնական երևույթների մոնիտորինգի կազմակերպում ու իրականացում:
2. արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխատեսում և դրանց հետևանքների գնահատում:
3. մասնագետների և գիտնականների փոխանակում:
4. կադրերի պատրաստում և վերապատրաստում:
5. տեղեկությունների և տեխնոլոգիաների փոխանակում:
6. համատեղ կոնֆերանսների, սեմինարների և աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում:
7. հետազոտական նախագծերի և դրանց ցուցադրումների համատեղ պլանավորում, մշակում ու իրագործում:
8. հրապարակումների, զեկուցումների և թեմատիկ ուսումնասիրությունների պատրաստում:
9. կողմերի իրավասու մարմինների միջև կապի ապահովում:
10. արդյունաբերական վթարների և տարերային աղետների հետևանքների վերացում:
11. արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման ու դրանց հետևանքների վերացման հետ կապված ցանկացած այլ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել իրավասու մարմինների կողմից:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կարող են, այնտեղ, որտեղ դա նպատակահարմար է, խրախուսել կառավարական հաստատությունների համագործակցությունը` ի լրումն նրանց, որոնց նշանակում են Կողմերը` որպես իրավասու մարմինների, ինչպես նաև այլ շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու միջազգային կազմակերպությունների, որոնք գործունեություն են իրականացնում արդյունաբերական վթարների, տարերային աղետների ու դրանց հետևանքների վերացման ասպարեզում:
ՀՈԴՎԱԾ 5
Հայաստանի Հանրապետության համար իրավասու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությունը:
Ռուսաստանի Դաշնության համար իրավասու մարմին է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարությունը:
Կողմերից յուրաքանչյուրն անհապաղ տեղյակ կպահի մյուս Կողմին, եթե իրավասու մարմինը զրկվի իր վրա դրված պարտականությունների կատարման լիազորություններից: Տեղեկացնող Կողմը կարճ ժամկետում, բայց տեղեկացնելու պահից երեսուն օրից ոչ ուշ մյուս Կողմին կհաղորդի այն հաստատության անվանումը, որը կնշանակվի նախկին իրավասու մարմնի իրավահաջորդ:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի կատարումը համակարգելու նպատակով երկու Կողմերի իրավասու մարմինները կհաստատեն ուղիղ կապեր: Համատեղ գործունեությունը պլանավորելու ու համակարգելու և սույն Համաձայնագրի իրագործման ընթացքը քննարկելու համար ըստ անհրաժեշտության կանցկացվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչների հանդիպումներ:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրին համապատասխան` ամբողջ գործունեությունը, ներառյալ տեղեկատվության փոխանակումը, մասնագետների փոխանակումը, ինչպես նաև սույն Համաձայնագրի հիման վրա այլ գործունեությունը կիրականացվեն Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան և պայմանավորված կլինի նրանցից յուրաքանչյուրի մոտ անհրաժեշտ միջոցների առկայությամբ:
Արդյունաբերական վթարների ու տարերային աղետների հետևանքների վերացման գործում օգնություն ցույց տալու հետ անմիջականորեն չկապված և սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակցող մյուս Կողմի ներկայացուցիչներին ընդունող Կողմը վճարում է ընդունող Կողմի տարածքում մնալու հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն համաձայնեցնում: Ընդունող Կողմի տարածք ուղևորվելն ու հետդարձը վճարում է գործուղող Կողմը:
ՀՈԴՎԱԾ 8
Արդյունաբերական վթարների և տարերային աղետների վերացումն իրականացվում է այն Կողմի ուժերով ու միջոցներով, որի պետության տարածքում դրանք առաջացել են:
Եթե աղետի չափերն այնպիսին են, որ տուժած Կողմը չի կարողանում ինքնուրույն տեղայնացնել ու վերացնել այն, ապա վթարային փրկարարական աշխատանքների կատարմանը օգնություն է ցույց տալիս մյուս Կողմը` օգնության համար նրան պաշտոնապես դիմելու դեպքում:
Աղետի գոտում վթարային փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող բոլոր ուժերի գործողությունների ղեկավարումն իրականացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմինը, իսկ այն աղետի գոտում, որն ընդգրկում է երկու Կողմերի պետությունների տարածքները, այդ գործողությունների ղեկավարումն իրականացնում են համատեղ երկու Կողմերի իրավասու մարմինները:
Կողմերի ուժերն ու միջոցները, որոնք նրանք հնարավոր կհամարեն, կարող են ներգրավվել վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ աշխատանքների մեջ` կատարված արտադրական ծախսումները հարցում անող Կողմի հաշվին հետագայում հատուցելու կամ անհատույց օգնության պայմաններով` Կողմերի պայմանավորվածությունից կախված:
Հարցում անող Կողմն իր վրա է վերցնում օգնության խմբի մասնակիցների (մասնագետների) վիրավորվելու կամ մահվան հետ կապված ծախսերը և վնասների փոխհատուցումը, եթե դա տեղի է ունեցել սույն Համաձայնագրի դրույթներն իրագործելիս:
ՀՈԴՎԱԾ 9
Արդյունաբերական վթարների և տարերային աղետների դեպքում օգնություն ցույց կտրվի մարդկանց` նյութական արժեքները փրկելու և շրջակա բնական միջավայրը պաշտպանելու համար անհրաժեշտ հանդերձանքով ու նյութերով ապահովված օգնության խմբեր անհապաղ ուղարկելով այն գոտի, որտեղ դրանք տեղի են ունեցել:
Օգնություն ցույց տալու համար ժամանող խմբերի հանդերձավորումը պետք է առնվազն 72 ժամ բավարարի տեղում ինքնուրույն գործողությունների կատարմանը: Հետագա ժամանակամիջոցում, պաշարները վերջանալուց հետո այդ խմբերի գործունեությունն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելը կիրականացնի հարցում անող Կողմը, եթե Կողմերի միջև այլ բան չհամաձայնեցվի:
Օգնության խմբերը տեղավորվում են հարցում անող Կողմի հաշվին: Անհրաժեշտության դեպքում հարցում անող Կողմը նրանց ցույց է տալիս համապատասխան` անհատույց բժշկական օգնություն:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են ապահովման և հանդերձավորման այն նյութերի ցուցակները, որոնք կարող է մի Կողմը ուղարկել մյուս Կողմի հասցեով` իր առկա հնարավորությունների շրջանակներում:
Կողմերի իրավասու մարմինները ոչ գաբարիտային և այլ հատուկ բեռներ փոխադրելու, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքից անվճար օգտվելու համար կուսումնասիրեն անհրաժեշտ թույլատրությունների շուտափույթ ստացման պրակտիկան մտցնելու հնարավորությունները:
Եթե օգնություն ցույց տվող խմբերն ընդգրկում են զինվորական անձնակազմ, ապա հարցում անող Կողմի տարածքում նրա գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում նա ընկնում է տրամադրող Կողմի` զինծառայողի կարգավիճակը կարգավորող օրենսդրության գործողության տակ:
ՀՈԴՎԱԾ 11
Օգնության գործում արդյունավետությունն ու անհրաժեշտ օպերատիվությունն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են պետական սահմանը օգնության խմբերի անցնելիս առավելագույնս սահմանափակել ազգային օրենսդրությամբ սահմանված ձևականությունների կատարումը:
Օգնության խմբի ղեկավարը սահմանային անցակետում ներկայացնում է օգնություն ցույց տալու համար խմբի ուղևորվելը հավաստող խմբային հավաստագիր, իսկ խմբի բոլոր անդամները ներկայացնում են արտասահմանյան անձնագրեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր:
Նշված հավաստագիրը տրվում է իրավասու մարմնի կողմից:
Առանձնահատուկ հրատապության դեպքում խմբային հավաստագիրը կարող է փոխարինվել անցակետում կազմված օգնության խմբի անդամների ցուցակով` խմբային հավաստագիրը հետո ձևակերպելու պայմանով:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերը նպաստում են սույն Համաձայնագրով համագործակցությունն իրականացնելու համար անհրաժեշտ օգնության խմբերի, հանդերձանքի ու ապահովման նյութերի` երկու Կողմերի տարածքներ մուտք գործելու և տարածքներից դուրս գալու մաքսային ձևակերպումները` իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխանող` հեշտացված և առաջնության կարգով անցկացմանը:
Հանդերձանքն ու ապահովման նյութերն ազատվում են մաքսային վճարումներից և օգնության գործողությունների ժամանակ պետք է օգտագործվեն կամ բաշխվեն կամ էլ դրանք ավարտվելուց հետո հարցում անող Կողմի տարածքից դուրս բերվեն:
Եթե հատուկ հանգամանքների պատճառով հնարավոր չի լինում դուրս բերել հանդերձանքն ու ապահովման նյութերը, ապա տրամադրող Կողմի իրավասու մարմինները պետք է հարցում անող Կողմի մաքսային ծառայություններին իրազեկ դարձնեն այդ հանդերձանքի և ապահովման նյութերի ծագման, օգտագործվածության ու պահպանվածության աստիճանի, քանակի և գտնվելու վայրի մասին:
Շտապ բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում, հարցում անող Կողմի օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է նրա պետության տարածք բերել թմրանյութեր պարունակող անհրաժեշտ քանակի բժշկական պատրաստուկներ: Նման բժշկական պատրաստուկներն օգտագործվում են բացառապես որակյալ բժշկական անձնակազմի կողմից` յուրաքանչյուր Կողմի սահմանած կանոններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 13
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին օգնություն ցույց տալու համար ուղևորվող օդանավերին իր տարածքի համապատասխան վայրերը թռիչքներ իրականացնելու թույլատվություն է տալիս:
Օգնություն ցույց տալու համար օդանավերն օգտագործելու որոշման մասին անհապաղ հայտնվում է հարցում անող Կողմի համապատասխան մարմիններին:
Թռիչքները պետք է կատարվեն յուրաքանչյուր Կողմի սահմանած կանոններին համապատասխան:
Օգնություն ցույց տալու համար ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային տրանսպորտի օգտագործման կարգը սահմանում են իրավասու մարմինները` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ:
ՀՈԴՎԱԾ 14
Այն ծախսերի փոխհատուցման կարգը, որ կատարել են օգնության խմբերը, ներառյալ բերված հանդերձանքի կորստի կամ լրիվ, կամ էլ մասնակի ոչնչացման հետ կապված ծախսերը, կարգավորվում է ըստ Կողմերի պայմանավորվածության:
ՀՈԴՎԱԾ 15
Կողմերից յուրաքանչյուրը հրաժարվում է մյուս Կողմի նկատմամբ այն վնասը փոխհատուցելու վերաբերյալ բոլոր պահանջներից, որոնք կապված են մյուս Կողմի մասնագետների կամ այլ քաղաքացիական անձանց և զինծառայողների մահվան, առողջությանը պատճառած մարմնական վնասվածքի կամ ցանկացած ուրիշ վնասի հետ, եթե նմանօրինակ վնասը հասցվել է սույն Համաձայնագրի իրագործմանն առնչվող խնդիրները կատարելիս:
Եթե տրամադրող Կողմի օգնություն ցույց տվող խմբի մասնակիցը սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված խնդիրներ կատարելիս հարցում անող Կողմի տարածքում վնաս է պատճառում երրորդ անձի, ապա վնասը փոխհատուցում է հարցում անող Կողմը` համաձայն ներքին օրենսդրության այն դրույթների, որոնք կգործադրվեին արդյունաբերական վթարների և տարերային աղետների հետևանքները սեփական ուժերով վերացնելու ժամանակ վնաս պատճառելու դեպքում:
Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են անհրաժեշտ ողջ տեղեկությունը այն աշխատանքների վերաբերյալ, որոնց կատարման ժամանակ հասցվել է սույն հոդվածում հիշատակված վնասը:
ՀՈԴՎԱԾ 16
Օգնություն ցույց տալու աշխատանքներն ավարտելուց հետո տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում անող Կողմի իրավասու մարմնին գրավոր զեկուցագիր է ուղարկում կատարված աշխատանքների մասին:
Հարցում անող Կողմի իրավասու մարմինը տրամադրող Կողմի իրավասու մարմնին ամփոփիչ զեկուցագիր է ուղարկում օգնության խմբերի գործունեության մասին, որում տրվում են արտակարգ իրավիճակի բնութագիրը, ստացված օգնության տեսակն ու ծավալը, կատարված աշխատանքների արդյունքները:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության հետ կապված` յուրաքանչյուր Կողմ, իր պետության օրենսդրությանը համապատասխան, կապահովի մյուս Կողմի ներկայացուցիչների մուտքը իր տարածք և այնտեղից մեկնելը` անկախ այն բանից` կապված են նրանք իրավասու մարմինների հետ, թե ոչ, ինչպես նաև` անհրաժեշտ մուտքը համապատասխան հաստատություններ, կազմակերպություններ ու տեղեկատվության աղբյուրների մատչելիությունը:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության հետևանքով ստացված ինֆորմացիան, բացառությամբ այն տեղեկության, որը Կողմերի օրենսդրությանը համապատասխան հրապարակման ենթակա չէ, հրապարակվում է Կողմերի սովորական պրակտիկայի և կանոնների համաձայն, եթե իրավասու մարմինների կողմից այլ բան գրավոր չի համաձայնեցվում:
ՀՈԴՎԱԾ 19
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Կողմերից որևէ մեկի համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 20
Սույն Համաձայնագրի պարզաբանման և կիրառման հարցերում ծագած տարաձայնությունները, որոնք չեն կարող վերացվել իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով, կարգավորվում են դիվանագիտական ուղիներով:
Այն դեպքում, եթե Կողմերի միջև տարաձայնությունները չկարգավորվեն դիվանագիտական ուղիներով, Կողմերից մեկի խնդրանքով` վիճահարույց հարցը հանձնվում է արբիտրաժ:
Արբիտրաժը կազմված կլինի երեք դատավորից: Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկական դատավոր, որոնք, փոխադարձ համաձայնության հիման վրա, ընտրում են արբիտրաժի նախագահին: Ընդ որում նախագահ կարող է ընտրվել միայն երրորդ երկրի քաղաքացի կամ հպատակ:
Կողմերը դատավորներին կնշանակեն երկու ամսվա ընթացքում` այն բանից հետո, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին կհայտնի վիճելի հարցը արբիտրաժ փոխանցելու իր մտադրության մասին:
Նշանակված դատավորները նախագահ են ընտրում երկրորդ դատավորի նշանակման ամսաթվից հետո մեկ ամսվա ընթացքում:
Եթե Կողմերի նշանակած դատավորները երկու ամսվա ընթացքում նախագահի մասին համաձայնության չգան, ապա, վիճելի հարցը արբիտրաժ հանձնած Կողմի խնդրանքով, նրան կնշանակի Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահը:
Արբիտրաժը որոշում է կայացնում` ղեկավարվելով սույն Համաձայնագրի դրույթներով և միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերով: Արբիտրաժը սահմանում է վեճի քննության ընթացակարգը: Արբիտրաժի որոշումը Կողմերի համար պարտադիր է:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին ծանուցման ամսաթվից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև այն օրվանից վեցամսյա ժամկետը լրանալը, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կծանուցի նրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցնելը չի շոշափի դրան համապատասխան իրականացվող այն գործունեությունը, որը սկսվել է մինչև սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելը, բայց չի ավարտվել նրա գործողությունը դադարեցնելու պահին:
Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի օգոստոսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի օգոստոսի 29-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|