Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.603
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1884

Քաղաքացիական գործ թիվ 3-15(ՎԴ)

2008թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Էլոյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Հասմիկ Էլոյանի դիմումի` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հասմիկ Էլոյանը հայտնել է, որ 09.09.1980 թվականին գրանցմամբ ամուսնացել է Հարություն Գևորգյանի հետ: 02.03.2001 թվականին Հ.Գևորգյանը Երևանի Արաբկիր 45-րդ փողոցի թիվ 4 տան 2/3-րդ մասը կտակել է իրեն: 26.05.2001 թվականին Հ.Գևորգյանը մահացել է: Պատճառաբանելով, որ բաց է թողել ժառանգությունն ընդունելու ժամկետը, պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները և ճանաչել ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2002 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 16.05.2002 թվականի վճիռը բեկանվել է և Հասմիկ Էլոյանի դիմումը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Էլոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հասմիկ Էլոյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ Հասմիկ Էլոյանին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ, 326-րդ, 1193-րդ, 1209-րդ, 1226-րդ, 1227-րդ և 1228-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 103-րդ և 228-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը, և հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006թ. թիվ 3-1805(Ա) և 30.11.2006թ. թիվ 3-2305(ՎԴ) որոշումները, պատճառաբանել է, որ «քննարկվող պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավունքի մասին վեճ է ծագել առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.07.2008 թվականի վճռով հաստատված փաստերն ու հանգամանքները բավարար էին եզրակացնելու, որ Սամվել և Արմեն Գևորգյանների որևէ իրավունք չի խախտվել, իրավունքի վերաբերյալ վեճ չի ծագել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2002 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն գործով Սամվել և Արմեն Գևորգյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքի համաձայն` «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2002թ-ի թիվ 2-843 վճռի մասին Արմեն և Սամվել Հարությունի Գևորգյաններն իմացել են Երևանի քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Էդ.Ավետիսյան) վարույթում քննվող գործին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք հարուցած հայցի վերաբերյալ Հասմիկ Էլոյանի կողմից 13.06.08թ-ին ներկայացված հայցադիմումի պատասխանից և դրան կից փաստաթղթերից»:

2) Երևանի քաղաքացիական դատարանում քննված քաղաքացիական գործով Հասմիկ Էլոյանի հայցադիմումի պատասխանի համաձայն` «2002թ-ի մայիսի 16-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն հարգելի է համարվել իմ կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները և ես ճանաչվել եմ Հարություն Գևորգյանին պատկանած Երևանի Արաբկիրի 45 փողոցի թիվ 4 տան 2/3 մասի և նրա բաժին հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ»:

3) Վերը նշված հայցադիմումի պատասխանում Հասմիկ Էլոյանի հասցեն նշվել է «ք. Երևան, Արաբկիր 45 փող. թիվ 4 տուն»:

4) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ուղարկված ծանուցագրի անդորրագրի համաձայն` Հասմիկ Էլոյանին հասցեագրված ծանուցագիրն ուղարկվել է Երևանի Սարկավագի 117/1 շենքի թիվ 27 բնակարան հասցեով:

5) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2008 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշման և Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակի և վայրի մասին Հասմիկ Էլոյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

6) Երևանի քաղաքացիական դատարանի 15.07.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Սուսաննա Հակոբյանի, Սամվել և Արմեն Գևորգյանների հայցերը մերժվել են, իսկ Հասմիկ Էլոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, այն է` Սուսաննա Հակոբյանը վտարվել է Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տանից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան: Նույն օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Հասմիկ Էլոյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ վեց տարի հետո Վերաքննիչ դատարանում սույն գործի քննության մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու որոշում կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց Հասմիկ Էլոյանին Վերաքննիչ դատարանում գործի քննության մասին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանում գործի քննության մասին պատշաճ ձևով չտեղեկացված Հասմիկ Էլոյանը զրկվել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու, այն է` Երևանի Քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.07.2008 թվականի վճիռը Վերաքննիչ դատարանին ներկայացնելու հնարավորությունից:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.07.2008թ. վճռով որոշվել է վիճելի տանից վտարել Սուսաննա Հակոբյանին, միաժամանակ հաստատված է համարվել այն կարևոր փաստը, որ Սամվել և Արմեն Գևորգյանները 1991-ական թվականներից մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, հետևաբար հոր` Հարություն Գևորգյանի 26.05.2001թ. մահվանից հետո որևէ գործողություն չեն կատարել հանգուցյալի ժառանգությունն ընդունելու ուղղությամբ, այսինքն` վերջիններիս որևէ իրավունք սույն քաղաքացիական գործով կայացված վճռով չի խախտվում:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է 02.10.2008 թվականին, իսկ Երևանի քաղաքացիական դատարանի 15.07.2008 թվականի վճռի դեմ մյուս քաղաքացիական գործով Սամվել և Արմեն Գևորգյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է 26.09.2008 թվականին, այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չպարզելով սույն գործի հետ առնչվող և վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, հանգել է սխալ եզրակացության և իրավունքի վերաբերյալ վեճ չծագելու պայմաններում Հասմիկ Էլոյանի դիմումը թողել է առանց քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2002 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան