ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 հունիսի 2009 թ. |
1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում ստորագրված՝ «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 07.05.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Արձանագրությունն ստորագրվել է 1977 թվականի մարտի 1-ին: Արձանագրությունը հանդիսանում է 1950թ. նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
2. Արձանագրությունը հաստատվել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1976թ. նոյեմբերի 26-ին` Նայրոբիում, բացվել է ստորագրման համար 1977թ. մարտի 1-ին` Նյու Յորքում, և ուժի մեջ է մտել 1982թ. հունվարի 2-ին:
3. Արձանագրության անբաժանելի մասն են կազմում ինը հավելվածները, որոնք սահմանում են գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի, արվեստի գործերի և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հավաքածուների առարկաների, տեսալսողական նյութերի, գիտական գործիքների և սարքավորումների, կույրերի և այլ արատներով անձանց համար նախատեսված առարկաների, սպորտային սարքավորումների, երաժշտական գործիքների և այլ սարքավորումների, ինչպես նաև գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութերի և մեքենաների ցանկը:
4. Արձանագրության 16(ա) կետի համաձայն Արձանագրության մասնակից 44 պետություններից 19 հայտարարություններ և վերապահումներ են կատարել առ այն, որ նրանք պարտավորված չեն լինելու, մասնավորապես, Արձանագրության 2-րդ և 4-րդ բաժիններով և Գ.1, Զ, Է և Ը հավելվածների դրույթներով:
5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Արձանագրության հավելվածներով սահմանված ապրանքներն ազատել մաքսային տուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից,
● ներմուծման պահին կամ հետագայում չգանձել որևէ ներքին հարկ կամ ցանկացած տեսակի այլ ներքին վճարներ Արձանագրության (II) 3-րդ կետում թվարկված նյութերի համար,
● Արձանագրությամբ սահմանված նյութերի ներմուծման համար տրամադրել անհրաժեշտ լիցենզիաներ և/կամ արտարժույթ,
● համապատասխան միջոցների շնորհիվ խթանել զարգացող երկրներում արտադրված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի և առարկաների ազատ հոսքն ու տարածումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում ստորագրված՝ «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
8 հունիսի 2009 թ. ՍԴՈ-808 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|