ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ի» ենթակետը և «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հ. Աբրահամյան |
21 օգոստոսի 2009 թվականի, քաղ. Երևան ՆՈ-003-4 |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում (այսուհետ` Ազգային ժողով) լրագրողների (այսուհետ` լրագրող) հավատարմագրման կանոնները:
2. Լրագրողների հավատարմագրումն Ազգային ժողովում իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
3. Հավատարմագրումը սկսելու մասին զանգվածային լրատվության միջոցներով (այսուհետ` լրատվության միջոցներ) տրվում է հայտարարություն:
4. Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հասարակայնության հետ կապերի վարչությունը (այսուհետ` Վարչություն):
5. Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրման գործընթացը սկսելու մասին լրատվության միջոցներով հայտարարությունը տրվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը սկսվելուց առնվազն քսան օր առաջ:
6. Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է վարչության պետին, ներկայացնելով`
ա) լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը.
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը.
գ) երկու լուսանկար (3x4 չափսի).
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
7. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:
8. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի` ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:
9. Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցից, բացառությամբ հեռուստաընկերությունների, հավատարմագրվում են ոչ ավելի, քան երկու լրագրող (այդ թվում` լուսանկարիչ կամ օպերատոր): Հեռուստաընկերություններից հավատարմագրվում են ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու օպերատոր:
10. Հավատարմագրվել կարող են ՀՀ արդարադատության նախարարությունում հաշվառված 1500 և ավելի տպաքանակ ունեցող թերթերի, 1000 և ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի, օրական 800 և ավելի այցելու ունեցող և շաբաթը մեկ թարմացվող ցանցային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների և Երևանում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների լրագրողները: Սույն կանոնը չի գործում ազգային փոքրամասնությունների տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտները լուսաբանող լրատվամիջոցների համար:
11. Հավատարմագրվել չեն կարող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական հաղորդաշարերի, Երևանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների, Ազգային ժողովի աշխատանքները երկու ամսից ավելի չլուսաբանող թերթերի և ամսագրերի, հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների արտահաստիքային աշխատակիցները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` հավատարմագրման ենթակա չեն նաև տպագիր թերթերի, ամսագրերի էլեկտրոնային տարբերակները:
12. Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում ստեղծված զանգվածային նոր լրատվամիջոցի աշխատակիցները հավատարմագրվում են միայն հաջորդ նստաշրջանի համար:
13. Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում լրացուցիչ հավատարմագրում կատարվում է, այն դեպքում, երբ լրատվության միջոցի հավատարմագրված որևէ լրագրողի կողմից գործունեության իրականացումը դարձել է անհնարին:
14. Նստաշրջանի ընթացքում հավատարմագիրը կորցնելու դեպքում դրա փոխարեն տրվում է նոր հավատարմագիր` այդ մասին Վարչությանը տեղեկացնելուց հետո` յոթնօրյա ժամկետում:
15. Վարչությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան: Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի անցագրային կետ (Բաղրամյան պողոտա N 5): Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
16. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստացվելուց հետո` հնգօրյա ժամկետում, որոշում է ընդունվում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին: Հավատարմագիրը լրացնում է Վարչությունը, վավերացնում է Աշխատակազմի ղեկավարը:
17. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված դիմումը չի պարունակում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները.
բ) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո.
գ) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 10-րդ կետի պահանջները.
դ) առկա է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
18. Լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`
ա) նա դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
գ) նա տարածել է Ազգային ժողովի և աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
դ) նա խախտել է օրենքների պահանջները կամ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վարչական շենքի և տարածքի պահպանության հրահանգի» կամ Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոնների կամ սույն կարգի պահանջները.
ե) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
զ) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
է) զանգվածային լրատվության միջոցը նստաշրջանի ընթացքում դադարել է բավարարել սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջները կամ ի հայտ է եկել սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը:
Լրատվական գործունեություն իրականացնողը զրկվում է այլ լրագրող հավատարմագրելու իրավունքից սույն կետի «գ» ենթակետով նախատեսված հիմքով լրագրողին հավատարմագրից զրկելու դեպքում: Սույն կետի այլ ենթակետերով նախատեսված հիմքերով հավատարմագրումից զրկելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը Ազգային ժողով հավատարմագրման է ներկայացնում այլ աշխատակցի:
19. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է նաև Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը կամ հավատարմագրումից զրկելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության կայացրած որոշումը:
20. Վարչությունը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
21. Հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին և Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան: Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն Ազգային ժողովի նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաև Ազգային ժողովում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է Վարչությունը:
22. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`
ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն.
բ) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
գ) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
դ) օգտվելու օրենքով լրագրողների համար սահմանված այլ իրավունքներից:
23. Հավատարմագրված լրագրողը պարտավոր է`
ա) մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.
բ) իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը.
գ) Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, կրել այն Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում, ինչպես նաև ենթարկվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վարչական շենքի և տարածքի պահպանության հրահանգի» պահանջներին.
դ) կատարել օրենքով լրագրողների համար սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:
24. Ազգային ժողովում`
ա) որևէ ձևով կամ եղանակով չի կարող գրաքննություն իրականացվել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ.
բ) ապահովվում են հավատարմագրված բոլոր լրագրողների համար ոչ խտրական պայմաններ.
գ) չի խոչընդոտվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:
25. Խորհրդարանում չհավատարմագրված լրագրողներին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը կարող է տրամադրել ժամանակավոր անցագրեր:
Աշխատակազմի ղեկավար` |
Գ. Ղարիբջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2014, ՆՈ-032-Ն | 03.01.2015, ՆՈ-003-4 | |
09.12.2011, ՆՈ-014-Ն | 16.12.2011, ՆՈ-003-4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|